Վանաձորում
ժամանակ առ ժամանակ հայտնվում են բաց, կիսաբաց և կիսափակ դիտահորեր. երևույթ, որին
վերջերս անդրադարձավ նաև «Ինտերկապ» հեռուստատեսությունը: Եթե հաշվի առնենք այն իրողությունը,
որ գիշերային ժամերին փողոցներն առավելապես չեն լուսավորվում, ապա դժվար չէ պատկերացնել
դրանց բերած հնարավոր հետևանքներն անցորդների համար: Ենթադրվում է, թե այդ «գործի տերերը»
գաղտնի պայմանագիր են կնքել բժիշկների հետ` նրանց «ջաղացին ջուր լցնելու» նպատակով:
Այս դեպքում հարկ է հիշատակել ուրիշի համար փոս փորողի վերաբերյալ ասացվածքը: Եվ չնայած
«Իզվեստիա» թերթը վերջերս խելացի խորհուրդ էր տալիս` գիշերային ժամերին քայլել փողոցի
կենտրոնով, և ոչ թե` մայթով, շքամուտքերին մոտիկ, այնուամենայնիվ վանաձորցիները դրան
հետևել չեն կարող, քանի որ դիտահորերը հիմնականում տեղակայված են փողոցի կենտրոնում:
Այժմ անցորդները ցերեկային ժամերին «նշանառության» տակ են վերցնում դիտահորերը` գիշերային
ժամերին տխուր փաստի առաջ չկանգնելու համար:
Գայանե Հովսեփյան
Հ.Գ. Սույն հրապարակումը լույս է տեսել 1997թ. նոյեմբերի
14-ին «Առավոտ» օրաթերթում, բայց այն, ցավոք, արդիական է նաև այսօր` 15 տարի անց, ինչի
ապացույցը ոչ միայն բաց դիտահորերի մշտական առկայությունն է Վանաձորի որոշ փողոցներում,
այլև` Վանաձորի «Միգ» հեռուստատեսությամբ վերջերս ցուցադրված տեսանյութը` բաց դիտահորերի
մասին, առանց մեկնաբանությունների: Նշենք, որ այդ տեսանյութի տակ, «Միգի» ֆեյսբուքյան
էջում ավելացրել էինք, որ մի բաց դիտահոր էլ կա Վանաձորի թիվ 3 դպրոցի ետնաբակում:
Վիճակը, սակայն, դրանից չի փոխվել: Ի դեպ, տարիներ առաջ Վանաձորի բաց դիտահորերի թեմային
անդրադարձել է նաև Հանրային հեռուստատեսությունը, որի ռեպորտաժում ներկայացվել էր դիտահորն
ընկնելու հետևանքով հիվանդանոցում հայտնված վանաձորցիներից մեկը: Զարմանալի է, մի՞թե
հնարավոր չէ դիտահորերի կափարիչները կողպեքով դարձնել:
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն