суббота, 25 октября 2014 г.

Կարեւորը խաղաղությունն է ու ժողովրդի բարօրությունը

Երբ օրեր առաջ ավտոմեքենան Վանաձորում շրջելով բարձրախոսով տեղեկացնում էր հոկտեմբերի 24-ին Երեւանում կայանալիք հանրահավաքի մասին, ու հայտնում, որ մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են զանգահարել տվյալ հեռախոսահամարով, պատի տակ արեւկող անող մի վանաձորցի ասաց.,,Ուկրաինան ուզում են բերեն Հայաստան,,:Թերեւս, այս կարգի մտածմունքներին էր ուղղված խորհրդարանական եռյակի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդի այն հավաստիացումը, որ իրենք ,,Մայդան չեն ուզում,, բայց եւ թույլ չեն տա, որ լճացումը շարունակվի:Լճացում ՝ էն էլ ինչ կարգի լճացում. մանավանդ ՝ մարզերում / առաջին հերթին ՝Շիրակի մարզը  մեզ օրինակ. համացանցը հեղեղված է Գյումրու ՝դարն ապրած, խարխուլ տնակներում գոյություն քարշ տվող մարդկանց ծանր կյանքը ներկայացնող հրապարակումներով /:Սոցիալական անարդարությունը չոքել է ժողովրդի վզին ՝պոկ չի գալիս. մարդ կա ՝,,սովետից,, մնացած հագուստներով է դեռ, մարդ էլ կա ՝ օրումեջ ավտոմեքենա է փոխում բյուջեից ու ժողովրդից թալանած փողերով ու արտասահմանում դղյակներ կառուցում: ,,Զարմանում եմ. ուրիշները, մեկ էլ տեսար, արտասահմանյան սառնարան, կահույք, լվացքի մեքենա են գնում, համակարգիչ ունեն, բայց մենք քանի տարի է ՝ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում  ու եղածի վրա մի բան չենք կարողանում ավելացնել,,-դառնացած պատմում է վանաձորաբնակ Լիաննա Մագթաղյանը ՝ զոհված ազատամարտիկի այրի, որ նաեւ տեղեկացնում  է, որ 25 տարի չնորոգված բնակարանի նորոգումն սկսելու հույսով վարկ է վերցրել, քանի որ տեղական կառույցներից հավաստիացրել էին, թե ,,Դու շինարարությունը սկսի, մենք հետո կօգնենք,, բայց ՝ այդպես էլ օգնություն չի եղել, շինարարությունն էլ մնացել է կիսատ, իսկ հիմա էլ ստիպված ամեն ամիս դեսից-դենից գումար հայթայթելով ՝վարկի տոկոս է փակում: Իսկ այս կարգի դժգոհությունները եզակի չեն:Սա ՝իմիջայլոց:Իսկ հիմա ՝ խորհրդարանական եռյակի հանրահավաքի մասին:Այդ հզոր շարժումն ինձ հիշեցրեց 1998-99թվերը, երբ ստեղծվեց ,,Միասնություն,, դաշինքը ՝ ի դեմս ,,Հանրապետական,, Վազգեն Սարգսյանի եւ ՀԺԿ առաջնորդ Կարեն Դեմիրճյանի. այն տարբերությամբ, որ 1998-99 թվերի շարժումը հաջորդեց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, իսկ ներկա շարժումը նախորդում է ՝ նախատեսվելիք իշխանափոխությանը, որի առաջին էտապը, ըստ ԲՀԿ առաջնորդի, լինելու է Համաժողովրդական շարժման շտաբների /ՀՇՇ/ստեղծումը. հուսով ենք, այն ,,լավ մոռացված,, ՀՀՇ-ն չի լինելու, որի վերաբերյալ անգամ ՀՀՇ ակունքներին մոտ կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանը, ազդարարելով ՀՀՇ-ի լուծարումը, 2 տարի առաջ ասաց, որ ՀՀՇ-ն իրեն սպառել էր, վեր էր ածվել ,,գեղական կլուբների,, եւ որ ,,ժողովուրդը զզվում էր ՀՀՇ-ից,,:Տա Աստված, որ Եռյակի ճակատագիրը չկրկնի ,,Միասնություն,, դաշինքի ճակատագիրը, որ 1999թվի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո պառակտվեց: Միգուցե դա՞ ի նկատի ուներ ՀՅԴ անդամ պատգամավորներից մեկը, երբ , թերեւս, Եռյակին չմիանալու հանգամանքն արդարացնելու համար մռայլ կանխատեսումներ արեց ՝հնարավոր ,,արյունալի դեպքերի,, մասին... Ոմանք էլ 2008 թվի մարտի մեկի կրկնության հնարավոր սցենարով են փորձում վախեցնել ժողովրդին ու ետ պահել շարժմանն ինտեգրվելուց...Ռուսը մի լավ ասացվածք ունի. չի շահում նա, ով ռիսկի չի դիմում, հայն էլ ասում ՝ ,,ջուրը մտնողը բոբիկանալուց չի վախենա,,: Մինչդեռ Շարժման լիդերները հավաստիացնում են, որ խաղաղ, անցնցում իշխանափոխություն են իրականացնելու: Այդուհանդերձ, կարծիքներ կան, թե Հայաստանում կարող է կրկնվել ուկրաինական սցենարը, մոռանալով, որ Ուկրաինայում կռիվը քաղաքական հողի վրա է ՝Ռուսականի ու Եվրոպականի միջեւ ընտրություն կատարելու: Իսկ ներկայիս Շարժումը սոցիալական հենքի վրա է, ու այդ հարցում միասնականություն ցուցաբերելով, անգամ ՝ արեւմտամետ, եվրասիական միությանն անդամագրվելուն դեմ ,,Ժառանգության,, առաջնորդն էր հարթակում կանգնել ՝ հանուն ժողովրդի բարօրության: / Իսկ ԲՀԿ առաջնորդն էլ քանիցս է ասել, որ իրենք ժողովրդի համար են գործում  ՝հանուն ժողովրդի բարեկեցության եւ ամենեւին էլ ընդդիմադիր չեն համարում իրենց / :Այն, որ Եռյակի ներսում տարաձայնություններ կան ՝ եվրասիականին անդամագրվելու հարցում, ամենեւին չի խանգարում առանձին ուժերի միավորմանը ՝ ի շահ ժողովրդի:Եվ հետո, ի վերջո, Ռուսաստա՞նն է մեղավոր, որ Հայաստանում համատարած կոռուպցիա է, բյուջետային միջոցների մսխում, սոցիալական անարդարություն, քաղաքական շահարկումներ, որի մասին պարբերաբար տեղեկանում ենք նաեւ հեռուստատեսությամբ, Ռուսաստա՞նն է մեղավոր, որ ՀՀ սահմանադրությամբ համայնքապետերն իրավունք ունեն անսահմանափակ առաջադրվել, ու դրա հետեւանքով համայնքներում զոռբայություն է ,,ֆեոդալական կարգեր,,...Ռուսաստա՞նն է մեղավոր, որ ՀՀ-ում գործազուրկների ու հղի կանանց նպաստը կտրում են, նախարարների ու պատգամավորների աշխատավարձերը բարձրացնում, պետական հիմնարկների նորոգման հմար 3 տարին մեկ պարտադիր գումարներ են գտնվում, իսկ 25 տարի չնորոգված բնակարանների, երկրաշարժից տուժած շենքերի, խնայբանկի ավանդները վերադարձնելու  համար ,,փող չկա,,: Ինչ վերաբերվում է այն հարցին, որ եվրասիականին անդամագրվելով ՝Հայաստանն ստիպված է որոշ կորուստներ ունենալ, ապա դա , թերեւս, հայ ժողովրդին պարտադրված էտապ է, որին նույնիսկ Եվրոպան է ,,ըմբռնումով,, վերաբերվում ու Հայաստանի առջեւ կարծես թե պայմաններ չի դնում կամ ՝կամ սկզբունքով:Ինչպես ասում են ՝,,Ճարնե՞րս ինչ,, .այլընտրանք չունենք  ՝կարծես թե: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն օրերս մամուլի ասուլիսում կես-կատակ նկատեց, թե ,,Ռուսին չի կարելի ջղայնացնել,,: Երեւի թե մի բան գիտեր. մեկ էլ տեսար ՝հայ-ադրբեջանական սահմանի վրա խժդժություններ հրահրեցին, բա հայ ժողովրդին դա պե՞տք է, այ այդ ժամանակ կարող է պատահի ՝վերջը հեչ լավ չլինի: Ինչպես ասում են ՝կարեւորը խաղաղությունն է. ու մեկ էլ ՝ժողովրդի բարօրությունը:                              ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 24 октября 2014 г.

Ինչու՞համայնքապետերը ,,ցմահի,, կարգավիճակով են

Մինչեւ 2005թվի սահմանադրական բարեփոխումները համայնքապետերը /քաղաքապետեր, գյուղապետեր / ընտրվում էին 3 տարի ժամանակով:2005թվի սահմանադրական բարեփոխումներից հետո սահմանվեց 4 տարվա պաշտոնավարման ժամկետ: Բայց, ի տարբերություն, ՀՀ նախագահի, որ 2 անգամից ավելի չի կարող առաջադրվել, քանի որ սահմանադրությունը դա արգելում է, համայնքապետերի հարցում սահմանադրությունը շռայլ է գտնվել ու թույլ է տալիս անընդհատ առաջադրվել, ինչքան սիրտներն ուզի. այսինքն ՝համայնքապետերին չի արգելում 2 անգամից ավել առաջադրվել:Համայնքապետերի հենց այդ կարգավիճակն էլ հաճախ ծնում է անպատժելիության ու զոռբայության մթնոլորտ: Հետեւաբար, անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներով, թե ՏԻՄ օրենքով ինչ-որ օրենք մտցնել, ու արգելել համայնքապետերին 2 անգամից ավել առաջադրվել: Մի 10 անգամ մարզպետ են փոխում նույն մարզում ՝ վարչապետի նշանակմամբ, մինչդեռ քաղաքապետերը, որոնց վատ կառավարման ,,կուժն ու կուլան,, հաճախ կոտրվում է մարզպետների գլխին, հա մնում են ու մնում, քանի որ օրենքը նրանց չի արգելում անընդհատ ,,ընտրվել,,: Եզակի դեպքերում ՝ համայնքի ավագանին անվստահություն է հայտնում համայնքապետին ու առաջարկը ներկայացնում  կառավարությանը:  Սակայն գերակշիռ դեպքերում հենց ավագանիներն էլ ապահովում են քաղաքապետի միահեծան կառավարումը. մանավանդ, որ նրա ,,դաբրոյով,, են ընտրվում ավագանի ու ձեւավորում նրա թիմը: Սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը չեմ տեսել, բնականաբար ՝չեմ էլ կարդացել, բայց ասում են, որ նոր սահմանադրությամբ էլ ՝ քաղաքապետերին պետք է ընտրի ավագանին. այնպես, ինչպես Երեւանում, որ, որպես մայրաքաղաք, հատուկ կարգավիճակ ունի:Իսկ դա արդեն շատ ավելի վատ է.էլի համայնքապետերն իրենց ուզած ավագանիներին անցկկացնեն, հետո էլ նրանք համայնքապետին կանցկացնեն :                                                                                                                   ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                  

среда, 22 октября 2014 г.

Զոհված ազատամարտիկի ընտանիքը ՝ կարիքախեղդ վիճակում

Վանաձորի Չուխաջյան 12 շենքի բնակչուհի, 3-րդ կարգի հաշմանդամ Լիաննա Մագթաղյանը ՝ զոհված ազատամարտիկի այրի, 48 տարեկան է, բայց արդեն հասցրել է ճաշակել ու ճաշակում է կյանքի դառնությունները: Ամուսինը ՝ Էդիկ Մագթաղյանը, 1994թվին զոհվել է Մարտակերտի պաշտպանական մարտերում, ու Լիաննան, բազում այլ զոհվածների այրիների նման ՝երեխաներին մեծացրել է բազմաթիվ դժվարություններ կրելով, որի արդյունքում աստիճանաբար կորցրել է առողջությունն ու ձեռք բերել  հիվանդություններ: Իսկ վերջերս էլ պարզվել է, որ վիրահատության անհրաժեշտություն էլ կա: ,,22 հազար դրամ հաշմանդամության թոշակով ես ինչպե՞ս ապրեմ, ինչպե՞ս դեղորայք գնեմ, հատուկ սննդակարգ ընդունեմ,հիմա էլ վիրահատվելու խնդիր կա, տղաս էլ նոր է մտել աշխատանքի ՝ զինմասում,պայմանագրային զինծառայության է մեկնում 15-օր տեւողությամբ հերթափոխով,,-պատմում է Լիաննան, որ ստիպված էր դիմել լրագրողի այն բանից հետո, երբ 5-րդ հարկում գտնվող , անձրեւաջրերից ,,շունչ չքաշող,, բնակարանի նորոգման հարցով ում ասես դիմել էր, բայց ՝ ,,ցավին դարման անող,,պատասխան չէր ստացել: Սկզբում դիմել է Վանաձորի քաղաքապետարան, եկել են, ուսումնասիրել տանիքի վիճակը, համատիրության ջանքերով թեթեւակի նորոգել են, բայց ՝ դրանից հետո էլ չեն դադարել կաթոցները, երկրորդ անգամ էլ են փորձել վթարը վերացնել ՝բայց, անօգուտ, առաջարկել են ամբողջ շենքով 300հազար դրամ հավաքել, որպեսզի արտահերթ կարգով նորոգում անեն, քանի որ շենքի տանիքի նորոգման ,,հերթը,, 3 տարի հետո է / երեւի թե համարվում է առաջնահերթություն չունեցող. համենայն դեպս ՝ 2001թվին հաստատված ամրացման ենթակա շենքերի ցուցակում այդ շենքը չկար / :Բնականաբար, 5-րդ հարկից ներքեւ բնակվողներին այնքան չի մտահոգում տանիքի նորոգման հարցը, որքան ՝ 5-րդ հարկում բնակվողին, որի բնակարանի վրա են անմիջապես հասնում անձրեւաջրերը: ,,Ես ո՞ր մի հարեւանին կարող եմ համոզեմ, որ գումար ներդնեն տանիքի համար, կամ էս պայմաններում ո՞վ կարող է դրա համար փող ծախսել,,- նկատում է իմ զրուցակիցը: Ներկայումս էլ, ձմռան շեմին, բաց պատշգամբը փակ դարձնելու խնդիր ունի, բայց ՝միջոցներ չունի:,,Շենքում բոլորի պատշգամբը փակ է, միայն մերն է բաց,,-ցավով նկատում է իմ զրուցակիցը: Դիմել է նաեւ Լոռու մարզպետարան, հոկտեմբերի 9-ին մասնակցել է մարզպետի հրավիրած ,,Բաց դռների,,օրվան ՝ քաղաքացիների ընդունելության համար նախատեսված:,,Մարզպետն ասաց, որ կարող է ընդամենը 10հատ շիֆեր տալ, բայց էդ շիֆերը ես տանեմ ի՞նչ անեմ,,-դժգոհում է իմ զրուցակիցը, որի խնդիրը, փաստորեն, ավելի տարողունակ է, քան ՝ շիֆերի տրամադրումը. մարդը բնակարանի նորոգման, ֆինանսական աջակցության խնդիր ունի:Ընտանեկան նպաստից չի օգտվում, քանի որ օրենքով ,,չի հասնում,,: /Կեցցեն մեր օրենքները, աշխարհի ամենամարդասիրական օրենքները /: Իսկ ի՞նչ կարգի օգնություններից է օգտվել ՝ որպես զոհվածի այրի: Պատմում է, որ մի ժամանակ ամսական 10հազար դրամ են ստացել, հետո դարձրել են 5հազար, հետո էլ ընդհանրապես վերացել է այդ օգնությունը, եւ արդեն 8 տարի է, որեւէ օգնությունից երբեւէ չի օգտվել:Մի ժամանակ ԵԿՄ-ի /Երկրապահ կամավորների միություն / գրասենյակից է աջակցություն ստացել, բայց տարիներ առաջ գրասենյակը տեղափոխություններ է ունեցել, հետո տեղեկացել է, թե իբր գրասենյակը լուծարվել է, եւ միայն վերջերս է իմացել, որ ԵԿՄ Վանաձորի կազմակերպությունը տեղափոխվել է Ազնավուրի անվան մշակույթի պալատ: Փաստաթղթերով ներկայացել է, նորից վերահաշվառվել, գրասենյակից էլ զարմացել են, որ տարիներ շարունակ ոչ մի կարգի օգնություն չի ստացել անգամ ՝ տոնական օրերին, եւ դա պատճառաբանել են նրա ՝չվերահաշվառվելու հանգամանքով ու խոստացել այսուհետ նկատի ունենալ: Լիաննան ցավով նկատեց, որ վերջին 20 տարվա ընթացքում ոչ միայն հարազատի ծանր կորուստ է ունեցել, այլեւ ՝չի կարողացել անգամ եղածի վրա ,,մի բան ավելացնել,, ու հազիվ հացի խնդիր է կարողացել լուծել:Ունի նաեւ ամուսնացած դուստր ՝ Ռուսաստանում, բայց ճակատագրի բերումով դստեր երիտասարդ ընտանիքն ավտովթարի է ենթարկվել, ու հիմա նրանք էլ առողջական խնդիրներ ունեն.,,Նրանք իրենք են հիմա փորձանքի մեջ, ավտովթարի հետեւանքով 3 տարեկան թոռնիկս մահացավ, այդ պայմաններում ես ինձ թույլ չեմ տա նույնիսկ  աղջկաս դիմեմ, մեկը լինի ՝ նրանց օգնի,,- ասում է դառնացած կինը:Լիաննա Մագթաղյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում խոսել նաեւ տեսախցիկի առջեւ, ու, չնայած դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն ասում է, որ ,,պետք եղավ ՝ Երեւան էլ կհասնեմ, մենակ թե մի հնար լինի այս վիճակից դուրս գալու համար,,:Լիաննայի հարեւանուհին, որ մինչ նրա հետ իմ զրուցելը, խնդիրն արդեն մասնակիորեն ներկայացրել էր, ասաց, թե մտածում են նույնիսկ դիմել ,,Արմենիայի,, ,,Սուր անկյուն,, հաղորդմանը, բայց չգիտեն, թե ի՞նչ կարգով, չգիտեն զանգելու՞ են, թե՞ գրելու են:Հարց է ծագում. իսկ մի՞թե անպայման ,,Սուր անկյունը,, պետք է հիշեցնի դժվար վիճակում հայտնված մարդկանց, առավել եւս ՝ զոհված ազատամարտիկի ընտանիքի մասին, որին, փաստորեն, չեն հիշել անգամ տոնական օրերին,ինչը մեր իրականության մեջ եզակի երեւույթ չէ. դժբախտաբար: Մի՞թե անպայման մամուլը, հեռուստատեսությունը կամ համացանցը պետք է հիշեցնեն, որ կան խավեր, որոնց չի կարելի անուշադրության մատնել ու ակամա ստիպել, որ ըստ արժանվույն ուշադրության արժանանալու համար հազարումի նվաստացումներ կրեն ՝տարբեր պաշտոնյաների դռներ թակելով:...Լիաննայի միակ նվիրական երազանքն այժմ երիտասարդ որդուն ամուսնացնելն է, իսկ դրա համար համապատասխան միջոցներ չունի, որպեսզի կարողանա մնացած կարեւոր խնդիրները լուծելուց առաջնահերթ կարեւոր խնդիր լուծել. բաց պատշգամբը վերաձեւել փակի ՝ որպես սենյակ, այլապես դժվար է պատկերացնել նորաստեղծ, երիտասարդ ընտանիք ՝1 սենյականոցում, 3 անձով:                                               ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 21 октября 2014 г.

Ձու չի ներկրվում, շաքարավազ չի արտադրվում. ինչու՞

,,Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա ՝ աշխարհն է շալակած տանում,,. Պարույր Սեւակի այս բանաստեղծությունը հիշեցի, երբ պարզվեց, որ տեղական արտադրողները կրկին անգամ ձվի գինը բարձրացրել են ,,փաթեթայինով,, ՝ միանգամից: Ասել կուզի ՝տեղական ձու արտադրողները ,,ելել,, են ժողովրդի  շալակը. թեպետ ՝ որ իրենց հարցնես, կասեն, որ իրենք են աշխարհն ու ժողովրդին շալակած տանում, շատ մեծ ու հանրօգուտ գործ են կատարում ու, դիցուք, աքլորներին անընդհատ համոզում են, որ չզլանան իրենց ,,ամուսնական պարտականությունները,, կատարեն ՝ հավային հարեմի նկատմամբ, որ հայ ժողովրդի հանապազօրյա ձուն ապահովված լինի:Նոր տարուց դեռ 2 ամիս կա, Զատիկն էլ 6 ամիս առաջ էր, բայց ՝ հոկտեմբերի 20-ից սկսած ՝ մեկ էլ հանկարծ Վանաձորի առեւտրի կետերում, որպես ,,աչքալուսանք,, ՝հայտնվեցին 80 դրամանոց ձվեր / ընդ որում ՝ նույն արտադրության ձուն մեկ այլ վաճառակետում էլ վաճառվում էր  70 դրամով, ինչը խոսում է շուկայական անտերության կամ ՝շուկայական կամ ,,ձվային մաֆիայի,, առկայության մասին /: Փաստորեն, մինչ ,,վերեւներում,, ԱԺ պատգամավորները քաղաքական լեզվակռվի մեջ են, մինչ իշխանություններն էլ արտաքին ու ներքին քաղաքական հարցերով են զբաղված, շուկայական մաֆիան զբաղված է ,,պղտոր ջրում ձուկ որսալով,, կամ ՝ ջուրն ավելի պղտորելով: Ո՞վ է վերահսկու՜մ....ու՞մ  դարդին է՜...Անգամ  մինչեւ 700հազար դրամի հասնող աշխատավարձ ստացող ՏՄՊՊՀ անդամների ,,դարդին,, չի, քանի որ ուզենան էլ չեն կարող վերահսկել մի ոլորտ, որտեղ մրցակցություն չկա, ասպարեզը մնացել է տեղական արտադրողներին, որոնց շահերից ելնելով էլ ՝ձու չի ներկրվում / Ասել կուզի, ներկրողների ոլորտում էլ է հիմա ճգնաժամ ու գործազրկություն / : Միգուցե ձվային հերթական թանկացումը ,,վերեւներից,,ժողովրդին ուղղած ,,մեսի՞ջ,, է ՝այն տրամաբանությամբ, որ ,,Հանրահավաք եք անում հա՞, դժգոհ եք հա՞, դե հիմի կերեք ՝ թանկացած ձվերը,, ու ,,տազ  արեք,, տեղներդ, թե չէ էլ բեթարը կբերենք գլխներիդ,, / Մի առիթով ,,Ազատություն,,ռ/կայանով մխիթարում,, էին, թե բա գիտե՞ք, Ադրբեջանում 1 հավկիթի գինը 100դրամ է, հիմա երեւի որոշել են այդ հարցում ,,հասնել եւ անցնել,,  Ադրբեջանին ՝ հանրահավաքներին ու սոցիալական բողոքներին ,,ընդառաջ,, /: Իսկ միգուցե տեղական արտադրողներն էլ իրե՞նց ,,հաշիվներն,, ունեն  իշխանության հետ ու փորձում են էլ ավելի մեծացնել սոցիալական լարվածությունը ՝ ջուր լցնելով ընդդիմության ջրաղացին. ամեն դեպքում ՝ տուժում է ժողովուրդը:Եվ այսպես ՝ շաքարավազի գինը մնում է պատկառելի բարձրության վրա  ու 350դրամից չի իջնում, որովհետեւ միմիայն ներկրվում է, երկրում չի արտադրվում / հայտնի չէ, թե ինչո՞ւ չի գործում Սպիտակի շաքարի գործարանը, չենք կարծում, թե ճակնդեղի պակաս կա երկրում  /, ձու էլ դադարեցին ներկրել ՝ ասպարեզը թողնելով տեղական արտադրողներին:Իսկ ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունը պնդում է, որ երկրում ամեն ինչ կարգին է ու ընդդիմությունն իզուր է աղմկում ՝ ու այդ աղմուկը ,,ժողովրդի հետ կապ չունի,, եւ որ ընդդիմության ուզածը ,,միայն աթոռ է ,,:Միգուցե 300հազար դրամ եւ ավելի ստացող պատգամավորի ու նախարարի  ,,աչքին,, չեն գալիս բարձր գները / կամ ՝ այդ մասին հիշում են, երբ սկսում են տրտնջալ աշխատավարձի ,,քչությունից,, /, իսկ շարքային ժողովու՞րդը, որին բազմակի են կողոպտում, գների բարձրացմանը զուգահեռ ՝տարադրամի կուրսն իջեցնելով, հաշվի առնելով, որ ժողովրդի մեծ մասը գոյատեւում է ,,դրսից,, ստացվող գումարների հաշվին:                                   ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 20 октября 2014 г.

Դանիաբնակ վանաձորցին ՝հայաստանյան այցից տպավորություններով

Հոկտեմբերի 4-ին,  ,,Վանաձորի օր,,  տոնակատարության ժամանակ, երբ հանդիպեցինք  նախկին վանաձորաբնակ , 1994թվից ի վեր Դանիայում բնակվող Հասմիկ Կուրղինյանի հետ / 20 տարի չհանդիպելուց հետո /, առաջին տպավորությունը տոնակատարության հետ էր կապված. շատ զարմացավ, երբ իմացավ, որ ,,Վանաձորի տոն,, է նշվում ՝ առանց քաղաքի տարեթիվը պաշտոնապես մատնանշելու: Այնուհետ մտահոգություն հայտնեց թափառող շների առատությունից, որոնք նույնպես ,,ինտեգրվել,, էին տոնակատարությանն ու ազատ վազուվազ էին անում կենտրոնական պողոտայով: / Հասմիկը, թերեւս, առիթ չունեցավ տեսնել, որ անգամ կենտրոնական շուկայում ու բացօթյա առեւտրի կետերի մոտ են շներ վխտում ՝ սննդամթերքի մոտ /:Մտահոգված էր նաեւ քաղաքի փողոցների քարուքանդ վիճակից / որի թվում նաեւ իրենց բակն էր հայտնվել / : Եվ, քանի որ արդեն իսկ տեղեկացված էր, որ փողոցները քանդելու նպատակը հիմնականում ջրատար խողովակների հետ է կապված, ուստի զարմացած էր, թե ,,Ուրեմն մինչեւ հիմա, երկրաշարժից 25 տարի անց ջրատար խողովակ չի փոխվել, նո՞ր են փոխում,,: Բայց ՝ գոհունակություն հայտնեց Երեվան-Վանաձոր ավտոճանապարհների վիճակից: ,,Գոնե հաջորդ այցիս ժամանակ ստիպված չլինեմ ոտքերիս տակ նայելով քայլեմ,,- հույս հայտնեց իմ զրուցակիցն ու, մատնացույց անելով Մ.Գոշի փողոցի ՝ երջանիկ պատահականությամբ ասֆալտապատված մայթը, որի վրայով քայլում էինք, ասաց.,,Այ որ մնացած փողոցներն էլ գոնե էս որակի լինեն, շատ լավ կլինի,,: ,,Արցախ,, պուրակի առնչությամբ առաջընթաց արձանագրեց, ասելով. ,,2009 թվին որ եկել էի, ,,Արցախը,, ոնց որ ցախանոց լիներ, խոտերը ծածկել էին արձանների երեսները: Հիմա էլի լավ է, մարդիկ կարողանում են նստեն, հանգստանան,,: Իմ զրուցակիցը թերեւս չէր նկատել, որ նստարաններն էլ ներկել են ու տեղ-տեղ նորը տեղադրել, որոնց վրա, ցավոք, երեկոյան ժամերի կարելի է տեսնել  նաեւ... մուրացիկ ու հարբեցող կանանց ՝ պառկած դիրքով: Հասմիկը մտահոգված էր նաեւ, որ Հայաստանում շատ-շատ են ծխում, ու նրա կարծիքով, ծխախոտի դեմ բավականաչափ պայքար չի տարվում այնպես, ինչպես, օրինակ, Դանիայում, որտեղ հիմնարկներում, անգամ ՝շենքերին մոտ տարածության վրա ծխել չի թույլատրվում, կան ծխելու համար սահմանված հատուկ տեղեր:Երբ նշեցի, որ հիմնարկներում պատերին փակցված են ծխելն արգելող հայտարարություններ, որ սահմանված են մեծ տուգանքներ ՝չարտոնված վայրերում ծխելու համար,  որ կան ծխախոտի վնասների մասին պատմող հոլովակներ,ասաց.,,Որեմն օրենքը չի աշխատում: Ուր գնում ես ՝ ծխում են. մեծ, փոքր, տեսնես ինչի՞ են էդքան շատ ծխում  երիտասարդները,,: Ես էլ իմ կողմից հռետորական հարցադրում արեցի .իսկ ի՞նչ ասես, երբ բացօթյա առեւտրի վայրերում ծխում են ՝կանանց ու երեխաների կողքով անցնելիս ու նրանց վտանգի ենթարկելիս. դա արդեն տարրական բարեկրթություն պակաս է, կամ ինչի՞նման է, երբ սննդամթերք վաճառողն սպասարկում է վառվող ծխախոտը ձեռքին: Ցավոք, նման դեպքերի համար տուգանք չկա, մինչդեռ այդ ճանապարհով էլ կարելի էր բյուջեն ,,լցնել,,: Սա նրանից է , որ մեր մոտ չկա բարքերի ոստիկանություն: Հասմիկի մտահոգությունը ՝ ամենուր ծխողներ տեսնելու առնչությամբ, հաստատվեց, երբ գողտրիկ մի սրճարանում, որտեղ զրուցում էինք հոկտեմբերի 9-ին ՝Վանաձոր այցելության երկրորդ հանդիպման ժամանակ, մի երիտասարդ,   մտնելով սրճարան ու տեղավորվելով սեղաններից մեկի մոտ, ծխախոտը հանեց ու սկսեց ծխել: ,,Տես, բա որ ասում եմ, հանգիստ ծխում է, ու մի հատ դիտողություն չեն անում աշխատողները,,: Այստեղ մի հարց առաջացավ ինձ մոտ. իսկ առհասարակ սրճարաններում թույլատրվու՞մ է ծխելը, չէ՞ որ կինոներում էլ մշտապես տեսնում ենք, որ  երիտասարդները, կանայք, սրճարաններում նստած ծխում են: Տրամաբանորեն, ենթադրվում է, թե պետք է ծխելն արգելվի նաեւ սրճարաններում կամ ՝ հատուկ ծխարաններ լինեն: ...Հոկտեմբերի 20-ին Հասմիկից ստացանք նամակ ՝Դանիայից, որտեղ ամբողջացրեց հայաստանյան այցից տպավորությունները. նրան զարմացրել էր, թե ինչո՞ւ օդանավակայանում տարադրամ դրամ մանրելիս ՝պարտադիր հայկական դրամ են վերադարձնում, արտարժույթը չեն մանրում:,,Օդանավակայանից արտասահման մեկնողին հայկական դրամ են վերադարձնում, արտասահմանում ի՞նչ է անելու այդ հայկական դրամը,,-գրում է զրուցակիցս :Վանաձորում գտնված ժամանակ Հասմիկի հետ պարզեցինք նաեւ մի զարմանալի իրողություն, այն է ՝ Վանաձորում չկա այպես կոչված ,,Սուվենիրի,, խանութ, որտեղից ցանկանում էր արտասահմանյան գործընկերների համար փոքրիկ հուշանվերներ գնել: Առանձնապես մեծ փնտրտուքներ չկատարեցինք, քանի որ եղանակը բարենպաստ չէր, բայց ՝ քաղաքի կենտրոնում նման խանութ չգտանք. դե այնպես, ինչպես նախկինում ,,Չինար,,խանութն էր, որտեղ գեղարվեստական իրերի արտադրանքն էր վաճառվում խորհրդային տարիներին: Ցանկանում էր անպայման ազգային խորհրդանիշ որեւէ հուշանվեր գտնել ՝ Դանիա տանելու համար, բայց ՝ փնտրտուքներն օգուտ չտվեցին: Հարց է ծագում, գեղարվեստական իրերի կոմբինատը, դիցուք, չի գործում, բայց չէ՞ որ կան ձեռքի աշխատանք կատարող, հուշանվերներ պատրաստող մարդիկ / ասեղնագործություն, մակրամե, փայտե փոքրիկ հուշանվերների պատրասրում, փայտի փորագրություն եւ այլ արհեստների տիրապետողներ /,  նրանցից ոմանք իրենց աշխատանքները ցուցադրելու համար ստիպված են Երեւան հասնել, մինչդեռ կարելի էր հուշանվերների վաճառք կազմակերպել  Վանաձորում /,,Արցախ,, պուրակի հոգեւոր գրատանն էլ նման նվերներ չէր գտել /: Ավելի ուշ ՝ մանրածախ առեւտրի կետերում, հազարումի ,,խնջիլքի,, արանքում հայտնաբերեցի տարատեսակ նկարներ, բայց ՝ ազգային խորհրդանիշ հանդիսացող որեւէ իր այդպես էլ չհայտնաբերվեց: Հետո էլ խոսում ենք տուրիզմի զարգացումից, երբ որ տուրիզմը խթանող գործոններից մեկն էլ խորհրդանիշ հանդիսացող հուշանվերների վաճառքը կազմակերպելն է ՝ պատշաճ մակարդակի վրա:                                                                                         ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                     

суббота, 18 октября 2014 г.

Եվրասիական միությանն անդամակցելու, Թուրքիայում հայ համայնքի մեծացման ու սահմանադրական բարեփոխումների մասին

 Վանաձորաբնակ մի մանկավարժի հետ ՝ հասարակական ակտիվիստ  ջերմ հայրենասեր  ու ազգասեր, զրույցի բռնվեցի: Ասում եմ ՝ ,,Իմացա՞ր, որ ,,Ժառանգությունը,,հայտարարություն է տարածել եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առթիվ / անընդունելի համարելով Հայաստանի ու Արցախի տարանջատումը  ՝մաքսային սահմանագծով /: Ասում է՝,,Րաֆֆի՞ն, ախր նա Արեւմուտքի ծրագիրն է ներկայացնում, էս ժողովուրդը մինչեւ հիմա չհասկացավ դա,,: / Հետաքրքիր է, Արեւմուտքը համ չի ճանաչում Արցախը  ՝ որպես ինքնուրույն պետություն, համ էլ չի ուզում, որ Հայաստանի հետ մաքսայինով առնչվի՞ ՝ ըստ այդ տրամաբանության /: Հիշեցնում եմ 1988թվի վերջերը, 1989թիվը, երբ Վանաձորի ,,Արցախ,,պուրակում ազգովի նստած ՝գոռում էին ,,Մի-ա-ցում,, ու իմ զրուցակիցն էլ նրանց շարքերում էր: Ծիծաղում է բարեհոգի, իսկ այն դիտարկմանս, թե կարող է՞ մի օր էլ որոշեն , որ Արցախը միանա Ռուսաստանին, ասում է ՝,,Էսպես թե էնպես մենք միշտ էլ Ռուսաստանից կախում ենք ունեցել,,:Իսկ այն, որ եվրասիական միությանն անդամակցելու դեպքում Եվրոպայի հետ շփումները, այցելությունները կդժվարանան / թեպետ, հիմա էլ են դժվար ՝ կապված վիզային ռեժիմի հետ /, ասում է՝,,Թե չէ Եվրոպա գնալով հալ-հալ ենք եղել, էդ ի՞նչ ունենք Եվրոպայից սովորելու ,,: Նկատում եմ, որ Ռուսաստանում էլ քրեական վիճակը լարված է, հանցագործությունների աճը ՝ մեծ, ինչի մասին տեղեկանում ենք հաճախ հենց ռուսաստանյան ալիքներից, ու դա կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա, հակադարձում է ՝ ,,Էդ ո՞րտեղ չի հանցագործությունները մեծ, Ամերիկայում էլ է մեծ, Եվրոպայում էլ,,: Վկայակոչում եմ, որ եվրոպական երկրներ կան, որտեղ հանցագործություններ գրեթե չկան: Զրույցի ընթացքում ընդդիմությանն էլ ,,տվինք-առանք,, ու զրուցակիցս ասում է.,,Էդ որ հարթակի վրա հավաքվել են ու իշխանափոխություն են պահանջում, մոռացել ե՞ն 90-ականներին ինչ արեցին, ոնց թալանեցին գործարանները...,,: Չցանկանալով զրույցը երկարացնել 1998թվից ի վեր սեփականաշնորհված, բայց ՝ հազվադեպ աշխատող ու աշխատավարձերի պարտքեր կուտակած գործարանների ուղղությամբ, նկատում եմ, որ հարթակի վրա միայն ,,նախկինները,, չեն, նաեւ ՝,,այլընտրանքային,,ԲՀԿ-ն է : Զրուցակիցս ասում է ՝ ,,ԲՀԿ-ին մի հաշվի, նրանց հետեւին Քոչարյանն է կանգնած, էսա ինքն էլ կգա ու լավ էլ կանի,,: Հետո մեղադրում է խորհրդարանական Եռյակին, որ ,,մարդկանց բանուգործից, աշխատանքից  կտրում-տանում են հանրահավաքի,,: Ասում եմ ՝,,Իբր մի շատ աշխատատեղ կա, մնաց՝ աշխատանքից կտրե՞լը, ու՞ր է աշխատանք,, ՝ մատնացույց է անում բացօթյա առեւտրի կետերը: Ասում եմ ՝ ,,Բայց չէ՞ որ այդ խավն էլ է դժգոհ իր ապրելակերպից, անընդհատ բողոքի ցույցեր են լինում թե մայրաքաղաքում, թե Վանաձորում, մարդիկ բողոքում են նորանոր հարկերի բեռից,,: Հետո վկայակոչում եմ, որ արտագաղթը մեծանում է, ու լավ օրից չի, որ մարդիկ անգամ դարավոր ոսոխի երկիր ՝Թուրքիա են մեկնում. թեպետ ՝ շատ էլ գոհ են այնտեղ մեկնած հայերը: Ասում է ՝,,Էդ դիտմամբ են ասում, թե գոհ են, բա հո չե՞ն ասելու, թե էնտեղ ինչ ստոր աշխատանքներ են կատարում, շան կյանք են վարում,,: Ասում եմ ՝,,Ինչի՞, Թուրքիայում հայերից ոմանք արհեստով, մասնագիտությամբ են զբաղվում, օրինակ ՝ կոշկակարությամբ, առեւտրով, կանայք հիվանդ, տարեց մարդկանց խնամքով են զբաղվում  ու եւ իրենց են պահում, եւ օգնում են Հայաստանում ապրող հարազատներին,, ՝հեգնում է, թե ՝,,Թուրքի տակ չե՞ն մաքրում,,: Ասում եմ ՝,,Ինչի՞ անպայման թուրքի. հայի ընտանիքում էլ են հայեր աշխատում,,: Ասում է ՝ ,,Ստամոքսի հարց են էլի լուծում,, / Բայց ոչի՞նչ, որ Հայաստանում շատերն այդ հարցն էլ չեն կարողանում լուծել /: Հետո էլ չարախնդում է ,,Էդ հիմա են գոհ, հլա մի քիչ սպասի, թուրքը մի օր իրա թուրք լինելը ցույց կտա,,: Նաեւ պատմում է, որ երբեմն այդ երկրում հայ ամուսիններն ստիպված են կուլ տալ իրենց կնոջ նկատմամբ կատարվող սեռական ոտնձգությունները.,,Կնոջը բռնաբարեն, հայն էնտեղ իրավունք չունի ձայն հանի,,: Մեր զրույցը տեղափոխվեց նաեւ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ:Մի հարցում ՝ իմ զրուցակիցը համաձայն էր. այն է՝ համայնքապետերը չպետք է 2 անգամից ավելի առաջադրվեն: Եթե սահմանադրությունն արգելում է ՀՀնախագահին՝ 2 անգամից ավելի առաջադրվելը, քաղաքապետերին ու գյուղապետերին ինչու՞ չի արգելում, եւ ինչու՞ նրանք ցմահի կարգավիճակով են ի պաշտոնե. հենց դա էլ նպաստում է անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը ՝ համայնքներում ու համայնքի ղեկավարներին վերածում ֆեոդալների:....Եվրասիական միությանն անդամակցելու առնչությամբ  մի գյուղաբնակ լոռեցի կնոջ հետ էլ զրուցեցի: Վերջինս, չնայած 90-ականների շարժման ակտիվիստներից է եղել, սակայն ՝ ,,Օրհնվի էն սհաթը,, կարգախոսի  գաղափարակիր է ու գտնում է, որ ,,մենք առանց ռուսի կորած ենք, հենց ռուսը ձեռները լվաց, թուրքը մեզ վրա կտա,,: Իսկ այն, որ եվրասիական միությանն անդամակցելու դեպքում Արցախը չի միանում, ասում է ՝,,Հա ի՞նչ անենք, Արցախն էլ թող իրա հմար առանձին պետություն ըլի,,: Այն, որ հայաստանցի զինվորը ծառայում է Արցախում, վկայակոչում է, թե ,,Ռուս զինվորն էլ Հայաստանում է ծառայում, մեր սահմանն են պահում,, / չի ընդունում, որ նրանք նաեւ Ռուսաստանի ռազմաբազաներն են պահպանում /: հետո վկայակոչում է, որ Եվրոպան ,,մեզ օգուտ չի, էնտեղ տնտեսական ճգնաժամ է,,:Իսկ այն, որ Վրաստանը միացել է ,,ճգնաժամաից,, շունչ չքաշող Եվրամիությանը, լոռեցու միամտությամբ թե անտարբերությամբ ասում է.,,Հա որ միացավ ՝ ի՞նչ,,: Այդուհանդերձ, ի տարբերություն նախորդ զրուցակցիս, վերջինս գտնում էր, որ հայ-թուրքական հարբերությունները լավացել են ՝ժողովուրդների բարեկամության մակարդակով.,,Ժողովուրդը գնում-գալիս ա, դե թուրքերին էլ ա օգուտ, որ իրանց ապրանքը ծախվի, դրա համար էլ հայերի հետ համերաշխ առեւտուր են անում,,:Վերջինիս ամենամեծ մտահոգությունը  Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ էր, քանի որ այնտեղ բնակվող հարազատներից տեղեկություն չուներ. հեռախոսահամարը փոխվել է, հեռախոսային տեղեկատուն էլ չի պատասխանում.,,Երեւի կռիվները Զապորոժյե էլ են  հասել, ինչքան զանգում եմ ՝ չի պատասխանում Նովոնիկալաեւկայի տեղեկատու համարը,,:                                    ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ      
























среда, 15 октября 2014 г.

Կարտոֆիլի, ձկան ու ձվի ,,կուրսն,, աճում է, սխտորի գինը ռեկորդ է խփում

Օրերս հայաստանյան հեռուստաալիքները ոգեւորությամբ փաստում էին, որ եվրասիական տարածաշրջանային միության անդամագրվելուց հետո հայաստանյան ապրանքների համար Ռուսաստանում լայն հորիզոններ / ավելի ճիշտ՝ վաճառակետեր / կբացվեն:Ի դեպ, եվրոպական տարբեր երկրներում էլ, ԱՄՆ-ում էլ ՝ հայաստանյան բարձրորակ ապրանքի վաճառք միշտ էլ եղել է , սակայն տվյալ դեպքում ,,աչքալուսանքը,, վերաբերվում է նաեւ բանջարեղինին. դեռ ամիսներ առաջ էլ ասվեց, որ ռուսաստանյան ընկերությունները պետք է բանջարեղեն ներկրեն Հայաստանից: Ու հոկտեմբերի սկզբից արդեն Վանաձորի առեւտրի կետերում սկսվեց կարտոֆիլի գնի կտրուկ  աճ: Դրան նպաստեց նաեւ այն, որ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկն էլ հեռուստատեսությամբ ,,գուշակել.. էր, որ կարտոֆիլի գնի աճ է սպասվում: Ամենայն հավանականությամբ, այս մթերգի գնաճին նպաստում է նաեւ այն, որ Թուրքիայից արդեն կարտոֆիլ չի ներկրվում, այսինքն ՝ չկա մրցակցության հանգամանք: Ձվից հետո սա երկրորդ ապրանքատեսակն է, որ մրցակցության բացակայության պայմաններում, տեղական արտադրողների մենաշնորհային դիրքի պատճառով թանկանում է:Բայց այ, որքան էլ տարօրինակ է, սխտորի պարագայում մրցակցության հանգամանքն ամենեւին էլ դեր չի խաղում, քանի որ չնայած շուկայում առկա է Չինաստանից ներկրվող սխտոր, սակայն այս մթերքի գինը դեռ սեպտեմբերից սկսեց բարձրանալու հակումներ ցույց տալ ՝ 1կգ-ն 500 դրամից հասնելով 1000դրամի-ի, իսկ ներկայումս ՝ 2000-ի: ,,Այլընտրանքը,, չինական սխտորն է ՝ փնջով վաճառվող. 4 փնջանի 1 տուփ սխտորը, որ հազիվ 2-300գրամ կազմի, վաճառվում է 400դրամով: Պատճառը, թերեւս, պահածոյացման շրջանն է, ու դա շահարկելով ՝ շուկայական ,,մաֆիա,, ասվածը փորձում է ժողովրդից հավելյալ շահույթներ կորզել, քաջ գիտենալով, որ առանց դրա անհնար է ,,թթու փակել,,: Միգուցե խաշի սեզոնն է՞լ է սկսվել, ինչը նույնպես նպաստել է սխտորի գնի աճին. այն դեպքում, երբ դեֆիցիտ չկա: Վերջին մեկ ամսում ոչ միայն կարտոֆիլը, ձուն ու սխտորն են թանկացել, այլեւ ՝ մսամթերքները : Անկախության տոնի նախօրեից ՝ սեպտեմբերի 20-ից սկսած ՝ կտրուկ բարձրացավ բրազիլական խոզի մսի գինը ՝1700դրամից հասնելով 2100դրամի  / երեւի թե համարվելով եվրոպական մսամթերք, ու նկատի ունենալով, որ շուտով մաքսային միություն ենք մտնելու Ռուսաստանի ու Ղազախստանի հետ, եւ դրանից հետո պետք է Եվրոպայից ներմուծվող ապրանքը թանկանա ,մինչդեռ այդ թանկացումը կարող էր տեղի ունենալ առնվազն հունվարից, երբ եվրասիական միութուն մտնելու պայմանագիրն ուժի մեջ կմտներ /: Նույն կերպ, շուկայական ,,մաֆիայի,, ձեռամբ դեռ  եվրասիական մտնելու պայմանագիր ստորագրելուց ամիսներ առաջ,ապրիլից, ս. Զատկի նախօրեից միանգամից բարձրացավ ներկրվող ձկան գինը, ու խանութներում վաճառվող վիետնամական ,,Պանգաս,, ձուկը դարձավ 1300դրամ / նախկին 1000դրամի փոխարեն /, այսպես կոչված ,,խեկ,,-ը 1100-ից դարձավ 1300դրամ:Հիմա կարող են ասել ՝ ,,Բա գիտե՞ք, հոսանքը թանկացել է,,: Բայց հոսանքի թանկացման փոխհատուցման նպատակով  կարելի էր թանկացում կատարել համապատասխան հաշվարկով եւ հոսանքի թանկացումից հետո  ՝օգոստոսից, եւ ոչ թե ՝ առաջ: Թանկացել է նաեւ  տեղական ձուկը, ու,  ըստ հավաստիացումների, էլի կթանկանա, ինչի մասին օրերս հայտարարեց տեղական ձկնարդյունաբերության ոլորտի պատասխանատուներից մեկը. իբր ՝ քիչ էր թանկ: Անգամ ամառային շոգ եղանակներին Վանաձորի բացօթյա առեւտրի կետերում տեղական ձուկը վաճառվում էր 1կգ-ն 1500դրամից սկսած գնով, նախկին 1000դրամի փոխարեն: Թանկացել է նաեւ կաթնամթերքը, ու, մասնավորապես ՝պանիրը: Օրեր առաջ հայաստանյան թերթերից մեկը գրել էր, որ Մոսկվայի խանութներից անհետացել է պանիրը, քանի որ Եվրոպայից առհասարակ մթերք չեն ներմուծում, Հայաստանից էլ ներկրումը շատ քիչ է: Երեւի թե այդ լուրը թերթին հասնելուց առաջ ավելի վաղ էլ հասել էր հայաստանյան շուկայի տնօրինողներին, ու սեպտեմբերից կրկին սկսեց պանրի գինը բարձրանալ : Եթե հուլիս-օգոստոս ամիսներին պանրի գները շուկայում սկսվում էին 1000դրամից, ապա ներկայումս ՝ 1200դրամից .հասնելով 2500դրամի: Իսկ հիշու՞մ եք ինչպես էր առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարը հավաստիացնում, թե եվրասիական միություն մտնելուց հետո ապրանքները կէժանանան: Առայժմ չի թանկանում միայն ռուսաստանյան ձեթը, իսկ բանջարեղեններից ,,ամենահամեստ,, ,,կուրսը,, կաղամբինն է . 1կգ-ն ՝100դրամ: Ամեն դեպքում ՝ պահպանվում է ամսվա առաջին տասնօրյակում, թոշակների ու աշխատավարձերի օրերին առհասարակ բոլոր մթերքների գները որոշ ժամանակ բարձր պահելու ,,սովորույթը,, որ կարգավորվում է շուկայական ,,մաֆիայի,, կողմից:                                                                                                                                                                      ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 14 октября 2014 г.

Ժողովուրդը հանրահավաքից հանրահավաք է ոգեւորվում - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ժողովուրդը հանրահավաքից հանրահավաք է ոգեւորվում - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Հազիվ թե եվրատեսիլյան կատարումները մնան մարդկանց հիշողության մեջ ՝որպես սիրված երգ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հազիվ թե եվրատեսիլյան կատարումները մնան մարդկանց հիշողության մեջ ՝որպես սիրված երգ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՏԻՄԸ ՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ. Ի՞ՆՉ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ԲՐԱԶԻԼԱԿԱՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ | Կինը և քաղաքականությունը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՏԻՄԸ ՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ. Ի՞ՆՉ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ԲՐԱԶԻԼԱԿԱՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ | Կինը և քաղաքականությունը 

среда, 8 октября 2014 г.

Դանիաբնակ վանաձորցին հանդես եկավ զեկուցումով ՝ցեղասպանության ինստիտուտում

Հոկտեմբերի 7-ին ցեղասպանության ինստիտուտում տեղի ունեցավ 20-րդ դարասկզբի դանիացի հասարակական գործիչ, գրող-բանաստեղծ Ինգա Նալբանդյանի ՝հայոց ցեղասպանության մասին գրքերի շնորհանդեսը: Այս եռահատորյակի / ,,Մեծ ցավը,,   ,,Ճակատագրով դատապարտվածները,, եւ ,,Սպիտակ  դաշտ,, / թարգմանությունը կատարել է ծնունդով վանաձորցի Հասմիկ Կուրղինյանը, ով շուրջ 20 տարի է, բնակվում է Դանիայի Օբենրո քաղաքում, աշխատում է քաղաքային սոցիալ բաժնում: Միջոցառմանը զեկուցումով հանդես է եկել Ինգա Նալբանդյանի թոռը ՝ Ֆրանս Նալբանդյանը ՝ նույնպես դանիաբնակ, որի զեկուցման թարգմանիչը նույնպես Հասմիկ Կուրղինյանն էր: Միջոցառման կայացման եւ իր տպավորությունների մասին այսօր տեղեկացրեց Հ.Կուրղինյանը, ասելով, որ 10-օրյա իր այցի նպատակը կարող է համարել կայացած, քանի որ վերջապես հայ ընթերցողին հասան այս տարի հրատարակած գրքերը: Եռահատորյակի 2 հատորների  խմբագիրը Հասմիկի հայրն է ՝ վանաձորաբնակ գրականագետ, մի շարք գրքերի ու թերթերի խմբագիր, գերմաներենի մասնագետ Գառնիկ Կուրղինյանը, ով ,,Մեծ ցավը,,գրքի վերջաբանում նաեւ ներկայացրել է, թե ով է Ինգա Նալբանդյանը եւ ինչպես հղացավ նրա գրքերը թարգմանելու գաղափարը ՝ Հասմիկի մոտ: 2-րդ գիրքը խմբագրել է Հասմիկի քույրը ՝ Նարինե Կուրղինյանը, ով շուրջ 30 տարի է , բնակվում է Գյումրիում: Մինչ այս գրքերի թարգմանությունը Հասմիկը տարիներ առաջ եւս մեկ գիրք է թարգմանել  դանիերենից, որ կոչվում էր ,,Մի աներկիր ժողովրդի մոտ,,: Այդ գիրքը պատմում էր դանիացի մեծ հայասեր Կարեն Եփփեի կյանքի ու հասարակական գործունեության մասին ՝ ցեղասպանության տարիներին: Հասմիկի թարգմանած բոլոր 4 գրքերն էլ լույս են տեսել նրա անձնական միջոցներով, ուստի տպագրվել են սահմանափակ քանակությամբ, վաճառքի չեն հանվել եւ պարզապես  բաժանվել են հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների, Ազգային գրադարանին ու ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին են հանձնվել:Գրքերի մի մասը Վանաձորում են տպագրվել, մի մասը ՝ Գյումրիում: Իսկ 2000թ.Հասմիկի թարգմանած առաջին գրքի մասին առաջին անգամ լուսաբանվել է ,,Առավոտում,, /14.04.2000թ. ,,Ովքե՞ր են Հայերի դանիացի բարեկամները,, /, այնուհետ ՝,,Հայաստանի հանրապետություն,, ,,Ազգ,, թերթերում:                                                                                                                                                       Ստորեւ ներկայացվում են  հատվածներ ՝Հասմիկ Կուրղինյանի զեկուցումից.,,Ես իմ ելույթը պիտի սկսեմ շնորհակալական խոսքով:Նախ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Դանիայում Հայաստանի դեսպանին ՝պարոն Հրաչյա Աղաջանյանին եւ հյուպատոս Լիլիթ Սարգսյանին ՝այս միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:Նաեւ ուզում եմ շնորհակալական խոսք ասել Եղեռնի թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ՝ այս հնարավորությունն ընձեռելու համար:Ապա մի քիչ պատմելու եմ իմ մասին:Արդեն 20 տարի է ՝բնակվում եմ Դանիայում:Առաջին իսկ օրվանից ուսումնասիրել եմ դանիերեն լեզուն, տիրապետել եմ այն եւ այժմ ունեմ համալսարանական կրթություն, ստացել եմ բակալավրի կոչում ՝ որպես սոցիալ խորհրդատու եւ աշխատում եմ մեր քաղաքային սոցիալ բաժնում:Զուգահեռ զբաղվել եմ թարգմանական աշխատանքներով:Ունեմ 15 տարվա թարգմանական փորձ, թարգմանում եմ հայությանը վերաբերվող նյութեր:Ապրելով Դանիայում, ես երբեք չեմ մոռանում իմ Հայաստանը, իմ ողջ էությամբ ես մնում եմ իմ հայրենիքի դուստրը, թարգմանում եմ հայությանը վերաբերվող նյութեր,,: Զեկուցման վերջում էլ ասում է.,,Ուրախ եմ, որ Ինգայի այս եռօրյան վերջապես դրվեց հայ ընթերցողի սեղանին, հասավ այն ժողովրդին, որին ինքը համարում է իրենը: Եռագրությունը հայերեն է թարգմանվել առաջին անգամ, մինչդեռ եվրոպացին այս գրքերի մասին գիտեր մոտ 100տարի առաջ:Այն վաղուց թարգմանված է եվրոպական տարբեր լեզուներով:Գիրքը եռագույն է, զի ես դրանով հայոց ազգային դրոշն եմ խորհրդանշում:Հուսով եմ, որ եղեռնի 100-ամյակին քաղաքակիրթ աշխարհը կճանաչի եղեռնը եւ Ինգա Նալբանդյանն էլ կունենա իր արժանի ավանդն այս գործում: Ավարտելով խոսքս, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել լրագրող Գոհար Աճեմյանին, ով այս եռագրության հայերեն թարգմանության ծնունդի նախապատրաստողն էր,,:        ....Իսկ ինչպե՞ս հղացավ Հասմիկի մոտ  ՝ցեղասպանությանը վերաբերվող գրքերի թարգմանության միտքը. այդ մասին պատմում է   հայրը ՝,,Մեծ ցավը,, գրքի խմբագիր Գառնիկ Կուրղինյանը  գրքի վերջաբանում.,1996-ին մենք հյուր եղանք Դանիայում, մեր դստեր մոտ: Եվ ստացվեց այնպես, որ բոլորովին պատահական, ապրիլի 24-ին, միացնելով հեռուստացույցը, տեսանք սահմռկեցուցիչ պատկերներ: Հայոց Եղեռնի մասին էր հաղորդումը: Այն ընթանում էր հայ դասական երաժշտության ուղեկցությամբ: Սյուժեն դանուհի կնոջ ՝ Կարեն Եփփեի մասին էր: Նա դարասկզբին եկել էր Հայաստան, լծվել հայերի օգնության դժվարին գործին, վերապրել 1915-ի մեծ Եղեռնը եւ մինչեւ կյանքի վերջը մնաց հայերի հետ: Նրա աճյունը հանգչում է Հալեպի հայոց շիրմատանը: Կարեն Եփփեի ճակատագրով հետաքրքրվեց մեր դուստրը: Նա Դանիայի գրադարաններում գտավ ու թարգմանեց Սվենդ Սեդեգրին Բեքի ,,Մի աներկիր ժողովրդի մոտ,, տխուր վերտառությամբ մի մենագրություն: Այն պատմում է Կ.Եփփեի կյանքը / 1876-1935 /: Քանի որ նրա կյանքը 1903-ից մինչեւ մահկանացուն կնքելն անցել է հայերի հետ, ապա Բեքի գիրքը փոքրիկ եղեռնապատում է ՝ բառիս լայն իմաստով: ,,Մի աներկիր ժողովրդի մոտ,, գիրքը հրապարակեցինք 2000-ին, թարգմանչուհու միջոցներով, 100 տպաքանակ օրինակով, 10-ից ավելի օրինակ ՝ եղեռնի թանգարանին, արձագանք չեղավ: Գրքի մասին գրվեց մի շարք լրագրերում:Դրանցից պիտի առանձնացնել պատմաբան Գեւորգ Յազըճյանի հիրավի արժեքավոր գնահատականը եւ նրա ափսոսանքը, որ գիրքը պետական մակարդակով չի հրապարակվել: Գիրքը Յազըճյանը հասցրեց լիբանանահայությանն ու սիրիահայությանը, որտեղից ստացվեցին սրտագին արձագանքներ: 1999-ին մենք կրկին Դանիայում էինք. վերադարձին, երբ թերթում էինք մեր բացակայության ամիսների մամուլը, հանդիպեցինք Գոհար Աճեմյանի ՝,,Քո եղբոր արյունը կանչում է,, / Ի.Նալբանդյանի պատմվածքի վերնագիրն է,, / հոդվածին, ուր խոսք էր գնում մեկ այլ դանուհու մասին: Այդ հոդվածն ուղարկվեց Դանիա, եւ ,,Մի աներկիր ժողովրդի մոտ,, գրքի թարգմանչուհու ՝ Հասմիկ Կուրղինյանի համար նոր որոնումների առիթ հանդիսացավ: Արդյունքը ՝Ի.Նալբանդյանի ,,Մեծ ցավը,, վեպի թարգմանությունն էր: Վեպի հրատարակությունը կյանքի բերումով ձգձգվեց ; Այն հնարավոր եղավ լույս աշխարհ հանել հիմա,,: / Մեջբերում ՝ ,,Մեծ ցավը,, գրքի վերջաբանից /: Հիշեցնենք, որ այն լույս է տեսել 2008 թվին, սակայն վերահրատարակվել ՝ 2014թվին, հաջորդ երկու գրքերի հետ միասին:                                                                                                            ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 7 октября 2014 г.

Խորհրդարանական եռյակի հանրահավաքը ՝ անձրեւաշող Վանաձորում

Հոկտեմբերի 6-ին Վանաձորի Հայքի հրապարակում  անցկացվող հանրահավաքին / որի մասին քաղաքի տարբեր շենքերի պատերին փակցված հայտարարություններ կային մի քանի օր շարունակ / հասանք այն պահին, երբ միտինգավորներից մեկը տրիբունայից խոսում էր ,,նշանակովի ընդդիմության,, մասին, ովքեր սեփական երկրի խնդիրներով զբաղվելու փոխարեն նախընտրում են այլ երկրների իշխանությունների հրաժարականը պահանջել: Թե ո՞ր ուժերին նկատի ուներ ելույթ ունեցողը ՝ անհայտ մնաց: ԲՀԿ անդամ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին սկսեցին ծափահարել անունը լսելուն պես, դեռ ելույթը չսկսած, իսկ նրա բոցաշունչ , խրոխտ ելույթից հետո ՝ առավել եւս: Նա մտահոգություն հայտնեց, որ հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես ,,տոկոսի տակ ընկած ժողովուրդ,,: Նաեւ մտահոգություն հայտնեց արտագաղթի մեծ չափերի առնչությամբ, որի վկայությունները տեսել է Ստրասբուրգում, որտեղից վերջերս է վերադարձել: Միտինգավար Ռուբեն Հակոբյանը ՝,,Ժառանգություն,, խմբակցության ղեկավար, Զոհրաբյանի ելույթից հետո, չգիտես ինչու, նշեց, որ հանրահավաքը մոտենում է ավարտին, ու դրանից հետո մի քանիսն սկսեցին պոկվել ու հեռանալ հոծ բազմությունից, ասելով.,,Հա դե արդեն պրծավ, գնացինք,,: Բայց մեկ էլ նույն ելույթում Հակոբյանն ասաց, որ ձայնը տրվում է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին: Այդուհանդերձ, հանրահավաքի բուն կորիզը ՝ ծածանվող դրոշների ուղեկցությամբ, պահպանվում էր / ոմանք էլ լոռեցու միամտությամբ թե իներցիայով ՝ դեռ անձրեւանոցներն  էին գլխներին պահում, թեպետ եղանակի բարեհաճության շնորհիվ ՝հորդառատ անձրեւը դադարել էր միտինգն սկսվելուն պես /  :Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ ԵԽԽՎ-ում Ղարաբաղը համարում են ,,օկուպացված տարածք,, ու դա համարեց երկրի վատ արտաքին քաղաքականության արդյունք: Նաեւ  մտահոգություն հայտնելով Վանաձորի քիմգործարանի գործարանի չաշխատելու առնչությամբ, պատմեց, որ իր վաղեմի ընկերը տարիներ առաջ քիմգործարանն աշխատեցնելու ծրագիր է ներկայացրել Հայաստանում, բայց ՝ անուշադրության է մատնվել, ուստի ստիպված է եղել հեռանալ Չեխիա եւ այնտեղ քիմիական գործարան բացել: Հանրահավաքն ընդհանուր առմամբ խաղաղ էր, սակայն սկսվելուց մոտ 1 ժամ անց ծխածածկույթ տարածվեց ՝ծխահոտով հանդերձ: Թե ու՞մ էր դա ձեռնտու ՝ դժվար է ասել: Հարկ է նկատել, որ առաջին անգամ էր, որ պետական Հ2 ալիքը ծանուցել էր հանրահավաքի կայանալու օրն ու ժամը / միգուցե  արդեն Հ2-ը  պետական չէ. հավանաբար, հենց դրա համար հաջորդ օրը ցերեկը Հ2-ն սկզբում սկսեց հեռարձակվել առանց ձայնի, այնուհետ ՝ իսպառ անհետացավ էկրաններից ՝մոտ մեկ ժամով /: Մինչ հեռուստատեսությամբ ծանուցելն էլ, անգամ՝ մինչեւ պատերին հայտարարություններ փակցնելը Լոռվա գյուղերում անգամ դեռ 1 շաբաթ առաջ տեղյակ էին, որ ,,ՀԱԿ-ը հանրահավաք է անելու Վանաձորում,,: Իսկ ումի՞ց էին տեղեկացել ՝հարցիս գյուղաբնակներից մեկն ասաց.,,Իրանց թերթըմ էր գրած,,:  ,,Բաժանում էի՞ն,, հարցիս էլ պատասխանեց.,,Չէ ի՞նչ բաժանել, մինը քաղաքից էկել էր, հետը բերել,,: /,,Մեռնող-ապրողից, թանկ ու էժանից, կամ նոր դուս էկած գազեթից - բանից,,- Հովհաննես Թումանյան /:Իսկ մեկ ուրիշ վանաձորցի օրեր առաջ տեղեկացրեց, թե ,,Ժառանգությունն,, է Վանաձորում հանրահավաք անցկացնելու ՝ հոկտեմբերի 6-ին: Եվ այսպես, ամեն մեկն իր նախընտրած  կուսակցության անունն էր տալիս, որպես հանրահավաքի կազմակերպիչ: Իսկ Վանաձորի շենքերի պատերին փակցված հայտարարության մեջ պարզապես նշված էր, որ այսինչ օրը կկայանա ՀԱՆՐԱՀԱՎԱՔ: Հոկտեմբերի 7-ին, դիտելով խորհրդարանական եռյակի / որոնց արդեն ,,ոչ իշխանական ուժեր,, անունն է տրված / հանրահավաքի կադրերը, պարզեցինք, որ եռյակ ուժերի / ՀԱԿ, ԲՀԿ, ,,Ժառանգություն,, / կազմում ելույթ ունեցողների թվում եղել է նաեւ ծնունդով վանաձորցի, թիվ 3 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, Ոսկե մեդալակիր Վահան Վարդապետյանը ՝ ներկայումս մայրաքաղաքաբնակ, մասնագիտությամբ բժիշկ-գինեկոլոգ, ով նույնպես մտահոգված է հայրենի քաղաքի ճակատագրով այնպես, ինչպես, թերեւս, ՀԱԿ պատգամավոր,վանաձորցի Արամ Մանուկյանը, որի ելույթներով քանիցս հիացել եմ: Այդուհանդերձ, անհասկանալի էր Արամ Մանուկյանի ,,մուննաթը,, ժողովրդին, թե ինչու՞ են հանդուրժում ,,իրենց եղունգը չարժեցող իշխանություններին,,: Նաեւ ի սկզբանե ամոթանք տվեց, որ եթե հանրահավաքի մասնակիցները, որոնք դժգոհ են կյանքից, չգան Երեւան հանրահավաքի ՝ ,,ամոթ նրանց,,: Ինչպե՞ս կարելի է կյանքի դառնությունից կուչ եկած, մի բուռ դառած մարդկանցից անուրանալի զոհողություններ պահանջել, երբ որ մարդիկ անգամ կարող է օրվա հացի փող չունենան: ,,Դե որ տրանսպորտ լինի ՝կգանք,,- խոստովանեց մի տարեց վանաձորցի ՝ հեռուստատեսությամբ:Ժողովուրդը քանի տարի է ՝ մասնակցում ու մասնակցում է տվյալ պահի ընդդիմության հանրահավաքներին, եւ ի՞նչ է փոխվում դրանից: Շատերը Երեւան էլ են գնում հանրահավաքի: Ժողովրդին քննադատում են վախենալու համար, իսկ ի՞նչ ասես ընդդիմության անմիաբանության մասին, ինչու՞ ՀՅԴ անդամները հրաժարվեցին քառյակի հետ համագործակցելուց: Այ նրանց վրա պետք է ,,մուննաթ,, գալ:Կամ, որ Եռյակը , ի դեմս ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ,,Ժառանգության,, ՝քննադատում են իշխանությանը, բայց չէ՞ որ նորանշանակ վարչապետն էլ , որ նույնպես իշխանություն է, եւ ՝ԲՀԿ առաջնորդին շա՜տ մոտ կանգնած. այնքան մոտ, որ լոռեցիներից մեկն ամիսներ առաջ ասաց ՝,,Թազա վարչապետն էլ ԲՀԿ-ից ա, բա էդ ո՞նց տի ըլիլ,,: Ի վերջո վարչապետի կողմից էր Սյունիքի մարզպետի վերանշանակումը, ինչը հասարակության առաջադեմ ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվի ու իրավապաշտպանների կողմից որակվեց որպես ծաղր ու ապտակ ՝ ժողովրդին: ...,,Էսքան մարդը էս ո՞նց ա հավաքվել,,- զարմացել էր լոռեցիներից մեկը: Իսկապես, արտագաղթի ու մահացությունների  հետեւանքով կիսով չափ դատարկված քաղաքի պայմաններում, այն էլ ՝ մաղմղացող անձրեւի տակ, ամեն րոպե սպասելով հորդառատ անձրեւի, հրապարակի կեսը բռնած բազմությունը , գումարած ՝ ծառերի տակ հեռվից ունկնդրողներին, խոսում է այն մասին, որ ժողովուրդը դեռ պահպանում է հետաքրքրությունը ՝ քաղաքականության հանդեպ, ժողովուրդը չի վախենում, ու փողոց է ելել, որի ապացույցը նաեւ տեղական  ,,Լոռի,, հեռուստատեսությամբ մարդկանց հետ հարցազրույցներն էին ՝հոկտեմբերի 7-ին ներկայացված: Իսկ Նաիրա Զոհրաբյանը ելույթում շնորհակալություն հայտնեց ժողովրդին ՝,,տեղական իշխանիկներից չվախենալու ու միտինգին մասնակցելու համար,,: Ի՞նչ ունեն վախենալու, հանրահավաքի մասնակիցների մեծ մասն ինչ ունեին ՝ կորցրել են. սկսած ՝ խնայբանկի ավանդներից, վերջացրած ՝ ապրուստով ու եկամտով: Ու թեեւ միտինգն ընթանում էր եռագույն դրոշների ներքո, սակայն տեղին է հիշատակել ՝,,Պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու, բացի շղթաները,,:                                                    ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 2 октября 2014 г.

Հնացած հավեր ու ձվեր ՝ վաճառակետերում

Սեպտեմբերի 29-ին վանաձորաբնակ Հենրիետա Մխիթարյանը ՝ Վանաձորի վետերանների միության կանանց խորհրդի նախագահ, քաղաքի սուպերմարկետներից մեկից գնել էր ,,հավի թեվիկներ,, ապրանքատեսակը՝ 1կգ-անոց տուփը՝1500 դրամով, ռուսական ապրանքանիշի տակ վաճառվող: Տուն տանելուց հետո պարզել էր, որ ապրանքի որակը խիստ կասկածելի է, ու հաջորդ օրն շտապել էր խանութ ՝ չեկ պահանջելու: Որքան էլ զարմանալի է, բայց խանութում համաձայնվել էին արդեն իսկ գնված, տուն տարած ապրանքի չեկը հանձնել, արդարանալով.,,,Դե դուք էն ժամանակ չպահանջեցիք, մենք էլ չտվինք,,: Թեվիկները եփելուց հետո Մխիթարյանի կասկածները ՝ ապրանքի անորակության մասին, հաստատվել էին, քանի որ անմիջապես տհաճ բույր էր տարածվել: Մինչ հաջորդ օրը կտաներ ապրանքը ետ հանձնելու, շտապել է նաեւ սանէպիդկայան ՝ քաղաքի կենտրոնում գտնվող, բայց այդտեղ պարզվել է, որ սանէպիդկայանի ՝սննդամթերքի  որակի հարցերով զբաղվող մասը տեղափոխվել է քաղաքի ծայրամասային ,,Լագեր,, թաղամաս, ու նա  չի զլացել, այդտեղ էլ է գնացել ՝իր հետ տանելով ,,իրեղեն ապացույց,, փչացած հավի կտորտանքներն, ասելով, որ քաղաքի սուպերմարկետներից մեկից է գնել: Հավաստիացրել են, որ առաջիկայում պետք է զբաղվեն քաղաքի խանութներում առկա սննդամթերքի որակի հարցերով, ստուգայց են կատարելու:Նույն օրը, հոկտեմբերի 1-ին, Մխիթարյանի հեռախոսազանգով ուղեւորվեցինք ներկա գտնվելու փչացած հավի հանձնման հույժ կարեւոր իրադարձությանը ՝խանութում:Մինչ Մխիթարյանի ժամանելը. խանութի ցուցափեղկում նրա մատնանշած ապրանքատեսակից չգտանք: Այնուհետ Մխիթարյանը ժամանեց եւ աշխատողներին խնդրեց կանչել վաճառողներից ավագագույնին:Ու սկսվեց բանակցությունների փուլը:Քանի որ հնացած հավի ողջ պարունակությունը ՝ սառույցներից ձերբազատվելուց ու եփելուց հետո կշռում էր 400դրամ, ուստի վաճառողը դժգոհեց, թե ,,Կեսը կերել եք , նոր ե՞ք բերել,,: ,,Դա ուտել կլինե՞ր, որ ես ուտեի,,- զայրացած նկատեց Մխիթարյանն ու սպառնաց հավի կտորտանքը տանել ,,այնտեղ, որտեղ պետք է,,:՚Ի՞նչ իմանար վաճառողը, որ խեղճ թեվիկներին արդեն իսկ մի տեղ լավ ,,ամաչացրել,, էին ՝ անորակության համար: Այդուհանդերձ, դժկամությամբ, բայց ՝ ետ վերադարձրին Մխիթարյանին ապրանքի արժեքն ամբողջությամբ: Բայց այդ ամենի հետեւանքով վերջինս տեւական ժամանակ հաստատ ,,հավի թեւիկներ,, անունն անգամ լսել չի ցանկանա, ուր մնաց ՝գնել կամ ուտել:Մխիթարյանը չի բացառում, որ այդ ապրանքանիշը կարող է եւ կեղծված լինել ու հայտնում է.,,Ես գիտեմ, որ մարդիկ կան, որ կեղծ ապրանքանիշեր են վաճառում, դրանով հարստանում, հնացած ապրանք ունեցողներն էլ  դրանցից գնում-փակցնում են,,:Ընդ որում, նա խանութի վաճառողին էլ ամենայն համոզվածությամբ պնդում էր, որ հավը հաստատ հատուկ լուծույթով մշակել են, որ հնացածությունն անցնի, սպիտակի, բայց ներսի հոտը պահպանվել է:Այս կապակցությամբ հիշեցի, որ ամիսներ առաջ ,,Արմենիայի,, ,,Սուր անկյունը,, պատմեց, որ ՀՀ տարբեր քաղաքներում վաճառվել է հնացած հավ / կարծեմ ՝էլի խոսքը գնում էր հավի թեւիկների մասին /, ու կեղծ ապրանքանիշով է եղել, հետո պարզվել է որ հատուկ լուծույթով մշակել են հավն ու փորձել երկրորդ կյանք տալ ՝ սպառողների առողջությունը վտանգելու հաշվին: Այն ժամանակ երեւի թե հայկական ապրանքանիշի տակ են կեղծել, հիմա ՝ռուսականի տակ: Իսկ նախորդ շաբաթ տեղեկացանք, որ մայրաքաղաքի խանութներից մեկում սպառողի կողմից արձանագրվել է հնացած ձվի վաճառք. գնորդը տուփով ձուն տուն տանելուց հետո պարզել է, որ դրանք դեռ չեփած են ,,բուրում,, ու շտապել է տանել ետ հանձնել: Միգուցե ,,բուրումնավետության,, համա՞ր է ձվի գինն այդքան բարձր ու էլի բարձրանալու միտում ունի ՝65 դրամից հասնելով 75-80-ի, հիշեցնելով հայտնի բանաստեղծությունը.,,Ելնում եմ ես սարերն ի վեր, ելնում եմ ես քարերն ի վեր...,,: Ներմուծվող ձվերի ,,վերջը տվին,,՝ տեղական արտադրողների նվնվոցներից հետո, հիմա ասպարեզում մնացել են տեղական հավկիթները, որոնք էլ բարձր գնի պատճառով դժվարությամբ են իրացվում ու հնանում են: Ի վերջո խիղճ է պետք: Օստապ Բենդերի ասած ՝,,Բա սրանց չար երազները չե՞ն տանջում,,: Ո՞նց կարելի է  65-70 դրամով հնացած ձու վաճառել կամ ՝1500դրամով հնացած հավ ,,սաղացնել,,: Ի դեպ, Մխիթարյանը տեղեկացրեց, որ վերջերս նույն խանութից ձու էլ է գնել ՝ 65 դրամով, բայց տուն տանելուց հետո պարզել է, որ ձվի ավանդական դեղնուցը կանաչ գույնի է, ինչն անորակության ակնհայտ ապացույց է: Ասենք , Մխիթարյանը քաղաքի կենտրոնում է ապրում ու կարողացել է գոնե հավի հարցում պաշտպանել սպառողի իր իրավունքները /ինչը, բարեբախտաբար, եզակի երեւույթ չէ, երբ սպառողը կարողանում է տեր կանգնել իր իրավունքներին /, իսկ նրա՞նք, ովքեր գյուղերից գալիս են մարզկենտրոն, առեւտուր կատարում հապշտապ  ու գնում...Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել ՝,,Փողոցից միք գնի, փողոցում ինչ ասես վաճառվում է,,: Իսկ ի՞նչ ասես, երբ սուպերմարկետում է հնացած մթերք վաճառվում, որոնց թվում ՝ակնհայտ որակազրկված տեսքով երշիկ կամ նրբերշիկ:Ու կապ չունի, հնացած ապրանքը մայրաքաղաքու՞մ է վաճառվում, թե՞ մարզերում: Այս երեւույթը նոր չէ, եւ կապ չունի էներգիայի գնի բարձրացման հետեւանքով սառնարանները ոչ բավարար միացնելու հետ, քանի որ մշտապես էլ նկատվել են նման երեւույթներ ՝ անկախ էներգիայի թանկ կամ էժան լինելու հանգամանքից: Իսկ ամենավատն այն է, երբ հնացած մթերքներ են իրացվում մանկապարտեզների կամ մանկատների ճաշարանների վրա, ինչի վերաբերյալ քանիցս տեղեկացել ենք հանրապետական հեռուստատեսությամբ:                                                          ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ