среда, 31 июля 2013 г.

Մեռան ավանդներին սպասելով, մեռա՜ն

Հուլիսի  26-ին  Վանաձորի  ,,Լոռի,,  հեռուստատեսության  ,,Մունետիկ,, ծրագրով  ներկայացվեց  Աժ պատգամավոր  Էդմոն  Մարուքյանի  հանդիպումը  մի  խումբ  տարեց  բնակիչների  հետ, որոնց, բացի  այն, որ  զայրացրել  էր  իշխող  վարչախմբի  կողմից  անուղղակի  հայաթափման, երկիրը  դատարկելու  ծրագիրը, այլեւ  վերջիններս  մտահոգ  էին   ԽՍՀՄ  խնայբանկի  ավանդների  վերադարձման  չարչրկված  ու  10տարուց  ավելի  շրջանառվող,  բայց  չլուծվող  հարցի  կապակցությամբ:  Ի  վերջո  անհարմար  է,  խայտառակություն  է. բիոզուգարանների  կառուցման  համար  մի  քանի  հազար  դոլար  են  ծախսում  պետբյուջեից  ու  պարզում, որ  դրանք  չեն  աշխատում,   Երեվանի  պետական  կրկեսի  շենքի  ամրացման  համար  ահռելի  գումարներ  են  ծախսվում, բայց  հետո  պարզում  են, որ  ճիշտը  շենքը  քանդելն  է, նույն  ասֆալտը  մի  հազար  անգամ  անորակ  կարկատում-քանդում  են,  բյուջեի  հաշվին  բարձրաստիճան  պաշտոնյաների  ահռելի  բանակի  ամեն  մի  անդամը  5-10  օգնական, խորհրդական,  տեղակալ  ու  տեղակալի  օգնական  ունի, եւ  առհասարակ  օրեցօր  դատարկվող  երկրի  ժողովրդի  վզին  մի  ահռելի  ուռճացված  ապարատ  է  ,,բազմած,, ՝ բայց ՝ ավանդների  վերադարձի  ,,փող  չկա,,:  Իսկ  ի՞նչ  է  այդ  առթիվ  առաջարկում  վանաձորցի  պատգամավորը: Ըստ  Է.Մարուքյանի, ով այդ  առթիվ հարցով  դիմել  էր  արդարադատության  նախարարին / եւ  ժողովրդին  ոչինչ  չտվող  պատասխան  ստացել Աժ ամբիոնից  -Գ.Հ. / ,2014թ.  անհրաժեշտ է  նոր  նախագիծ  ներկայացնել  ԱԺ,: քանի  որ  ավանդների  վերադարձի  հին  ,,մեխանիզմը,, / կառավարության  կողմից  հաստատված /, ոչ  թե  ավանդների  վերադարձի  է  եղել, այլ ՝ սոցիալապես  անապահով  խավերի  փոխհատուցման  ծրագիր / ինչը  ԱԺ ամբիոնից  խոստովանել  էր  արդարադատության  նախարարը /: Եւ  ուրեմն, ըստ  նոր, 2014թվին  նախատեսվող  նախագծի, նախ ՝ անհրաժեշտ  է  վերադարձնել  տարեց  մարդկանց  ավանդները, այնուհետ ՝ սոցիալապես  անապահովներինը:  Դե  մինչ  օրենքի  նախագծի  ներկայացնելն  ու  ընդունելը, կարծում  ենք, էլի  մի  քանի  հարյուր  կամ  հազարը  չեն  դիմանա  սոցիալական  ծանր  պայմաններին, օրեցօր  թանկացող  կյանքին, իսկ  ,,սոցիալապես  անապահով,, կոչումը  ,,մրցութային,,պայմաններով  ձեռք  բերածներից  միգուցե  հրաշքով  ողջ  մնացած  տարեցները, որոնք  մի  անգամ  արդեն  ավանդի  վերադարձի  անվան  տակ  փոխհատուցում  են  ստացել,  մի  հատ  էլ  կստանան  որպես  ավանդ:  Բա  նախկին  երիտասարդնե՞րը, որոնք  խորհրդային  տարիներին  երիտասարդ  են  եղել, իսկ  հիմա  միջինի  ու  ավագի  ,,արանքում,, ,,տարուբերվում,, են, բա  ներկա  երիտասարդները ՝ նրանց  ավանդների  վերադարձի  հա՞րցը  երբ  է  լուծվելու: Թե՞  ավանդների  վերադարձը  ձգձգում  են, որ  մարդկանց  չարտագաղթած  հատվածին  պատանդի  կարգավիճակում  պահեն  ու  կանխեն  հնարավոր  ,,փախուստը,,  գաղջ  մթնոլորտից.../ Ի  վերջո  բյուջեն  լցնող  միավոր  են /: Եթե  այսօրվա  պետությունը  իր  նախորդի  ավանդը  չի  վերադարձնում, ի՞նչ  երաշխիքով  են  այսօր  զանազան  բանկեր  ,,էստի  համեցեք,, անում  ու  հորդորում,որ  մարդիկ  նոր  ավանդ  ներդնեն: Ի՞նչ  երաշխիք, թե  մի  օր  էլ  այս  իշխանությունը  չի  փոխարինվելու  նորով, ու  այդ  նորը  չի  ասելու, թե  մենք  հին  ավանդի  տերը  չենք,  ում  պահ  եք  տվել, գնացեք  նրանից  էլ  պահանջեք...Եթե  խորհրդարանը  շուրջ  10 տարի է, չի  կարողանում  ավանդի  հարց  լուծել / թեպետ  ՕԵԿ խորհրդարանական  կուսակցությունը  շարունակ  պնդում է, թե  իրենք  ,,հարցը  լուծել  են,,  մասնակիորեն, այն  ,,ընթացքի,, մեջ  է,  ու  ,,հետեւողական,, են  լինելու  հարցի  լիարժեք  լուծմանը / , ու՞մ  է  պետք  այդ  խորհրդարանը ՝իր 131  պատգամավորներով, որոնց  աշխատավարձերը  250-300հազար  դրամ  են,  երբ  մեր  երկրից  մի  քանի  անգամ  ավելի  բնակչություն  ունեցող  Իսրայելում  պատգամավորների  թիվը  120 է:                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 25 июля 2013 г.

Վերեւները չե՞ն կարողանում կառավարել

 Զարմանում  եմ,  որ  մայրաքաղաքում  տրանսպորտի  թանկացման  դեմ  սկսված  շարժումը  չի  վերածվում  համաժողովրդական  շարժման ՝ ընդդեմ  իշխող  վարչախմբի: Լավ, ասենք  թե  մի  քանի  օր  Նիկոլն  անվճար  ուղեւորափոխադրում  կատարեց  ընկերականով  կամ ՝ մարդկայինով, մի  քանի  օր  էլ ՝ դերասաններ  Հայկոն  ու  Լալան  կամ  էլի  մի  200հոգի  800մարդու  անվճար  տեղափոխեցին: Լավագույն  դեպքում, ինչպես  հուլիսի 24-ի  ասուլիսում  կարծիք  հայտնեց  Հայրիկյանը ՝փոխադրավարձը  150-ից  կդառնա  120դրամ: Իսկ  եթե  անգամ  կրկին 100դառնա / ինչը  քիչ  է  հավանական ՝ դատելով  Երեանի  քաղաքապետի  ելույթից /, ստացվում է, որ մարդիկ  պայքարում  են  միայն  նրա  համար, որ  ավելի  վատ  չապրեն, փոխանակ՝  լավ  ապրելու  համար  պայքարեն: Դե  իշխանության  ուզածն  էլ  դա  է. ժողովուրդ, գոհ  եղեք, որ  ավելի  վատ  չեք  ապրում, եղածով  յոլա  գնացեք: Ես  հիշում  եմ, որ  մի 4-5 տարի  առաջ  Երեւանում  անգամ  50դրամանոց  երթուղայիններ  կային ՝ 70-100դրամանոցներին  զուգահեռ, ու  մի  որոշ  ժամանակ  անց  մարդիկ  սկսեցին  բողոքել ՝սկզբում  100- ի դեմ, հիմա ՝ 150-ի: Որքան  հիշում  եմ,  մետրոն  էլ  սկզբում  40դրամ  էր, հետո  դարձավ 50, հետո  մարդկանց  ,,վարժեցրին,, 100դրամին: Ի՞նչ  է  պետք  համոզվելու  համար, որ  այս  վարչախմբից  ոչ  մի  լավ  բան  սպասել  չի  կարելի, որ  սրանց  միակ  զբաղմունքը  բյուջետային  գումարներն  աննպատակ  ծախսելն  է  / վկա ՝ բիոզուգարանների  վրա  ծախսած  հազարավոր  դոլարները, վկա ՝ ասֆալտապատման  ու  ճանապարհների  նորոգման  նպատակով  յուրացվող  գումարները, ինչին  ,,Արմենիան,, անդրադարձավ  հերթական  ,,Սուր  անկյան,,  ժամանակ: 15 տարի  է ՝ սեփականաշնորհված  ,,Նաիրիտի,,  ու  Վանաձորի  քիմգործարանի  աշխատողներն  աշխատավարձը  ոչ  թե  ստանում  են, այլ ՝,,պոկում,, սեփականատերերի  ,,մսից,, ՝այն  էլ ՝  բողոքի  ցույցերի  արդյունքում: Հիմա  էլ  դրան  ավելացել  են  սնանկացած  ,,Արմավիայի,, աշխատողների  բողոքներն ՝ իրենց  տարիների  կուտակված  աշխատավարձերի  պահանջով: Օր  չկա, որ  կառավարության  շենքի  դիմաց  ցույց  չլինի. խաղաղ  պայմաններում  զոհված  զինծառայողների  ծնողներ, բնակարանները  կապալառուների  մեղքով  կորցրածներ, ըստ  արժանվույն  չգնահատվող, առողջությունը  կորցրած  ազատամարտիկներ  եւ,  պարզապես ՝ անհատ  քաղաքացիներ ՝ տարիներ  շարունակ  չլուծվող  իրենց  խնդիրներով: Երբեմն  էլ  ,,կոկորդներին  հասած,, համբերության  բաժակը  լցված  գյուղացիներն  են  իրենց  սոցիալական  բողոքն  արտահայտում ՝ ճանապարհ  փակելով... Իշխող  կուսակցության  անդամ մարզային  ,,իշխաններն,,  ու  ,,բդեշխներն,,  էլ պարբերաբար  աչքի  են ընկնում  իրենց  ,,զոռբայության,,  դրսեւորումներով...Մի  օր  Սյունիքի  մարզպետն   է  այդ  ,,սեւ  ցուցակում,,  մի  օր ՝ Գյումրու  նախկին  քաղաքապետը, մի  քանի  օր  առաջ  էլ  Սպիտակի  քաղաքապետն  էր  71 տարեկան   մեկին  ծեծել  ՝ըստ  ««Արմենիայի,, եւ  ըստ  ոստիկանական  հաղորդագրություններին  հղում  կատարած  մամուլի: : Օրումեջ  էլ  իշխող  կուսակցության  ներկայացուցիչների  կողմից  լրագրողներն  են  բռի  վերաբերմունքի  արժանանում, երբ  վերջիններս  ,,խենթություն,, են  ունենում  նրանց  որեւէ  հարցով  դիմել...Այս  ամենը  դեռ  բավական  չէ ՝մարդկանց  նորմալ  տեղաշարժի  իրավունքն  էլ  է  խախտվում  թե  մայրաքաղաքում, թե ՝ մարզում. մի քանի  փողոց  միաժամանակ  քանդուքարափ  են  անում, թումբուփոսեր  առաջացնում / իբր  եղածները  քիչ  են / ու  ամիսներով  այդպես  թողնում: Վերջին 5 տարիների  միակ  դրական  ձեռքբերումը թոշակների  ժամանակին  վճարումն  էր, բայց ՝ այս  տարվա  մայիսից  սկսած  ոչ  միայն  սկսվեցին  գրաֆիկի  խախտումներ, այլեւ ՝ մի  քանի  հազար  թոշակառուների  անուններ  դուրս  մնացին  ցուցակներից ՝ իբր  համակարգչային  ,,նորարարության,, պատճառով: Չես  հասկանում ՝ էս  երկիրը  տեր  չունի՞, եթե  չունի, թող  ժողովուրդը  տեր  կանգնի  եւ  ավելի  մեծ  պահանջներ  ներկայացնի, քան ՝ 1 անգամ  թանկացած  տրանսպորտի  հերթական  թանկացումը  կանխելն  է:  ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ  

среда, 24 июля 2013 г.

,,Azat Ankakh,,-ի երկամյակի, ,,մեռնող ճշտի վերջին ասպետների,, եւ այլնի մասին

       Հուլիսի  24-ին  լրացավ  ,,AZAT ANKAKH,, բլոգի  գործունեության  2-րդ  տարին: Այդ  ընթացքում  AZAT-ն  իսկապես  ազատ, անկախ  եւ, ,,անտեր,, կարգավիճակում  էր ՝ ֆինանսական  առումով. առանց  հովանավորության, առանց  գովազդի, առանց  դրամաշնորհային  աջակցության: Չնայած   բլոգի  աջակցման  նպատակով  2012թ. մայիսին  հաշվի  համար  բացեցի  Զարգացման  հայկական  բանկում, որն  այդ  պահին  միակ  անվճար  հաշվի  համար  բացող  բանկն  էր  Վանաձորում, ու  այդ  առթիվ  հայտարարություն  զետեղեցի  բլոգում / ,,Azat ankakh,,- ը ՝ կայացման  փուլում, առանց  աջակցման,, / եւ  պարբերաբար  տարածում  էի  Ֆեյսբուք  եւ  Թվիթեր  ցանցերով, սակայն  որեէ  ֆինանսական  արձագանք  այդպես  էլ  չեղավ:  ,,Ոչ  մեկն  էլ  ազատ  լրատվությունը  չի  հովանավորի, քանի  որ  դա  շատերին  ձեռք  չի  տալիս, դու  ուղղակի  պետք  ա  գովազդ  տեղադրես,,-կարծիք  է  հայտնում  ու  խորհուրդ   տալիս  Երկրապահ  Հակոբ  Ղուկասյանը: Միանգամայն  խելացի  խորհուրդ  է,  եթե  հաշվի  չառնենք  այն,  որ  գովազդ  տեղադրելու  համար  միգուցե  բլոգի  ձեավորումը  փոխելու  անհրաժեշտություն  լինի,  ինչը  ֆինանսական  առանձին  միջոցներ  է  պահանջում:,,Մտի  google-ի  գովազդների  մեջ,,-խորհուրդ  է  տալիս  իմ  զրուցակիցը, մոռանալով, որ  մինչ  այդ  պատմել  է, որ  ինքը  մտել  է  google-ի  գովազդների  մեջ, վիրտուալ  հաշվի  համարին  էլ  մաս-մաս  գումարներ  են  եկել՝ գովազդային  ,,լայքերի,, շնորհիվ, բայց  հենց  հավաքված  գումարը  մի  կերպ  ,,ձգել,, է  70եվրոյի...google-ն  իր  հաշվի  համարը  փակել  է, իբր ՝գովազդի  օրենք  է  խախտել  ու  բացել-կարդացել է գովազդը, որ  չպետք  է  աներ: ,,Հա  բայց  ախր  ես  չեմ  բացել  գովազդը, ինչի՞  են  հաշվիս  համարը  փակել,,- զարմացել  էր  իմ  զրուցակիցը, որ  մանկական  ժամանցային  բլոգ  է  ստեղծել:  Այդուհանդերձ, բլոգը  շարունակում  է  ամսվա  ընթացքում  առնվազն  5-7  հոդվածներով  վերհանել  իրավական, սոցիալական  ու  ներքաղաքական  ոլորտի  հրատապ  խնդիրները, որոնք  որեւէ  թերթում  տպագրելու  համար, թերեւս, պետք  է  լրացուցիչ  փնտրտուքներ  կատարեի, ժամանակ  ու  լրացուցիչ  գումար  վատնեի, լավագույն  դեպքում ՝ տպագրվելու  պայմանում  էլ  վարձատրություն  չստանայի / Դե  անվարձահատույց  իմ  բլոգում  էլ  եմ  տպում  եւ  դեռ  տարածում  Ֆեյսբուքի  ու  Թվիթերի  միջոցով / :Այդ  առումով  տառապանքս  փորձ  ունի. ազատ, անկախ  ու  անկողմնակալ  հրապարակումների  թշնամիները, որոնք  թերթեր  էլ  են  հովանավորում,  թերեւս  ունեն  ,,սեւ  ցուցակ,, որի  մեջ  մտնող  լրագրողների  մուտքն  արգելված  է  անգամ ՝ ,,ընդդիմադիրի,, շապիկով  թերթերում,  որոնք  էլ  կախում  ունեն  որեւէ  հովանավորից, որն  էլ  կախում  ունի  իշխանավորից, որին  էլ  դուր  չեն  գալիս  այդ  ցուցակի  մեջ  մտնողների  հրապարակումները, ու  հանձնարարվում  է, որ  նրանց  հրապարակումներն  անարձագանք  թողնեն  կամ ՝լավագույն  դեպքում ՝ չվարձատրեն, որպեսզի  նրանք  այլեւս  չշարունակեն  համագործակցել : Ինչպես  ասվում  էր  մի  երգիծական  հաղորդման  մեջ ՝,,Մեր  վերեւը  տերեւ  է,  տերեւի  վերեւում  էլի  տերեւ  է,,: Մի  նախկին  դաշնակցական  ծանոթ  ունեի ՝ որոշ  ,,անկախ,,թերթերի    խոհանոցին  քաջածանոթ, ասում  էր, թե որ  հոդվածը  քանիսով  են  ,,ծախել,,՝ չտպելու  դիմաց. ,,Զանգում  են  այդինչին, ումից  նյութ  կա,  ասում  են  քո  մասին  նյութ  կա, ի՞նչ  կարծիքի  ես, դե  նա  էլ  հասկանում  է  ինչն-ինչոց  է, վռազ  փող  է  ուղարկում, նյութ  ուղարկողն  էլ  սպասում  է,  թե  պիտի  տպեն, կամ  էլ ՝ կրճատ  են  տպում, համաձայնեցնում  են  մտքերը, ու  էլի  փողով,,:  ,,Արեւի  տակ  տեղ  ունենալու,,  մի  տարբերակ  էլ  քաղաքական  պատվերով  լրագրությունն է, երբ  պատվերով  հոդված  են  գրում ՝թեկուզ  չհիմնավորված  փաստերով, ու  հետո  ստիպված  լինում  դրա  տակից  դուրս  գալ  դատական  ճանապարհով  կամ ՝հերքումով,  եւ  կամ  բղավել ՝,,Հասեք, մերոնց  ծեծում  են,,:  Ինչ  խոսք,  դա  չի  նշանակում, թե  արդարության  առաջամարտիկներին  կամ, ինչպես  ,,Կարգին  սերիալի,,Ջեմման  էր  ասում ՝,,մեռնող  ճշտի  վերջին  ասպետներին,, չեն  հալածում  դատական  կամ  սոցիալական  ճանապարհով : Առայժմ  որեւէ  դրամաշնորհային  ծրագրից  ,,կառչելու,, հեռանկար  չեմ  տեսնում, քանի  որ  համոզված  եմ, որ  այդ  ծրագրերն  էլ  են  հաճախ  ուղղորդվում: ,,Դե  հլա  սեռական  փոքրամասնություններին  կամ  աղանդներին  պաշտպանող  նյութ  գրի, տես  ոնց  ես  գրանտ  շահում,,-հեգնում  է  Հայ  Առաքելական  եկեղեցու  նվիրյալ  մի    ԱԻՄ-ական, մասնագիտությամբ ՝իրավաբան: Իսկ  մի  նախկին  ԱԻՄ-ական  էլ  պնդում  է,  թե  գրանտ  շահողների  մի  մասն  ,,շպիոններ,, են: Սակայն  միաժամանակ  խոստովանում  է, որ  ,,ժողովրդավարությանն,,  ու  չգիտեմ  ինչին  նվիրված  մի  սեմինարի  համար  իրեն  խնդրեցին  հոդված  գրել, ինքն  էլ  գրեց,  ,,լավ  էլ  փող  տվին,,; Այսինքն ՝ մարդը  դեմ  է  ,,գրանտակերներին,, բայց  դեմ  չէ, երբ  իրեն  դրանից  ,,փայ,, է  հասնում:  Ահա  թե  ինչու ՝մամուլում  գնալով  պակասում  են  ռեալիստական  ուղղության  կողմնակից  լրագրողները, եւ  նրանց  լավագույն  դեպքում  կարելի  է  ,,կողմնացույցով,,գտնել  ինտերնետային  կայքերում  կամ  բլոգներում:  Լոռեցիների  ասած ՝էլի  ,,օղորմի  բլոգ  հնարողի  հորը,, որ  մի  ընդհատակյա  դեմոկրատիա  դեռ  մնացել  է  ,,ազատ  ու  անկախ,, հռչակված  երկրում: Մի  հին  լոռեցի, որին  բլոգիս  էլեկտրոնային  հասցեն  տվեցի, հարցրեց. ,,Հիմի  քո  հիմնարկը  ո՞րտեղ  ա, ո՞րտեղ  ես  նստում,,:  Դե  արի  ու  միամիտ  լոռեցուն  բացատրի, որ  պարտադիր  չէ, որ  բլոգ  բացելու  համար  հիմնարկ  ունենաս  կամ  տանը ՝ համակարգիչ: Կարող  ես  պարզապես  ինտերնետ-ակումբի  ծառայություններից  օգտվել, էլեկտրոնային  հասցե  բացել  ու  գրանցել  բլոգը: Ճիշտ  է,  բլոգը  պարբերաբար  նյութերով  թարմացնելը  նույնպես  ծախսեր  է  պահանջում, սակայն  թերթ  տպելուց  շատ  ավելի  քիչ  ծախսատար  է,պարզապես ՝հոդվածները  չեն  ֆինանսավորվում  կամ ՝ սուբսիդավորվում  առնվազն  պետական  կառույցի  կողմից, եւ  կապ  չունի, որ  դու  այդտեղ  այնպիսի  հարցեր  ես  բարձրացնում, որ  թերթերի  կամ  հեռուստատեսության  ուշադրությունից  վրիպում  են: Հետաքրքիր  է, թե  ինչու՞  պետական  կառույցից  թերթերին  ֆինանսավորում  հասնում  է ՝առնվազն  տարեկան  կտրվածքով, մինչդեռ  իրենց  գոյության  անհրաժեշտությունն  ապացուցած  տեղեկատվական բլոգներն  անուշադրության  են  մատնված: Ի  վերջո  ինտերնետի  դարում  ենք  ապրում, կայքն  ու  բլոգն  արդեն  մրցում  են թերթերի  հետ: Պետականորեն  ֆինանսավորվում  են  անգամ ,,թղթի  վրա,, գոյություն  ունեցող  զանազան  ու  զարմանազան  Հասարակական  կազմակերպություններ, որոնց  մասին  հասարակությունը  լավագույն  դեպքում  տեղեկանում  է ընտրությունների  ժամանակ, երբ  իրենց  ձայնը  տալիս  են  իշխանամետ  կուսակցության  կամ  թեկնածուների: Ինչ  վերաբերվում  է  իմ ՝,,հիմնարկ,, ունենալուն /որի  ,,տեղը,, հետաքրքում  էր  միամիտ  լոռեցուն /,  ապա  եթե  դու  առողջ  դատող  ու  քաղաքացիական  հասարակության  քաղաքացի  ես, ոչ  թե  սոսկ ՝ կատարող, եթե  դու  կոչումով  ես  լրագրող, եւ  ոչ  թե ՝վկայականով  ու  հավատարմագրման  հավաստագրով,  ու  եթե  դու  համաձայն  չես  երկրում  տարվող  հակաժողովրդական  քաղաքականության  հետ,  ապա  դու  ,,իրավունք,, չունես  պետական  համակարգում  աշխատես: Հակառակ  պարագայում ՝ այնքան  կհալածեն  քեզ  կամ  այդ  համակարգում  աշխատող  հարազատիդ, որ  ստիպված  կլինես  առողջության  գնով  պայքարել  քո  տեսակի  դեմ  պայքարողների  դեմ:Ահա  թե  ինչու, 1999թվից  ի վեր,  լրագրությունն  ինձ  համար  ավելի  շատ  ոչ  թե  եկամտի  աղբյուր  է,  այլ ՝կոչում: Ճիշտ  է,  եղել  են  պայմանագրով  կամ  դրամաշնորհային  ծրագրի  շրջանակներում  թղթակցելու  ժամանակաշրջաններ, բայց  հետագա  պարապուրդային  շրջանները  վաղուց  գերազանցել  են  եկամուտներին: Մի  երջանկահիշատակ  դասախոս  կար ՝ պրոֆեսոր  Գարեգին  Ղույումչյանը, որ  իր  իրավունքների  համար  պայքարում  զոհվեց, բայց ՝ արդարության  հասավ, եւ  որի  հայցերով  դատական  նիստերը  լուսաբանել  եմ, մի  առիթով  ասաց.,,Աստված  քեզ  տվել  է  մեծ  շնորհ ՝գրելու, եւ  դու  չպետք  է  հրաժարվես  այդ  շնորհից ՝անկախ  ամեն  ինչից, ու  պետք  է  պայքարես, դա  քո  առաքելությունն է,,: Իսկ  օրերս  լոռեցի  ծանոթուհիներիցս  մեկը ՝ ընդդիմադիր  դաշտից, հետաքրքրվեց. ,,Հիմա  ո՞նց  են  գործերդ,,:  Կես-կատակով  ասացի   ,,Ազատ, անկախ  եւ...անտեր,,: Բայց  հիմա  մտածում  եմ, որ ՝AZAT ANKAK-ի  տերն  Աստված  է, նրա  շնորհիվ  է  ինձ  Մուսան  պարբերաբար  այցելում,  ոգեւորում, ուժ  տալիս  ու  ներշնչում, միաժամանակ  օգնելով  դիմակայել: Եվ  դրան  ,,ըմբռնումով,, են  վերաբերվում  նաեւ  իմ  հարազատները՝ իրենց  հնարավորության  սահմաններում  աջակցելով, եւ  դրա  համար  էլ  եմ   շնորհակալ  Աստծուց:                                                                                     ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                                       

                               

суббота, 13 июля 2013 г.

Ջրագծերը փոխում են, ասֆալտապատումը ՝ մոռանում

Շուրջ  2  ամիս  է ՝ Վանաձորի  կենտրոնական  հատվածների  տարբեր  փողոցներ  հերթով  խրամատավորվում  են. ջրատար  խողովակներ  են  փոխում ՝ մայթեզրին  հարող  ուղղությամբ, ու  ջրագիծ  փոխելուց  հետո ,  փորած  ավազախճաքարախառն  զանգվածը  նորից  լցնում  ու  պարզապես  հարթեցնում  են. բայց ՝ ասֆալտապատում  չի  արվում, ինչի  հետեւանքով  առանց  այդ  էլ  կարգին  ասֆալտի  երես  չտեսած  փողոցներն  ավելի  են  այլանդակվում: Այսինքն ՝ջրմուղն  իր  մասով  գործն  անում-վերջացնում  է,  եւ, դրանից  հետո, թվում  էր, թե  համայնքային  ճանշինը  պետք  է  ասֆալտապատում  աներ, բայց ՝ չի  արվում. համենայն դեպս ՝Կ. Դեմիրճյան  փողոցում, որտեղ  շուրջ  3 շաբաթ  առաջ  ,,վիրաբուժական,, միջամտություն  արեցին, ու  այդպես  էլ  ասֆալտապատում  չարեցին:  Ընդ  որում, Դեմիրճյանում  աշխատանքները  կիսատ ՝ անցան  Տերյանին, Տերյանի  մի  մասը  դեռ  խրամատավորված ՝ սկսեցին  ,,մանրից,, քչփորել  Լազյանն  ու  Ղուկասյանը: Այնպիսի  տպավորություն  է ՝ թե  գերմանացիների  հարձակումն  է  Սովետական  Միության  վրա:  1 տարի  էլ  չկա ՝ այդ  փողոցներում  կարկատանային  ասֆալտապատում  էին  արել, իսկ  հիմա  դրա  հետքն  էլ  չկա: Եւ  անուն  է ՝ թե  կառավարությունը  Վանաձորում  ասֆալտապատման  համար  փող  է  հատկացրել: Հիմա  սա  ասֆալտապատու՞մ  է,  թե՞ ՝ ասֆալտատնաքանդում ՝ նախկին  Ղարաքիլիսայի  գյուղական  կոլորիտը  վերականգնելու  ու  փողոցները  վերջնականապես  նախնադարյան  հողային  տեսքին  բերելու  նպատակով: Մայթերն  առանց  այդ  էլ  չեն  ասֆալտապատվում ՝ որպես  կանոն, եւ  պարզապես  ,,լացելու,, վիճակում  են / Կ.Դեմիրճյան, Տերյան / : Փաստորեն,, առանց  այդ  էլ  քարուքանդ  եղած  մայթից  փրկվելու  նպատակով  մարդկանց  որպես  ,,այլընտրանք,, փողոցն  էլ  չի  մնում: Հերթական  անձրեւներից  հետո, Լազյան  փողոցում  անցորդները  անցնող  մեքենաներից  խուսափելու  համար  ստիպված  են  մնալ  ,,ցեխաճմբերի,, հույսին: Սրան  ավելացնենք  նաեւ  այն, թե  ինչ  փոշի  է  բարձրանում  մեքենաների  երթեւեկից  հետո: Ի  դեպ,  մշտական  անձրեւներն  ի  հայտ  բերեցին, թե  ինչ  անորակ  ասֆալտապատում  էր  արվել  Կ. Դեմիրճյան  փողոցում  ՝ 2 ամիս  առաջ / ավելի  ճիշտ ՝ կարկատանային  փոսալցումներ,  որոնց  հիմա  էլ  ավելացել  են  ջրագծեր  փոխելու , բայց  նոր, ավելի  լայնածավալ  ասֆալտապատում  չանելու  վնասները  թե  անցորդների, թե  մեքենաների  համար :  Խրախուսելի  չէ  նաեւ  այն, որ  ջրագծեր  փոխելուց  հետո  փողոցներում  շարունակում  են  մնալ  ավազախճաթմբեր, ինչը  լուրջ  վնաս  է  հատկապես  գիշերային  երթեւեկության  համար: Ընդհանրապես, այդ  ամենի  արդյունքում  աջ  ու  ձախ  երթեւեկություն  է  խախտվում: Նշենք, որ  ամիսներ  առաջ  Վանաձորում  խոշոր  ավտովթարի  պատճառը  ինչ-որ  շինարարական  կիսատ  աշխատանքներն  էին  եղել: Հիշեցնենք,  որ  անորակ  ասֆալտապատման  մեկնարկային  աշխատանքներին  անդրադարձել  ենք  բլոգի ՝ հունիսի 15-ի  համարում ՝,,Եվ  կրկին  անորակ  ասֆալտապատման,  բաց  դիտահորերի  ու  բյուջետային  վնասների  մասին,,:                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                               Հ.Գ. Հուլիսի  24-ի  դրությամբ  լայնածավալ  ասֆալտապատում  է  սկսվել  առայժմ  միայն  Տիգրան  Մեծ  պողոտայում, որտեղ  նույնպես  ջրագծեր  փոխեցին:                                                                                                    

понедельник, 8 июля 2013 г.

Քրիստոնեություն ,,կպոռանք,, ու հեթանոսությու՞ն կվազենք

 Վաղուց  ի  վեր  քաղաքակրթության  դարաշրջանում  ենք, բայց  դեռեւս  հեթանոսական  շրջանի  ծիսակատարությունները  տեղափոխում  ենք  փողոց,  ու  հեռուստատեսությամբ  նախնական  անոնսով  էլ  անուղղակիորեն  ,,խրախուսում,,  անչափահաս  ,,ավարառուներին,,:,,Այսօր  միմյանց  վրա  ջուր  են  լցնում,,-անմեղ  տոնով  ամեն  տարի  հայտարարում  են  հայաստանյան  հեռուստաալիքները,  ու  դրանից  հետո  սկսվում  է,,մեկնարկը,,: Մայթերի  երկայնքով  շարվում  են  ջրով  շշերը  ձեռքներին, կիսավարտիք  հագած  մանուկներն  ու  սկսում  ջուր  լցնել  երիտասարդ  կանանց  ու  աղջիկների  վրա / թեպետ,  այսօրվա  ժամանակակից  հագուկապի  պայմաններում  միգուցե  դժվար  է  կողմնորոշվել, թե  ով  է  տարեց,  ով ՝ երիտասարդ: Ամեն  դեպքում ՝,,թիրախը,,  լինում  են  իգական  սեռի  ներկայացուցիչները: Զարմանում  եմ, , մի՞թե  այդ  երեխաների  ծնողները  նրանց  չեն  խրատում, որ  չի  կարելի  անծանոթ  կանանց  ու  աղջիկների  վրա  ջուր  լցնել, դա  խուլիգանություն  է,  խաղում  ե՞ք, ձեզ  համար  բակում  խաղացեք: Լավ, տանը  միգուցե  դաստիարակություն  չեն  ստանում, բա  դպրո՞ցը... Արդյունքում ՝ այդ  օրը  ոմանց  տոնական  հագուկապն  ու  սանրվածքն  է  փչանում, ոմանք  էլ  նախընտրում  են    հետաձգել  իրենց  պլաններն  ու  այդ  օրը  տնից  դուրս  չգալ: Ոմանք  էլ  որոշում  են  ,,երկաթը  տաք-տաք  ծեծել,,  ու  տեղն  ու  տեղը  ,,դատաստան,, են  տեսնում  անչափահաս  ,,ավարառուների,, հետ ՝ պատժի  տարբեր  միջոցներով:  Միգուցե  նա,  ում  վրա  անխոհեմաբար  ջուր  են  ցանում,  արյան  ճնշման  տատանումներ  ունի,  ու  սառը  ջրի  ցնցուղը  հակացուցված  է: Մի  կողմից  էլ  անհասկանալի  է. եթե  մենք ՝ հայերս,  քրիստոնյա  ենք, ինչու՞  ենք  ետ  նայում  դեպի  հեթանոսություն  ու  նախնադարի  բարքերը  տեղափոխում  ժամանակակից  աշխարհ: Սա ՝ ոչ  միայն  Վարդավառի  պարագայում, այլեւ ՝ Տրնդեզի ՝ խարույկի  վրա  թռչելու: Բա  որ  հանկարծ  հարավ-աֆրիկյան  երկրներից  մեկի ներկայացուցիչն  էլ  իր  նախնիների  սովորույթը  որոշի  մեր  երկրում  կիրառել  ու  խարույկի  վրա  մարդ  խորովի  կամ ՝ հում-հում  ուտի:Եթե  ցանկանում  են  պահպանել  ավանդույթները ՝ որպես  հիշողություն, տեղին  կլինի, եթե  դրանք  իրենց  արտացոլումը  գտնեն արվեստում, գրականության  մեջ, թատերականացված  հանդեսների  տեսքով, եւ  ոչ  թե, ,,մեղմ  ասած,,՝ ինչ-որ  մի  ավարառու  վայրենի ճիչ-գոռոցով  ամեն  տարի  հարձակվի  մարդկանց  վրա ՝ներսում  կուտակված  եռանդը  պարպելով:  Ամեն  տարի  մամուլում,  հեռուստատեսությամբ, ասուլիսներով ՝ առաջադեմ  մտավորականները  քննադատում  են  այդ  բարբարոսությունը, բայց ՝ ոչ  մի  օգուտ: ... Այս  տարի, վանաձորյան  փողոցներում  իրականացվող  Վարդավառին  բնորոշ  երեւույթներն  այսպես  բնորոշեց  վանաձորցիներից  մեկը .,, Ոնց  որ  Սումգայիթի  ջարդերի  ժամանակ  թուրքերը  հայերին  հետապնդել  են,  այ  ըտենց  ընկնում  էին  փախչող  աղջիկների  ետեւից,,: Ի՞նչ  պաակաս  բռնություն  է,  երբ  մարդու  վրա  հակառակ  իր  կամքի  ջուր  են  լցնում:        ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ         


суббота, 6 июля 2013 г.

Արմենտելում սպասարկու՞մ են, թե՞ ՝ ծառայեցնում

 Հուլիսի 5-ին, սահմանադրության  տոնական  օրը  զարմանալիորեն  աշխատանքային  էր  Արմենտել  Լոռու   սպասարկման  բաժնում: Դե  բնականաբար  ռուսաստանյան  պատկանելության  կառույցի  համար  ՀՀ  օրենքները  չեն  գործում: Օգտվելով  ընձեռված  հնարավորությունից, փորձեցինք  հայտ  ներկայացնել ՝ վնասված  հեռախոսագիծը  նորոգել  տալու  համար: Նախ, ինչպես  սովորաբար, հերթի  կտրոն  վերցրի, ու  որպեսզի  զուր  տեղը  ժամանակ  չկորցնեմ ՝ մինչեւ  հերթն  ինձ  հասնի,  ուղեւորվեցի  այլեւայլ  գործերով, եւ  կես  ժամ  անց  վերադառնալուց  հետո, ի  վերջո,   ,,բաղձալի,, հերթն  ինձ  հասավ: Սպասարկման  բաժնի  աշխատակցուհին, տեղեկանալով, որ  բողոքս  կապված  է  հեռախոսագծի  վնասվածքի  հետ, ինչպես  եւ  սպասվում  էր, միանգամից  խորհուրդ  տվեց  զանգել 1-00, որ  գտնվում  է Երեւանում: Ի  դեպ, դեռ  նախորդ  օրն  էի  զարմանքով  տեղեկացել, ու  ֆեյսբուքում  տեղեկացրել, որ  Վանաձորում , Արմենտելի  սիստեմում  հեռախոսագիծ նորոգող  վարպետին  կանչելու  համար  պետք  է   Երեան  զանգել,  որ  այնտեղից  հանձնարարություն  տան  վանաձորյան  մոնտյորին: Թվում  էր,  թե  ինձնից  առնվազն  գրավոր  դիմում  կպահանջեն ՝ եթե  Երեւանն է  վարպետին  հանձնարարություն  ուղարկելու, բայց  չէ, ի՞նչ  դիմում, ի՞նչ  բան...Պարզապես  ՝,,Զանգեք  1-00, այնտեղից  պատվերը  կընդունեն,,: Նախորդ  օրն էլ  նույնիսկ  հեռաքրքրվեցի, թե  ո՞րտեղ  են նստում  վարպետները, արդյո՞ք  Կենտրոնական  հանրախանութի  մոտ  չեն, ինչպես 4 տարի  առաջ , սակայն ,,դավադրաբար,,   չհայտնեցին  գտնվելիք  վայրի  մասին, իբր ՝,,չգիտենք,,: ,,Դուք  երբեւէ  փորձե՞լ  եք  1-00 համարով  կապվել, գիտե՞ք, թե  դա  ինչ  դժվարություն  է  ներկայացնում,, ՝ հարցիս  աշխատակցուհին  պատասխանեց ՝,,Էնքան  պետք  է  փորձեք, մինչեւ  ասի ՝օպերատորին  միանալու  համար  սեղմեք...,,: Ու  նմանատիպ  հրահանգներ: ,,Իսկ  միգուցե  արձակո՞ւրդ  վերցնենք  օպերատորին  կապվելու  համար, ինչու՞  դուք  չեք  զանգում,  դուք  սպասարկման  բաժին  եք  կոչվում, ես ձեզ  տեղյակ  եմ  պահում  որ  հեռախոսագիծը  վնասված է, չէ՞  որ  ամեն  ամիս  1100դրամ  սպասարկման  վարձ  ենք  մուծում,, ՝ հարցերիս  էլ  պնդում  են,  որ  իրենք  պարտավոր  չեն  զանգել,  այլ ՝ բաժանորդը: ,,Իսկ  կա՞  այդպիսի  օրենք  կամ  պայմանագրի  կետ, որ  բաժանորդն  ինքը  պետք  է  տեղեկացնի  Երեւանին, եւ  ոչ  թե ՝ սպասարկման  բաժինը,, հարցս  անպատասխան  մնաց, քանի  որ  հավանաբար  անտեղյակ  էին, թե  Արմենտելի  պայմանագրերում  նման  կետ  կա՞, թե՞ ՝ ոչ:  Որպեսզի  համառ  այցելուի  հարցերից  ի  վերջո  գլուխն  ազատի, աշխատակցուհին  ինձ  տրամադրեց  սրահի  մյուս  անկյունում ՝ ,,դախլի,, վրա  գտնվող  հեռախոսը,  որի  վրա  ընդհանրապես  թվեր  չէին  նշմարվում,  սակայն  մի  կերպ  դրանց  դասավորությունը  վերհիշելով ՝ հավաքեցի 1-00: Եվ  մինչ  ես  փորձում  էի  ,,Հայերենի  համար  սեղմեք 1,,-ից  բացի  իմ  բողոքին  առնչվող  որեւէ  այլ  կողմնորոշիչ  պատասխան  լսել  ավտոպատասխանիչից, աշխատակցուհին, որ  այդ  ընթացքում  ձեռքերը  ծալած  կանգնել  էր ՝,,դախլի,, մյուս  կողմում, թերեւս, համոզվեց, որ  իմ  ջանքերն  իզուր  են  անցնում, բայց  շարունակում  էր  պնդել, թե  ,,Ինչքան  պետք  ա  ՝պետք  ա  սպասեք, մինչեւ  միանաք,,: ,,Ինչի՞, կարող  է՞  Արմենտելի  ճորտն  ենք,  պետք  է  օրերով  1-00  հավաքենք,,  ՝դիտարկումս  անարձագանք  մնաց: Իսկ  աշխատակցուհուն  սրահի  մյուս  անկյունում  սպասողներն  սկսեցին  աղմկել, թե  դա  աշխատատար  գործ  է, եւ  ես  զուր  տեղը  ժամանակ  եմ  խլում / էլ չեն  ասում որ  ժամանակ  էլ  կորցնում  եմ /, եւ ,,ճիշտ,,  կլինի, եթե  հարեւանի  կամ  ծանոթի  տանը  գնամ  նստեմ  ու  այդ  համարը  հավաքեմ  այնքան, մինչեւ  միանամ  օպերատորին: Այսինքն,  ամսեկան  1100դրամ  սպասարկման  վարձ  գանձող  Արմենտելին  ,,չի  կարելի,,  անհանգստացնել, բայց  հարեւանին  կամ  ծանոթին  ,,կարելի,, է:  Ահա  այսպիսի  ,,տնավարի- գեղական,, հարաբերություններ ՝  ժամանակակից  ,,Արմենտելում,,,  որի  կողմից  սպասարկման  վարձը  վերջին  15  տարում  հասցվեց 1100դրամի, չհաշված ՝առանձին  րոպեավճարը: Հարեւանի  կամ  ծանոթի  տնից  կարելի  է  զանգել,  եթե  1-00-ում  մարդ  է  նստած, ու  անմիջապես  վերցնելու  է  պատվերը / առավել  ես ՝ որ  այդ  համարի  զանգերն  անվճար  են /, բայց  հիմա, երբ    սպասարկման  տեղական  ծառայությունները  լուծարվել  են,  ու  քաղաքացուն  ,,կցում,, են  երեւանյան  ռոբոտին, որի  միջոցով համապատասխան  ծառայությանը  ,,բռնեցնելու,, համար  օրուգիշեր  կարող  ես  անօգուտ  անցկացնել, մեղմ  ասած ՝ խենթություն  կլինի  բաժանորդի  կողմից,  խաբեություն ՝ Արմենտելի: Սա  նշանակում  է  քաղաքացուն  ,,պասլատ,, անել գրողի  ծոցը : Ո՞վ  էր  տեսել, վանա ձորյան  մոնտյորին  հայտ  ներկայացնելու  համար  Երեւան  զանգեն : Այս  անհեթեթ  կարգը  ներդրվեց  ոմն  Յորղուլասի   թե  Բլիզնյուկի  օրոք:  Մինչ  այդ  մարդիկ  զանգում  էին  1-08, հայտնում  էին, որ  գիծը  վնասված է, օրվա  ընթացքում  էլ  մոնտյորը  գալիս  նորոգում-գնում  էր: Ավելին.1-08-ից էլ  հետո  զանգում-հետաքրքրվում էին, թե ,,Աշխատե՞ց  ձեր  հեռախոսը,,: Իսկ  հիմա  վանաձորյան  հեռախոսահամար  իմանալու  համար  վանաձորցին  պետք  է  անօգուտ  փորձի  կապվել  երեւանյան  ավտոպատասխանիչի  հետ, որտեղից  մի  երկար-բարակ  հրահանգներից  հետո  քեզ  պարզապես  վերադարձնում  են  ,,դարձ  ի  շրջանս  յուր,,  կամ  ասում ՝,,ձեր  ժամանակն  սպառված  է,,: Ինչպես  կասեին  ,,32 ատամի,, տղաները ՝,,Թող  ծափ  տան  նրանք, ովքեր  հավաքել  են  1-00, որ  ինչ-որ  բան  իմանան, բայց  այդպես  էլ  չի  հաջողվել...,, Փաստորեն, սպասարկման  վանաձորյան  բաժանմունքը, որ ,,օտարվել,, է,  մարզային  ղեկավարության  ,,նստավայրից,,  ու  քշվել  մի  խոհանոցաչափ  տարածք ՝ Տիգրան  մեծ 59  հասցեում,  քաղաքացիներին  ոչ  թե  սպասարկում  է,  այլ ՝ծառայեցնում: Ընդ  որում, մարզային  ղեկավարությանը  որեւէ  հարցով  դիմելն  անհնար  է,  քանի  որ  վերջիններիս  ,,թագավորանիստի,, մուտքն  ընդհանրապես  արգելված  է  քաղաքացիների  համար :  Մամուլի  ծառայությունն  էլ  միայն  Երեւանում  է:  Իսկ  միգուցե  պետք  է  գոհ  լինենք, որ  վանաձորյան  մոնտյորների  տեղն  իմանալու  համար  պետք  է  Երեւանի  հետ  կապվենք,  ոչ  թե ՝ Մոսկվայի  Կրեմլի կամ  Լենինգրադի  Սմոլնու, չէ՞  որ  Արմենտելը  ռուսաստանյան  պատկանելություն  ունի . ,, Ալո,  Սմոլնի, շտապ  մեզ  հայտնեք  վանաձորյան  մոնտյորների  հեռախոսահամարը ,,:  Եւ,  ինչպես  կասեր  մեծն  Չարենցը ՝ ,,Ու  հեռախոսը  ֆրոնտից  հազում  է  շիֆր,,:  Ակնկալում  ենք, որ  սույն  հրապարակումը  միգուցե  կարժանանա  Հանրային  խորհրդի  ուշադրությանը, ու  միգուցե  մտաբերեն,  թե  ո՞վ  եւ  ի՞նչ  հիմունքներով  սեփականացրեց  հայաստանյան  կապը  ու  հանձնեց  օտարի  ձեռքը,  ու  հիմա  ինչպես  ուզում,  այնպես  տնօրինում  են,  ի՞նչ  հիմքով  է  հեռախոսավարձը  մի  քանի  անգամ  թանկացել,  եթե  սպասարկման  գործառույթները  պակասել  են ՝ի վնաս  ժողովրդի, եւ  ինչու՞  է  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը  ,,դաբրո,, տվել  այդ  թանկացումներին:         

ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 4 июля 2013 г.

Սահմանադրությանը, Վարդավառին ու մեռելոցին ընդառաջ

 Պարզվում  է,  գների  բարձրացմանը  համահունչ  թոշակները  չբարձրացնելուն  զուգահեռ ՝ կառավարությունը  մի  անակնկալ  էլ  էր  պատրաստել  թոշակառուների  համար: Չնայած  յուրաքանչյուր  ամսվա  1-2 ից  իբր  թե  պետք  է  մշտապես  բաշխվեն  թոշակները, սակայն  այդ  կարգը  թերեւս  միայն  մայրաքաղաքում  է  գործում  կամ ՝ ընտրությունների  շեմին:  Հուլիսի  4ի  կեսօրի  դրությամբ,  սահմանադրության  տոնի  նախօրեին  Վանաձորի  փոստային  բաժանմունքներում դեռեւս  չէին  սկսել  թոշակների  բաշխումը, իսկ  վաղ  առավոտից  անհույս  հերթի  կանգնած  թոշակառուները  չգիտեին  անգամ, թե  թոշակ  կլինի՞, թե՞ ՝ չի  լինի, կամ  իրենց  կհասնի՞, թե՞՝  չի  հասնի: Եվ  միայն  կեսօրից  հետո ,, երջանիկների,,  մի  ստվար  խումբ  միայն ՝ թոշակն  ստանալուն  պես ՝ արդեն ,,գրոհի,, էին  դուրս  եկել  խանութների  վրա,  ոմանք  էլ շուկա ՝ ծիրանի ,,որսի,,: Իսկ  մնացյալը, որոնց  թվում ՝ տներում  թոշակին  սպասող  վատառողջներ, ստիպված  կլինեն  միգուցե  օդով  սնվել  կամ  դեղորայք  գնել  ՝մինչեւ  շաբաթ  կամ  երեքշաբթի, քանի  որ  երկուշաբթին  էլ ՝Վարդավառին  հաջորդող  օրը,  մեռելոց  է: Ընդհանրապես  անհասկանալի    խտրականություն  է. ինչու՞  բանկային  բաժանմունքներում  թոշակները  մի  քանի  օր  ավելի  շուտ  են  բաշխվում, քան ՝ փոստային  բաժանմունքներում, կամ  մարզկենտրոններում  ավելի  շուտ  են  բաշխում, քան ՝ գյուղերում: Չէ՞  որ  թոշակառուներն  ունեն  նույն  սահմանադրական  իրավունքները:    Այս  ֆոնի  վրա  հարկ  ենք  համարում  մեկ  անգամ  եւս  հիշեցնել  ընթացիկ  ու  սպասվող  թանկացումների  մասին: Ամենայն  հավանականությամբ, ամսեամիս  թոշակների  բաշխման  ժամկետների  երկարաձգումն  ապացույց  է  այն  բանի, որ  գումարները  ,,խաղացվում,, են  բանկերում  կամ ՝  համապատասխան  սոցիալական  մարմինների  կողմից  պտտեցվում  են,  եւ  ,,Խաչիկյան պլյուս  բանդայի,,՝  թոշակների  յուրացման  գործով  ,,լավագույն  ավանդույթները,,  շարունակվում  են: Ի՞նչ  տարբերություն ՝ մեռածների  անվամբ  գումարներ  յուրացնեն, թե՞ ՝ ողջերի  գումարները  պտտեցնեն  այն  հույսով, որ  այս  ընթացքում  էլի  մի քանիսը  ,,վարի  կգնան,,: ,,Դե  դաչնի  սեզոնն  սկսվել  ա,  տղեքին  ,,վիզ,, փող  ա  պետք,  Դուբայ-մուբայ, Տայլանդ, Իսպանիա ...,,-հեգնում  է  վանաձորցիներից  մեկը: Իսկ  1-2  օր  ուշացնելն  անգամ  կարող  է  ճակատագրական  լինել  շատերի  համար: Հիշեցնենք  նաեւ, որ  Վանաձորում  պակասում  են  թոշակառուները, քանի  որ  շատերն  անգամ  թոշակի  տարիքի  չեն  հասնում,  եւ  այս  պայմաններում,  երբ  թոշակառու  քիչ  է  մնացել,  էլ  ավելի  անընդունելի  է  /  եթե  ոչ ՝ ցինիզմի  դրսեւորում  / այս  բնագավառում  ուշացումները  կամ  մարդկանց  ստորացնելը ՝ տանել- բերելու  կամ  սպասեցնելու  առումով. այն  էլ ՝ տոնի  նախօրյակին: Իսկ  ցինիզմի  ծայրահեղ  դրսեւորում  է  ոչ  միայն  թանկացումների  ֆոնի  վրա  թոշակները  չբարձրացնելը,  այլեւ ՝մի  քանի   հազար  դոլարանոց  բիոզուգարանների  կառուցումը ՝ պետբյուջեի  հաշվին, մինչդեռ  տարեցտարի  պակասող  թոշակառուների  ավանդների  վերադարձի  համար  բյուջեում  այդպես  էլ  փող  չգտնվեց: ,, Հետո  էլ  որ  Լեւոնն  ասում  էր  ավազակապետություն ՝ նեղանում  էին, ավազակապետություն  չի, բա  ի՞նչ  ա,,- վերոնշյալ  խնդիրները  նկատի  ունենալով ՝ ասում  է  վանաձորցիներից  մեկը:  Փաստորեն, մինչ ,,վերեւներում,,  ԵԽԽՎ, վերահսկիչ-վերաքննիչ  ու  ,,Օֆշոր,, են  ,,խաղացնում,  ,,ներքեւներում  սոցիալապես  անապահով  խավերը  բացարձակ  անտերության  են  մատնված  ու  արհամարհանքի: Հավանաբար, պաշտոնյաներին  միանգամայն  ,,իրավացիորեն,,  թվում  է,  որ  սահմանադրությունը  միայն  իրենց  տոնն  է,  եւ  ոչ  թե ՝ հասարակ  մահկանացուների, որոնք  ստիպված  են  լինելու  հայհոյել  տոնն  էլ,  տոնն  ստեղծողին  էլ: Իսկ  միգուցե  դա  ձեռնտւ՞  է  ինչ-ինչ  ուժերի , որոնք  լծակներ  ունեն  պետական  կառավարման  համակարգում: Ի՞նչ  իմանաս: Ակամա  հիշում  եմ  խորհրդային  տարիները, երբ  ուսուցիչներից  ոմանք, դասամիջոցի  զանգից  ուրախացած  աշակերտների  ոգեւորության  վրա  ,,ջուր,,  էին  լցնում ՝ ասելով .,,Զանգը  ձեզ  համար  չի, ինձ  համար  է,,: Ինչպես  կասեին  ,,32ատամի,, տղաները ՝ ,,Թող  ծափ  տան  նրանք, ովքեր  այդպիսի  ուսուցիչ  են  ունեցել,, ՝ որոնք  էլ  ուսանել  են  այն  պաշտոնյաներին, որոնք  այսօր  գտնում  են,  որ  սահմանադրության  տոնը  միայն  իրենց  համար  է, ոչ  թե ՝շարքային  ժողովրդի:                             ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                         

понедельник, 1 июля 2013 г.

Իսկ չի կարելի՞ ծիրանով փոխհատուցել գազի ու էներգիայի գնի բարձրացումը

 Արդեն  մի  քանի  շաբաթ  է ՝ Արմավիրի  մարզի  գյուղացիների  բողոքն  է  հնչում  հեռուսռտատեսությամբ . ավելի  շատ ՝,,Կենտրոնով,,. բողոքում  են, որ  ծիրանի  հսկայական  պաշարներ  են  կուտակվել, չեն  կարողանում  իրացնել ՝ կառավարությունն  էլ  տեր  չի  կանգնում: Բերքն  արեւի  տակ  օրերով  մնալով ՝ որակազրկվում է, եւ ստիպված են  լինելու  թափել: Կարծում  ենք, տեղին  կլինի, եթե  կառավարությունն առնվազն  ծերանոցների, մանկատների  համար  ծիրանի  մեծաքանակ  գնումներ  կատարի. կամ...թոշակառուներին  փոխհատուցի  ծիրանով ՝ հուլիսի  մեկից  բարձրացող  գազի  ու  էլէկտրաէներգիայի  դիմաց. պատկերացնու՞մ  եք , փոստային  կամ  բանկային  բաժանմունքներում  թոշակի  հերթ  կանգնած  մարդկանց, թոշակը  հատկացնելուց  հետո  խնդրում  են  մոտենալ  անկյունում  տեղադրված  ծիրանի  արկղերին  ու  մեկական  արկղ  տուն  տանել...համա  թե  տեսարան  կլինի՜...Ի  դեպ,  այս  օրերին  ծիրանը  վանաձորյան  շուկայում, ինչպես  ասում  են ՝ ,,ցեխի  գնով ,, վաճառվում  է : ,,Օղորմի  էս  ծիրան  հնարողի  հորը, թե չէ  բազար  էկող  չտեր  ըլի, ժողովուրդն  արդեն  մոռացել  էր  բազարի  տեղը,,-կատակում  է  առեւտրականներից  մեկը ՝ միաժամանակ  չարախնդալով ՝նկատի  ունենալով  գազի  գնի  բարձրացումը.,,Հլա  սպասե՜ե՜ե՜եք,  հուլիսի  մեկից  եդը  բազարըմ  մարդ  չտեն  գտնի, մինիսկածելով  տեն  մարդ  ման  գա,,:  Թերեւս, ծիրանի  մեծաքանակ  վաճառքն  ու  պահածոյացման  աշխատանքները  խրախուսելու  նպատակով ՝ շաքարավազի  գինը  մեծահոգաբար  իջեցրել  են...մի  ամբողջ  10դրամով ՝ դարձնելով 370դրամ: Ի  դեպ,  ծիրանը  միակ  էժան  միրգն  է, քանի  որ  դեֆիցիտի  խնդիր  առայժմ  չունի ՝ ի  տարբերություն  ելակի, տանձ  ու  խնձորի: Իսկ  օրերս  ,,արժանապատիվ,, դիրքերում  են  հայտնվել  վարունգ-պոմիդորը. հուլիսի  մեկից  սպասվող  թանկացումներին  ընդառաջ. վարունգի  գներն  սկսում  են  1կգ-ը 150դրամից-ի ՝մինչեւ 400/, պոմիդորի  գներն  սկսում  են 300 դրամից ՝ մինչեւ 450, ինչից  կարելի  է  ենթադրել, որ կամ ներկրողներին  չեն  թույլ  տալիս  պոմիդոր  ներկրել,որպեսզի  տեղական  թանկը  վաճառվի, կամ ՝ տեղական  չկա,  ու  մարդիկ  ներկրովու հույսին  են:                                                                                                                               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ