Ձկնաբուծարանի պոմպի առաջացրած աղմուկի ու այլ բացասական հետեւանքների մասին վանաձորաբնակ միայնակ թոշակառու Գյուլնարա Հակոբյանի բողոքի առնչությամբ, որի վերաբերյալ սույն բլոգում սեպտեմբերի 2-ին տպագրված հոդվածը կից էլեկտրոնային փոստով ուղարկվել էր օմբուդսմենին, սույն թվի սեպտեմբերի 10-ին ՀՀ օմբուդսմենը որոշում է ընդունել, որում մասնավորապես ասվում է.,,Լրագրող Գայանե Հովսեփյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՝խնդրելով վերջինիս աջակցությունը քաղաքացի Գյուլնարա Հակոբյանի իրավունքների պաշտպանության հարցում: Նկատի ունենալով, որ բողոքը համապատասխանում է ,,Մարդու իրավունքների պաշտպանի մասին,, ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջին, ղեկավարվելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշեցի լրագրող Գայանե Հովսեփյանի բողոքն ընդունել քննարկման համար, դրա ուսումնասիրումը հանձնարարել Ռ.Ղազարյանին,,: Սեպտեմբերի 21-ին Գյուլնարա Հակոբյանը տեղեկացրեց, որ պոմպի աշխատեցնողը փոխվել է.,,Էն ջահել էրեխեն էլ չկա, տնվորները վեշը տարել-գնացել են, հիմի չգիտեմ, թե ով է աշխատեցնում, աղմուկը մնում է, գիշեր-ցերեկ նասոսը միացրած է ՝տերը չկա, ես ու՞ր գնամ, ի՞նչ անեմ, մեռնում եմ, մեռնում,,: Փորձել է տարածքի տիրոջից հետաքրքրվել, թե ով է հիմա պոմպի պատասխանատուն, բայց ՝ անօգուտ:,,Ասի որ տնվորը գնացել ա, ռուլդ ու՞մ ես տվել ՝ ձեն չհանեց, ասում ա ՝տատ, դու հաստատ գժվել ես,,: Պարզել էր նաեւ, որ օրեր առաջ եկած կինը, որին ինքը չի տեսել, տեղական կառույցների կողմից է լիազորված եղել, բայց, փաստորեն, պոմպի աղմուկին չի առնչվել, քանի որ փակ խանութին է դրսից ականատես եղել ու հարեւաններին ասել է. ,,Խանութը փակ ա, ի՞նչ պոմպ, թող գնա ականջները բուժել տա, մենք ե՞նք իրա ականջները բուժելու,,: Այ ըտենց սաղ գալիս են փակ խանութի կողքով անցնում-գնում, բայց պոմպը, որ իմ բնակարանի տակ են աշխատեցնում ՝ չեն տեսնում,,- նեղսրտած ու վիրավորված պատմում էր Գ.Հակոբյանը:Նրա մտահոգությունը ոչ միայն իր առողջության առնչությամբ է, այլեւ ՝որ շենքի անվտանգությունն էլ է վտանգված, քանի որ 1988թվի երկրաշաժից հետո շենքը չի ամրացվել / ինչպես բոլոր ամրացման ենթակա 70-ից ավելի շենքեր Վանաձորում /: ,,Երկրաշարժից հետո մեր շենքը քանդման ենթակա էր համարվում, 1999 թվից հետո որոշեցին դարձնեն ամրացման ենթակա, հիմա ոչ քանդում են, ոչ ամրացնում են, էդ ուժեղ նասոսն էլ գիշեր-ցերեկ միացրած ա, ֆշշոց-խշշոցն էլ հետը, ձկան անտանելի հոտն էլ հետը,,- պատմում է իմ զրուցակիցը, որ հերթական անգամ արտասվելով պատմեց, թե ,,Կհավատա՞ս, սաղ գիշեր չեմ կարողանում էդ ձենից աչք փակել, ցերեկներն էլ չգիտեմ ուր կորչեմ,,: Նաեւ վիրավորված է այն հանգամանքից, որ այդ գործի կազմակերպիչները փորձում են անվստահություն սերմանել իր առնչությամբ, հեգնելով, թե ,,Ի՞նչ պոմպ, ի՞նչ բան, թող գնա ականջները բուժի,,: Հարկ է հիշատակել, որ ամրացման ենթական բնակելի շենքերում պարբերաբար հոսանքի լարման հետ կապված վթարներ են լինում, քանի որ սնուցման գծերը ՝ 40 տարվա, մաշված վիճակում են, ու այդ պայմաններում, պարզվում է, արտադրական նպատակներով էլ են բնակելիներում հոսանք օգտագործում, ինչն արդեն ռեալ վտանգ է շենքի ամրության համար, ուստի իմ զրուցակիցը նկատում է.,,Մի օր շենքը նստելու ա,,: Գրեթե նույն հիմնավորմամբ, օմբուդսմենի գրասենյակի միջամտությամբ ոչ վաղուց փակվել է այդ շենքի հարեւանությամբ գտնվող ՝ Լուսավորչի 18 /Կ.Դեմիրճյան / շենքի 1-ին հարկում նախկինում գտնվող ավտոլվացման կետը; ,,Բնակարանների պատերը խոնավություն էին քաշում մոյկից, բնակիչներն էլ բողոքեցին օմբուդսմենի գրասենյակ ՝ փակեցին,,- պատմում է Գյուլնարան:Իսկ ինչպե՞ս է, որ ձկնաբուծարանի պոմպի առնչությամբ միայն ինքն է բողոքում, արդյո՞ք պատճառն այն է, որ պոմպն ուղիղ իր բնակարանի տակ է եւ միայն այդ տարածքում է աղմուկը լսելի , պատասխանում է, որ հարեւանները խանութի տիրոջ ազգականներն են, դրա համար էլ չեն բողոքում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ որոշակի հույսեր կապելով, այդուհանդերձ, Գ.Հակոբյանը Վանաձորի քաղաքապետի մոտ ընդունելության է հերթագրվել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն