ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հարգելի Կարեն Կարապետյան, վերջերս դուք հրապարակավ զարմանք էիք հայտնել, թե ,,էդ համատիրությունն էդ ի՞նչ անհասկանալի կառույց է,,։Լիովին կիսում ենք ձեր զարմանքը եւ փորձում հասկանալ, թե ո՞րն է համատիրության դերը, եթե համատիրություններն այսօր չունեն բնակարանների ներսում շինարարական-վերականգնողական աշխատանքներ կատարողներ, քանի որ չկան հաստիքներ/ ի տարբերություն դրանց իրավանախորդ ԲՇՏ-ների, որոնք մոտ 50 աշխատող ունեին ընդհանրապես եւ մի 20-30 բանվոր ու հավաքարար՝մասնավորապես, իսկ հիմա համատիրություններում մնացել են պետն ու գլխավոր ինժեները կամ հաշվապահը, մինչդեռ քաղաքապետարաններում ծաղկում ու բազմանում են աննպատակ հաստիքները։Իրենց բնակարաններում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար մարդիկ ստիպված են դեսից-դենից վարպետներ հայթայթել՝ԽԾԲ տարբերակով, ու հաճախ այդ վարպետները կարող են չունենալ համապատասխան մասնագիտական պատրաստվածության մասին հավաստաթուղթ։Համատիրությունները պարզապես վեր են ածվել բնակչությունից ամեն ամիս փող հավաքող կառույցի՝,,սպասարկման վարձ,, անվանումով վարձատեսակ կամ ,,կույր-աղիք,, ծառայություն, որի վարձի չափը որոշվում է բնակարանների սենյակների կամ պատշգամբների քանակով կամ զբաղեցրած տարածքի չափով։Եթե բնակարանների ներսում սպասարկում չի իրականացվում՝դրա անհրաժեշտության բացակայության դեպքում, իսկ սպասարկումն էլ ի պաշտոնե իրականացվում է շքամուտքերում/եթե իրականացվում է/ կամ՝տանիքներում, որի համար էլ կառավարությունը մարզերին դոտացիաներ է հատկացնում, ապա ո՞րն է ըստ սենյակների քանակի կամ տարածքի ,,սպասարկման վարձ,, սահմանելու իմաստը՝իրավաբանորեն։Երկրաշարժից 29 տարի անց՝Վանաձորի շենքերը մատնված են անտերության կամ՝դատապարտված են դանդաղ մահվան․այնպես, ինչպես այդ շենքերում բնակվող քաղաքացիները, մինչդեռ 20 տարվա ընթացքում պետական հիմնարկները փառահեղ նորոգվել են մի քանի անգամ՝պետբյուջեի միջոցներով։Գոնե տառապյալ բնակիչների ԽՍՀՄ ավանդները չեն վերադարձնում, որ անեկամուտ բնակիչները կարողանան գոնե ,,մի ցավի ոտ,, կոտրել, իսկ բարեգործներն էլ հիմնականում հիվանդանոց ու դպրոց են կառուցում կամ մարդասիրական օգնություն բաժանում՝ըստ խավերի։Վթարային շենքերն այսօր պետության կողմից ոչ բավարար հսկողության արդյունքում հեղեղվել են ապօրինի, ինքնագլուխ ձեւափոխություններով, ,,զոռբաներն,, իրենց բնակարաններում կամայական ձեւափոխություններ են կատարում՝վտանգելով երկրաշարժից հետո չամրացված շենքի սեյսմակայունությունը, իսկ երբ հերթը հասնում է նրանց կամայականություններից տուժող բնակիչների բողոքներին, այս դեպքում համատիրությունն ու քաղաքապետարանը/օրինակ՝Վանաձորի քաղաքապետարանը/բնակիչներին մատնացույց են անում դատարանի դուռն ու ասում․,,Դուք՝ձեր շենքի ներքին խնդիրները, դուք ձեր հարցերը լուծեք դատարանի օգնությամբ կամ իրար հետ լեզու գտեք,,։
Հիմա ու՞մ դիմի Վանաձորի այն բնակիչը, ում վերին հարկի բնակչի կողմից կատարած կամայական ձեւափոխությունների հետեւանքով ներքեւները տուժում են՝պարբերական կաթոցների ու ջրի հոսքի, խոնավության հետեւանքով, իսկ համատիրությունն էլ, որի արհեստականորեն ,,ընտրված,, բոլոր ղեկավարները թղթի վրա արհեստական ,,պարտքեր,, են սարքում բնակիչների գլխին, ստիպում են ապօրինությունից տուժած բնակչին՝,,ղազագիր,, ստորագրել ու ,,վիզ վերցնել,, այդ արհեստածին պարտքերը՝մաս-մաս վճարելու պատրաստակամությամբ, որից հետո նոր ՝կարող են մեծահոգաբար որոշել՝թե ինչն ինչոց է։Իսկ ապօրինության հեղինակին էլ համատիրությունն ընդամենը բանավոր զգուշացում է անում, քաղաքապետարանն էլ՝խրախուսում․,,Իրա տան տրուբեն ա՝պետք ա փոխի, բա ի՞նչ պետք ա անի, դուք պետք ա շահագրգիռ լինեք, որ ձերն էլ փոխվի,,։Այսինքն՝օրինավոր քաղաքացին պետք է ապօրինության ներգրավվի հենց միայն նրահամար, որպեսզի այն հարմարեցվի ապօրինության հեղինակի ,,ույուտին,,։
Բայց դա դեռ բոլորը չէ, քանի որ ապօրինության հեղինակը, չարաշահելով ոստիկանի իր դիրքը, անգամ ,,չորով,, սպառնում է տուժողներին՝,,տրուբեն կփոխեք, ծախսս էլ կփակվեք,,/այնպես՝ինչպես կազինոյում/։
Խնդրում ենք, որ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ՝մարզերի համատիրությունների հարցով հանձնարարականներ տաք տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի նրանց ենթակայության մարզպետարան-քաղաքապետարաններն ուսումնասիրեն բնակարանների վիճակի հետ կապված բողոքները․առավել եւս՝երբ դրանք վերաբերվում են ապօրինություններին, եւ միջհարեվանային կռիվների դեպքում, որ առաջանում են այդ հողի վրա,դատարանների դուռը ցույց չտան կամ՝հանդուժողականություն քարոզեն ապօրինության հանդեպ։
Այլապես ոչ միայն համատիրությունների դերն է անիմաստ դառնում, այլեւ՝քաղաքապետարանի կոմունալ եւ համատիրության, ճարտարապետության բաժինների՝իրենց պատկառելի աշխատակազմով՝համայնքային բյուջեի հաշվին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն