понедельник, 9 апреля 2018 г.

Ի՞նչ ընթացքի մեջ է Ձորագէսի՝այսպես կոչված ,,4-րդ շենքի,, եւ նրա բնակիչների ճակատագիրը

Այդ շենքում են նախկինում գտնվել ՀԷԿ-ի վարչությունը, ակումբը, գրադարանը , կինոդահլիճը, եւ նույնիսկ՝կարի ֆաբրիկան՝մինչերկրաշարժյան տարիներին գործող․իսկ շենքի մի հատվածը, որի 8 ընտանիքների բնակիչների ճակատագիրն այժմ անհայտ է՝կապված շենքի սեփականաշնորհման հետ, մշտապես եղել է բնակելի՝ՀԷԿ-ի հիմնադրման օրից․պարզապես՝այս շենքի ճակատագրի թեման 1988թ․երկրաշարժից հետո փակ թեմա է եղել․ըստ տեղեկությունների՝այն պատկանել է ՊՆ-ին։Ստորեւ նշվածը նաեւ իմ մանկության տարիների՝1970-80-ականների հիշողության հետ է կապված, քանի որ մանկությունս ու պատանեկությունս անցել են Ձորագէսում։

,,Ձորագետ ավանում գտնվող, նախկինում ,,Հայէներգո ՓԲԸ-ին,, պատկանող 4-րդ մասնաշենքը, որը շահագործման օրվանից եղել է Ձորահէկի ադմինիստրատիվ մասնաշենք, համայնքների ձեւավորման ժամանակ անհիմն պատճառներով տրվել է Ձորագետավանի համայնքին, եւ կայանը զրկված է ադմինիստրատիվ շենքից։Մինչ օրս այնտեղ է գտնվում կայանի արխիվը, որն իր բնույթով, որպես Հայաստանի էներգետիկայի պատմություն՝եզակի երեույթ է։Այնտեղ է գտնվում նաեւ գրադարանը, ադմինիստրացիայի աշխատասենյակները եւ գույքը։Շինությունը ենթակա է կապիտալ նորոգման, իսկ համայնքը այն ոչ շահագործում է, ոչ էլ հնարավորություն ունի այն նորոգել եւ այլ նպատակի ծառայեցնել։Իսկ կայանը նորոգում իրականացնել չի կարող, քանի որ այն չի գտնվում կայանի ենթակայության տակ։Հաշվի առնելով վերը նշվածը, խնդրում ենք շինությունը ետ վերադարձնել Ձորահէկ ՓԲԸ-ին։Ինչ վերաբերվում է վերոհիշյալ շենքում ժամանակավոր բնակություն հաստատած բնակիչների տեղավորմանը, ապա այդ հարցի լուծումը պարտավոր է իրականացնել Ձորահէկ ՓԲԸ-ն,,-2004թ․ապրիլի 29-ի գրությամբ Ձորագետ ավանի համայնքապետին է դիմել Ձորահէկ-հիդրոյի տնօրեն Արմեն Հարությունյանը։Այս գրությունից զարմանալի տպավորություն է ստացվում, թե մեր երկրում սեփականաշնորհման հետ կապված հարցերը կարող են լուծվել անգամ խնդրանքի միջոցով։Մի խնդրահարույց նկատառում էլ կա նամակում․այն է՝,,այնտեղ է գտնվում նաեւ գրադարանը,,․թերեւս, պետք է լիներ ,,լուծարված գրադարանը", քանի որ տարիներ առաջ են ակումբն ու գրադարանը լուծարվել՝մինչ այդ պահպանվելով տնակներում/1988թ․երկրաշարժից հետո/, իսկ գրքերի մի մասն, ըստ տեղեկությունների, հանձնվել է  Ձորագէսի դպրոցի գրադարանին։

Հատկանշական է, որ նամակն ավարտվում է հավաստիացումով, թե՝ ,,Ինչ վերաբերվում է վերոհիշյալ շենքում ժամանակավոր բնակություն հաստատած բնակիչների տեղավորմանը, ապա այդ հարցը պարտավոր է իրականացնել Ձորահէկ ՓԲԸ-ն,,։Հարց է ծագում՝ինչպե՞ս կարող են շենքում արդեն 35 տարի բնակություն հաստատած մարդիկ համարվել ,,ժամանակավոր գրանցում,, ունեցող/թեկուզ՝2004թվին 21 տարվա գրանցում են ունեցել/։Եվ հետո, եթե ՀԷԿ-ը պարտավորություն է վերցրած եղել բնակիչներին ապահովելու կացարանով, ինչու՞ շենքի սեփականատերն այն չի իրականացնում, եւ անգամ՝բնակիչներից պահանջում է ազատել բնակարանները․ավելին՝նրա դիմումով Գուգարքի անձնագրային բաժինը գրանցումից հանել է շենքում 1983թվից բնակվող Կոստանյան ամուսիններին եւ նրանց՝մի փոքր ավելի ուշ գրանցված/բնականաբար/ որդուն, հարսին եւ նրանց 3 անչափահաս երեխաներին, պահանջելով, որ վերջիններս 7-ն օրյա ժամկետում շտապ գրանցվեն մեկ այլ հասցեում, այլապես՝կտուգանվեն վարչական օրենսգրքի համաձայն։

,,Սեփականատեր Ձորագետ հիդրո ՍՊԸ-ի 5․03․2018թ․ դիմումի համաձայն, Դուք 23․03․2018թ․ հանվել եք Ձորագետ 1փ․շ․80 բնակարանի հաշվառումից՝ՀՀ կառավարության 2005թ․ հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13․1 կետի հիմքով։Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ,,Բնակչության պետական ռեգիստրի մասին,, ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն ապահովելու նպատակով հաշվառումից հանվելուց հետո 7-ն օրյա ժամկետում պարտավոր եք հաշվառվել այն համայնքի տեղական ռեգիստրում, որտեղ գտնվում է Ձեր նոր կացարանը։,,Բնակչության պետական ռեգիստրի մասին,, ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195․1 հոդվածի 2-րդ մասով։,,-իրազեկվել է Գուգարքի անձնագրային բաժնից՝Միքայել Կոստանյանին։

,,1983թ․ Ձորահէկ-ի տնօրեն պարոն Ռ․Հակոբյանի թույլտվությամբ դիմումատու Հովիկ Կոստանյանիս է հատկացվել Ձորագետ գյուղ 1փ․80 շենքի թիվ 63 սենյականոց բնակարանը՝կոմունալ հարմարություններով, որպես իրենց աշխատակցի, իսկ 2001թվին՝նույն շենքի թիվ 1 բնակարանը հատկացվել է Միքայել Կոստանյանիս, որպես նորաստեղծ ընտանիքի։Մեր շենքին խիստ հարակից 0․06հա հողամասը եւս մեզ է հատկացվել։Հողը գրանցվել է որպես մեր սեփականություն, իսկ բնակարանները՝ մեր անվամբ, որպես մեր սեփականություն գրանցվելը պարբերաբար ձգձգվել է․մեզ հուսադրել են թե գյուղապետարանում, երբ շենքը եղել է գյուղապետարանի հաշվեկշռում, եւ թե ՀԷԿ-ում, երբ գյուղապետարանը փոխանցել է շենքն իր հաշվեկշռից ՀԷԿ-ի հաշվեկշիռ։Դրա վառ ապացույցն այն է, որ մեզ թույլատրել են գազի, լույսի, ջրի աբոնենտ դառնալ, որի համար ունենք համապատասխան թույլտվություններ։Կատարել ենք ծախսեր․շենքի տանիքն ենք վերանորոգել, ջուր ենք քաշել, բնակարանի վերանորոգման աշխատանքներ ենք կատարել, եւ ոչ ոք մեզ չի անհանգստացրել, թե ինչու ենք այդ աշխատանքները կատարում, երբ բնակարանը մեզ հատկացված է ժամանակավոր, որի մասին նոր ենք իմացել, երբ շենքի նոր սեփականատերը պահանջում է ազատել մեր կողմից զբաղեցրած բնակարանները։Ավելին, տալով ժամանակ, անգամ սպառնում են, որ եթե ժամկետում դուրս չգանք, կգան կքանդեն, հողին կհավասարեցնեն մեր ունեցվածքը, ինչը մեզ խիստ զարմացնում  եւ զայրացնում է։Ինչպես վերը նշեցի, շենքին հարակից տարածքը իմ անվամբ գրանցված է սեփականության իրավունքով, որը եւս պահանջում են ազատել։Տվյալ հասցեում գրանցման իրավունք են ձեռք բերել մեզ հատկացված բնակարանները զբաղեցնելու պահից, իսկ հիմա, գրչի մի հարվածով մեզ գրանցումից էլ են հանել։Այսինքն, որպես ՀՀ քաղաքացիներ ունենք պարտականություններ՝ծառայել ՀՀ բանակում, 3 երեխաներ ունենալ, մեծացնել, որոնցից 15-ամյա որդիս դաստիարակավել է հայրենիքին ծառայելու մեր հոգեբանությամբ, սակայն, փաստորեն, զրկված ենք մեր իրավունքներից, քանի որ մեզ ոչ միայն հանել են գրանցումից, չունենք այլ տեղ ՝գրանցվելու, ավելին, մեզ վտարում են մեր կողմից օրինական հիմունքներով արդեն 35 տարի զբաղեցրած մեր բնակարանից, որտեղ անգամ ջուր դեպի այդ բնակարան՝ մենք ենք քաշել, իհարկե՝շենքի սեփականատիրության/ում հաշվեկշռում գտնվել է շենքը/համաձայնությամբ։Ներկայումս դիմելով Ձեզ՝խնդրում ենք Ձեր միջամտությունը՝չոտնահարելու մեր իրավունքները եւ օրինական շահերը։ՀՀ սահմանադրությամբ պետությունն ունի պարտավորություն՝իր քաղաքացիներին նորմալ, բարեկեցիկ պայմաններով ապահովելու, այդ թվում նաեւ իր քաղաքացիների օրինական շահերի պաշտպանություն ապահովելու, ինչի կապացությամբ դիմելով Ձեզ՝ակնկալում ենք Ձեր միջամտությունը եւ օգնությունը։Մենք չենք պատրաստվում ազատել մեր զբաղեցրած բնակարանները, քանի դեռ մեզ չի առաջարկվի նորմալ պայմաններ՝բնակարանները, հողամասը ազատելու դեպքում համարժեք փոխհատուցում։,,-նամակը դիմումատու հայր եւ որդի Հովիկ եւ Միքայել Կոստանյանների կողմից ուղարկվել է ՀՀ նախագահ Ս․Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կ․Կարապետյանին եւ Լոռու մարզպետ Ա․Նալբանդյանին։

Գործին առնչվող փաստաթղթերը մեզ ներկայացրեց Կոստանյան ընտանիքի հարսը՝Լիլիթը, որի ամուսին Միքայել Կոստանյանն արտագնա աշխատանքների է մեկնել՝ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու նպատակով,ուստի վերջինս ստիպված է անձամբ զբաղվել բողոք-նամակներն ըստ պատկանելույն ուղարկելով, ու պատմում է․,,Զանգել եմ ՀԷԿ-ի տնօրեն Արմեն Պետրոսյանին․ասաց, որ նիստի է, հետո 2 րոպե անց զանգեց մի կին եւ ներկայացավ որպես ՀԷԿ-ի իրավաբան՝առանց անունը նշելու։Ասացի՝ի՞նչ հիմքով եք մեզ դուրս հանում տանից, ես ունեմ 3 անչափահաս երեխաներ, որոնցից մեկը՝նախազորակոչային տարիքի, ասեց՝Դուք պետք է մեզնից շնորհակալ լինեք, որ 35 տարի թույլ ենք տվել ապրել ։Ասեցի՝գազ ենք քաշել,լույս ենք քաշել, բա էդ ժամանակ ինչի՞ եք թույլ տվել, եթե ՀԷՑ-ինն էր, ինքն էլ ասեց՝,,Դու դա քո ույուտի համար ես արել,,։Հետո իրավաբան ներկայացածն սկսել է պատճառաբանել, թե ,,ես քո ապահովության համար եմ մտածում, շենքը 3-րդ աստիճանի վթարայնյնության շենք է, որ փլվի՝ո՞վ է պատասխան տալու,,։/Այս առնչությամբ Լիլիթը նկատում է, որ համայնքի բոլոր շենքերն էլ 3-րդ աստիճանի վթարայնություն ունեն/։,,Ասացի՝բա 2-րդ կարգի հաշմանդամին՝ամուսնուս հորը, 3 անչափահաս երեխաներիս, ինչպես նաեւ՝ամուսնուս մորը,տարեց կնոջ, որ փողոց եք գցում, ո՞վ է պատասխան տալու,ասաց, որ ,,դա իմ խնդիրը չի,,։,,Իսկ ով որ գնել է շենքը՝տեղյակ է՞ այս ամենից,,՝ասաց, որ կառավարությունը տեղյակ է, իրենք են այդ որոշումը կայացրել։,,Բա որ պետությունը տեղյակ է, էդ պետությունը երեխայիս բանակ տանելիս ի՞նչ հասցեից է տանելու, ո՞րտեղ է ապրելու այդ երեխան,,-այս հռետորական հարցադրումներից հետո, երկրից մեծապես հիասթափված Լիլիթը զրույցն ամփոփել է՝ասելով․,,Ես իմ որդուն թույլ չեմ տա, որ գնա քո նմաններին պաշտպանի,,։Եվ սա՝այն դեպքում, երբ որդին պատրաստակամ է հայրենիքին ծառայելու։Դա ,թերեւս, գալիս է նաեւ նրանից, որ վերջինիս պապ Սամվելը/Լիլիթի հայրը/ղարաբաղյան պատերազմի վետերան է, ու հիմա նրա 3 թոռներն էլ/նաեւ՝պատանի թոռնուհին/պատանի Երկրապահներ են ու հպարտանում են դրա համար։

Լիլիթը նաեւ հավելեց, որ զրույցի ընթացքում հարցրել է, թե ինչու՞ իրենց դատի չեն տալիս՝եթե իրենք ճիշտ են, զրուցակիցն ասել է, որ ,,համապատասխան մարդիկ կգան եւ Ձեր նկատմամբ քրեական գործ կհարուցեն՝բնակարանը չազատելու եւ դիմադրություն ցույց տալու դեպքում,,։Միաժամանակ  տեղեկացանք, որ բնակարանը շուտափույթ ազատելու պահանջն ուղարկվել է․․․ ՀԷԿ-ի մաքրուհու միջոցով։

ՀՀ նախագահին ու վարչապետին գրած նամակները վերահասցեագրվել են Լոռու մարզպետին․նա էլ դիմել է Ձորագետի համայնքապետին, փորձելով պարզել, թե արդյո՞ք վերջինս տեղյակ է խնդրին,։Ըստ Լիլիթի՝համայնքի ղեկավարն ասել է՝,,Տեղյակ եմ, գիտեմ, որ մարդկանց հանում են բնակարաններից, ես մինչեւ վերջ կանգնած եմմ իրենց կողքին, անգամ՝մինչեւ դատարան կգնամ,,։Իսկ այժմ Լիլիթն ստիպված է հասնել մայրաքաղաք՝ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի մոտ քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու եւ խնդիրն անձամբ ներկայացնելու համար․չցանկանալով սպասել, մինչեւ նրան ուղարկված նամակը տեղ հասնի/մի նամակ էլ ամիսներ առաջ գրել է վերջինիս եղբորը՝հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, բայց՝տեղյակ չէ, թե նամակը հասե՞լ է, թե՞ ոչ/։Հարցիս՝,,Մի՞թե պատգամավոր Կարապետյանը Վանաձորում գրասենյակ չունի,,՝պատասխանեց՝,,Էդ ընտրություններից առաջ էր,,։

․․․Իսկ ինձ համար անհասկանալի է նաեւ այն, թե ինչու՞ Ձորագէսի նախկին ,,չորորրդ շենքը,,՝որ երկրաշարժից առաջ նաեւ դիսկոտեկ-ակումբ ու բիլիարդանոց  ուներ, հիմա կոչվում է ,,թիվ 80 շենք,,․թերեւս, այդ մասին կիմանան համայնքապետարանում։Ենթադրվում է, թե Ձորագէս եւ Թումանյան կայարան նոր միացյալ համայնքային միավորման արդյունքում է շենքերի նոր համարակալում արվել՝1990-ականների նոր, վարչատարածքային բաժանման ժամանակ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն