пятница, 10 февраля 2012 г.

Բլոգի «թուղթուգիրը» քանդվեց



Իսկ ու՞մ էր ձեռնտու դրա արգելափակումը
  Փետրվարի 4-ից արգելափակվել էր Azatankakh բլոգը և այն էլեկտրոնային փոստը, որի հիմքի վրա ստեղծվել էր բլոգը: Փետրվարի 5-ին Facebook-ում և Netlog սոցիալական ցանցում հանդես եկա «Ու՞մ մատն է խառը Azatankakh.blogspot.com բլոգի անհետացման գործում» հոդվածով` այն ուղարկելով ֆեյսբուքային 16 համախոհների և խմբերի (որոնց թվում` Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա, Բրիտանական խորհուրդ, Երևանի մամուլի ակումբ):  Փետրվարի 7-ին բլոգը «ռեանիմացիայից» դուրս եկավ` կարդալու «մասով», բայց ես այնտեղ նոր նյութեր տեղադրել չէի կարող, քանի որ էլ.փոստը դեռևս արգելափակված էր, իսկ այդ առթիվ Google-ին ուղարկված հարցումները դեռևս մշակման փուլում էին: Ի վերջո, փետրվարի 8-ին վերականգնվեց նաև էլ.հասցեն: Հավանաբար, այն շատ ավելի ուշ կվերականգնվեր, եթե այդ հարցում մասնագիտական օգնություն չցուցաբերեր մի շատ երիտասարդ մասնագետ, որ խոստովանեց, որ վերջերս էլի մի «կոտրած»  փոստ է վերականգնել: Այսպիսով, և բլոգը վերականգնվեց, և էլ.հասցեն, որի համար շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր վճարովի կամ անվճար խորհրդատվություն մատուցեցին (շեշտեմ` էլ.փոստի վերականգնման ուղղությամբ, քանի որ բլոգի անհետացումը մի քիչ առեղծվածային մնաց, ի տարբերություն էլ.փոստի, որը, մասնագետների հավաստմամբ, պարզապես «ջարդել» էին): Ինչ խոսք, այդ ամենը այլ տհաճ հետևանքներ էլ ունեցավ: Հասկացող մարդիկ կհասկանան, թե ինչ  է նշանակում կենցաղային այլևայլ հոգսեր մի կողմ թողած, ձմեռ օրով, սառցակալած փողոցներով ինտերնետային ակումբից ակումբ ուղևորվել ու լավ մասնագետի փնտրտուքներ կատարել և զարմանալ, որ Վանաձորի համակարգչային ծառայություններ մատուցող պատկառելի ընկերությունում հայտնում են, որ իրենք պահանջվող ծառայությունը չունեն ու չգիտեն էլ, թե ով կարող է նման ծառայություն մատուցել: Այս ամենի արդյունքում հարց է ծագում, որի պատասխանը փորձում եմ գտնել. ու՞մ էր այս ամենը ձեռնտու: Եթե բլոգի արգելափակման նպատակը խոսքի ազատության սահմանափակումն էր, չէ՞ որ ազատ խոսքը կարելի է հնչեցնել նաև սոցիալական ցանցերով: Հետևաբար, եզրակացությունը իմ կարծիքով, սա է` նպատակ է եղել ինձ, որպես անկախ լրատվամիջոցի սահմանափակել, քանի որ բլոգը (առավել ևս` տեղեկատվական, վերլուծական, հասարակական, իրավական) դիտվում է որպես էլեկտրոնային մամուլ, բլոգը ևս մասնակցում է կայքերի մրցույթի, բլոգի հոդվածները նույնպես մասնակցում են լրագրողական մրցույթների: Իսկ թե ինձ, որպես լրատվամիջոցի մեկուսացնելու հարցում ովքե՞ր կարող էին շահագրգիռ լինել, եզրակացությունը թողնում եմ ուրշներին: Միաժամանակ կոչ եմ անում ընթերցել 2011թ. հուլիս-2012թ. հունվար ամիսներին բլոգում տեղադրված նյութերը (որոնցից շատերը հիմա էլ են արդիական) և կողմնորոշվել, թե այդ հոդվածներից որի հայտնվելը Facebook-ում կամ այլ սոցիալական ցանցում ում համար կարող էր տհաճ լինել, և ովքե՞ր կարող էին շահագրգիռ լինել ոչ միայն դրանց արգելափակման, այլև նոր, անցանկալի հոդվածների հայտնության կասեցման հարցում:

                                                Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն