пятница, 30 августа 2013 г.

Կին պատգամավորն ՝ ի պաշտպանություն սեռական բռնությա՞ն

Ահա  թե  ինչու  էր   երգչուհի  Շուշան  Պետրոսյանն  ուզում  պատգամավոր  դառնալ. որպեսզի  հենց  որ  հասարակության  քաղաքացիական  հատվածի  կողմից  բողոքի  ակցիաներ,  ընդվզումներ  լինեն ՝ հասարակական  կարգի  ապօրինությունների  նկատմամբ,  ,,թեւերը  քշտած,,  առաջ  նետվի, թերեւս, չմտածելով, որ  այդ  կերպ  ավելի  է  սրում  իրավիճակը: Այդ  իմաստով  նա  յուրօրինակ  Գալուստ  Սահակյան  է,  ով  վերջերս  ,,օրինաչափ,,  էր  համարում  ոստիկանության   բիրտ  գործողությունները ՝ իրենց  իրավունքները  պաշտպանել  ցանկացող  քաղաքացիների  նկատմամբ, եւ  արդարացնում, թե  ,,ոստիկանությունը  շոյելու  համար  չէ,,: Դե  Շուշանն  էլ  օրինաչափ  է  համարում, որ  ոստիկանը  հասարակական  կարգ  պաշտպանելու  փոխարեն  բարոյական  կոդեքս  է  խախտում  ու  միտինգին  մասնակցող  երիտասարդ, անծանոթ  կնոջը  փարվում  ու  համբուրում ,,վզից,, / թերեւս ՝ ,,Հայ  եմ  ես,  հայ  ես  դու,,  սկզբունքով /:  ,,Նման  դեպքերում  արտասահմանում  մի 10  տարի  նստացնում  են,, - նկատում  է  վանաձորցիներից  մեկը: Իսկ  Հայաստանում  կին  պատգամավորը ՝ իշխող  կուսակցության  թեւից, փոխանակ  իր  բողոքի  ձայնը  բարձրացնի ՝ ի  պաշտպանության  կնոջ  նկատմամբ  իրականացվող  բռնության  կամ  գռեհիկ , ստորացուցիչ արարքի,  արդարացնում  է, ասելով,  թե  ,,Համբույրի  մեջ  վատ  բան  չկա,,: Եթե  փողոցում  է  ոստիկանը  նման  արարք  կատարում ՝ օգտվելով  արեւի  տակ  երկար  մնալուց  հոգնած  կնոջ  վիճակից ,  ապա  ի՞նչ  կլիներ  այդ  կնոջ  վիճակը ՝ոստիկանությունում / վկայություններ  կարելի  է  գտնել  2003թ. նախագահական  ընտրություններից  հետո  ոստիկանությունում  հայտնված  ընդդիմադիր  ակտիվիստների  պատմածներով  մամուլի  էջերում /:  Միգուցե, այդ  դեպքում  էլ  այդ  կնոջ  նկատմամբ  ,,գործ  սարքեին ,, ՝ ,,ոստիկանին  դիմադրություն  ցույց  տալու,, եւ  նրա   ,,պաչիկներից,, հրաժարվելու  համար: Փաստորեն,  եթե  ցույցի  մասնակիցը  70 տարեկան  կին  է ՝ քացու  տակ  են  քաշում,  եթե  երիտասարդ  կին  է ՝  սեռական  բռնության  էլ  են  ենթարկում ՝ ֆիզիկականից  բացի: Բա ի՞նչ  եք  ուզում ՝,,բիլակները  տեղը,, ով  ասես ՝ ոստիկան  է  դարձել  վերջին  տարիներին,  ու  նրանց  մի  մասը  զազրախոսող,  փողոցում  արեւածաղիկ  չրթող-թքող  խավից  են,  որոնց  պահվածքի  մասին, բարեբախտաբար, ՀՀ ոստիկանապետն  էլ  է  խոսել  խորհրդակցություններում, մինչդեռ  ոստիկանը  պետք  է  բարոյական  մաքուր  կերպար  լինի, օգնող, հարեհաս, պաշտպանող, ոչ թե  մի  բաժակ  ջուր  տա  մի  հոգնած  կնոջ, հետո  ,,քթից  բերի,, ՝ թփերի  տակ  քարշ  տալով: Ակամա  հիշում  եմ  սովետական  տարիներին  հանված  ,,Նվագախմբի  տղաները,,  հայկական  ֆիլմը, ՝1918-20 թվականների  Հայաստանի  ներքաղաքական  վիճակի  մասին, երբ  հարբած  մաուզերիստները  ռեստորանում  ատրճանակի  ուժով  ,,տրնգի,, էին  պատվիրում, իսկ  մի  հարբած  մաուզերիստ  էլ  գիշերը  փողոցում  հարձակվել  էր  մի  կնոջ  վրա  եւ  ցանկանում  էր  ուժով  ,,պաչել,, , սակայն  ընդհատակյա  բոլշեւիկ  Ցոլակ  Դարբինյանի  միջամտությունից  ու  հուժկու  հարվածից  հետո  կանխվել  էին  մաուզերիստի  հետագա  գործողությունները:                                                                                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 22 августа 2013 г.

,,Ծաղկող քաղաքում,, աղբահենությունն է ծաղկում

    Քնաթաթախ  ու  հոգնած  ձայնով  մեկը  երեկ  հեռուստաէկրանից  փորձում  էր  համոզել,  թե    ,,Վանաձորն  այսօր  ծաղկում  է  ապրում,,: Մինչդեռ  տեղին  կլիներ,  եթե  ասեր ՝ Վանաձորում  այսօր  ծաղկում  է  ապրում. աղբահենությունը,  ապօրինությունը, ապօրինաշինությունն  ու  ,,ապօրինաշնությունը,, բազմաչարչար  կոռուպցիան  ու  կուսակցական կամ,,ախպերվարական,, հովանավորչությունը, անտերությունը, անհուսությունը...,,: Հետաքրքիր  է,  ,,ծաղկող,,  քաղաքում  փողոցներում  թափված  բոմժեր  ե՞ն  լինում, կամ  աղբ  քրքրողներ...Քաղաքում  գնալով  ավելանում  է  աղբարկղերի  ,,շահառուների,,  թիվը, մարդիկ  ու  շները  հավասար  հարթության  վրա  են  գտնվում  իրենց  կարգավիճակով,  իսկ  հեռուստաէկրանից, որ  պետք  է  ճշմարտախոսության  եզակի  ամբիոն  լինի,  հաղորդավարը  թե  ռեպորտաժի  հեղինակն  առանց  խղճի  խայթի  ասում  է  ,,Վանաձորն  այսօր  ծաղկում  է  ապրում,,:  Հենց  դրանից  էլ  սկսվում  է  մարդկանց  արհամարհանքը  հեռուստատեսության  կամ  մամուլի  հանդեպ,  քանի  որ  մարդիկ  իրենց  շուրջն  այլ  բան  են  տեսնում, իսկ  հեռուստատեսությամբ  հաճախ  այլ  բան  է  հնչում:  Որպես  այլընտրանք, այդ  պահին  հեռուստաալիքը  փոխեցի  ,,Շանթի,,  վրա,  որտեղ  ,,Վիտամին,, երգիծական  ակումբի  տղաներն  էին,  ու  մտածեցի, որ  այդ  միտքը  լավագույն  դեպքում  ,,Վիտամինով,,  եթե  հնչեր,  մի  լավ  կծիծաղեինք,  ոչ  թե ՝  կզայրանայինք  այնպես,  ինչպես  դրա  նախորդ  օրը  զայրացանք  ու  մեծ  ցավ  ապրեցինք,  հերթական  անգամ  ականատես  լինելով  հոգեկան  հիվանդ  մուրացիկի  հերթական  բացօթյա  տվայտանքներին: Ամիսներ առաջ  համացանցում  ինչ-որ  մեկը  մանրամասն  նկարագրել  ու  լուսանկարել  էր  վանաձորյան  այդ  թափառաշրջիկի  առօրյայից  մի  հատված,  թե  ինչպես  է  մազ-մորուքի  մեջ  կորած, ցնցոտիավոր  երիտասարդը  շրջում  ուսից  կախ  աղբի  մնացորդների  բազմաթիվ  տոպրակներով, դրանցով  հանգրվանում  այս  ու  այն  շենքի  լուսամուտների  տակ, այնտեղ  քնում ՝ անգամ  ձմռանը, պետքերը  հոգում  հենց  այդտեղ,  կանանց  ու  աղջիկների  ետեւից  էլ  անպարկեշտ  ռեպլիկներ  նետում,  բարձրաձայն  հայհոյում... Օգոստոսի 20-ին  էլ  վերջինս    ,,հյուրընկալվել,,  էր  ,,ծաղկող,,  քաղաքի  Կ.Դեմիրճյան  28  շենքի  լուսամուտների  տակ  եւ  ,,Բինգո-Բոնգոյի,, կարգավիճակում  էր. դիմացի  աղբարկղից  հավաքած  բազմաթիվ   տոպրակները  հավաքել  էր  շուրջը,  ցաքուցրիվ  տվել,  ու  դրանց  պարունակությամբ  ,,մանրից,,  սնվում  էր,  ,,ձեռի  հետ,,  էլ  ռեպլիկներ  նետում,  անկապ  ծիծաղում,  ձեռքերը  թափահարում,  եւ  մատ  թափ  տալիս...այդտեղ  կայանած  ասֆալտապատման  մեքենայի  ուղղությամբ,  որի  վարորդն  ուղեւորվել  էր  ընդմիջման :  Սա ՝ սովորական  դարձած  մի  տեսարան  էր ՝ ,,ծաղկող  քաղաքի,, առօրյայից,  որի  բնակչությունը  վերջին  10  տարիներին  կիսով  չափ  կրճատվել  է,  հոգեկան  հիվանդների  թիվն  ավելացել,  մահացությունները  ,,երիտասարդացել,,  իսկ  երիտասարդները  բուհն  ավարտելու  պայմաններում  անգամ  նախընտրում  են  ,,փախչել,, կամ Ռուսաստան, Ամերիկա  ՝քեռիների  ու  ,,հոպարների,,  մոտ  ,,փող  աշխատելու, կամ ՝ մայրաքաղաք  են  ուղեւորվում, քանի  որ  այնտեղ  սոցիալական վիճակը  շատ  ավելի  մեղմ  է,  քան ՝ մարզերում,  որոնք,  ինչպես  մի  առիթով  ,,ԱԼՄ,, եթերից  հնչեցրեց  մի  նախկին  ՀԺԿ-ական ՝վերածվել  են  ,,բդեշխության,,: Եթե  մի  10-15  տարի  առաջ, երբ  քաղաքն  ի  վերջո  սկսեց  թոթափվել  բազում  տնակներից,  ու  փողոցներում  լուսավորություն  հայտնվեց ՝ մարկանց  մեջ  հույս  արթնացնելով, եւ  ամառային  երեկոներին  փողոցներում  զբոսնողների  թիվը  մեծ  էր ,  ապա  հիմա  նրանց  թիվն  էլ  է պակասել,  եւ  երեկոյան  ժամերին  փողոցներում  ավելի  շատ  հարբած  զազրախոսների  կարելի  է  տեսնել,  որոնց  կեցվածքը  որեէ  պատկան  մարմնի  ամենեւին  չի  հուզում...Իսկ  ցերեկային  ժամերի  աշխուժությունը  միայն  շուկայամերձ  տարածքներում  է  ՝հարակից  համայքներից  առեւտրի  եկածների  ,,հաշվին,, եւս: Ենթադրվում  է,  թե  ,,ծաղկող  քաղաքի,, մասին  ,,առասպելը,,  որոշել  էին  հորինել  այն  բանից  հետո, երբ  համացանցում  հոդված  հայտնվեց, թե  ԱԺ նախագահ  Հովիկ  Աբրահամյանը  Վանաձորի  քաղաքապետի   աթոռի  համար  նոր  թեկնածու  է փնտրում:                                                                                              ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 13 августа 2013 г.

,,Սովետից,,մնացած եզրաքարերի հույսին ենք. վայ մեր օրին

Հանրապետության  ավտոճանապարհներին  պարբերաբար  տեղի  ունեցող  վթարների  մի  պատճառ  էլ  ճանապարհային  եզրաքարերի  բացակայությունն է: Օր  չկա, որ  չլսենք  ,,մեքենան  գլորվել-ընկել  է  ձորը,,: Ու  հերթականը  օգոստոսի  11-ին  էր ՝ Փամբակ  գյուղի  մոտ.  կան  վիրավորներ  եւ մեկ  զոհ: Որքա՞ն  կարելի  է  ժողովրդի  ,,գլուխն  ուտել,,: Հանրապետության  ավտոճանապարհներին  հիմնականում  ,,սովետից,, մնացած  ,,գաճաճ,, եզրաքարեր  են, որոնց  դերը, որպես  արգելապատնեշ, լրիվ  սիմվոլիկ է: Ախր   դրանք  հոգնած  նարդու  համար  նստատեղ էլ  չեն  կարող   հանդիսանալ, ուր  մնաց  թե ՝ կանխեն  մեքենաների  գահավիժումը :  Բա  այդպիսի  ավտոճանապարհ  կլինի՞, որոնցով  մշտապես  հսկայական  ,,Ֆուռեր,, էլ են երթեւեկում : Հեռուստատեսությամբ  նայում  ենք  Իտալիայի, Ֆրանսիայի  հեծանվավազքը  ու  հիանում  նրանց  ավտոճանապարհների  հարթությամբ, բետոնե  հսկայական  պատնեշներով: Միլիոնավոր  դոլարներ  են  մտնում  Հայաստան ՝ ճանապարհների  նորոգման  նպատակով. նույն  ասֆալտը  մի  հազար  անգամ  կարկատում  են, բայց  բետոնապատումների  մասին  մտածող  չկա, վթարային  կամուրջների  նորոգման  մասին  մտածող  չկա ՝,,վերեւներում,,:  Ահավասիկ. մի  վտանգավոր  կամուրջ  էլ  Լոռու  մարզի  Ձորագես  համայնքում  է ՝մայրուղու  վրա, ու  ճաղերն  ամբողջությամբ  թափվել  են, մի  քանի  անգամ  էլ  մեքենաներ  են  գլորվել  գետը / Տես ՝ ,,Վթարային  կամուրջ Վանաձոր-Բագրատաշեն  մայրուղու  վրա,,  www.azatankakh.blogspot.com, 30oգոստոսի ,2012թ. /: Այդ  կամրջի  վիճակի  մասին  պատմող  նյութը ՝կից  լուսանկարներով  պարբերաբար  տարածել  ենք  Ֆեյսբուք, Թուիթեր  ցանցերով, այնուհետ ՝news.shanttv.com կայքում, մինչ  այդ  էլ ՝, Diplomat.am, Ankakh.com կայքերում,   ,,Իրատես  Ֆակտո,,  թերթում...:Ֆեյսբուքով  էլ  անձամբ  տեղեկացրել  եմ  ,,Հայլուրի,, թղթակից  Պապինյանին...Հետաքրքիր  է,  երբ  հարցը  վերաբերվում  է  կենցաղային  կամ  ուսանողական  վարձերին, սկսում  են  համեմատվել  ու  նույնիսկ  անցնել  եվրոպական  երկրներին  ու  վարձերը  բարձրացնել, բայց  կենցաղային  այնպիսի  կարեւոր  հարցի, որ  վերաբերվում  է  մարդկանց  կյանքին  ու   անվտանգ  երթեւեկությանը ՝ մատների  արանքով  են  նայում  ու  ամենեւին  չեն  մտածում  եվրոպական  երկրների  հետ  համեմատվելու  մասին:                                 ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 12 августа 2013 г.

,,Совсем обнаглели, совсем...,,.

Հեյ  գիտի  ՏՄՊՊՀ  նախկին  նախագահ  Շահնազարյա՜ն... որ  4-5 տարի առաջ,  Նոր  Տարվա  նախօրեին  ձվի  շուկայում  մոնիտորինգ  կատարելուց  ու  թանկ  գնով  վաճառքի  հանող  տնտեսվարողներին  տուգանելուց  հետո   զայրացած  ասում  էր . ,,Ի՞նչ  է,  հայ  ժողովուրդը  դատապարտվա՞ծ  է  60  դրամով  ձու  ուտել,,: Այն  ժամանակ  ամենաթանկ  շեմը, այն  էլ ՝ Նոր  տարվա  նախօրեին ՝ 60 դրամն  էր: Հիմա, հերթական  նախագահական  ընտրություններից  ամիսներ  անց  ձվի  գնի  ամենացածր  շեմն  է  60դրամը,  ու  ամառ  օրով, կիզիչ  կամ ՝ լոռեցիների  ասած ՝ ,,տիժիկ,, արեւի  տակ  դրած, վանաձորյան  առեւտրի  կետերում  60-75 դրամանոց  ձվեր  են  վաճառում. հավանաբար, նկատի  ունենալով  այն, որ  ամառային  շոգի  պայմաններում  ձուն  տեղնուտեղը  ,,եփում,,  է  կամ  ձվածեղ  դառնում, ուստի   արեւային  էներգիայի    արժեքն  էլ  հետն  են  հաշվում / :Չենք  կասկածում, որ  նույնն  էլ  մայրաքաղաքում  է /: Իսկ  ՏՄՊՊՀ-ն  բացարձակ  անտերության  է  մատնել  այս  ոլորտը,  ու  եթե  տուգանում  է,  ապա  միայն...էժան  ձու  վաճառողներին, ինչին  ականատես  եղանք  տարիներ  առաջ :Դե  հավանաբար  մտածում  են, որ  գները  դարձել  են  ,,աչքին  սովոր  մակարդակի ,,: Հիշեցնենք,  որ  մի  քանի  տարի  առաջ, գների  հերթական  բարձրացումը  խիստ  դատապարտելով,  ՀՀ նախագահը  հավաստիացրեց, որ  դրանք  առաջիկայում  կիջնեն     նախկին ՝,,աչքին  սովոր  մակարդակի ,,: Դրանից  հետո  գներն  իջան  միայն  բանջարեղենի  ոլորտում / հատկապես, երբ  փոխվեց  գյուղնախարարը /,  իսկ  մնացած  բնագավառներում  արդեն  մշտական  թանկացումները  կայունանալով ՝ դարձան  ,,աչքին  սովոր  մակարդակի ,,:  Հիմա  ,,աչքին  սովոր  մակարդակը,,  370  դրամանոց  շաքարավազն է,  ու  մարդիկ, հատկապես ՝ պահածոյացման  շրջանում,  ուրախանում են, որ  այն ...10դրամով  իջել  է  կիլոգրամի  մեջ: Աչքին  սովոր  մակարդակի  է  նաեւ  60-70դրամանոց  ձուն, 400-600դրամանոց  բրինձը, 800դրամանոց  ձեթը  եւ  այլն:  Ամենից  խղճովը,  թերեւս, բառացիորեն  չարքաշ  կյանք  վարող  գյուղացիներն  են, որ  կարկուտի  հետեւանքների  փոխհատուցումը  չստանալու  պայմաններում  անգամ  ստիպված  են  գները  պահել  աչքին  սովոր  էժան  մակարդակի  վրա. կարտոֆիլը ՝50-130, լոլիկը ՝100-150, սմբուկը ՝ 50-100դրամ:    Փառք  ու  պատիվ  հայ  գյուղացուն:                                                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                           

среда, 31 июля 2013 г.

Մեռան ավանդներին սպասելով, մեռա՜ն

Հուլիսի  26-ին  Վանաձորի  ,,Լոռի,,  հեռուստատեսության  ,,Մունետիկ,, ծրագրով  ներկայացվեց  Աժ պատգամավոր  Էդմոն  Մարուքյանի  հանդիպումը  մի  խումբ  տարեց  բնակիչների  հետ, որոնց, բացի  այն, որ  զայրացրել  էր  իշխող  վարչախմբի  կողմից  անուղղակի  հայաթափման, երկիրը  դատարկելու  ծրագիրը, այլեւ  վերջիններս  մտահոգ  էին   ԽՍՀՄ  խնայբանկի  ավանդների  վերադարձման  չարչրկված  ու  10տարուց  ավելի  շրջանառվող,  բայց  չլուծվող  հարցի  կապակցությամբ:  Ի  վերջո  անհարմար  է,  խայտառակություն  է. բիոզուգարանների  կառուցման  համար  մի  քանի  հազար  դոլար  են  ծախսում  պետբյուջեից  ու  պարզում, որ  դրանք  չեն  աշխատում,   Երեվանի  պետական  կրկեսի  շենքի  ամրացման  համար  ահռելի  գումարներ  են  ծախսվում, բայց  հետո  պարզում  են, որ  ճիշտը  շենքը  քանդելն  է, նույն  ասֆալտը  մի  հազար  անգամ  անորակ  կարկատում-քանդում  են,  բյուջեի  հաշվին  բարձրաստիճան  պաշտոնյաների  ահռելի  բանակի  ամեն  մի  անդամը  5-10  օգնական, խորհրդական,  տեղակալ  ու  տեղակալի  օգնական  ունի, եւ  առհասարակ  օրեցօր  դատարկվող  երկրի  ժողովրդի  վզին  մի  ահռելի  ուռճացված  ապարատ  է  ,,բազմած,, ՝ բայց ՝ ավանդների  վերադարձի  ,,փող  չկա,,:  Իսկ  ի՞նչ  է  այդ  առթիվ  առաջարկում  վանաձորցի  պատգամավորը: Ըստ  Է.Մարուքյանի, ով այդ  առթիվ հարցով  դիմել  էր  արդարադատության  նախարարին / եւ  ժողովրդին  ոչինչ  չտվող  պատասխան  ստացել Աժ ամբիոնից  -Գ.Հ. / ,2014թ.  անհրաժեշտ է  նոր  նախագիծ  ներկայացնել  ԱԺ,: քանի  որ  ավանդների  վերադարձի  հին  ,,մեխանիզմը,, / կառավարության  կողմից  հաստատված /, ոչ  թե  ավանդների  վերադարձի  է  եղել, այլ ՝ սոցիալապես  անապահով  խավերի  փոխհատուցման  ծրագիր / ինչը  ԱԺ ամբիոնից  խոստովանել  էր  արդարադատության  նախարարը /: Եւ  ուրեմն, ըստ  նոր, 2014թվին  նախատեսվող  նախագծի, նախ ՝ անհրաժեշտ  է  վերադարձնել  տարեց  մարդկանց  ավանդները, այնուհետ ՝ սոցիալապես  անապահովներինը:  Դե  մինչ  օրենքի  նախագծի  ներկայացնելն  ու  ընդունելը, կարծում  ենք, էլի  մի  քանի  հարյուր  կամ  հազարը  չեն  դիմանա  սոցիալական  ծանր  պայմաններին, օրեցօր  թանկացող  կյանքին, իսկ  ,,սոցիալապես  անապահով,, կոչումը  ,,մրցութային,,պայմաններով  ձեռք  բերածներից  միգուցե  հրաշքով  ողջ  մնացած  տարեցները, որոնք  մի  անգամ  արդեն  ավանդի  վերադարձի  անվան  տակ  փոխհատուցում  են  ստացել,  մի  հատ  էլ  կստանան  որպես  ավանդ:  Բա  նախկին  երիտասարդնե՞րը, որոնք  խորհրդային  տարիներին  երիտասարդ  են  եղել, իսկ  հիմա  միջինի  ու  ավագի  ,,արանքում,, ,,տարուբերվում,, են, բա  ներկա  երիտասարդները ՝ նրանց  ավանդների  վերադարձի  հա՞րցը  երբ  է  լուծվելու: Թե՞  ավանդների  վերադարձը  ձգձգում  են, որ  մարդկանց  չարտագաղթած  հատվածին  պատանդի  կարգավիճակում  պահեն  ու  կանխեն  հնարավոր  ,,փախուստը,,  գաղջ  մթնոլորտից.../ Ի  վերջո  բյուջեն  լցնող  միավոր  են /: Եթե  այսօրվա  պետությունը  իր  նախորդի  ավանդը  չի  վերադարձնում, ի՞նչ  երաշխիքով  են  այսօր  զանազան  բանկեր  ,,էստի  համեցեք,, անում  ու  հորդորում,որ  մարդիկ  նոր  ավանդ  ներդնեն: Ի՞նչ  երաշխիք, թե  մի  օր  էլ  այս  իշխանությունը  չի  փոխարինվելու  նորով, ու  այդ  նորը  չի  ասելու, թե  մենք  հին  ավանդի  տերը  չենք,  ում  պահ  եք  տվել, գնացեք  նրանից  էլ  պահանջեք...Եթե  խորհրդարանը  շուրջ  10 տարի է, չի  կարողանում  ավանդի  հարց  լուծել / թեպետ  ՕԵԿ խորհրդարանական  կուսակցությունը  շարունակ  պնդում է, թե  իրենք  ,,հարցը  լուծել  են,,  մասնակիորեն, այն  ,,ընթացքի,, մեջ  է,  ու  ,,հետեւողական,, են  լինելու  հարցի  լիարժեք  լուծմանը / , ու՞մ  է  պետք  այդ  խորհրդարանը ՝իր 131  պատգամավորներով, որոնց  աշխատավարձերը  250-300հազար  դրամ  են,  երբ  մեր  երկրից  մի  քանի  անգամ  ավելի  բնակչություն  ունեցող  Իսրայելում  պատգամավորների  թիվը  120 է:                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 25 июля 2013 г.

Վերեւները չե՞ն կարողանում կառավարել

 Զարմանում  եմ,  որ  մայրաքաղաքում  տրանսպորտի  թանկացման  դեմ  սկսված  շարժումը  չի  վերածվում  համաժողովրդական  շարժման ՝ ընդդեմ  իշխող  վարչախմբի: Լավ, ասենք  թե  մի  քանի  օր  Նիկոլն  անվճար  ուղեւորափոխադրում  կատարեց  ընկերականով  կամ ՝ մարդկայինով, մի  քանի  օր  էլ ՝ դերասաններ  Հայկոն  ու  Լալան  կամ  էլի  մի  200հոգի  800մարդու  անվճար  տեղափոխեցին: Լավագույն  դեպքում, ինչպես  հուլիսի 24-ի  ասուլիսում  կարծիք  հայտնեց  Հայրիկյանը ՝փոխադրավարձը  150-ից  կդառնա  120դրամ: Իսկ  եթե  անգամ  կրկին 100դառնա / ինչը  քիչ  է  հավանական ՝ դատելով  Երեանի  քաղաքապետի  ելույթից /, ստացվում է, որ մարդիկ  պայքարում  են  միայն  նրա  համար, որ  ավելի  վատ  չապրեն, փոխանակ՝  լավ  ապրելու  համար  պայքարեն: Դե  իշխանության  ուզածն  էլ  դա  է. ժողովուրդ, գոհ  եղեք, որ  ավելի  վատ  չեք  ապրում, եղածով  յոլա  գնացեք: Ես  հիշում  եմ, որ  մի 4-5 տարի  առաջ  Երեւանում  անգամ  50դրամանոց  երթուղայիններ  կային ՝ 70-100դրամանոցներին  զուգահեռ, ու  մի  որոշ  ժամանակ  անց  մարդիկ  սկսեցին  բողոքել ՝սկզբում  100- ի դեմ, հիմա ՝ 150-ի: Որքան  հիշում  եմ,  մետրոն  էլ  սկզբում  40դրամ  էր, հետո  դարձավ 50, հետո  մարդկանց  ,,վարժեցրին,, 100դրամին: Ի՞նչ  է  պետք  համոզվելու  համար, որ  այս  վարչախմբից  ոչ  մի  լավ  բան  սպասել  չի  կարելի, որ  սրանց  միակ  զբաղմունքը  բյուջետային  գումարներն  աննպատակ  ծախսելն  է  / վկա ՝ բիոզուգարանների  վրա  ծախսած  հազարավոր  դոլարները, վկա ՝ ասֆալտապատման  ու  ճանապարհների  նորոգման  նպատակով  յուրացվող  գումարները, ինչին  ,,Արմենիան,, անդրադարձավ  հերթական  ,,Սուր  անկյան,,  ժամանակ: 15 տարի  է ՝ սեփականաշնորհված  ,,Նաիրիտի,,  ու  Վանաձորի  քիմգործարանի  աշխատողներն  աշխատավարձը  ոչ  թե  ստանում  են, այլ ՝,,պոկում,, սեփականատերերի  ,,մսից,, ՝այն  էլ ՝  բողոքի  ցույցերի  արդյունքում: Հիմա  էլ  դրան  ավելացել  են  սնանկացած  ,,Արմավիայի,, աշխատողների  բողոքներն ՝ իրենց  տարիների  կուտակված  աշխատավարձերի  պահանջով: Օր  չկա, որ  կառավարության  շենքի  դիմաց  ցույց  չլինի. խաղաղ  պայմաններում  զոհված  զինծառայողների  ծնողներ, բնակարանները  կապալառուների  մեղքով  կորցրածներ, ըստ  արժանվույն  չգնահատվող, առողջությունը  կորցրած  ազատամարտիկներ  եւ,  պարզապես ՝ անհատ  քաղաքացիներ ՝ տարիներ  շարունակ  չլուծվող  իրենց  խնդիրներով: Երբեմն  էլ  ,,կոկորդներին  հասած,, համբերության  բաժակը  լցված  գյուղացիներն  են  իրենց  սոցիալական  բողոքն  արտահայտում ՝ ճանապարհ  փակելով... Իշխող  կուսակցության  անդամ մարզային  ,,իշխաններն,,  ու  ,,բդեշխներն,,  էլ պարբերաբար  աչքի  են ընկնում  իրենց  ,,զոռբայության,,  դրսեւորումներով...Մի  օր  Սյունիքի  մարզպետն   է  այդ  ,,սեւ  ցուցակում,,  մի  օր ՝ Գյումրու  նախկին  քաղաքապետը, մի  քանի  օր  առաջ  էլ  Սպիտակի  քաղաքապետն  էր  71 տարեկան   մեկին  ծեծել  ՝ըստ  ««Արմենիայի,, եւ  ըստ  ոստիկանական  հաղորդագրություններին  հղում  կատարած  մամուլի: : Օրումեջ  էլ  իշխող  կուսակցության  ներկայացուցիչների  կողմից  լրագրողներն  են  բռի  վերաբերմունքի  արժանանում, երբ  վերջիններս  ,,խենթություն,, են  ունենում  նրանց  որեւէ  հարցով  դիմել...Այս  ամենը  դեռ  բավական  չէ ՝մարդկանց  նորմալ  տեղաշարժի  իրավունքն  էլ  է  խախտվում  թե  մայրաքաղաքում, թե ՝ մարզում. մի քանի  փողոց  միաժամանակ  քանդուքարափ  են  անում, թումբուփոսեր  առաջացնում / իբր  եղածները  քիչ  են / ու  ամիսներով  այդպես  թողնում: Վերջին 5 տարիների  միակ  դրական  ձեռքբերումը թոշակների  ժամանակին  վճարումն  էր, բայց ՝ այս  տարվա  մայիսից  սկսած  ոչ  միայն  սկսվեցին  գրաֆիկի  խախտումներ, այլեւ ՝ մի  քանի  հազար  թոշակառուների  անուններ  դուրս  մնացին  ցուցակներից ՝ իբր  համակարգչային  ,,նորարարության,, պատճառով: Չես  հասկանում ՝ էս  երկիրը  տեր  չունի՞, եթե  չունի, թող  ժողովուրդը  տեր  կանգնի  եւ  ավելի  մեծ  պահանջներ  ներկայացնի, քան ՝ 1 անգամ  թանկացած  տրանսպորտի  հերթական  թանկացումը  կանխելն  է:  ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ  

среда, 24 июля 2013 г.

,,Azat Ankakh,,-ի երկամյակի, ,,մեռնող ճշտի վերջին ասպետների,, եւ այլնի մասին

       Հուլիսի  24-ին  լրացավ  ,,AZAT ANKAKH,, բլոգի  գործունեության  2-րդ  տարին: Այդ  ընթացքում  AZAT-ն  իսկապես  ազատ, անկախ  եւ, ,,անտեր,, կարգավիճակում  էր ՝ ֆինանսական  առումով. առանց  հովանավորության, առանց  գովազդի, առանց  դրամաշնորհային  աջակցության: Չնայած   բլոգի  աջակցման  նպատակով  2012թ. մայիսին  հաշվի  համար  բացեցի  Զարգացման  հայկական  բանկում, որն  այդ  պահին  միակ  անվճար  հաշվի  համար  բացող  բանկն  էր  Վանաձորում, ու  այդ  առթիվ  հայտարարություն  զետեղեցի  բլոգում / ,,Azat ankakh,,- ը ՝ կայացման  փուլում, առանց  աջակցման,, / եւ  պարբերաբար  տարածում  էի  Ֆեյսբուք  եւ  Թվիթեր  ցանցերով, սակայն  որեէ  ֆինանսական  արձագանք  այդպես  էլ  չեղավ:  ,,Ոչ  մեկն  էլ  ազատ  լրատվությունը  չի  հովանավորի, քանի  որ  դա  շատերին  ձեռք  չի  տալիս, դու  ուղղակի  պետք  ա  գովազդ  տեղադրես,,-կարծիք  է  հայտնում  ու  խորհուրդ   տալիս  Երկրապահ  Հակոբ  Ղուկասյանը: Միանգամայն  խելացի  խորհուրդ  է,  եթե  հաշվի  չառնենք  այն,  որ  գովազդ  տեղադրելու  համար  միգուցե  բլոգի  ձեավորումը  փոխելու  անհրաժեշտություն  լինի,  ինչը  ֆինանսական  առանձին  միջոցներ  է  պահանջում:,,Մտի  google-ի  գովազդների  մեջ,,-խորհուրդ  է  տալիս  իմ  զրուցակիցը, մոռանալով, որ  մինչ  այդ  պատմել  է, որ  ինքը  մտել  է  google-ի  գովազդների  մեջ, վիրտուալ  հաշվի  համարին  էլ  մաս-մաս  գումարներ  են  եկել՝ գովազդային  ,,լայքերի,, շնորհիվ, բայց  հենց  հավաքված  գումարը  մի  կերպ  ,,ձգել,, է  70եվրոյի...google-ն  իր  հաշվի  համարը  փակել  է, իբր ՝գովազդի  օրենք  է  խախտել  ու  բացել-կարդացել է գովազդը, որ  չպետք  է  աներ: ,,Հա  բայց  ախր  ես  չեմ  բացել  գովազդը, ինչի՞  են  հաշվիս  համարը  փակել,,- զարմացել  էր  իմ  զրուցակիցը, որ  մանկական  ժամանցային  բլոգ  է  ստեղծել:  Այդուհանդերձ, բլոգը  շարունակում  է  ամսվա  ընթացքում  առնվազն  5-7  հոդվածներով  վերհանել  իրավական, սոցիալական  ու  ներքաղաքական  ոլորտի  հրատապ  խնդիրները, որոնք  որեւէ  թերթում  տպագրելու  համար, թերեւս, պետք  է  լրացուցիչ  փնտրտուքներ  կատարեի, ժամանակ  ու  լրացուցիչ  գումար  վատնեի, լավագույն  դեպքում ՝ տպագրվելու  պայմանում  էլ  վարձատրություն  չստանայի / Դե  անվարձահատույց  իմ  բլոգում  էլ  եմ  տպում  եւ  դեռ  տարածում  Ֆեյսբուքի  ու  Թվիթերի  միջոցով / :Այդ  առումով  տառապանքս  փորձ  ունի. ազատ, անկախ  ու  անկողմնակալ  հրապարակումների  թշնամիները, որոնք  թերթեր  էլ  են  հովանավորում,  թերեւս  ունեն  ,,սեւ  ցուցակ,, որի  մեջ  մտնող  լրագրողների  մուտքն  արգելված  է  անգամ ՝ ,,ընդդիմադիրի,, շապիկով  թերթերում,  որոնք  էլ  կախում  ունեն  որեւէ  հովանավորից, որն  էլ  կախում  ունի  իշխանավորից, որին  էլ  դուր  չեն  գալիս  այդ  ցուցակի  մեջ  մտնողների  հրապարակումները, ու  հանձնարարվում  է, որ  նրանց  հրապարակումներն  անարձագանք  թողնեն  կամ ՝լավագույն  դեպքում ՝ չվարձատրեն, որպեսզի  նրանք  այլեւս  չշարունակեն  համագործակցել : Ինչպես  ասվում  էր  մի  երգիծական  հաղորդման  մեջ ՝,,Մեր  վերեւը  տերեւ  է,  տերեւի  վերեւում  էլի  տերեւ  է,,: Մի  նախկին  դաշնակցական  ծանոթ  ունեի ՝ որոշ  ,,անկախ,,թերթերի    խոհանոցին  քաջածանոթ, ասում  էր, թե որ  հոդվածը  քանիսով  են  ,,ծախել,,՝ չտպելու  դիմաց. ,,Զանգում  են  այդինչին, ումից  նյութ  կա,  ասում  են  քո  մասին  նյութ  կա, ի՞նչ  կարծիքի  ես, դե  նա  էլ  հասկանում  է  ինչն-ինչոց  է, վռազ  փող  է  ուղարկում, նյութ  ուղարկողն  էլ  սպասում  է,  թե  պիտի  տպեն, կամ  էլ ՝ կրճատ  են  տպում, համաձայնեցնում  են  մտքերը, ու  էլի  փողով,,:  ,,Արեւի  տակ  տեղ  ունենալու,,  մի  տարբերակ  էլ  քաղաքական  պատվերով  լրագրությունն է, երբ  պատվերով  հոդված  են  գրում ՝թեկուզ  չհիմնավորված  փաստերով, ու  հետո  ստիպված  լինում  դրա  տակից  դուրս  գալ  դատական  ճանապարհով  կամ ՝հերքումով,  եւ  կամ  բղավել ՝,,Հասեք, մերոնց  ծեծում  են,,:  Ինչ  խոսք,  դա  չի  նշանակում, թե  արդարության  առաջամարտիկներին  կամ, ինչպես  ,,Կարգին  սերիալի,,Ջեմման  էր  ասում ՝,,մեռնող  ճշտի  վերջին  ասպետներին,, չեն  հալածում  դատական  կամ  սոցիալական  ճանապարհով : Առայժմ  որեւէ  դրամաշնորհային  ծրագրից  ,,կառչելու,, հեռանկար  չեմ  տեսնում, քանի  որ  համոզված  եմ, որ  այդ  ծրագրերն  էլ  են  հաճախ  ուղղորդվում: ,,Դե  հլա  սեռական  փոքրամասնություններին  կամ  աղանդներին  պաշտպանող  նյութ  գրի, տես  ոնց  ես  գրանտ  շահում,,-հեգնում  է  Հայ  Առաքելական  եկեղեցու  նվիրյալ  մի    ԱԻՄ-ական, մասնագիտությամբ ՝իրավաբան: Իսկ  մի  նախկին  ԱԻՄ-ական  էլ  պնդում  է,  թե  գրանտ  շահողների  մի  մասն  ,,շպիոններ,, են: Սակայն  միաժամանակ  խոստովանում  է, որ  ,,ժողովրդավարությանն,,  ու  չգիտեմ  ինչին  նվիրված  մի  սեմինարի  համար  իրեն  խնդրեցին  հոդված  գրել, ինքն  էլ  գրեց,  ,,լավ  էլ  փող  տվին,,; Այսինքն ՝ մարդը  դեմ  է  ,,գրանտակերներին,, բայց  դեմ  չէ, երբ  իրեն  դրանից  ,,փայ,, է  հասնում:  Ահա  թե  ինչու ՝մամուլում  գնալով  պակասում  են  ռեալիստական  ուղղության  կողմնակից  լրագրողները, եւ  նրանց  լավագույն  դեպքում  կարելի  է  ,,կողմնացույցով,,գտնել  ինտերնետային  կայքերում  կամ  բլոգներում:  Լոռեցիների  ասած ՝էլի  ,,օղորմի  բլոգ  հնարողի  հորը,, որ  մի  ընդհատակյա  դեմոկրատիա  դեռ  մնացել  է  ,,ազատ  ու  անկախ,, հռչակված  երկրում: Մի  հին  լոռեցի, որին  բլոգիս  էլեկտրոնային  հասցեն  տվեցի, հարցրեց. ,,Հիմի  քո  հիմնարկը  ո՞րտեղ  ա, ո՞րտեղ  ես  նստում,,:  Դե  արի  ու  միամիտ  լոռեցուն  բացատրի, որ  պարտադիր  չէ, որ  բլոգ  բացելու  համար  հիմնարկ  ունենաս  կամ  տանը ՝ համակարգիչ: Կարող  ես  պարզապես  ինտերնետ-ակումբի  ծառայություններից  օգտվել, էլեկտրոնային  հասցե  բացել  ու  գրանցել  բլոգը: Ճիշտ  է,  բլոգը  պարբերաբար  նյութերով  թարմացնելը  նույնպես  ծախսեր  է  պահանջում, սակայն  թերթ  տպելուց  շատ  ավելի  քիչ  ծախսատար  է,պարզապես ՝հոդվածները  չեն  ֆինանսավորվում  կամ ՝ սուբսիդավորվում  առնվազն  պետական  կառույցի  կողմից, եւ  կապ  չունի, որ  դու  այդտեղ  այնպիսի  հարցեր  ես  բարձրացնում, որ  թերթերի  կամ  հեռուստատեսության  ուշադրությունից  վրիպում  են: Հետաքրքիր  է, թե  ինչու՞  պետական  կառույցից  թերթերին  ֆինանսավորում  հասնում  է ՝առնվազն  տարեկան  կտրվածքով, մինչդեռ  իրենց  գոյության  անհրաժեշտությունն  ապացուցած  տեղեկատվական բլոգներն  անուշադրության  են  մատնված: Ի  վերջո  ինտերնետի  դարում  ենք  ապրում, կայքն  ու  բլոգն  արդեն  մրցում  են թերթերի  հետ: Պետականորեն  ֆինանսավորվում  են  անգամ ,,թղթի  վրա,, գոյություն  ունեցող  զանազան  ու  զարմանազան  Հասարակական  կազմակերպություններ, որոնց  մասին  հասարակությունը  լավագույն  դեպքում  տեղեկանում  է ընտրությունների  ժամանակ, երբ  իրենց  ձայնը  տալիս  են  իշխանամետ  կուսակցության  կամ  թեկնածուների: Ինչ  վերաբերվում  է  իմ ՝,,հիմնարկ,, ունենալուն /որի  ,,տեղը,, հետաքրքում  էր  միամիտ  լոռեցուն /,  ապա  եթե  դու  առողջ  դատող  ու  քաղաքացիական  հասարակության  քաղաքացի  ես, ոչ  թե  սոսկ ՝ կատարող, եթե  դու  կոչումով  ես  լրագրող, եւ  ոչ  թե ՝վկայականով  ու  հավատարմագրման  հավաստագրով,  ու  եթե  դու  համաձայն  չես  երկրում  տարվող  հակաժողովրդական  քաղաքականության  հետ,  ապա  դու  ,,իրավունք,, չունես  պետական  համակարգում  աշխատես: Հակառակ  պարագայում ՝ այնքան  կհալածեն  քեզ  կամ  այդ  համակարգում  աշխատող  հարազատիդ, որ  ստիպված  կլինես  առողջության  գնով  պայքարել  քո  տեսակի  դեմ  պայքարողների  դեմ:Ահա  թե  ինչու, 1999թվից  ի վեր,  լրագրությունն  ինձ  համար  ավելի  շատ  ոչ  թե  եկամտի  աղբյուր  է,  այլ ՝կոչում: Ճիշտ  է,  եղել  են  պայմանագրով  կամ  դրամաշնորհային  ծրագրի  շրջանակներում  թղթակցելու  ժամանակաշրջաններ, բայց  հետագա  պարապուրդային  շրջանները  վաղուց  գերազանցել  են  եկամուտներին: Մի  երջանկահիշատակ  դասախոս  կար ՝ պրոֆեսոր  Գարեգին  Ղույումչյանը, որ  իր  իրավունքների  համար  պայքարում  զոհվեց, բայց ՝ արդարության  հասավ, եւ  որի  հայցերով  դատական  նիստերը  լուսաբանել  եմ, մի  առիթով  ասաց.,,Աստված  քեզ  տվել  է  մեծ  շնորհ ՝գրելու, եւ  դու  չպետք  է  հրաժարվես  այդ  շնորհից ՝անկախ  ամեն  ինչից, ու  պետք  է  պայքարես, դա  քո  առաքելությունն է,,: Իսկ  օրերս  լոռեցի  ծանոթուհիներիցս  մեկը ՝ ընդդիմադիր  դաշտից, հետաքրքրվեց. ,,Հիմա  ո՞նց  են  գործերդ,,:  Կես-կատակով  ասացի   ,,Ազատ, անկախ  եւ...անտեր,,: Բայց  հիմա  մտածում  եմ, որ ՝AZAT ANKAK-ի  տերն  Աստված  է, նրա  շնորհիվ  է  ինձ  Մուսան  պարբերաբար  այցելում,  ոգեւորում, ուժ  տալիս  ու  ներշնչում, միաժամանակ  օգնելով  դիմակայել: Եվ  դրան  ,,ըմբռնումով,, են  վերաբերվում  նաեւ  իմ  հարազատները՝ իրենց  հնարավորության  սահմաններում  աջակցելով, եւ  դրա  համար  էլ  եմ   շնորհակալ  Աստծուց:                                                                                     ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ