вторник, 10 апреля 2012 г.

Էլեկտրագնացքի բացակայության հետևանքները

Ապրիլի 9-ին Բագրատաշեն-Վանաձոր ուղևորվող ավտոբուսը (“ՊԱԶ” մակնիշի) այն աստիճան էր լցված ուղևորներով, որ անգամ ոտնակին մի քանի ուղևորներ էին կանգնած: Բռնվելու տեղ գտնելն արդեն մեծ երջանկություն էր: Ոչ աշխատանքային վերջին օրն էր, գումարած` սբ. Զատիկին հաջորդող մեռելոցը, ինչով էլ կարելի է բացատրել ավտոբուսի` լեփ-լեցուն լինելու հանգամանքը: Անհայտ էր, սակայն, ուղևորների անելանելի դրության մեջ մտնելու՞ց էր, որ այդ լեփ-լեցուն պայմաններում էլ վարորդը շարունակում էր մինչև Վանաձոր էլի ուղևորներ վերցնել, հարուցելով ավտոբուսում “խցկված” ուղևորների դժգությունը, թե՞` անձնական շահն էր դրդում: Այն, որ այդ վիճակով (ձկան պահածոյի կարգավիճակով, բազմաթիվ բեռների ու անգամ` ծառատնկիների ընկերակցությամբ) ճանապարհ ընկնելու արդյունքում ուղևորները “անշառ-անփորձանք” տեղ հասան, թերևս, Աստծո մատն էր խառը կամ` մարդկային լավատեսությունը: Այդ վիճակում անգամ ուղևորներից ոմանք նույնիսկ կատակելու տրամադրություն ունեին. “Բաժանորդը գտնվում է ավտոբուսում և նեղության մեջ է”: Հատկանշական է, որ, կարծես ճակատագրի ծաղր, լեփ-լեցուն ավտոբուսի կողքով մի լրիվ դատարկ, “Գազել” մակնիշի միկրոավտոբուս անցավ, և վարորդը, գոնե հանուն “ախպերության” (եթե ոչ` անվտանգ երթևեկության շահերից ելնելով) ուղևորների մի մասին չառաջարկեց փոխադրվել “Գազել”` նախապես վերջինիս վարորդի համաձայնությունն առնելու դեպքում: Թերևս, տեղին էր ուղևորներից մեկի այն դիտարկումը, թե` “Հենց գիտեք մարդկանց մասին ա՞ մտածում, իրա կոպեկի համար ա կանգնում”: Այս նկատողությունն արվեց այն ժամանակ, երբ ուղևորներից մեկը դժգոհեց, թե “բռնվելու ու կանգնելու տեղ չկա”, բայց վարորդը շարունակում է ուղևորներ վերցնել. “Գոնե հետևի դուռը բացի, առաջից արդեն տեղ չկա”: Հատկանշական է, որ ողջ ճանապարհին որևէ ավտոտեսուչ չկար: Կարծում ենք, ավտոբուսների ու միկրոավտոբուսների գերբեռնվածության մի պատճառ էլ գնացքների բացակայությունն է. քանի որ կրկին չի գործում Գյումրի-Այրում էլեկտրական գնացքը: Ըստ տեղեկությունների` երկաթուղու տնօրինությունը շարժակազմը նորոգել է, մի որոշ ժամանակ` աշխատեցրել, բայց գնացքը կրկին չի գործում, իբր` ոչ եկամտաբեր լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրա հետևանքով միկրոավտոբուսներն ու ավտոբուսները գերբեռնվածությամբ են աշխատում: Այդ ամենի արդյունքում ավտոճանապարհներն էլ են գերբեռնված, ինչն էլ նպաստում է սողանքների առաջացմանն ու ավտովթարներին, ինչին ականատես ենք լինում պարբերաբար:
     ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն