среда, 10 декабря 2014 г.

Նախատոնական կռիվներ՝առեւտրի կետերում

Նոյեմբերի վերջերից սկսած՝Վանաձորի առեւտրի կետերում բուռն եռուզեռ է. նպաստ-աշխատավարձ-թոշակի օրեր են, գումարած ՝,,դրսից,,առաքվող գումարները ՝հայաստանաբնակ հարազատ-բարեկամներին ՝,,դրսի,, հարազատներից:Ու մարդիկ, որոնց ձեռքին փող է հայտնվել, առաջնորդվելով այն կարգախոսով, որ ,,փողը ձեռքի կեղտ է,, ՝պարբերաբար ,,մաքրվում,, են այդ ,,կեղտից,,: Խանութներում, մեծածախ առեւտրի կետերում հերթեր են, հրոց-հրմշտոց, իրարանցում, իսկ բացօթյա առեւտրի վայր համարվող ,,Լաչինի միջանցքում,, (որտեղ փակ տաղավարներ էլ կան ) այդ ամենը երբեմն զուգակցվում է նաեւ կռիվներով, քանի որ տարածքը ոչ միայն նեղ է ՝տեղ-տեղ, այլեւ ՝անհավասար խճապատված, փոսորակներով ՝ հերթական անգամ ջրի խողովակները փոխելուց թե ,,վթարազերծելուց,, հետո:Դա չի խանգարում, սակայն, որ այս տարածքով շարունակեն միաժամանակ երթեւեկել թե գնորդները, թե բեռնասայլակ քարշ տվող բեռնակիրները, որոնք պարբերաբար հիշեցնում են իրենց գոյության անհրաժեշտության մասին ու ,,ճամփա՜...,, բղավելով՝փորձում ճանապարհ բացել իրենց համար ՝ ճեղքելով բազմությունը. ոնց որ տանկը քշեն ժողովրդի վրա: Իսկ ինչպե՞ս մի կողմ քաշվեն ու ճանապարհ բացեն գնորդները, եթե տվյալ պահին մի կողմ քաշվելու հնարավորությունները սուղ են. մանավանդ, որ ձմեռ օրով մարդիկ ավելի մեծ տարածք են զբաղեցնում ՝իրենց քաշի կեսը բռնող ձմեռային հագուստներով:Երեկ էլ ,,Լաչինում,, հերթական իրավիճակային ,,սրացումն,, էր: Միջին տարիքի մի կին  ՝գնումներ կատարող, որ իր ծանրությամբ հայտնվել էր մրգերի թե կոնֆետների վաճառասեղանի վրա ընկնելու վտանգի առաջ ՝ որպեսզի բեռնասայլակի երթեւեկի համար տեղ բացի, աղեկտուր ճչում էր, թե ,,գոնե սպասի սումկես փակեմ,,: Իսկ բեռնասայլակավորը համառում էր իր պահանջի մեջ ու արագացնելու պահանջ ներկայացնում: Ու քանի գնում ՝բղավոցներն ու փոխադարձ լուտանքներն ավելանում էին: Կռվին ականատեսներից ոմանք փորձում էին կնոջ զայրույթն ու հուզմունքը մեղմել ՝ առաջնորդվելով ,,գնորդը միշտ իրավացի է,, հին, սովետական կարգախոսով, ու բեռնակրին խրատում էին ՝  վեճը դադարեցնել. այնպես, ինչպես Բազազ Արտեմը Գիքորին էր խրատում: Սակայն հակամարտող կողմերից ոչ մեկը զիջելու մտադրություն չուներ:Վեճը թեժացավ այնքան,  որ կինը ( ում ի պաշտպանություն ՝ դուստրն էլ էր ճչում բեռնակրի վրա ), շահարկելով բեռնակրի սոցիալական օրհասական վիճակը, արհամարհանքով ասաց՝ ,,այ ոչնչությու՜ն...,,: Բեռնակիրն էլ փոխադարձեց վիրավորանքը, որին ի պատասխան ՝ կինն ավելի հրահրվեց ու արհամարհանքով բեռնասայլակը ցույց տալով՝ ասաց.,,Հլա մի հատ քեզ նայի, քո վիճակին նայի, ոչնչությունը ես ե՞մ, թե՞ դու,, (Ակամա հիշեցի ,,Մենք ենք, մեր սարերը.,,Հնձածդ խոտ չի՜...):Դե եթե մի երկրում պատգամավորը քաղաքական ցույցի մասնակցին, ի պատասխան ,, դավաճան,, տերմինի ՝ փոխադարձում է,, ,,համբալ,, արտահայտությամբ (սերիալներում էլ մշտապես որպես վիրավորանքի ,,ատրիբուտ,, են օգտագործվում ,,համբալն,, ու ,,բոմժը,,) ՝ շարքային քաղաքացու բարոյական մակարդակից ի՞նչ կարելի է ակնկալել. բեռնակիրն էլ պետք է ,,ոչնչություն,, համարվի:Իսկ այդ ամենը տեղի չէր ունենա, եթե բեռնասայլակների համար, ի վերջո, մեկ այլ հատված սահմանվեր երթեւեկելու համար կամ ՝տարածքը բարեկարգվեր, իսկ մինչ այդ ՝ նման կռիվներ դեռ էլի կլինեն:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն