Սույն հոդվածը լույս է տեսել Facebook ցանցում փետրվարի 4-ին, երբ բլոգը արգելափակված էր
Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկն ահազանգեց, որ չի կարողանում բացել իմ`Azatankakh.blogspot.com բլոգը. «Գրում եմ բլոգի հասցեն, բերում է социальная сеть, բայց նախկինում անմիջապես բացում էր»: Մտածեցի, թե դա նրա համակարգչի հետ կապված տեխնիկական խնդիր է, քանի որ հաջորդն օրն ավետեց, որ կայքը բացվել է: Բայց ահա, փետրվարի 4-ին զարմանքով պարզեցի, որ բլոգս չի բացվում, և համոզվեցի, որ ժամանակ առ ժամանակ հակերները մուտք են գործում այդտեղ: Դա ապացուցվեց նաև նրանով, որ այժմ արգելափակվել է նաև 2009թ. ստեղծած իմ էլեկտրոնային հասցեն` Google ցանցում գրանցված, որի հիմքի վրա էլ 2011թ. հուլիսին ստեղծել եմ Azatankakh.blogspot.com բլոգը: Հակված եմ կարծելու, թե բլոգի արգելափակման գործում խառն է նրանց մատը, ում քիմքին ոչ հաճելի հրապարակումներ են տպագրվել բլոգում, որոնց խոսուն վերնագրերը տեղ են գտել Facebook-ի և Twitter-ի իմ էջում` Azatankakh.blogspot.com բլոգին հղումով, սակայն, ցավոք, այսօր դրանք արգելափակված են: Նախավերջին հրապարակումը կոչվում էր «Ինչպես ես դարձա լրագրող և դրա հետևանքները»: Ենթադրվում է, թե սա էլ այդ հետևանքներից հերթականն է, առավել ևս, որ հոդվածում գրել էի` «Փառք Աստծո, դեռ մի կիսատ-պռատ ժողովրդավարություն մնացել է, քանի որ իմ բլոգում ինչ ուզում գրում եմ, ոչ ոք չի կարող իմ մտքերը խուզել կամ գրաքննել»: Պարզվում է, այդ կիսատ-պռատ ժողովրդավարությունն էլ է Հայաստանում վտանգված, և այդ վտանգից որևէ բլոգգեր չի կարող զերծ մնալ: Հնարավոր է, որ ինչ-որ մեկին դուր չի եկել այն, որ բլոգում զետեղված նյութերը թերթերին հավասար իրավունքներով մասնակցում են լրագրողական մրցույթների, և հակերը իր «ընդունակություններով» մուտք է գործել բլոգ և արգելափակել այն` այդ կերպ և իր մաղձը դատարկել, և արջի ծառայություն մատուցել իշխանություններին: Բլոգում տեղադրվել էին նաև իմ նյութերն այն թերթերից, որոնց ինտերնետային արխիվը փակվել է ( «Հրապարակ», «Առավոտ»), կամ` կայքը չի գործում («Տարեգիր», «Դիպլոմատ»): Չի բացառվում, որ բլոգը բավականին բարձր «մակարդակով» է արգելափակվել. այն մեխանիզմով, ինչ մեխանիզմով որ 2008թ. մարտի 1-20-ը մի շարք ինտերնետային կայքեր էին արգելափակվել (եթե ինտերնետային կայքն է արգելափակվում, բլոգը փակելը ի՞նչ մի դժվարություն է ներկայացնում համապատասխան մարմինների կամ նրանց ծառայություն մատուցողների կողմից): Ահա և ձեզ «խոսքի ազատություն» ու «ժողովրդավարություն» ընտրությունների շեմին: Չի բացառվում, որ մի օր էլ սկսեն Facebook-ն ու Twitter-ը արգելափակել այնպես, ինչպես Բելոռուսիայում: Սույն հոդվածը Հայաստանի իրավապաշտպաններն ու ԶԼՄ-ները, բլոգգերները, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ՀԿ-ները կարող են ընկալել որպես հայտարարություն` խոսքի ազատության դեմ ուղղված հերթական ոտնձգության վերաբերյալ, և հուշել, թե որ կառույցն է պատասխանատու այդ կարգի ոտնձգությունների համար, եթե, իհարկե, այն պետական մակարդակով չի արվել: Սա ասում եմ նրա համար, որովհետև վերջերս ինչ-որ մի պաշտոնյա հեռուստաէկրանից խոսում էր այն մասին, որ պետք է նաև բլոգները հսկողության տակ առնվեն` ելնելով «ազգային անվտանգությունից»: Այդ դեպքում պետք է բլոգգերին զգուշացում արվեր, թե հատկապես որ հոդվածն է «վտանգավոր», և ոչ թե տարիների աշխատանքի գլխին ջուր լցնեն` առանց զգուշացման: Ահա թե ինչու էր կայքերի մրցույթ հայտարարվել, որին «ափալ-թափալ» ներգրավվել էին շուրջ 500 կայքեր (այդ թվում` բլոգներ), որպեսզի տեսնեն, թե ով ինչով է շնչում, և ում թթվածինը փակելու անհրաժեշտություն կա: Խնդրում եմ այս հարցում թուրք հակերներին չմեղադրել, քանի որ բլոգում հակաթուրքական ուղղվածության հոդվածներ չկային (եթե, իհարկե, «Ինչպես էր կազմավորվում հայկական բանակը» վերջին հոդվածը ոմանք հակված չեն ընդունել որպես այդպիսին): Սակայն, ցավոք, այս դեպքի համար էլ կարելի է ասել ժողովրդական հայտնի ասացվածքը` «Սենց բան մենակ թուրքը կաներ»: Թեպետ մեկ այլ ասացվածք էլ ասում է` «Հայ կա, թուրքից բեթար է»:
Հ. Գ. Ի դեպ, արդեն մի քանի օր է` պահանջվող լրացուցիչ տվյալներ եմ ուղարկում Googl-ին` էլեկտրոնային փոստը վերականգնելու նպատակով, որի խափանման հետ էլ անմիջականորեն կապված է բլոգի անհետացումը: Փաստորեն, ամեն ինչ սկսվել է նրանից, որ էլեկտրոնային փոստի կոդը հավանաբար գողացվել է` կայքը կոտրելով:
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն