Հայրենի կառավարողներն իրենք իրենց վրա մշտապես թեմա են բերում : Մարդ երազում է, որ գոնե մի օր գրելու բան չունենա ՝ չի լինում: Խնդրեմ, երեկ երեկոյան հեռուստացույցի առջեւ նստած ՝ հայաստանյան լուրերն էի ,, մարսում,,՝ մինչեւ ռուսաստանյան ալիքներով որեւէ խելքը գլխին ֆիլմ կամ հաղորդում ,,բռնեցնեմ,, ՝ մեկ էլ հոպ ՝ տարբեր ալիքներով միմյանց հաջորդաբար գյուղնախարարության ոլորտի պատասխանատուները հո իրենց չեն կոտորու՜մ, հո ջանքեր չեն թափու՜մ ՝ փորձելով ժողովրդի ուշադրությունը սոցիալ-քաղաքական ընդհանուր լարվածությունից շեղեն ձվի շուկայի չարչրկված թեմայի վրա, ու համոզեն, թե Նոր տարվա նախօրյակին ձվի դեֆիցիտ չի եղել, թանկացում էլ չի համարյա եղել, այլ ընդամենը...ճանապարհները սառած են եղել, ու ապրանքը ուշ է տեղ հասել: Հետո գիտե՜ք, մենք ձվի պակաս չունե՜նք, միլիոնավոր ձվեր ենք արտադրո՜ւմ, միլիոնավորն էլ ներկրում: Ավելի վատ. եթե հանրապետությունը ձվից պայթում-տրաքում է ,ձուն ի՞նչ հիմքով է այդքան թանկ : Եվ հետո ո՞ւմ եք խաբում. ապրանքը ուշ էր տեղ հասել, թող ուշացած վիճակով գինն անփոփոխ մնար, առնվազն ՝ արդեն իսկ ամիսներ առաջ թանկացած 70 դրամի վրա, եւ ոչ թե ՝ 80-90 դրամ : Անգամ նախորդ տարիների ավանդույթը խախտելով ՝ հեռուստաալիքներն այդ օրերին քար-լռություն պահեցին, եւ չցուցադրեցին ձու չունեցող խանութների դատարկ վաճառասեղանները կամ ՝ տեղ-տեղ 90 դրամով վաճառվող հավկիթները :Ի՞նչ կարիք կար ցույց տալու, չէ՞ որ ավելի լավ տարբերակ կա. տոներից հետո թող մի 20 օր անցնի ՝ հետո կասենք ՝ ,,Դեֆիցիտ չի եղել,,: Հայազգի որոշ չտեսներ էլ նախատոնական օրերին, թանկացման պայմաններում փոխանակ մի քիչ էլ զսպվածություն ցուցաբերեն, ու ձվային մաֆիայի ախորժակին քացախ լցնեն ՝ շփշփալով ոնց են արկղերով տանու՜մ, ասես աշխարհի վերջն է, ու էլ հավերը ձու չեն ածելու : Եվ անգամ ՝ ոգեվորված իրար ,,թասիբի,, են գցում.,,Հրեն էսինչ տեղը 80դրամով գտել եմ, ասըմ ա էլի տի թանկանա...,,:Ի՞նչ ասես ՝ ստամոքսին գերի ժողովուրդ, աչքը վախեցած, ու էս մակարդակի ,,խալխն,, էնքան ձեռնտու է կառավարողների՜ն...:Մեկ հարցնող լիներ ՝ էդ արկղերով որ էդքան տանում եք ՝ Նոր տարվա շեմին, որ ի՞նչ. մսեղենի ու մրգեղենի, ,,չարազի,, կողքին ձվեր էի՞ք շարելու, որ մրսած ,,ղոնաղները,, կոկորդները բացեն: Հազիվ թե խմորեղենի համար էլ այդքան շատ պետք գար, մանավանդ, որ ժողովրդի մեծ մասը հիմնականում խմորեղենը գնում է, եւ ոչ թե ՝պատրաստում ՝ թանկացած գազի պայմաններում կամ բացակայությամբ: Ուղղակի մարդու ,,խասիաթ,, է, պետք է անպայման թանկացած ձու առնի ու հատկապես թանկացած կանաչի ՝թեկուզ 500դրամով, որ տեսնեն, որ իր սեղանին դրանցից էլ կար: Կարծես թե սեղանի ամանօրյա խորհրդանիշ բարիքները թողած ՝պետք է ձվով ու լոշով կանաչի ուտեն հարեւան-բարեկամներով: Մարդ զարմանում է, ուրիշ երկրներում որ մի մթերք է թանկանում, ազգովի փողոց են դուրս գալիս, էս ժողովրդի մեծ մասի հեչ պետքն էլ չէ. ձուն 30դրամից դարձրել են 70-80-90 դրամ, ու դեռ վրաները խնդում են ՝ մտածելով, թե էլ ինչքան դարձնենք, որ էս հարիֆները մի թեթեւ ձեն հանեն, դեռ շփշփալով առնում են:Անգամ ձու ներկրող մի վաճառող էր վերջերս գործընկերոջը գանգատվում, թե ձու բերելը ձեռնտու չի, քանի որ թանկ է, ու ճիշտ կլինի, եթե ժողովուրդը մի որոշ ժամանակ ձու չառնի, որպես բոյկոտի ձեւ,քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն գինն իջեցնեն, չէ՞ որ մթերքը կարող է փչանալ: Մի օր չեղավ ՝ մի պատգամավոր Ազգային ժողովի ամբիոնից ասի ՝ ,,Էս ձվի գինն էս ու՞ր եք հասցրել,,: Դե տնտեսական թեմաներից Բագրատյանն է լավ հասկանում, նա էլ երեւի վախենում է, որ հենց խոսի այդ թեմայով, կասեն ՝ դու հլա սուս, էն դու չէի՞ր, որ 90-ականներին ասում էիր ,,Ձու մեք ուտի...,,:Ես հիմա որոշել եմ անսալ այդ խորհրդին ու ձվամաֆիայի շուկայի ջաղացին ջուր չլցնել, որպես ,,քաղաքացիական անհնազանդության,, փոքրիկ դրսեվորում: Եվ դեռ չեն ամաչում, ասում են ՝ ,,Զատիկին թանկացում չի լինի,,: Բա չասե՞ս ՝,,ստին ի՞նչ ասեմ,, .Նոր տարվա նախօրյակին էլ համոզում էիք / ու ,,Առավոտ,, թերթում հավաստիացնում/, թե Ամանորի նախօրեին թանկացում չի լինի: Նոր տարին ավարտվեց ՝մի քանի օր հետո Վանաձորի խանութներում կրկին 70դրամով հայտնվեցին այն ձվերը, որոնք նախօրեին 80-90դրամով էին վաճառել:....Լա՜վ, ասենք ՝ միջին տարիքի մարդիկ մի կերպ իրենց զսպեն կամ ճարահատյալ չինական խոհանոցի անցնեն ՝ բզեզ-մզեզ ուտեն, բա էն խեղճ մանուկներն ի՞նչ անեն, որ պետք է օրական գոնե 2 ձու ուտեն, որ առողջ մեծանան, որ առողջ զինվոր դառան ու էս երկիրը պահեն... : Էդ երեխաների ծնողների էլ աշխատավարձից եք որոշել պահումներ անել, գրպանի փողերն եք կրճատում ՝ տրանսպորտի հաշվին, որ ո՞նց տուն պահեն, երեխա պահեն... ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն