понедельник, 13 февраля 2012 г.

Լոռվա ձմեռ – 2012



  Այս օրերին Վանաձորում համատարած ձնաթմբեր ու ձնալեռներ են: Ճիշտ է, ձնահավաք մեքենան ձյան օրերին փողոցներով պտույտներ էր կատարում, սակայն փետրվարի 12-ի դրությամբ ավտոճանապարհից հավաքած ձյան մեծ կուտակումներ կային` մայթեզրին կպած հատվածներում: Այդ կուտակումներն էլ ավելի են մեծանում, քանի որ տարբեր հիմնարկներ ու խանութներ ևս իրենց “լուման” են “ներդնում” այդտեղ` շեմքից հավաքած ձյունը շպրտելով: Իսկ այդ կուտակումները չեն տեղափոխվում: Եթե մինչև ձյան գալը մարդիկ նախորդ ձյան հետևանքով առաջացած սառցակալած մայթերից խուսափելու համար փողոցի` մայթեզրին կպած հատվածով էին քայլում` ակամա իրավախախտ դառնալով, ապա այժմ այդ “այլընտրանքից” էլ են զրկված, քանի որ ավտոճանապարհներին մի առանձին ենթաշերտ է գոյացել` ձնացեխաթմբերի տեսքով: Ինչպես նախորդ, այս տարի էլ մարդկանց միակ հույսը` սառցակալած մայթերից փրկվելու համար, արևն էր. մարդիկ ցերեկային ժամերին աշխատում են քայլել արևոտ մայթերով: Մարդկանց դժգոհությունը ձմռան օերին ոչ միայն սառցակալած մայթերն են, որոնց վրա բավարար քանակությամբ աղ չի լցվում, այլև` չջեռուցվող բնակարանները: Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք “Կենտրոնացված ջեռուցումը գրողի ծոցն են ուղարկել” հոդվածում, անհիշելի ժամանակներից Վանաձորում բնակելիները չեն ջեռուցվում միասնական համակարգով, և կրկին հարց է ծագում. եթե հնարավոր է մարզպետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկները ջեռուցել, ինչու՞ հնարավոր չէ նույն սկզբունքվ կաթսայատների օգնությամբ ջեռուցել նաև բնակելիները: Մի քանի օր առաջ սպառողների միության նախագահն էր խոսում կենտրոնացված ջեռուցման անհրաժեշտությունից, պատճառաբանելով, որ այն ավելի մատչելի է բնակչության համար ու անվտանգ` գազի հետ համեմատած: Իսկ մի՞թե հնարավոր չէր այդ հարցն ավելի շուտ բարձրացնել` Հանրային խորհրդում, որի անդամն է սպառողների միության նախագահը: Առաջարկություն պետք է արվեր, որ համայնքներին պարզապես պարտադրվի` կազմակերպել կենտրոնացված ջեռուցումը: Որևէ մեկը հաշվե՞լ է, թե միայն անցյալ տարի գազի պայթյունի հետևանքով քանի՞ վթար է գրանցվել Հայաստանում` դժբախտ ելքերով, որը ևս խոսում է այն մասին, որ գազի շահագործումը, առավել ևս` որպես ջեռուցման ձև, այնքան էլ անվտանգ չէ: Իսկ բնակչության ոչ բոլոր խավերն են, որ կարող են իրենց եվրոջեռուցում թույլ տալ և “Բաքսի”-ներից ու “Սքյուռալ”-ներից օգտվել ու, ինչպես ասվում է հայտնի գովազդում, “Տունը սարքել գրիլի ապարատ”: “Բա սա ցեղասպանություն չի՞, ո՞վ է տեսել` դրսում -20 աստիճան լինի, տները չջեռուցվեն, ո՞ր նորմալ երկրում ջեռուցում չկա, Ռուսաստանում, որ մի օր վթարի հետևանքով ջեռուցում չի լինում, անմիջապես աղմուկ են բարձրացնում, հեռուստացույցով ցույց են տալիս: Ասենք թե գազը վառեցինք, գազով տուն կտաքանա՞, զարթնում ենք` +5 է, գազը վառում ենք` +10 է դառնում, ոչ ավել, պլիտան էլ վառում ենք ու ահուդողով սպասում, թե ինչքան տոկ ենք փակելու կամ ոնց պետք է դրա տակից դուրս գանք, մի 15.000 էներգիայի վարձ ենք տալիս, մի 10.000` գազի, 3 հոգով մի թոշակի վրա նստած ենք”, - ասում է վանաձորցի բարձրագույն կրթությամբ գործազուրկ Անահիտը, որի մի դժգոհությունն էլ սառցակալած փողոցներից կրած անմիջական հետևանքներից էր` սեփական մաշկի վրա զգացած. վերջինս 4 օր շարունակ գամվել էր անկողնուն` սառցակալած մայթի վրա ընկնելու հետևանքով:
                                                           Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն