суббота, 18 января 2014 г.

,,Չմոռանաք նախագահին էլ գրեք,,

       Տեղական ու գեղական իշխանությունների կողմից իմ դեմ սկսված պայքարը  կարծես թե որակական նոր փուլ է մտել ,որում համոզվեցի ՝ հունվարի 10-ից 18-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական հետաքննություն անցկացնելով ,,Լոռի,,ջրմուղ կոյուղու  գրասենյակում: Օր առաջին. հունվարի 10, ուրբաթ, այցելեցի Հայքի հրապարակում գտնվող ջրմուղի գրասենյակ, ներկայացրի նախապես գրված գրավոր դիմում առ այն, որ ընտանիքի անդամների թվաքանակի պակասեցման պատճառով խնդրում եմ ջրի վարձի ՝ սակագնային հաշվարկը կատարել նոր ձեւաչափով ՝ըստ անձերի քանակի / :Ներկայացրի ընտանիքի մահացած անդամի մահվան վկայականի պատճեն /: Նախ ՝ հրաժարվեցին դիմումի այդօրինակ ձեւն ընդունել, ասելով, որ իրենք հատուկ բլանկ ունեն, որի վրա էլ պետք է դիմում լրացվի: Միաժամանակ պահանջեցին ընտանիքի սեփականաշնորհման որոշման պատճեն եւ իմ անձնագրի պատճեն: Պահանջվող փաստաթղթերը ներկայացրի հունվարի 11-ին: Հիմա էլ կասկած հայտնեցին, թե արդյո՞ք քաղաքապետարանի  որոշումը հիմք կարող է հանդիսանալ գործարքի համար, եվ արդյո՞ք բնակարանի սեփականաշնորհման իսկական վկայական էլ չի պետք գա, ու հաջորդ օրը, ճշտելով այդտեղ գտնվող իրենց համապատասխան աշխատակցից, բավարար համարեցին  փաստաթղթերի առկայությունը, սակայն պահանջեցին, որ նախ պետք է դեկտեմբեր ամսվա վարձն էլ մուծեմ, որ պայմանագիր կնքեն: Հունվարի 14-ին / ճակատագրի բերումով այն ծննդյանս օրն էր /, մուծեցի վարձը եւ ներկայացրի կտրոնը : Դրանից հետո միայն գործարքն ,,ընդունելի,, համարվեց, ու խնդրեցին պայմանագիրն ստանալու համար ներկայանալ հաջորդ օրը երեկոյան: Ու սկսվեց կատարյալ ,,Շունն ու կատուն,, բալլադի պատմությունը.,,Մին էլ եկավ ՝ դարձյալ չկար,,. պարզվեց, որ պայմանագիրը, որ պետք է հանձնեն ինձ, անհետացել է կենտրոնական գրասենյակից, որտեղից ասում են ուղարկել ենք, իսկ հրապարակի գրասենյակում, ինչպես պատճառաբանում են ՝ ,,աղում ենք, մաղում ենք ՝ չենք գտնում,,: Համբերությունս, ի վերջո, սկսեց ճաքեր տալ, եվ կասկած հայտնեցի, որ դա , հավանաբար, դիտավորություն է, ինչպե՞ս կարող է մի ամբողջ փաստաթուղթ կորչել : Այստեղ զարմանալին այն էր, որ , փաստորեն, մի գրասենյակից մյուս փաստաթղթերի ընդունման  առանձին գրանցում չի կատարվում / ըստ փաստաթղթերի, հատ-հատ /, այլ ՝ միանգամից , ,,դաստով,,տալիս են տանողի ձեռքը: Ինչեւէ, ասեցին, որ նորից կլրացնեն, ու տեղեկացրին ...ամենազարմանալին. պայմանագրում պետք է նշեն, որ ամսվա գումարը պայմանագրի կնքման պահից մնում է: ,,Ինչպե՞ս կարող է պարտք  մնալ, եթե ես ընդամենը 2 օր առաջ մուծեցի, ու ձեզ ներկայացրի,, ՝ իմ հարցին  պատճառաբանում են, որ գրվող ,,պարտքը,, պետք է  հետո ,,նստի,, հունվարի վրա: Անօգուտ էր նաեւ այն փաստարկս, որ ,,Ախր հունվարը դեռ չի ավարտվել, ես էլ դեկտեմբերը մուծել եմ, ի՞նչ պարտքի մասին է խոսքը,,: Ի  վերջո հաջորդ օրը  հունվարի 18-ին,,ափալ-թափալ,, վերցրի պայմանագիր կոչվածը, որի մանրատառ տեքստը  մի քանի ժամ  խոշորացույցով  տանն ուսումնասիրելուց հետո եկանք այն եզրակացության, որ դա ընդամենը  բաժանորդի անվանափոխության պայմանագիր է, որից ամենեւին չի երեվում, թե հաջորդ ամսից ջրի վարձը պակաս են հաշվարկելու. ավելին, եթե ընդունենք, որ պայմանագրում  անհարկի նշված  ,,պարտքը,, ՝  դեռ չավարտված հունվար ամսվա  համար է, ստացվում  է, որ անձերի  նույն քանակով են հաշվել ՝ առանց պակասեցնելու, եւ 2 անձն էլ է նույն գումարը  վճարելու, ինչ որ ՝ 3-ը: Հունվարի 18-ին զանգահարեցի   ,,Լոռի,,ջրմուղ կոյուղու  մարզային կենտրոնական գրասենյակ, իրավաբան Մամուլյանից ճշտեցի, թե ի՞նչ կարգով են վճարում ջրաչափ չունեցող բաժանորդները, վերջինս տեղեկացրեց, թե սակագների փոփոխություն չի եղել, եւ  հաստատեց իմ այն կարծիքը, որ ընտանիքի անդամներից մեկի պակասելու  դեպքում, բնականաբար, պետք է վարձը պակասեցվի, եւ խորհուրդ տվեց դիմել ,,Կամ  Վիրաբյանին կամ Գոգինյանին,,  ենթադրելով, որ մի քանի օր առաջ  կնքված իմ գործարքի փաստաթղթերը նրանց մոտ կլինի: Վիրաբյանը իմ գործարքից տեղեկություն չուներ, Գոգինյանն էլ, խնդիրը լսելուց հետո  պահանջեց, որ  տեղեկացնեմ, թե պայմանագրի վրա ի՞նչ տարեթիվ է նշված: Եվ մինչ ես մի քանի րոպե անց փորձեցի  կրկի զանգել  ՝ մի որոշ ժամանակ  հեռախոսն անհասանելի էր, հետո  ՝,,դուրս էր եկել,,   հետո էլ հեռախոսը վերցրեց ու խնդրեց,որ 10 րոպե հետո զանգեմ ՝մինչեւ թղթերը գտնի, ու , որքան հիշում եմ ՝ հենց ինքն էլ ,,նեղություն,, կրեց հետ զանգելու: Նախ ՝ ձայնին հանդիսավոր տեսք տալով հետաքրքրվեց, թե ինչու՞ ջրաչափ չենք տեղադրում, ,,պատճառն ի՞նչ ա,, ՝ պատասխանեցի, որ ,,հանգամանքներից ելնելով,,: Դրանից հետո խոսակցությունն անցավ այլ հարթություն, ու նա, ձայնի տոնայնությունը բարձրացնելով ՝սկսեց ինձ մեղադրել բարձր տոնով խոսելու մեջ ու հոխորտաց, թե ջրաչափի պայմանագիր չկնքելու դեպքում իրենք ջուր չեն տա: Ու, բացի այդ ՝ ես պետք է տեղեկանք ներկայացնեմ ԲՇՏ-ից ՝ անձերի քանակի մասին: Մեկը մեկին հակասող մտքեր. եթե ջրաչափ եք պարտադրում ՝ԲՇՏ-ի տեղեկանքն ինչի՞ համար է / հավանաբար տեղյակ չէր, որ տեղեկանքը անձերի քանակի վերաբերյալ արդեն անձնագրային բաժիններն են տալիս /: Իսկ եթե ջրաչափը պարտադիր է ՝ ինչու էին ինձնից սակագնային հաշվարկի հետ կապված փաստաթղթեր պահանջում: ,,Զրույցն,, ավարտվեց նրանով, որ ես ասացի, թե նման պարտադրանքի դեպքում ստիպված կլինեմ դիմել նախարարություն / բնականաբար ՝ տարածքային կառավարման /, իսկ վերջինս էլ ,,խորհուրդ,, տվեց  դիմել  թեկուզ  Նախագահին /, ու ես այստեղ անկեղծորեն ցավ զգացի նախագահի համար. մի՞թե նախագահի դիրքերն այնքան թուլացել են, որ անգամ տեղական մակարդակի չինովնիկը  նրա անունը շահարկում է ՝ հեգնանքով: Վայ մեր օրին,երկիրը հայտնվել է տեղական մասշտաբի ,,մաֆիոզիկների,, ձեռքին, ու եթե այսպես են վարվում տարիներ շարունակ պարտաճանաչ վարձ մուծող բնակչի հետ, անգամ դույզն իսկ չմտահոգվելով, որ մարդը, քաղաքացին, առավել եւս ՝ կինը,  իրենց բյուրոկրատական ճիրաններում է հայտնվել հարազատի մահվան հետեւանքով առաջացած փաստաթղթերի ձեւակերպման պատճառով, ապա ինչպե՞ս կվարվեն վարձ չմուծողների հետ. թեպետ, ով գիտե, միգուցե նրանց ձեռնտու են վարձ չմուծողնե՞րը կամ ՝ վարձը պակաս մուծողները. դե ասենք ՝ ջրի վարձի տեսուչին ամսվա մեջ մի 500-1000  դրամ են առձեռն վճարում, ու նա հարցերն այնպես է կարգավորում, որ ամեն ամիս թղթերի վրա ավելացող պարտքի  մասին չհիշատակվի, ու այդ օրվանից բնակիչը դառնում է ջրմուղի պատանդը: Ես նախընտրում եմ օրնական մուծուները ՝ բանկում. թեկուզ ՝այն ավելի թանկ է նստում, քան ՝  ստվերային գործարքները:Երբ ասացի, ,,Եւ  կգրեմ,, ՝ ու ընկալուչը ցած նետեցի, այս գռեհիկ անձնավորությունը հեռախոսով հետ զանգեց ու սկսեց ինձ ,,կուլտուրայի դասեր,, տալ ՝ ասելով ՝,,Կուլտուրա ունեցեք, որ ձեզ հետ խոսում են, ցած մեք դնի,,: Պատկերացնու՞մ եք, նա ինձ հեգնում է ՝ անգամ նախագահի անունը շահարկելով, ես պետք է նրա բարբաջանքները  շարունակեմ լսել:  Դրանից հետո  կրկին զանգահարեցի իրավաբան Մամուլյանին ՝ փորձելով պարզաբանել. արդյո՞ք   ջրաչափի  տեղադրումը  պարտադիր է, հիշեցրի, որ ընդամենը  կես ժամ առաջ ինքը ինձ սակագնային հաշվարկի էությունն էր բացատրում, այս անգամ Մամուլյանը բղավեց, թե ,,Այ տիկին, ինձնից ի՞նչ եք  ուզում,,: Հարցիս ՝ ,,Ջրաչափը պարտադի՞ր է,, ՝բղավեց ՝,,Հա պարտադիր է,, ու ցած նետեց: Ի դեպ, 1 տարի առաջ ծանոթներիցս մեկն էլ գանգատվեց, որ ջրմուղի կենտրոնական գրասենյակում, ուր  այցելել էր  ամիսներ շարունակ չլուծվող  հարցի համար,վրան սկսել էին գոռգոռալ ու մի բան էլ իրեն մեղադրել ՝ թե,,Տոնդ փոխի,, / Այդ մասին կա հոդված սույն բլոգի 21.07.2012թ.,,Մեր դեմ խաղ չկա,,-ն գործողության մեջ,, հոդվածում: Փաստորեն ՝ աշխատաոճ է, իրենք գոռգոռում են, հետո ասում ՝ ,,տոնդ փոխի,, կամ ,,ինչու՞ ես ձայնդ բարձրացնում,,: Որոշեցի երկաթը տաք-տաք ծեծել եւ կրկին ուղեվորվեցի քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակ, որտեղ  նախորդ օրն ինձ պայմանագիր էին հատկացրել, եւ հիշեցրի, որ ես սակագնի փոփոխության հայտ էի ներկայացրել, բայց իրենք միայն բաժանորդի անվանափոխություն են արել: ,,Հիմա ես ինչո՞վ համոզված լինեմ, որ հաջորդ ամսից վարձը պակասելու է, չէ՞ որ պայմանագրում դա չի երեւում,, աշխատակցուհին զանգեց կենտրոնական գրասենյակ, որտեղից էլ Վիրաբյան ազգանվամբ պաշտոնյան հավաստիացրեց, որ պետք է նաեւ ԲՇՏ-ից տեղեկանք բերվի ՝ անձերի քանակի վերաբերյալ: ,,Դե կարող է այդտեղ շատ մարդ կա գրանցված, բայց բնակարանի սեփականատեր չէ,, - պարզաբանեց գրասենյակի աշխատակցուհին ՝Վիրաբյանի հետ խոսելուց հետո: Հարցիս ՝,,Բա ինչու՞ այդ մասին ավելի շուտ չէիք ասում ՝ մինչեւ պայմանագիր կնքելը,, որոշակի պատասխան չուներ: Իսկ ի՞նչ երաշխիք, թե այդ տեղեկանքը ներկայացնելուց հետո էլ այլ պահանջ չի ներկայացվելու : Ուզում եմ հավատալ, որ սա ոչ թե իմ անձի դեմ սկսված հետապնդման արդյունք է, այլ՝ջրմուղի աշխատաոճի /որի բնութագրման հայեցողությունը թողնում եմ ըներցողներին ու համապատասխան վերադասներին . այդ թվում ՝տարածքային կառավարման նախարարությանը, որի մի ստորաբաժանումն է ջրմուղը / Այդ դեպքում շատ ավելի  վատ ՝ քաղաքացիների համար: Հետաքրքիր է,իսկ ,,Լոռի,, ջրմուղ-կոյուղու միջազգային տնօրենին ՝ ազգությամբ գերմանացի, տեղյա՞կ են պահում մամուլի հրապարակումների մասին. հազիվ թե. չնայած ՝գրասենյակը թարգմանիչ ունի:                                                                                                       ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                            Հ.Գ. Հունվարի 20-ին  այցելեցի Վանաձորի անձնագրային բաժին, եւ, ով զարմանք, պարզվում է, տեղեկանք ստանալու / այն ջրմուղին ներկայացնելու համար /, պահանջվում է 1100դրամ վճարել: Զարմացած հարցիս ՝,,Բայց ինչու՞ այդքան թանկ,, ՝ աշխատակիցները ծիծաղելով ասացին.,,Մենք ի՞նչ անենք, կառավարությունն է այդքան որոշել,,: Դե ուրեմն կեցցե մեր կառավարությունը, աշխարհի ամենամարդասեր կառավարությունը, որ տնտեսական այս ծանր պայմաններում ժողովրդին ,,գջլելու,, եւս մի աղբյուր է գտել . 1100դրամ տեղեկանք ստանալու համար / 300դրամ ՝ մահվան վկայական ստանալու /: Ի՞նչ լավ է, չէ՞:                        Հ.Գ.Հունվարի 20-ին էլեկտրոնային նամակ ուղարկեցի ՀՀ օմբուդսմենին, խնդրելով պարզաբանել, թե որքանո՞վ է տեղին կամ օրինական ՝ քաղաքացիներից 1100դրամ պետտուրք պահանջել ՝տեղեկանք տալու համար:10 օր անց, որեւէ պատասխան չստանալով, հունվարի 30-ին ուղեւորվեցի անձնագրային բաժին, ստիպված պետտուրքն ու նաեւ ՝ դիմումի 2-ական դիմումների բլանկների գումարը /1200դրամ /մուծեցի եւ հունվարի 31-ին տեղեկանքը ներկայացրի ,,Լոռի,,ջրմուղ-կոյուղու գրասենյակի ՝քաղաքի կենտրոնում գտնվող մասնաճյուղ: Սակայն տեղի ունեցավ եւս մեկ զարմանալի երեւույթ. տեղեկանքը, որի պահանջն իրենք էին ներկայացրել, հրաժարվեցին ընդունել, պատճառաբանելով, թե ես պայմանագրից դժգոհություններ եմ ներկայացրել իրենց գլխամասային գրասենյակ, ուստի հետայսու պետք է դիմեմ այնտեղ:Եվ որպեսզի ձմեռ օրով, սառցակալած մայթերով ստիպված չլինեմ հասնելու ,,Դիմաց,,թաղամասում, սարի ,,գլխին,, գտնվող գրասենյակ, որտեղ անգամ երթուղային չի հասնում, ջրմուղի տնօրենի տեղակալին նամակ ուղարկեցի էլեկտրոնային փոստով: Բարեբախտաբար, արձագանքն օպերատիվ եղավ. փետրվարի 1-ին զանգահարեց ,,Լոռի,,ջրմուղ-կոյուղու գրասենյակի տնօրենի տեղակալ Հ.Անտոնյանը եւ հայտնեց, որ կարդացել է եւ նամակը, եւ հոդվածը ՝կայքում: Նա համոզմունք հայտնեց, որ երկուստեք թյուրիմացություն է տեղի ունեցել / բաժանորդ-ջրմուղ հարաբերություններում /, այն է ՝ես /այսինքն բաժանորդը / լրացրել եմ միայն բաժանորդի անվանափոխության պահանջի դիմումի ձեւը /դե որովհետեւ ինձնից սովորական դիմում ՝ վարձի պակասեցման պահանջով ,չվերցրին /, մինչդեռ պետք էր նաեւ դիմում ներկայացնել ջրի վարձի պակասեցման պահանջով ՝ելնելով ընտանիքի անդամների կազմի փոփոխությունից / իսկ այդ մասին ինձ աշխատակիցները չէին զգուշացրել /:Նա առաջարկեց կրկին այցելել մոտակա գրասենյակ եւ երկրորդ դիմումը լրացնել ՝վարձը պակասեցնելու խնդրանքով:/Բնականաբար, կրկին այցելեցի գրասենյակ եւ  երկրորդ դիմումը գրեցի ՝ տեղեկանքի հետ միասին ներկայացնելով, սակայն մինչ այդ  տնօրենի տեղակալից հետաքրքրվեցի, թե ինչու՞ հունվարի  17-ին կնքված պայմանագրում նշվել է ,,պարտք ՝3358դրամ,, երբ որ ես հունվարի 14-ին մուծել եմ դեկտեմբերի պարտքը, անդորրագիրը ներկայացրել, որն էլ գրասենյակի աշխատակիցները պատճենահանել են եւ  կցել  մյուս փաստաթղթերին ՝մինչեւ պայմանագրի կնքելը: Այս առնչությամբ տնօրենի տեղակալը հավաստիացրեց, որ կճշտեն եւ վերահաշվարկ կկատարեն ՝անհրաժեշտության դեպքում:Ի դեպ, ի տարբերություն իր որոշ աշխատակիցների ՝գլխամասային հիմնարկության,  Հ.Անտոնյանն այնքան բարեկիրթ գտնվեց, որ ներողություն խնդրեց նրանց կողմից պատճառված տհաճությունների համար:...Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ նամակը հասցեագրել եմ տնօրենի տեղակալին, եւ ոչ թե ՝ տնօրենին. դե որովհետեւ  ,,Լոռի,,ՓԲԸ-ի տնօրենն ազգությամբ գերմանացի է, եւ  բոլոր գրագրություններն ուղղվում են տեղակալին:                                                                                                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ 6.02.2014թ.                                                           

четверг, 9 января 2014 г.

Բաց նամակ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին

Այսօր զանգահարեցի  ՀՀ սոցապ նախարարություն,փորձելով  ճշտել, թե որքանո՞վ է  օրինական կամ տեղին, երբ մահացած հարազատիս թաղման  գումարը, չգիտես ինչու, կարող են հանձնել միայն մեկ ամիս անց. այսինքն ՝ թաղումից, յոթից ու քառասունքից հետո: 56-53-83 հեռախոսահամարից, նախ տեղեկանալով, որ ես չեմ կարողանում,,բռնեցնել,, Թեժ գծի  համարը, կրկին խորհուրդ տվեցին զանգել 114: Կրկին այդ համարով անօգուտ փորձելով ՝ հայտնեցի, որ այդ համարն անհասանելի է / եւ ոչ միայն այդ համարը, այլեւ ՝ ,,Սփյուռ,, տեղեկատուի մեջ նշված 80080343 համարն է կիսատ հավաքվում ու անջատվում /: Ինչեւէ, նախարարության  աշխատակցուհին անտարբեր տոնով  նետեց, որ կարող եմ գումարն ստանալ անգամ...6ամսվա ընթացքում: Պատկերացնու՞մ եք, ես դժգոհում եմ, թե ինչու են ուշ հատկացնում, նա ինձ  ավելի  ուշի տեղն է  ցույց տալիս: Նաեւ  հայտնում եմ նրան, որ  էլ.փոստով հարցում եմ  ուղարկել հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու  Հասմիկ  Խաչատրյանին, ու հիմա  ուզում եմ ճշտել, թե նամակս տե՞ղ է հասել: ,,Զրուցակիցս,,  դժգոհում է, թե  ինչու՞  նրան չեմ զանգում, ասում եմ ՝,,Համարը տվեք ՝ զանգեմ,,: ,,Եթե կայքից հասցեն գտել եք, ուրեմն համարն էլ կարող եք իմանալ,,-հնչում է պատասխան: ,,Իսկ  դուք  չե՞ք  կարող  նրա  համարը  հայտնել,, հարցիս  ասում է, որ  այդ  պահին  ձեռքի  տակ  չունի: Ստիպված  զանգահարում  եմ  Արմենտելի 100 ծառայություն: 4 րոպե երաժշտության  հնչյունների  ներքո  ինձ  սպասեցնելուց  հետո  օպերատորն,  ի վերջո  միանում  է, ու  մի  քանի  րոպեանոց  փնտրտուքներից  հետո  հայտնում, որ  սոցապ  նախարարության  հասարակայնության  հետ  կապերի  բաժնի  հեռախոսահամարը   չկա, եւ  միայն ՝ այն  չարաբաստիկ  համարն  է  առաջարկում, որից  ինձ, մեղմ  ասած ՝ ,,պասլատ  արեցին,, ՝ առաջարկելով  հարցերս  պարզաբանել  Վանաձորի  սոցապ  բաժնում...Այ  քեզ  բա՜ն, ես  նրանց  հարցնում եմ, թե  որքանո՞վ է օրինական սոցապ բաժնի  կողմից  այն  պատասխանը, որ  թաղման  գումարը  կտրվի  միայն  մեկ  ամիս  անց, նախարարությունն ինձ  մատնացույց  է  անում  սոցապ բաժնի  դուռը: Ընդհանրապես  անհասկանալի է, թե ո՞րն է  սոցապ  նախարարությունում  նստած  աշխատակցուհու  դերը, եթե  նախարարության  հեռախոսահամարներն  անգամ  զլանում  է հայտնել, եւ  առհասարակ,  ինչի՞  համար  են  վարձատրվում, եթե  քաղաքացիներին  անգամ  նորմալ  չեն  պատասխանում: Մյուս  կողմից  ՝ինչու՞  սոցապ  նախարարության  թեժ գծի  համարն  ամիսներ  շարունակ  անհասանելի  է  քաղաքացիներին /այնպես, ինչպես օմբուդսմենի 116 համարը / : Կամ ո՞ր  տրամաբանությամբ  են  մահացած  թոշակառուի  գումարը  հատկացնում  մեկ  ամիս  անց: Կա՞  այդպիսի  օրենք: Սույն  նամակը  կարող  եք  ընկալել  ոչ  միայն որպես  ՀՀ-ում  մարդու  տարրական  իրավունքների խախտում, ոչ  միայն  տեղեկատվության  ազատության  արգելակում, նախարարության  փակ  աշխատաոճի  ակնհայտ  ապացույց,այլեւ ՝ բարոյական  նորմերի  ոչնչացում, ծաղր ՝ վշտի մեջ գտնվող  քաղաքացու  նկատմամբ: Ինչու՞ պետք  է  ես  հանգուցյալ  հորս   թաղման  գումարն  ստանալու  համար  տհաճ  իրավիճակների  մեջ  հայտնվեմ ՝ կրկնակի  վիշտ  ապրելով: Միգուցե  ես  մտադիր  եմ    որքան  հնարավոր  է ՝  շուտ  հեռանամ  այս  տարաբախտ  երկրից, առավել  եւս ՝ այս  կիսաֆեոդալական-կիսախանական  հետամնաց  քաղաքից, որտեղ  մահերն  անգամ  քաղաքականացված  են,  եւ  դրկից  հարեւանդ  անգամ  կարող  է  վախենալ  ցավակցել  քեզ, եթե  դու  տեղական  իշխանությունների  ,,թիմից,, չես, որտեղ  բոլոր  ժամանակների  սրիկաները  վերջին  25  տարում փոխնիփոխ  հալածել  են  մեկ  հորս, մեկ ՝ ինձ, եւ, թերեւս   թաղման  գումարն  ուշ  հատկացնելու  բուն  պատճառն  այդ  ,,լուռ,, պայքարի  ծրագրի  շրջանակներում  է:  Առաջիկայում  նման  բյուրոկրատական  քաշքշուկների  դեպքում, որ  ինձ  համար  առավել  քան  վիրավորական  է,  ստիպված  կլինեմ  դիմել  որեւէ  դեսպանատուն ՝ քաղաքական  ապաստան  խնդրելու  պահանջով:                  ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ, կոչումով  պարտադրված  լրագրող, բլոգեր, AZAT ANKAKH  եւ  ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ  ՆՈԹԵՐ  բլոգների  հիմնադիր, 9.01.2014թ.հեռ.0322,4-61-17

среда, 8 января 2014 г.

Մեր կյանքի դաժան ու տխուր կողմերը

Նախատոնական  օրերին, որ  համընկավ  հորս  կյանքի  վերջին  օրերի  հետ, ստիպված  էի  շփվել  մերօրյա  իրականության  մի  շարք  դաժան  դրսեւորումների  հետ:Ինձ  համար  անհասկանալի  էր,  թե  ինչի՞  համար  է  շտապօգնությունը, եթե  հիվանդին  հիվանդանոց  տեղափոխելու  պատգարակ  չունի  կամ ՝ տեղափոխող    սանիտարներ:Կամ  ինչու՞ կանչի  ժամանակ  բժիշկ  չի  այցելում,  այլ  միայն ՝ բուժքույր, որին  բացատրում  եմ, որ  տարածքային  թերապեւտը  երեկոյան  դեղեր  է  նշանակել, սակայն  պետք  է  առավոտյան  գնեինք  դրանք, որպեսզի  բուժում  կազմակերպենք, եւ, բացի  այդ,  պետք  է  նաեւ  նյարդաբան  այցելեր ՝ թերապեւտի  խորհրդով,  ու  առաջարկում  եմ  հիվանդի  վիճակը  փոքր-ինչ  թեթեւացնող  դեղ  սրսկել, ու  մատնացույց  եմ  անում  թերապեւտի  նշանակած  դեղը: ,,Մենք  էս  դեղից  նախ  չունենք,  եւ  հետո, եթե  ինսուլտ  է  կասկածել  թերապեւտը, պետք  է  երկարատեւ  բուժում  ընդունի, շտապօգնությունն ստեղ  անելիք  չունի, ավելի  լավ  է  տեղափոխվի  հիվանդանոց,,- նկատում  է  բուժքույրը ՝ ընդհանուր  զննումից  հետո:  ,,Համաձայն  եմ,  բերեք  տեղափոխենք,,-ստիպված  համաձայնում  եմ ՝ թեպետ  չվստահելով  հիվանդանոցային  բուժման  արդյունավետությանը, եւ  այն  բանին, որ  հիվանդանոցային  պայմաններն  ավելի  հուսալի  են, քան ՝ տնային  պայմաններում  բժշկի  հսկողությամբ  բուժումը:Բայց  բուժքույրը, որ, թերեւս  զարմացավ, որ  հիվանդանոց  տեղափոխելուն  կհամաձայնեմ, նկատում  է,  որ  ծանր  հիվանդի  տեղափոխումը  կարող  է  վտանգավոր  լինել  կյանքի  համար, առավել  եւս, որ  պատգարակ  չունեն  ու  տեղափոխողներ, եւ  ավելի  ճիշտ  կլինի  շտապ կերպով  բժիշկ-նյարդաբան  հրավիրենք, որ  տնային  պայմաններում  բուժում  կազմակերպի: Կրկին  ստիպված  համաձայնում  եմ,  ու  նա,  ի  վերջո,  մի  թուղթ  է  հրամցնում, որպեսզի  գրեմ, որ  ,,հրաժարվում  եմ  հիվանդանոց  տեղափոխելուց,,:  Երբ  զարմացած  նկատում եմ ՝ ,,Բայց  ես  ինչու՞  եմ  հրաժարվում,  չէ՞  որ  դուք  եք  նկատում, որ  տեղափոխությունը  խնդիրների  հետ  է  կապված, անհնար  է, դրա  համար  էլ  ստիպված  հրաժարվում  եմ,դե  ուրեմն  գրեք ՝ ելնելով  իրավիճակից,,: Նրա  հրահանգը  կատարում  եմ  ու  մեկ  ժամից  շտապում  նախ ՝ դեղատուն, որպեսզի  գնեմ  թերապեւտի  գրած  դեղը:  Պարզվում է,  նախ  պետք  է  ,,ռեցեպտ,, բերվի, ուստի  շտապում  եմ  ,,Գուգարք,, համաբուժարան, նախ ՝ նյարդաբանի մոտ, քանի որ  դեկտեմբերի 25-ի   երեկոյան  թերապեւտը  այցելելով  եւ  զննելով  հիվանդի  սիրտը, զարկերակը, արյան  ճնշումը,  ու  նշելով, որ  հիվանդի  վիճակը  ծայրահեղ  ծանր  է , խորհուրդ  տվեց  մասնավոր  կարգով  նյարդաբան  հրավիրել, որի կարծիքը  լսելուց  հետո  միայն   տեղին  կլինի  դեղորայք  նշանակել: Ժամը 10-ի դրությամբ  դեռ  նյարդաբանը  աշխատավայրում  չէր, եւ  ժամանեց  միայն  10-ից  հետո, ու  վրդովվեց, թե  ինչու  թերապեւտը  իր  մոտ  է  ուղարկել  ծանր  վիճակում  գտնվող  հիվանդի  հարազատին, եւ  ոչ  թե ՝ հիվանդանոց  ուղարկել:,,Բայց  չէ՞  որ  դուք  նյարդաբան  եք, իսկ  թերապեւտի  ենթադրությամբ, հիվանդը  ինսուլտ  է  ստացել,,-նկատում եմ: ,,Էնա հենց  ես  եկա  դեղ  նշանակեցի ՝ էդ  ինսուլտով  հիվանդը  պետք  ա  վերկենա  ու  սկսի  ման  գալը,,- հեգնում  է  նյարդաբանն ու  հրահանգում ՝  թերապեւտին  իր  մոտ  ,,բերեմ,, ՝ հիվանդի  անկետայի  հետ: Թերապեւտի  ու  նրա  համատեղ  զրույցին  այլեւս  չցանկանալով  ներկա  գտնվել ՝ ընդունեցի  թերապեւտի  վերջնական  խորհուրդը ՝ հիվանդանոցից  նյարդաբան  հրավիրել: Զանգահարեցի  հիվանդանոց, ճշտեցի, որ  ինսուլտով  հիվանդների  բուժումն  անվճար  է,  բայց  ինչ-որ  ,,նախավճարային,, հարցեր  կան, ու  շտապեցի  հիվանդանոց: Հայտնի  նյարդաբանը  մասնավոր  կարգով  այցելեց, զննեց  հիվանդի  վիճակը, եւ  հայտնեց  այն  նույն  նկատառումը, ինչ-որ ՝նախօրեին  այցելած  բժիշկն  ու  շտապօգնության  բուժքույրը. այն, որ  տնային  պայմաններում  կարելի  է  բուժում  կազմակերպել : Նշանակեց  դեղեր ՝միջմկանային  ու  ներերեկային  սրսկման  ձեւով, կաթիլային  ներարկում, որպես  հիվանդի  կյանքը  փրկելու  մի  հուսահատ  ելք, որի  արդյունավետությունն  իրենք  էլ  չեն  երաշխավորում: Ցավոք,  այդ  ծանր  կանխատեսումներն  իրականացան, եւ,  նույն  հիվանդանոցի  բուժքույրի / մասնավոր  այցով / սրսկումից  ժամեր     անց,  հիվանդը, գիտակցության  այդպես  էլ  չգալով,   կոմային -հոգեվարքային  վիճակից  այդպես  էլ  դուրս  չեկավ,  ու  ավարտեց  իր  օրհասական  կռիվը  կենաց-մահու  պայքարում ՝հօգուտ  մահվան: Դժվար  է  ասել, եթե  չլինեին  բյուրոկրատական  մի  շարք  քաշքշուքներ / որոնց  թվում  ամենազավեշտականն  այն  էր, որ  հիվանդի  անձնագրի  ժամկետը  լրացել  էր  2  ամիս  առաջ, ինչը  ,,հայտնաբերեցին,, համաբուժարանում /կերկարացվե՞ր  արդյոք  80-ամյա  հիվանդի  կյանքը /: Ամերիկայում  93 տարեկան  բժիշկը  մարդկանց  կյանք  է  փրկում, իսկ  Հայաստանում  երբ  80 տարեկանն է  մահանում,  ասում  են ՝,,Հա  դե  մեծ  մարդ  էր,  հլա  տես  ինչքան  ջահելներ  են  գնու՜մ...,,։Ավելի  ուշ, դատաբժշկական  եզրակացությամբ /երիկամային  սուր անբավարարությանը երիկամային  գումարվել  էր  նաեւ  ընդհանուր  աթերոսկլերոզը , թեպետ  բոլոր  նշանները  կային  եզրակացնելու, որ  ինսուլտի  առկայություն  նույնպես  կար, ելնելով  ոտքերի  թուլության  ու  ձեռքի  դողի  հանգամանքից /, միայն  Աստծուն  է  հայտնի: Այս  ժամանակաշրջանում  ինձ  մոտ  մի  շարք  հարցեր  առաջացան. ինչպե՞ս  է, որ  բժիշկն  ընտրովի  է,  բայց  թերապեւտներն ՝ ըստ  տարածքի. թեպետ, մեր  թաղամասային  թերապեւտը, ի  տարբերություն  համաբուժարանի  նյարդաբանի, մի  շատ  հոգատար  ու  բարեհամբույր  երիտասարդ  կին  էր:Եվ  զարմանալի  է,  որ  նրա  լուսանկարը  չէր  փակցված  համաբուժարանի  ստենդի  վրա ՝,,Ընտրեք  ձեր  բժշկին,, խորագրի  ներքո: Բայց, որքան  էլ  տարօրինակ  է,  այդ  նույն  ստենդին  փակցված  էին  վաղուց  աշխատանքից  ազատված  այլ  բժիշկների  / օրինակ ՝ սրտաբան  Եղիազարյանի / լուսանկարներ:  Կաբինետների  վրա  բժիշկների  անուն-ազգանունները  չկային /դեկտեմբերի 25-26-ի դրությամբ /, այլ  միայն ՝ մասնագիտությունները: ,,Դե  որովհետեւ  շուտ-շուտ  են  բժիշկները  փոխվում, չեն  հասցնի  անունները  փոխել,,-ասում  է  այս  ոլորտին  քաջատեղյակ  մեկը:Ի  դեպ,  մի  քանի  տարի  առաջ  այստեղ  էնդոկրեն  էլ  չկար, բայց ՝ հիմա  կար / թերեւս, տարիներ  առաջ  այդ  առթիվ  գրված  քննադատական  հոդվածի  արդյունքում/: Ինձ  համար  անհասկանալի  է,  թե  ինչո՞ւ  տնային  կանչի  ժամանակ  բժիշկ  է  այցելում,  բուժքույր  չի  այցելում, եւ  ո՞րն  է  այդ  դեպքում  թաղամասային  թերապեւտներին  կցված  բուժքույրերի  դերը: Փաստորեն, այս  անհասկանալի  տրամաբանությամբ  էլ  շտապօգնության  կանչի  ժամանակ  բուժքույր  է  այցելում ՝ առանց  բժշկի: Չենք  կարծում, թե  սրանք  այն  դեպքերից  են, երբ  կարելի  է  առաջնորդվել  ,,Երկու  երնեկը  մի  տեղ  չի  լինում,, սկզբունքով: Գոնե  մի  ստենդ  էլ  բուժքույրերի  համար  տեղադրեն  համաբուժարանների  պատին ՝  ,,Ընտրեք  ձեր  բուժքույրին,, որպեսզի  մարդիկ  ստիպված  չլինեն  քաղաքով  մեկ  բուժքույրի  փնտրտուք  կատարել: Ինչպես  ընտրություններն  են,  այնպես  էլ ՝ բժշկությունը. համաբուժարանի  հիվանդների  գրանցամատյսնում  զարմանքով  հայտնաբերեցի, որ  մեր  հասցեի  վրա  նշված  են  հարեւան  շքամուտքի  ՝ տարիներ  առաջ  այլ  հասցե  տեղափոխված  մարդիկ, որոնց  անունները  մատենավարը  պատրաստվեց  ջնջել ՝ իմ  դիտարկումից  հետո, թեպետ  խոստովանեց, որ  ինքն  էլ  է  տեղյակ, որ  նրանք   առհասարակ  տեղափոխվել  են  շենքից:   Ասում  են  ՝,,Տերովին  տերն  է  տարել, անտերին ՝ գելը,,  սակայն  հայաստանյան  իրավիճակում  տերավոր  հիվանդներն  անգամ  երաշխիք  չունեն, թե  լիարժեք  բուժում  կստանան ՝ ելնելով  այս  ոլորտի  անմխիթար  իրավիճակից: Դրանից  մեկն  էլ  Վանաձորում  այն  է,  որ  թիվ 2 հիվանդանոցը  գտնվում  է  սարի  գլխին, որտեղ  ոչ  ավտոբուս  է  հասնում, ոչ  երթուղային, եւ  հիվանդի  տերերն  ստիպված  կլինեն  կամ  հիվանդի  խնամքը  թողնել  բուժանձնակազմի  բարեհաճության  հանգամանքին, կամ ՝ օրական  մի  քանի  անգամ  օգտվել  տաքսու  ծառայությունից, եթե  չեն  ցանկանում  իրենք  էլ  հիվանդի  վիճակում  հայտնվել ՝ մի քանի  հարյուր  մետր  զառիթափը  հաղթահարելով: Ահա  եւ  հիվանդանոցային  բուժումից  խուսափելու  մեկ  պատճառ: Ասում են, հաճախ  էլ  զառիթափի  մի  հատվածը  պատգարակով  հաղթահարելու, թափութափի  արդյունքում  է  հիվանդը  ճանապարհին  մահանում: Իսկ  ինչպե՞ս  է  աշխատանքի  հասնում  բուժանձնակազմը. հեռու  բնակվողները, եթե  միմյանց  մոտ  են  ապրում ՝ տաքսի  են  վարձել, որ  ամեն  առավոտ  նրանց  հասցնում  է  հիվանդանոց / ծախսերը, թերեւս, չեն  հատուցվում /: Մոտիկ  ապրողներն  էլ,  բնականաբար, զառիթափը  ոտքով  հաղթահարելու  ամենօրյա  խնդիր  ունեն:  Իսկ  ամենատխուր  իրողությունը / մերձավորի  կորստից  հետո / այն  էր,որ  դիահերձարանի  վարորդը  չէր  հասցնում  դիակներ  տեղափոխել. ,,Մահերն  էնքան  շատ  են, որ  մինչեւ  առավոտ  չենք  կարողանա  գանք, էս մի  ավտոն  ա  սաղ  քաղաքի  համար, դուք  մինչեւ  առավոտվա  8-ը մարդ  կանչեք, որ  ձեր  հանգուցյալին  տեղափոխենք,,-հեռախոսազրույցի  ժամանակ  հայտնեց  ,,սեւ  մեքենայի,, վարորդը: Հարցիս ՝,,մի՞թե  սգո  ծառայություն  չկա  հատուկ այս  դեպքերի  համար. բնականաբար ՝ վճարովի  հիմունքներով, մի՞թե  սանիտարներ  ու  տեղափոխողներ  չկան ՝նման  դեպքերի  համար  նախատեսված, եւ  որքանո՞վ  է  պատշաճ  կամ  հարմար ՝  կեսգիշերին  թեկուզ  ծանոթ-հարազատ  կանչել ՝ նման  ոչ  հաճելի  արարողության  համար, երբ  որ  մերձավորներս  գտնվում  են  մայրաքաղաքում  եւ  միայն  կեսօրին  կարող  են  ժամանել, վարորդը  պարզաբանեց.,,Մի  ժամանակ  փորձ  արվեց  նման  ծառայություն  ստեղծել. բայց  Վանաձորում  էդ  փորձն  իրեն  չարդարացրեց, մենակ  մայրաքաղաքում  է  էդ  ծառայությունը  նորմալ: Մեր  ժողովուրդը  փող  չուներ, ստեղ  չստացվեց  էդ  ծառայության  ստեղծումը, մորգի  մոտ  մենակ  սգո  խանութ  կա,,:Իսկ  ամենատգեղն  ու  անմարդկայինն  այն  է, որ  Վանաձորի  ծննդատունն  ու  ,,մորգը,, գտնվում  են  հարեւանությամբ: Որքան  հիշում  եմ, տարիներ  առաջ  անգամ  հոդված  է  գրվել  այդ  մասին: Որքանով  է  ստույգ ՝ չգիտեմ, բայց  ասում  են,  այդ  հողի  վրա  անգամ  մեծ  բախումներ  են  եղել  վերջերս, քանի  որ  մահացածի  հարազատների  նյարդերը  չեն  դիմացել  ծննդատան  այցելուների  ուրախության  առթիվ  կազմակերպված  ,,խրախճանքին,, թե  հրավառություններին, ասում  են ՝ անգամ  կրակոցներ  են  հնչել...:,,Քույրիկ  ջան, չեիք  ասի ՞՝  ծննդատուն  ոնց  են  գնում,,- դիահերձարան  տանող  ճանապարհին  մի  երիտասարդ  օրիորդից  հետաքրքրվում  է  բարեկամս  ու  զարմացած  հարցիս ՝իրավացիորեն նկատում. ,,Դե  ջահել  աղջիկ  էր, ո՞նց  կլինի  հարցնեմ ՝ մորգը  ո՞րտեղ  ա,,: Մայրաքաղաքից  ժամանած  բարեկամիս  զարմացրել  էր  ոչ  միայն  ծննդատան  ու  ,,մորգի,, հարեւանությունը, այլեւ՝ որ  այդ  տխուր  հաստատության  հաշվապահության  աշխատակցուհին  երիտասարդ,  ժամանակակից  ու  գեղեցիկ  օրիորդ  էր. միակ  լուսավոր  կետն ՝ այդ  սեւ  հաստատությունում: Ոչ  միայն  ինձ, այլեւ  շատերին  է  անհասկանալի  թվում  այն, որ  Հայաստանում  հիվանդի  հարազատը  նրա  խնամակալության  համար  նպաստ  չի  ստանում, բայց  թոշակառուներին  խնամող  սոցիալական  աշխատողները  բարձր  վարձատրություն  են  ստանում: ,,Էդ  մարդասիրական  օրենքը  մենակ 

Ամերիկայում  է, մենակ  էնտեղ  են  խնամողներն  իրենց  հարազատի  համար  փող  ստանում,,: Վերոնշյալ  բազմաթիվ  զարմանքներիս  թիվն  ավելացավ  եւս  մեկով, երբ  հունվարի  9-ին  Վանաձորի  սոցապ  ծառայությունում  տեղեկացա, որ  հարազատիս  թաղման  նպաստը  կարող  եմ  ստանալ  միայն...մեկ  ամիս  անց, փետրվար  ամսվա  թոշակների  բաշխման  ժամանակ ՝ Կենտրոնական  փոստից: Ուղեւորվում  եմ  Կենտրոնական  փոստ, հետաքրքրվում, թե  իրո՞ք  թաղման  գումարները  տրվում  են  մեկ ամիս  եւ  ավելի  անց / փաստորեն ՝ հանգուցյալի  քառասունքն  անգամ  լրանալուց  հետո /, պարզաբանում  են, թե  հունվարի  ցուցակի  մեջ  չեն  հասցրել  նշել: ,,Իսկ  հունվարի  թոշակի  ցուցակում  լինելու՞  է  մահացածի  անունը,, հարցիս  պատասխանում  են, որ  անունը  կլինի, բայց  չի  վճարվի:  Այ  քեզ  բա՜ն, մարդը  ողջերի  ցուցակում է ՝ բայց  փող  չի  դուրս  գրվում, մահվան վկայականն էլ  կա ՝ բայց  թաղման  նպաստ  չի  ստանում: Փաստորեն, եթե  մահացողը  թոշակառու  է ՝ կրկնակի  է  տուժում, քանի  որ  նրան  հետմահու  պարտադիր  վճարելու  են  թոշակառուներ  ցուցակով ՝ մեկուկես  ամիս  անց: Իսկ  եթե  հարազատները  քաղաքում  չեն  բնակվում, արտերկրից  են  եկել  ու  շուտ  գնալու  ե՞ն: Իսկ  ի՞նչ  երաշխիք, թե  հունվար  ամսին  նրա  անվամբ  թոշակ  չի  դուրս  գրվելու ՝ եթե  ցուցակներից  ,,չեն  հասցրել  հանել,,:Մի  խոսքով,եթե  Խաչիկյանի  օրոք  մահացածների  գումարները  ,,կերել,, են, ապա, փաստորեն, հիմա  էլ  լավագույնս  պտտեցնում  են; Առայժմ  մեզ  չհաջողվեց  կապվել  նպաստների  ու  կենսաթոշակների  հարցերով  զբաղվող  Թեժ  գծին, այդ  համարը ՝ ,,Սփյուռ,, տեղեկատուի  մեջ  նշված,համառորեն  անհասանելի  է:                                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գլուխները շատ խառն էր

Հունվարի 7-ին Վանաձորի միջքաղաքային ավտոկայանում  կատարյալ  խառնաշփոթ իրավիճակ է եղել.ժամը 12-ի  Վանաձոր-Ալավերդի երթուղու միկրոավտոբուսի  համար  տոմս են վաճառել ՝  վրան գրելով  ժամը 13, եւ բանավոր էլ զգուշացրել, որ  ժամը12-ի մեքենան է, բայց 13-ին է շարժվելու: Սակայն երբ ուղեւորը  12անց  կես  եկել է /փաստորեն ՝  կես ժամ շուտ /, տոմսավաճառը ,,մուննաթ,, է  եկել, թե ,,բա գիտե՞ս, քո ավտոբուսն անց 15 շարժվեց ,,: Զայրացած ուղեւորը, մատնացույց անելով ձեռքի տոմսը, հիշեցրել է, որ գրված է ժամը 13: Ի վերջո, փոխհամաձայնության են  եկել  ժամը 13անց կեսի երթուղայինի տոմսով: ,,Փաստորեն, Երեւանի միկրոավտոբուսի օրինակով են առաջնորդվել. մինչեւ ուղեվոր չի հավաքվում ՝  չեն գնում ,,- նկատում է իմ զրուցակիցը: Փաստորեն, ,,թարսի պես,, ուղեւոր  շուտ  է հավաքվել, որի պատճառը, թերեւս, Մեռելոցի  օր լինելու հանգամանքն է եղել, քանի որ  սովորաբար  Ալավերդի մեկնող ավտոբուսները, հատկապես ՝ աշխատանքային օրերին, կիսադատարկ են լինում: Զարմանալի է, թե այդ պայմաններում ինչպես են ,,պլան  կատարում,,:                                                        ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 10 декабря 2013 г.

Ժողովրդին չուկչիի տեղ են դրել. տարածական իմաստով

Օրերս  ռուսաստանյան  հեռուստաալիքները  հայտնեցին, որ  Ռուսաստանում  ձվի  շուկայում  չարաշահումներ  են  հայտնաբերվել / ականջը  կանչի  մեր  ՏՄՊՊՀ-ի /:Պարզվում  է, Ռուսաստանում  ձվի  թանկացումն  սկսվելուց  հետո  նվազագույն  գինը  դարձել  է  10հատը  38 ռուբլի / ինչը  համարժեք  է  ՀՀդրամով  1 հատը  47-50 դրամի /, առավելագույնը ՝10 հատը ՝ 66ռուբլի / ՀՀ դրամով ՝ 1 հատը 80 դրամ /, եւ  առավելագույն  գինը  հեռավոր  Չուկոտիայում  է  արձանագրվել: Հիշեցնենք, որ  դեռ  մինչեւ  թանկացումը Ռուսաստան  հասնելը ՝ աշնան  սկզբից   Հայաստանում  արդեն  իսկ  ձվի  գինը  հասավ 70դրամի, ու  հիմա, Նոր  տարվա  նախաշեմին  արդեն  80դրամն  էլ  է  սկսում  հատել, ինչը  օրերս  հավաստեց  անգամ  պետական  Հ1 ալիքի  ,,Ինդեքս,, տնտեսական  հավելվածը, ու  մեղքը  գցեց  ձու  արտադրողների  վրա, որոնք  ,,խաբեցին,, տնային  տնտեսուհիներին,  ու  ձվի  գինը  Ամանորի  շեմին  բարձրացրին: Բայց, որպես  մխիթարանք,  նշվեց, որ  դրանից  ավել  չի  բարձրանա: Ստացվում  է,  որ  ձվի  գնով  անգամ  Ռուսաստանին  ենք  սկսում  անցնել, ու  հասնում  ենք  Չուկչստանի  մակարդակին: Դե  սա  պարզապես  նշանակում  է  ժողովրդին  չուկչիի  տեղ  դնել ՝ ձվի  գնի  բարձրացումը  կապելով  ինչ-որ  կերի, տուփի  ու  գազի  գնի  բարձրացման  հետ / ինչպես  վերջերս  հեռուստատեսությամբ  հավաստիացնում  էին  ձու  արտադրողները /: Ամենեւին  չենք  կասկածում, որ  մինչեւ  Ամանոր  ժողովրդին  մի  լաաա՜վ  ,,կկթեն-կմզեն,, հետո  նոր ՝ ՏՄՊՊՀ-ն  կսկսի  ծանրումեծ  ուսումնասիրությունն  ավարտել / դե  ասում  են  սեպտեմբերից  ,,ուսումնասիրում,,  են  ձվի  շուկան /, որից  հետո  մի  գուցե  մի  քանի  տնտեսվարողներ  կտուգանվեն / եթե  իհարկե ՝ տուգանքը  թղթի  վրա  չմնա/:  Իսկ  եթե  անգամ  կիրառվի  տուգանքը, միեւնույն  է, ժողովրդի  կորցրածը  հետ  չի  գալու /, իսկ  տուգանքն  էլ  այս  ոլորտի  օլիգարխների  ստացած  գերշահույթի  չնչին  մասն  է  կազմելու :  Բագրատյանին  էին  օրերս  հիշեցրել, որ  իր  վարչապետության  օրոք  խորհուրդ  է  տվել  ձու  չուտել, ի՞նչ  տարբերություն, հիմա  էլ  այնքան  են  թանկացնում, որ  շատերն  ի  վիճակի  չեն  լինի  ձու  ուտել:                                                  

                         ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 6 декабря 2013 г.

Որքա՞ն կարելի է խաբել թոշակառուներին

Վերջին 1տարում  կառավարությունն  անընդհատ  խառնում  է  թոշակների  բաշխման  ժամկետները: 2008թվի  նախագահական  ընտրությունների  նախօրյակին  որպես  բաշխման  սկիզբ  էր  նշանակված  յուրաքանչյուր  ամսվա  1-ը ՝ մայրաքաղաքի  համար, 2-ը ՝մարզերի: Եւ այդ  կարգը  հստակ  պահպանվում  էր: Այս  տարվա  նախագահական  ընտրությունները  ,,հորով-մորով,, անելուց  հետո  արդեն  սկսեցին  ժամկետները  խախտել ՝ տարբեր  անհամոզիչ  պատճառաբանություններով. մեկ ՝ ցուցակներում  անճշտություններ  կան, մեկ ՝ տոնական  կամ  կիրակի  օրերն  են  կառավարության  ,,ջաղացին  ջուր  լցրել,,: Հետո  էլ  բաշխման  սկիզբ  սահմանեցին  յուրաքանչյուր  ամսվա 3-ը, մինչ  այդ  էլ  վարչապետը  ներողություն  խնդրեց  թոշակառուներից ՝  թոշակների  ուշացման  համար, ու  հավաստիացրեց, թե  այլեւս  ուշացումներ  չեն  լինի,  մինչդեռ  նոյեմբեր  ամսին  նույն  Հանրայինով  ցույց  տվեցին, որ  մայրաքաղաքի  թոշակառուները  կրկին  բողոքում  են  ուշացումներից:  Դա  էլ   ,,Հանրայինով,,պատճառաբանեցին, թե  ուշացումներ  չկան,  պարզապես  մարդիկ  ,,անհամբեր,, են,  ուզում  են  օր  առաջ  ստանալ  թոշակները: Թվում  էր, թե  առնվազն  դեկտեմբերից  ուշացումներ  չեն  լինի, բայց   Հանրային 1-ի  ,,Ինդեքս,,-ը  հերթական  անգամ  թոշակների  ուշացման  մեղքը  գցեց  ցուցակային  անճշտությունների  վրա, հայտնելով, թե  բաշխումը  կսկսվի  4-ից: Դեկտեմբերի 6-ի  դրությամբ, Սպիտակի  երկրաշարժի  25-ամյակի  նախօրյակին,  Վանաձորի  թոշակառուների  մի  մասը  ՝ չջեռուցվող  բնակարաններում  սառած-,,սքթած,, իրենց  մաշկի  վրա  հերթական  արհավիրքն  զգալով ՝ դեռ  մնացել  էին  փոստատարների  ,,նամակին  սպասող,, քանի  որ  մեր  ,,խելոք,,  կառավարողները  գտել  են, որ  տներում  թաշակ  ստացողները / որոնց  թվում, բնականաբար, հիվանդ, անկողնուն  գամված  ծերեր /  ,,կարիքավոր,, չեն, ու  նրանց  ,,կարելի,, է  թոշակ  հատկացնել  միայն  բաշխման  3-րդ  օրվանից  սկսած / Այստեղ  են  ասել ՝,,կեցցե  մեր  կառավարությունը, աշխարհի  ամենամարդասեր  կառավարությունը,, /. եւ  սա ՝ այն  դեպքում  երբ  այդ  թոշակառուները, ինչպես  նաեւ ՝ նպաստառուները  վերջին  երկու  ամիսներին  իրենց  աղքատիկ  թոշակ-նպաստներից  մուծումներ  էին  կատարել  ,,Հայաստան,, հիմնադրամի  ֆոնդին ՝ 100-200դրամի  չափով: Դե  սովորաբար  այդչափ  մուծումներ /ավելի  ճիշտ ՝ գանձումներ / ,, միշտ  են  արվում, պարզապես  այս  անգամ  անունը  դրել  էին  ,,Հայաստան,, հիմնադրամ:  Հետաքրքիր  է, այդքան  որ  հավաքում  են  ամեն  տարի ՝ ,,Արցախի,, բարօրության  համար, ինչու՞  մինչ  օրս  Քաշաթաղում  հոսանք  չկա.  համենայն  դեպս ՝ ամիսներ  առաջ  ,,Ազատություն,, ռադիոկայանով  այդ  առթիվ  ռեպորտաժ  կար:                                      ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 29 ноября 2013 г.

Կապիտալիստական Ռուսաստանին ՝ դեմ, մաքսային միությանը ՝ կողմ

,,Մաքսային  միության  մեջ  մտնելը Հայաստանին  կոնկրետ  ի՞նչ  է  տալու,,-Հայկոմկուսի  Վանաձորի  քաղկոմում  նոյեմբերի  29-ին, Հայաստանում  խորհրդային  կարգերի  հաստատման  տարեդարձին  նվիրված  ասուլիսի  ժամանակ  լրագրողներից  մեկի հարցին  ի  պատասխան ՝ քաղկոմի  առաջին  քարտուղար  Անդրանիկ  Ղուկասյանը  համոզմունք  հայտնեց, որ  կմտնենք  ռուբլու  գոտի, թոշակներն  էլ  կավելանան, կհասնեն  ՌԴ քաղաքացիների  թոշակներին, իսկ  հայաստանցիներից  շատերը  մեկնում  են  Ռուսաստան, որպեսզի  այնտեղ  գոնե  մի  քանի  տարի  ապրեն  ու  բարձր  թոշակ  ստանան.  համարժեք առնվազն ՀՀ 100հազար  դրամի : Ա.Ղուկասյանը  պախարակեց  ԱԻՄ առաջնորդ, ,,կայսերապետության,, թշնամի Պարույր  Հայրիկյանին ՝ հակառուսական  քարոզչության  համար, անվանելով  ,,քայլող  վիրուս,,: Նա  մեղադրեց, որ  Հայրիկյանը  հարցումներ  է  կատարել  ու  պարզել, որ, իբր,  մաքսային  միությանը  Հայաստանի  2տոկոսն  է  կողմ:  Երբ  նշեցի, որ  ոչ  թե ՝  2, այլ ՝ 20 տոկոսը / Ըստ  Հայրիկյանի /, նա  հնարավոր  համարեց  թվային  այդ  վրիպակը: Քննադատեց  նաեւ  այն  ուժերին, ովքեր  ծրագրել  են  ,,քարկոծել,, կամ  ,,ձվակոծել,,  ՌԴ նախագահ  Պուտինի  հանդիպումը  Գյումրիում:  ,,Իսկ  դուք  մասնակցելու՞  եք  այդ  հանդիպմանը,,- հարցիս  պատասխանեց, որ ՝ ոչ : Սակայն  այդտեղ  գտնվող  կոմունիստներից  մեկը  կարծիք  հայտնեց, որ  կարելի  է  մասնակցել: Ա.  Ղուկասյանին  հարցրի. ,,Մասնակցելու  դեպքում  կարո՞ղ  եք  Պուտինին  հարցնել, թե  ինչու՞  են  Մոսկվայում  ուժեղանում  հակակովկասյան  շարժումները,, եւ  վկայակոչեցի  վերջերս  Մոսկվայի  մետրոյի  կայարաններում  հերթական  ահաբեկչություններն  ու  սպանությունները ՝  կովկասցիների  նկատմամբ : Բանախոսը  համաձայնեց, որ  հարցն  իսկապես  մտահոգիչ  է, եւ  պետք  է  դրա  դեմ  միջոցներ  ձեռնարկվեն:  Ամեն  դեպքում, կոմունիստներն  այսօր  Ռուսաստանի  մաքսային  միությանը  Հայաստանի  անդամագրվելը  համարում  են  որպես  հայ  ազգի  անվտանգության գլխավոր   երաշխավոր: ,,Հիմա  որ  Թուրքերը  հարձակվեն, ո՞վ  է  մեզ  պաշտպանելու, Եվրոպա՞ն, թե՞ ՝ Ամերիկան,,-հռետորական  հարցադրում  արեց  բանախոսը:  Կոմկուսի  քարտուղարը  մեղադրեց  նաեւ  այն  հայերին, ովքեր  այսօր  Ռուսաստանում  աշխատում  են,  բայց  գալիս  են  Հայաստան  ու  հակառուսական  քարոզչությամբ  են  զբաղվում, մաքսային  միությանն  անդամակցելը  համարում  են  ,,բռնապետություն,,: Հայատանի  տնտեսական  խնդիրներից  խոսելիս  քննադատաբար  մատնանշեց, որ  օրեցօր  պակասող  ազգաբնակչության  պայմաններում  այսօր  Հայաստանում  5միլիարդատեր  կա,  300միլիոնատեր : ,,Դոլարով, ոչ  թե ՝ դրամով,,-հարուստների  մասին  տվյալների  բազան  ամբողջացրեց  կոմունիստներից  մեկը, ով  նաեւ  ասուլիսի  վերջում  ասաց .,,Թող  հանկարծ  տպավորություն  չստեղծվի, թե  մենք  մաքսային  միությանը  պաշտպանելով ՝ Սերժին  ենք  պաշտպանում,,. թեպետ  մինչ  այդ  Ա. Ղուկասյանն  ընդգծել  էր, որ  չնայած  իրենք  ողջունում  են  մաքսային  միությանն  անդամագրվելու  իշխանության  նախաձեռնությունը, սակայն  այլ  հարցերում /ներքաղաքական, սոցիալ-տնտեսական / շարունակում  են  մնալ  իշխանության  քննադատի  դերում: Զուգահեռներ  անցկացնելով  ներկա  եւ  նախորդ / 90-ականների / իշխանությունների  միջեւ, նա  նշեց, որ  իշխանությունները  հարկ  եղած  դեպքում  պառակտում  են  կուսակցություններին, կամ ՝ արհեստական  կուսակցություններ  ստեղծում: Վկայակոչեց  սոցիալ-դեմոկրատ  հնչակյան  կուսակցության  պառակտումը  երկու  թեւերի  ու  հիշատակեց, որ  ,,Լեվոնի  թվերին,,  էլ  դաշնակցական  երկու  կուսակցություն  կար, որոնցից  մեկը ՝,,կոպերատիվ,,:          

                            ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ