2000-2007թվերին մամուլում հանդես եմ եկել Վանաձորի քիմիական համալիրին / որի մեջ ոչ միայն քիմգործարանն է մտնում, այլեւ ՝քիմմանրաթելերի գործարանն ու ՋէԿ-ը / շուրջ 14 հրապարակումներով: Ստորեւ ներկայացվելիք հոդվածը դրանցից մեկն է ՝2006 թվի սեպտեմբերի 1-ին ,,Փակագիծ,, օրաթերթում գրված, որտեղ ի մի են բերվել քիմգործարանին առնչվող վկայություններ ՝ մամուլից: Ներկայացվելիք հոդվածը, որի հրապարակումից անցել է 8 տարի, ցավոք, արդիական է նաեւ այսօր, քանի որ մինչ օրս էլ շարունակվում են աշխատողների բողոքի ցույցերը ՝ աշխատավարձերի չվճարումների առնչությամբ, մինչ օրս էլ անհայտ է գործարանի հետագա ճակատագիրը, իսկ երեկ էլ հեռուստատեսությամբ ականատես եղանք, որ հերթական անգամ աշխատողներին 1 ամսվա աշխատավարձ են խոստանում , ու դեռ հարց է, դա էլ կտա՞ն, թե՞ էլի կասեն ՝,,մոժետ բիծ զավտրա, ա մոժետ բիծ ՝պոսլե զավտրա,,. այնպես, ինչպես ողջ գարնան-ամռան ընթացքում: Ու ոչ միայն աշխատավարձ է խոստացվել աշխատողներին, այլեւ ՝հստակ ինֆորմացիա գործարանի հետագա ճակատագրի մասին: Իսկ այժմ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում քիմիական գործարանի պարբերական ցույցերի ու ճակատագրի անորոշությանն առնչվող նյութը ՝դեռեւս 2006թվի մամուլից: ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ՝ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ Օգոստոս ամսին բողոքի հերթական ակցիան էին կազմակերպել Վանաձորի ,,Պրոմեթեւս--Քիմպրոմ,, համալիրի աշխատողները / նախորդ ցույցերը 2005 թվի գարնանն էին /: Այս ցույցը նախորդներից տարբերվում էր նրանով, որ ցուցարարներին միացել էին նաեւ...համալիրի տեղական ղեկավարները: Նրանցից գլխավոր ինժեները նույնիսկ հրապարակավ հայտարարեց աշխատողներին.,,Ես ձեզ հետ եմ,,: Բողոքավորների դժգոհությունն էր հարուցել այն, որ իրենց համար անորոշ է համալիրի ճակատագիրը / դժվար է ստույգ հիշատակել, թե քանի անգամ է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը ԱԺ ամբիոնից խոստումներ տվել ՝համալիրի աշխատելու վերաբերյալ՝վերջինիս հերթական պարապուրդից հետո/ : Հիշեցնենք, որ շուրջ 2 տարի է, համալիրի 50 տոկոս բաժնետոմսերը մի սեփականատիրոջից մյուսին են անցնում, իսկ հիմա ընդհանրապես անհայտ է, թե ո՞ւմ են անցնելու դրանք, որոնք, ըստ տեղեկությունների, առայժմ կառավարության ձեռքին են: Համալիրի աշխատողներին վրդովվեցրել էր այն, որ գործարանի եկամուտները տնօրինողներն ամենեւին չեն մտածում նրանց մասին, ովքեր իրենց աշխատուժն են ներդրել այդ եկամուտների ստեղծման համար:,,Երեւանից գալիս են էստեղ՝խոպան անում-գնում,,-դժգոհեց աշխատակիցներից մեկը ՝ համալիրի եկամուտները տնօրինողների մասին: Օգոստոս ամսին Վանաձոր կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահը, ի պատասխան համալիրի ճակատագրի մասին ավանդական, չարչրկված հարցի, կրկին համբերության կոչ արեց: Մինչդեռ մարդիկ զարմանքով նկատում են.,,1998 թվից էս կողմ, ինչ սեփականաշնորհվել է, ասում են ՝ համբերեք.ինչքա՞ն կարելի է համբերել,,: Հիշեցնենք, որ քիմիական համալիրի թեման, սկսած 1998թվից, թե նախագահական, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների քարոզչության բաղկացուցիչ մասն է կազմում. որն, իբր թե 5-6 հազար աշխատատեղ ստեղծելու հեռանկար ունի: Իսկ 2003թվից այդ թեման ընդդիմության հակաքարոզչության բաղկացուցիչ մասն է կազմում: Հետաքրքիր է, որ իշխանությունների կողմից շարունակաբար որպես առավելություն է դիտվում այն, որ քիմիական համալիրը 1998թ.սեփականաշնորհելուց հետո վերականգնվել է, եւ նրա նկատմամբ հետաքրքրություն կա ՝գնորդների կողմից: Այս հանգամանքը շեշտեց նաեւ ՀՀ նախագահը ՝ օգոստոս ամսին Վանաձոր կատարած այցի ժամանակ:Իսկ պատմական փաստերն ապացուցում են, որ համալիրը 1988թվի երկրաշարժից հետո լիարժեք պարապուրդի մատնված չի եղել:Ահավասիկ, 1998թ.Լոռու մարզպետարանի կողմից կազմված մի տեղեկագրում՝,,Սպիտակի երկրաշարժ ՝1988-1998թթ.,, նշվել է.,,Երկրաշարժից հետո Վանաձորում կառուցվել է 1 եւ վերականգնվել են բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, բացի տրիկոտաժի ֆաբրիկայից,,: Պատմական մի աղբյուր էլ հավաստում է, որ 1991թ.Կիրովականի քաղխորհուրդը որոշում է ընդունել ,,Հանձնարարել ,,Ռուբին,, գործարանի ղեկավարությանը ս.թ.հունիսի մեկից 3 տարի ժամկետով վերաշահագործարկել կալցիումի կարբիդի արտադրության 1 վառարանը,, / գրել է Վանաձորի ,,Վերածնունդ,, թերթը 1991թ. մարտի 9-ին/: Որոշման մի կետով էլ առաջարկվել է ՀՀ նախարարների խորհրդին ,,ապրանքային կարբիդի իրացումից հանրապետության բյուջե ներմուծվող վալյուտային միջոցների 50 տկոսը թողնել Կիրովականի քաղխորհրդի տնօրինության տակ,,: ,,Արդեն իր աշխատանքներն է վերսկսել ,,Ռուբին,, գործարանը, արտադրում է կարբիդ ու թթվածին,,- սա արձանագրել է նույն թերթը ՝1992թ.: Քիմիական համալիրի կազմի մեջ մտնող քիմգործարանի, քիմմանրաթելերի գործարանի եւ ՋԷԿ-ի ՝մինչեւ սեփականաշնորհվելը առանձին փուլերով աշխատելու ապացույցը այդ գործարանների աշխատողների ՝նախկինից եկող աշխատավարձերի պարտքերն էին, որոնք մաս-մաս սկսեցին վճարել միայն այն բանից հետո, երբ աշխատողներն այդ առթիվ բողոքի ցույցեր կազմակերպեցին: Ընդհանրապես, սեփականաշնորհվելուց հետո համալիրում աշխատավարձերը, որպես կանոն, տրվել են կռիվ-ղալմաղալով, բողոքի ցույցերով կամ դատարանի միջամտությամբ: Ժամանակ առ ժամանակ էլ Լոռու մարզպետը կամ մարզային դատախազությունն է միջամտել աշխատավարձերի վճարման համար: Այս պայմաններում պարզապես զավեշտ էր ժամանակ առ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվող մկրատաժապավենային արարողությունները գործարանի բացման կամ վերաբացման առթիվ, եւ կամ ժամանակավորապես աշխատող որեւէ արտադրամասի աշխատանքը հեռուստատեսությամբ ցուցադրելը: Ի դեպ, ՀՀ նախագահը Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, համալիրում ստեղծված իրավիճակի առթիվ խոստովանել է.,,Տարիներ են անցել, բայց սայլը տեղից չի շարժվում,,: Հատկանշական է, որ 2000թ.Վանաձորի ներկա քաղաքապետի կողմից համայնքի ավագանին ,,Վանաձորի պատվավոր քաղաքացու,, կոչում էր շնորհել համալիրի տնօրեն Սենիկ Գեւորգյանին: Իսկ հիմա այդ նույն քաղաքապետը դատական գործընթաց է սկսում ,,Պրոմեթեւս-Քիմպրոմի,, դեմ ՝պահանջելով համայնքային բյուջեին ունեցած համալիրի պարտքը՝170միլիոն դրամ / եւ դրա դիմաց պահանջում է համալիրի տնօրինության տակ գտնվող ունեցվածքը. հանրակացարանի շենքը, ջրավազանը /: Հետաքրքիր է, որքա՞ն է կազմում ,,Պրոմեթեւս-Քիմպրոմի,, կողմից 2000թ.Վանաձորի բնակտնտեսությանը նվիրած 8000հատ ,,շիֆերի,, / տանիքների նորոգման նպատակով / գինը: Ընդհանրապես, նման նվիրատվությունն էլ էր անհասկանալի այն դեպքում, երբ այդ տարիներին համալիրի աշխատողների աշխատավարձերի հսկայական պարտքեր կային կուտակված, որի կապակցությամբ անվերջ բողոքներ էին ուղարկվում վերադաս մարմիններին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ / 1.09.2006թ. ,,Փակագիծ,,օրաթերթից /
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն