Վանաձորի Չուխաջյան 12 շենքի բնակչուհի, 3-րդ կարգի հաշմանդամ Լիաննա Մագթաղյանը ՝ զոհված ազատամարտիկի այրի, 48 տարեկան է, բայց արդեն հասցրել է ճաշակել ու ճաշակում է կյանքի դառնությունները: Ամուսինը ՝ Էդիկ Մագթաղյանը, 1994թվին զոհվել է Մարտակերտի պաշտպանական մարտերում, ու Լիաննան, բազում այլ զոհվածների այրիների նման ՝երեխաներին մեծացրել է բազմաթիվ դժվարություններ կրելով, որի արդյունքում աստիճանաբար կորցրել է առողջությունն ու ձեռք բերել հիվանդություններ: Իսկ վերջերս էլ պարզվել է, որ վիրահատության անհրաժեշտություն էլ կա: ,,22 հազար դրամ հաշմանդամության թոշակով ես ինչպե՞ս ապրեմ, ինչպե՞ս դեղորայք գնեմ, հատուկ սննդակարգ ընդունեմ,հիմա էլ վիրահատվելու խնդիր կա, տղաս էլ նոր է մտել աշխատանքի ՝ զինմասում,պայմանագրային զինծառայության է մեկնում 15-օր տեւողությամբ հերթափոխով,,-պատմում է Լիաննան, որ ստիպված էր դիմել լրագրողի այն բանից հետո, երբ 5-րդ հարկում գտնվող , անձրեւաջրերից ,,շունչ չքաշող,, բնակարանի նորոգման հարցով ում ասես դիմել էր, բայց ՝ ,,ցավին դարման անող,,պատասխան չէր ստացել: Սկզբում դիմել է Վանաձորի քաղաքապետարան, եկել են, ուսումնասիրել տանիքի վիճակը, համատիրության ջանքերով թեթեւակի նորոգել են, բայց ՝ դրանից հետո էլ չեն դադարել կաթոցները, երկրորդ անգամ էլ են փորձել վթարը վերացնել ՝բայց, անօգուտ, առաջարկել են ամբողջ շենքով 300հազար դրամ հավաքել, որպեսզի արտահերթ կարգով նորոգում անեն, քանի որ շենքի տանիքի նորոգման ,,հերթը,, 3 տարի հետո է / երեւի թե համարվում է առաջնահերթություն չունեցող. համենայն դեպս ՝ 2001թվին հաստատված ամրացման ենթակա շենքերի ցուցակում այդ շենքը չկար / :Բնականաբար, 5-րդ հարկից ներքեւ բնակվողներին այնքան չի մտահոգում տանիքի նորոգման հարցը, որքան ՝ 5-րդ հարկում բնակվողին, որի բնակարանի վրա են անմիջապես հասնում անձրեւաջրերը: ,,Ես ո՞ր մի հարեւանին կարող եմ համոզեմ, որ գումար ներդնեն տանիքի համար, կամ էս պայմաններում ո՞վ կարող է դրա համար փող ծախսել,,- նկատում է իմ զրուցակիցը: Ներկայումս էլ, ձմռան շեմին, բաց պատշգամբը փակ դարձնելու խնդիր ունի, բայց ՝միջոցներ չունի:,,Շենքում բոլորի պատշգամբը փակ է, միայն մերն է բաց,,-ցավով նկատում է իմ զրուցակիցը: Դիմել է նաեւ Լոռու մարզպետարան, հոկտեմբերի 9-ին մասնակցել է մարզպետի հրավիրած ,,Բաց դռների,,օրվան ՝ քաղաքացիների ընդունելության համար նախատեսված:,,Մարզպետն ասաց, որ կարող է ընդամենը 10հատ շիֆեր տալ, բայց էդ շիֆերը ես տանեմ ի՞նչ անեմ,,-դժգոհում է իմ զրուցակիցը, որի խնդիրը, փաստորեն, ավելի տարողունակ է, քան ՝ շիֆերի տրամադրումը. մարդը բնակարանի նորոգման, ֆինանսական աջակցության խնդիր ունի:Ընտանեկան նպաստից չի օգտվում, քանի որ օրենքով ,,չի հասնում,,: /Կեցցեն մեր օրենքները, աշխարհի ամենամարդասիրական օրենքները /: Իսկ ի՞նչ կարգի օգնություններից է օգտվել ՝ որպես զոհվածի այրի: Պատմում է, որ մի ժամանակ ամսական 10հազար դրամ են ստացել, հետո դարձրել են 5հազար, հետո էլ ընդհանրապես վերացել է այդ օգնությունը, եւ արդեն 8 տարի է, որեւէ օգնությունից երբեւէ չի օգտվել:Մի ժամանակ ԵԿՄ-ի /Երկրապահ կամավորների միություն / գրասենյակից է աջակցություն ստացել, բայց տարիներ առաջ գրասենյակը տեղափոխություններ է ունեցել, հետո տեղեկացել է, թե իբր գրասենյակը լուծարվել է, եւ միայն վերջերս է իմացել, որ ԵԿՄ Վանաձորի կազմակերպությունը տեղափոխվել է Ազնավուրի անվան մշակույթի պալատ: Փաստաթղթերով ներկայացել է, նորից վերահաշվառվել, գրասենյակից էլ զարմացել են, որ տարիներ շարունակ ոչ մի կարգի օգնություն չի ստացել անգամ ՝ տոնական օրերին, եւ դա պատճառաբանել են նրա ՝չվերահաշվառվելու հանգամանքով ու խոստացել այսուհետ նկատի ունենալ: Լիաննան ցավով նկատեց, որ վերջին 20 տարվա ընթացքում ոչ միայն հարազատի ծանր կորուստ է ունեցել, այլեւ ՝չի կարողացել անգամ եղածի վրա ,,մի բան ավելացնել,, ու հազիվ հացի խնդիր է կարողացել լուծել:Ունի նաեւ ամուսնացած դուստր ՝ Ռուսաստանում, բայց ճակատագրի բերումով դստեր երիտասարդ ընտանիքն ավտովթարի է ենթարկվել, ու հիմա նրանք էլ առողջական խնդիրներ ունեն.,,Նրանք իրենք են հիմա փորձանքի մեջ, ավտովթարի հետեւանքով 3 տարեկան թոռնիկս մահացավ, այդ պայմաններում ես ինձ թույլ չեմ տա նույնիսկ աղջկաս դիմեմ, մեկը լինի ՝ նրանց օգնի,,- ասում է դառնացած կինը:Լիաննա Մագթաղյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում խոսել նաեւ տեսախցիկի առջեւ, ու, չնայած դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն ասում է, որ ,,պետք եղավ ՝ Երեւան էլ կհասնեմ, մենակ թե մի հնար լինի այս վիճակից դուրս գալու համար,,:Լիաննայի հարեւանուհին, որ մինչ նրա հետ իմ զրուցելը, խնդիրն արդեն մասնակիորեն ներկայացրել էր, ասաց, թե մտածում են նույնիսկ դիմել ,,Արմենիայի,, ,,Սուր անկյուն,, հաղորդմանը, բայց չգիտեն, թե ի՞նչ կարգով, չգիտեն զանգելու՞ են, թե՞ գրելու են:Հարց է ծագում. իսկ մի՞թե անպայման ,,Սուր անկյունը,, պետք է հիշեցնի դժվար վիճակում հայտնված մարդկանց, առավել եւս ՝ զոհված ազատամարտիկի ընտանիքի մասին, որին, փաստորեն, չեն հիշել անգամ տոնական օրերին,ինչը մեր իրականության մեջ եզակի երեւույթ չէ. դժբախտաբար: Մի՞թե անպայման մամուլը, հեռուստատեսությունը կամ համացանցը պետք է հիշեցնեն, որ կան խավեր, որոնց չի կարելի անուշադրության մատնել ու ակամա ստիպել, որ ըստ արժանվույն ուշադրության արժանանալու համար հազարումի նվաստացումներ կրեն ՝տարբեր պաշտոնյաների դռներ թակելով:...Լիաննայի միակ նվիրական երազանքն այժմ երիտասարդ որդուն ամուսնացնելն է, իսկ դրա համար համապատասխան միջոցներ չունի, որպեսզի կարողանա մնացած կարեւոր խնդիրները լուծելուց առաջնահերթ կարեւոր խնդիր լուծել. բաց պատշգամբը վերաձեւել փակի ՝ որպես սենյակ, այլապես դժվար է պատկերացնել նորաստեղծ, երիտասարդ ընտանիք ՝1 սենյականոցում, 3 անձով: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն