Վանաձորաբնակ 73-ամյա միայնակ թոշակառու Գյուլնարա Հակոբյանը ՝Կ.Դեմիրճյան 20 շենքի բնակչուհի, որ երկար տարիներ աշխատել է տրիկոտաժի ֆաբրիկայում, 2013թվից սկսած ՝ բողոքներ է հղում Վանաձորի քաղաքապետարան, Լոռու մարզպետարան, ոստիկանության մարզային ու քաղաքային բաժանմունքներ: Ոչ գրագետ ձեւակերպումներով ու մտքի որոշ անհարթություններով շարադրված նրա նամակներից, դրանց առթիվ նրա ստացած պաշտոնական պատասխաններից ու նրա հետ բանավոր զրույցից պարզվեց հետեւյալը: 5 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող խանութի պահեստային մասում գտնվող պոմպը, որ ձկնաբուծարան է աշխատեցնում ՝նկուղում տեղադրված, կառավարվում է 2-րդ հարկի ինչ-որ մեկի բնակարանում տեղադրված վահանակից ՝միացնիչ-անջատիչից: ,,Որ կամացացնում են ՝բժժում եմ, որ ուժեղացնում են ՝հոտից մեռնում եմ; Ձկների անտանելի հոտ ա: Գիշերն էլ ուժեղ նասոս է միանում: Ու չգիտեմ տանս տակը ջրաղաց է, թե կատելնի, թե մարմանդ առվակ ՝իր սառը խշշոցով:Մի քանի անգամ վատացել եմ, շտապօգնություն է եկել,,-գրել է Գյուլնարան համապատասխամն կառույցներին եւ նույնն էլ հաստատեց զրույցում ՝ առավել մանրամասն:,,Գիշերը գլխարկով եմ քնում,,- աղմուկից պաշտպանվելու իր ճարահատյալ մեթոդը, որ հազիվ թե հարցի լուծում լինի, այսպես է ներկայացնում իմ զրուցակիցը, որին, սակայն, մի ոստիկան այլ խորհուրդ է տվել.,,Խորհուրդ տվեց, որ գնամ դեղ առնեմ, քնելու համար թե մեռնելու ՝ չգիտեմ,,-գրել է մարզային ոստիկանապետին գրված 2 էջանի ձեռագիր շարադրված նամակում,որն ամփոփել է դաշնակցական կարգախոսով.,,Շատ եմ խնդրում ինձ մահ կամ ազատություն շնորհեք այս հարցում,,:Ոչ միայն պոմպի աղմուկն ու բվվոցն է խանգարում նրան, այլեւ ՝ դրա հետեւանքով բնակարան թափանցող սառը հոսանքը, որի պատճառով ամռանն անգամ հաճախ մրսում է անկողնում:Նրա պատմածով, պոմպն աշխատեցնում է 2-րդ հարկի բնակարանի վարձակալը ՝ քաղաքապետարանի աշխատակից:,,Դեկտեմբերի 16-ի երեկոյան իջա տնվորին ասի՝ գոնե մի քիչ կամացացրեք, որ կարենամ գիշերը լուսացնեմ, ասաց ՝ սպասի, ու դուռը փակեց, ես էլ դրսում սպասեցի, հետո դուռը բացվեց, ու մեկ էլ վրաս երկու աման ջուր լցվեց, ուզեցա վազեմ տուն ՝բարձրանալիս վայր ընկա ու ոտքս վնասվեց, չէի կարողանում շարժվել,,: / մեջբերում ՝ օմբուդսմենին ուղարկելիք նամակից /: Դեպքի մասին բողոքել է ոստիկանություն, մանրամասն պատմել է, բացատրություն տվել, բայց ՝ վկա չի ունեցել...Մի քանի անգամ էլ փորձել է ընդունելության մտնել մարզային ոստիկանապետի մոտ, սակայն թույլ չեն տվել: Ոտքը վնասվելու առթիվ բժշկի է գնացել, զննել են, սակայն երբ տեսել է, որ անկետայի մեջ այդ ամենը չի նշվել, ցանկացել է վերցնել անկետան ու պատռել, բայց զննող բժիշկը կանխել է այն, ասելով, որ այդ առթիվ կարող է ոստիկան կանչել: Պոմպի աղմուկի առթիվ գրած բողոքներից հետո համապատասխան կառույցներից եկել են, բայց այդ այցերի մասին նախապես տեղեկանալով ՝ պոմպը անջատել են, կամ, եթե անգամ ,,բռնացրել,, են պոմպի աշխատանքը, այցելուները պնդել են, որ իրենք աղմուկ չեն լսում: ,,Մի անգամ էլ որ եկան, ասի մենակ թե չասեք ՝չենք լսում, էդ ո՞նց եղավ, որ ես լսում եմ, դուք չեք լսում,,- պատմում է տիկին Գյուլնարան: Ըստ այդմ, պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնից 31.10.2013թ.մարզպետին զեկուցել են / ի պատասխան Գյուլնարայի գրած բողոքի ՝ մարզպետին ուղղված /, որ ,,աղմուկը թույլատրելիի սահմաններում է, քանի որ խանութի նկուղային հարկում չհայտնաբերեցինք ոչինչ, որ կարող էր աղմուկի պատճառ հանդիսանալ,,: Ի պատասխան 9.01.2014թվի բողոքի էլ Վանաձորի ոստիկանությունից Գյուլնարային պատասխանել են, որ ,,Դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերը թողնվել են անհետեւանք, քանի որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը,,: 26.09.2013թ. գրությամբ էլ Վանաձորի քաղաքապետարանից են պատասխանել, որ ,,Պոմպը աշխատում է խանութի աշխատանքային ժամին, եւ դրա առաջացրած աղմուկը չի կարող խաթարել բնակիչների հանգիստը: Միեւնույն ժամանակ տեղեկացվում է, որ բազմաբնակարան շենքի սեփականատերերը իրենց շահերը կարող են պաշտպանել դատական կարգով,,: Գյուլնարայի նամակներից մեկում նշված է, որ քաղաքապետարանի բնակտնտեսությունից եկել են, զննել 2-րդ հարկից կառավարվող գործընթացը, վարձակալին հանձնարարել են թե խորհուրդ են տվել, որ ,,առաստաղին ամրացված նասոսը հանի-դնի հատակին, կամ ձայնը կամացեցնի,,;/ Անգամ կա լուսանկար. առաստաղին փակցված պոմպի տեսքը ՝լուսամփոփ հիշեցնող / : Ոստիկանության տեսուչն էլ եկել-հավաստիացել է, որ ,,նասոսը հանված է,, ՝ առաստաղից, բայց ՝ նրանց գնալուց հետո կրկին շարունակվել է ,,մատոռի ձայնն ու սառը օդը,,: ,,Տեսուչը որ եկել էր ՝ես տանը չէի եղել, բայց որ եկա տուն, զգացի, որ ոչ մի աղմուկ չկա: Տեսուչի գնալուց հետո նորից նույն աղմուկը շարունակվեց ՝9.01.2014թվի երեկոյան ժամը 8-ն անց 30-ին,, / մեջբերում ՝ նամակից /: Նամակներում վիրավորվածության զգացում էլ կա.,,Մի անգամ որ շատ բողոքեցի խանութպանին, ասեց ՝ ինչքա՞ն ես ուզում, ասացի ոչ մի բան էլ չեմ ուզում, ուզում եմ հանգիստ ապրեմ,,: Բանավոր զրույցի ընթացքում էլ հաստատում է նամակում գրվածը.,,Մի օր էլ խանութպանին ասի ՝ իմ գերության ժամկետը ինչքա՞ն է, ե՞րբ եմ գերությունից ազատվելու, ասավ ՝ ցմահ ա,,: Ու հենց վերը նշվածների պատճառով իրեն համարում է ,,գերի,, ՝ սեփական բնակարանում, հաճախ ստիպված է լինում հեռուստացույցի ձայնն ուժեղացնել, որ պոմպի աղմուկը չլսի, բայց այդ ժամանակ էլ դռան ու հեռախոսի զանգը չի կարողանում լսել: Զրուցակիցս նաեւ տեղեկացրեց, որ խանութը, որի պահեստային մասում է ձկնարտադրություն իրականացվում, այլեւս չի գործում, տեղափոխվել է այլ հասցե, իսկ պոմպի աշխատանքն իրականացվում է վարձակալի ՝ ավագ տարիքի դպրոցահասակ տղայի կողմից, իսկ վարձակալի ընտանիքի անդամները տեղափոխվել են արդեն գյուղ: Հարցիս ՝ ,,Ինչպե՞ս է, որ պոմպը աշխատեցնող տղայի վրա չի ազդում աղմուկը, պատասխանեց.,,Ես էլ եմ էլի զարմանում, թե ո՞նց է դիմանում, ի՞նչ իմանամ, նա ջահել է ՝ դիմանում է, ես մեծ կին եմ ՝ չեմ դիմանում,,: Նաեւ մտահոգված է իր անվտանգության համար ՝բողոքների հետեւանքներից ակնկալվող:,,Ամբողջ քաղաքի ղեկավարությանը դիմել եմ ու ինձ հետ ինադ ունեն: Ես վախենում եմ այդ բոլորից,,- գրել է օմբուդսմենին ուղարկվելիք նամակում: Վախենում է նաեւ հեռուստատեսությանը դիմել, իրավապաշտպան կառույցի էլ է դիմել ՝ իր խոսքով, բայց ՝ ,,Մի ամիս տեսա բան չարին, գնացի դիմումս վերցրի, չնայած չէին ուզում տան,,: Հիմա վերջին հույսն օմբուդսմենն է, ու խնդրւմ էր, որ անպայման օմբուդսմենին հասցնենք իր նամակը ՝ էլեկտրոնային փոստով:,, Հայտնում եմ, որ շուրջ 43 տարի ապրում եմ վերը նշած բնակարանում, բայց 2 տարի է, խաթարվել է իմ ընտանեկան անդորրը: Իմ բնակարանը միակ հանգստյան, ծերության հանգիստ անցկացնելու վայր է, բայց իմ բնակարանից կարծես վտարված լինեմ, անասելի աղմուկը հնարավորություն չի տալիս մնալ տանը, քանի որ այդ աղմուկը գալիս է խանութի նկուղային մասից,,: Զրույցի ընթացքում էլ հաստատում է նամակում գրվածը.պոմպը աշխատելու ժամանակ գլուխը ցավում է, սրտխառնոց է ունենում: Ինքը բջջայինով զանգել էր օմբուդսմենին / քանի որ 116 անվճար համարը Երեւանից դուրս, մարզերի համար անհասանելի է /: Պատմում է, որ ,,մի աղջիկ վերցրեց հեռախոսն ու ասաց ՝ տատի ջան, լավ կլինի էդ բողոքն ու նամակների պատասխանն ուղարկես փոստով,,: Բայց ՝ համոզված չէ, թե նամակը տեղ կհասնի: Ռուսաստանում բնակվող դուստրերի մոտ տեղափոխվելը նպատակահարմար չի գտնում միայնակ կինը ՝ամուսնուն 10 տարի առաջ կորցրած, ու կյանքի մնացած հատվածն ստիպված է անցկացնել մշտական վախի ու անհանգստության պայմաններում, ակամա դարձած շրջապատի թշնամին, պաշտոնյաների էլ ,,աչքի փուշը,, որովհետեւ քաղաքը փոքր է, ու մեկը մեկին չեն ցանկանում,,դուշման դառնալ,,. առավել եւս ՝ եթե հարցը վերաբերվում է ,,հզորներին,, ու նրանց բիզնեսին: Այդուհանդերձ ՝ առույգությունն ու ոգու կորովը չի կորցրել, եւ մարտականորեն է տրամադրված / ասված խոսք է՝ մեկին որ ,,խփում,, են ՝ ուժ է գալիս վրան, քանի որ ավելի է հրահրվում /:,,Պետք եղավ ՝ Վովային էլ կգրեմ,,- հավաստիացնում է իմ զրուցակիցը ՝ նկատի ունենալով ՀՀ ոստիկանապետին:Իսկ զրույցի ընթացքում կանացի փխրուն հոգին տեղի է տալիս ու պատմելիս երբեմն հուզվում է ու արտասվում:Հենց հուզված ու լացակումած էլ ասում էր ՝ ,,Ի՞նչ կլինի ինձ օգնեք, նամակս օմբուդսմենին հասցրեք,,:Տիկին Գյուլնարայի հավատը օմբուդսմենի գրասենյակի հանդեպ գալիս է նրանից, որ օմուդսմենի միջոցով իրենց շենքի հարեւանությամբ գտնվող ավտոլվացման կետը / որ ամբողջ մայթը գրավել էր աշխատանքային ժամերին ՝ մինչեւ գիշեր /, փակվեց: ,,Մոյկեն իրանք փակեցին,,-պատմում է Գյուլնարան ու տեղեկացնում, որ ,,մոյկեն,, փակելուց հետո, սակայն, օմբուդսմենի Վանաձորի կառույցն այլեւս չի գործում, դրա համար էլ ստիպված երեւանյան գրասենյակի հետ է կապվել:....Այս ամբողջ պատմությունից հարց է ծագում. որքանո՞վ է նպատակահարմար բնակելի շենքում / այն էլ՝,,ամրացման ենթակա,, համարվող, երկրաշարժից հետո չամրացված /, ձկնարտադրություն կազմակերպել, հզոր պոմպ միացնել այդ նպատակով...Միգուցե վաղն էլ ինչ-որ մեկի մտքով անցնի բնակելի շենքում կովաբուծական ֆերմա բացել, ու գոմաղբի սուր հոտն աշխարհով մեկ տարածել, կովերի բառաչն էլ ՝ հետը, ու սանէպիդկայանը գտնի, որ ,,աղմուկը թույլատրելիի սահմաններում է,, եւ ,,գոմաղբի մթնոլորտային արտանետումները չեն կարող օդի աղտոտվածության համար վտանգավոր լինել ՝ նորմայի սահմաններում լինելու պայմաններում,,: Սա այն դեպքերից է , երբ օրինական որոշումներով օրինականացվում է անույլատրելին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն