Բաց նամակ
Այն մասին,թե ինչպես ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը որոշել է աղետի գոտու վթարային շենքերում մի կերպ գոյատեւող անջրաչափ բաժանորդներին ճորտացման դատապարտել
----------------------------------------------------------
Հարգելի Կարեն Կարապետյան, ,,ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունն այս տարվա հունվարից ստանձնել է ,,Լոռի,, ջրմուղի շահագործման իրավունքը՝սեփականատիրոջ իրավունքով, որի պայմաններում անջրաչափ բաժանորդներն այս տարվա հունվարից հայտնվեցին ճորտացման կարգավիճակում։Նախկին 1100 դրամ անձաքանակի հաշվարկով սակագնի փոխարեն հիշյալ ընկերությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ, կայուն սակագին է սահմանել 5400դրամը՝ ընտանիքի հաշվարկով։Ո՞ր տրամաբանությամբ, ի՞նչ հաշվարկով, ինչու՞ առանց հանրային քննարկման․․․այս հարցերը դեռեւս փետրվար ամսից ներկայացրել եմ ,,Լոռի,, ջրմուղի տարածքային գրասենյակին՝բանավոր եւ գրավոր, սակայն վերջիններս միայն բանավոր հայտնեցին, որ իրենք իրավասու չեն նման հարցերով զբաղվել, եւ պետք է դիմել հենց ,,Վեոլիա,, ընկերությանը։Փորձեցի դիմել ,,Վեոլիա,, ընկերությանը, սակայն, ով զարմանք՝Հայաստանում մի քանի տարի գործունեություն ծավալող ընկերությունը, պարզվում է, չունի կայք/ ի դեպ, այդ զարմանալի հանգամանքը, որին անդրադարձել եմ համացանցում, նախանցած շաբաթ հավաստեց նաեւ ,,Արմենիա,, հեռուստատեսությունը/։Դեռեւս փետրվարին փորձեցի դիմել ջրային ռեսուրսների պետական կոմիտե, բայց՝ի զարմանս ինձ, պարզվեց, որ վերջիններիս կայքն էլ չի գործում այն ժամանակվանից, երբ միավորվել է գյուղնախարարության հետ/այսինքն՝երեւի թե անցած տարվա վերջից/։Բաց նամակով դիմել եմ նաեւ ՀՀ օմբուդսմենին՝էլեկտրոնային փոստին հատուկ ուղարկմամբ, սակայն որեւէ արձագանք այդպես էլ չի եղել, իսկ այս տարվա ապրիլի դրությամբ՝անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին ,,Վեոլիան,, սկսել է կիրառել նոր սակագին՝այդպիսով շարքային քաղաքացիներին սոցիալական պատանդի վիճակում դնելով,որովհետեւ արդեն իսկ 1100դրամ անձաքանակի ,,տակից,, ոչ բոլորն էին կարողանում դուրս գալ, ուր մնաց՝5400դրամի տակից դուրս գան, եւ արդեն պատկառելի գումարներ են գոյացել մարդկանց հաշվեհամարներին․անգամ՝ նրանց, ովքեր մինչ այդ կանոնավոր ու պարտաճանաչ մուծողներ են եղել ավելի քան 10 տարի։Իբր շարքային քաղաքացիները շատ են կարողանում էներգիայի եւ այլ կոմունալ վարձերի տակից դուրս գալ, մնում է մի հատ էլ մտածեն, թե ինչպես բավարարեն նորօրյա գաղութատիրոջ անհագ ախորժակը, որ ՀՀ քաղաքացիներին որոշել է հարստահարել հաստատ ոչ ի շահ հայ- ֆրանսիական բարեկամության, այլ՝ի շահ ֆրանսիական ,,մեկ առանձին վերցրած ցեխավիկության,,։Խնդրում ենք հանձնարարեք հիշյալ ընկերությանը՝վերանայել իր անտրամաբանական որոշումը՝ջրի վարձը կայուն 5400դրամ սահմանելու մասին/հիշեցնելով, որ ֆրանսիական ընկերությունը հայաստանյան ջուրն է շահագործում, եւ ոչ թե՝եվրոպական, ու չի կարելի եվրոպական չափանիշներով գանձումներ կատարել ՀՀ շարքային բնակիչներից, առավել եւս՝աղետի գոտու վթարային շենքերում բնակվող, որոնց տեխնիկական հնարավորությունը թույլ չի տալիս ջրաչափ տեղադրել/։Ի՞նչ է, մարդիկ պետք է վարկ վերցնեն, բնակարան վաճառեն ու բաց երկնքի տա՞կ գիշերեն, որ ջրի վարձի ,,տակից դուրս գան,,։Մի կողմից՝,,Վեոլիան,, է թանկացնում ջուրը․ մյուս կողմից՝աղբի վարձի ,,Նոյի թվի,, պարտքերի վրա քաղաքապետարանն առանց ավագանու որոշման ՝տարեսկզբից տոկոսներ է դրել՝որպես տուգանք․․․մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի այս բարձիթողի վիճակը։
,,Ի դեպ, ,,Վեոլիա,, ընկերությունը, արհամարհած ունենալով այս առթիվ համացանցային նամակները, հեռուստատեսությամբ բաժանորդներին հրավիրում է նոր պայմանագիր կնքելու։Ի՞նչ է ստացվում, ուրեմն ամեն անգամ՝նոր սեփականատիրոջ հայտնվելու դեպքում՝քաղաքացիները պետք է նոր պայմանագի՞ր կնքեն։Հարցի մյուս կողմն էլ այն է,որ եթե առանց նոր պայմանագրի՝բաժանորդի հաշվեհամարին նոր սակագին է հրամցվում, էլ ո՞րն է պայմանագիր կնքելու հրավերի իմաստը, եւ արդյո՞ք մարդկանց այն աստիճան հիմարի տեղ են դնում, որ հրավիրում են թանկացած սակագնով պայմանագիր կնքելու։Եվ առհասարակ՝չափից դուրս շատ չե՞ն,արդյոք,այս ընկերությանն առնչվող դժգոհությունները, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան հեռուստաալիքները պարբերաբար ներկայացնում են բողոքներ՝բաժանորդների բողոքների հանդեպ ընկերության անպատասխանատու վերաբերմունքի մասին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն