տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
среда, 10 августа 2011 г.
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 31-07-2010
2010-07-31
ՄԻ ՆԱՄԱԿ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
Ինչպես խոստացել էինք երեկ, ստորեւ պատասխանի իրավունքով նույնությամբ տպագրում ենք «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նամակը կամ հոդվածը (այն չունի որեւէ վերնագիր կամ դիմելաձեւի որեւէ հատկանիշ), որ վերաբերում է հուլիսի 28-ին մեր թերթում հրապարակված վանաձորցի լրագրող Գայանե Հովսեփյանի նամակին, եւ ոչ միայն: «Ազգ»-ի խմբագրի նկատառումներըՙ հոդված-նամակին կից:
Վստահ չեմ, որ «Ազգի» ընթերցողին կհետաքրքրեն «Հրապարակ» թերթի խմբագրակազմի կյանքն ու աշխատանքային հարաբերությունները, սակայն քանի որ խոսքն ասվել է, ձեր ընթերցողն էլ կարդացել, կարծում եմ արժե, որ նաեւ պատասխան հնչի: Ընդ որում, կարող էի համարժեք պատասխան հնչեցնել իմ խմբագրած թերթումՙ անդրադառնալով «Ազգի» ներքին խոհանոցից, սակայն, ի տարբերություն ոմանց, պարկեշտության սահմանը չեմ ուզում անցնել:
Եվ այսպես. Վանաձորից Գայանե Հովսեփյանը, որը տարիներ շարունակ թղթակցել է երեւանյան մամուլին, սակայն ոչ մի լրատվամիջոցում երկար չի «գոյատեւել», ձեր երեկվա համարում մեղադրանքներ է հնչեցրել «Հրապարակի» խմբագրի հասցեին: Կարող էր իր դժգոհությունները հայտնել ինձ, սակայն չի հայտնել, նախընտրել է «Ազգի» էջերը: Իր իրավունքն է: Փորձենք հասկանալ ինչո՞ւմ է մեղադրում ինձ Գայանե Հովսեփյանը: Նրանում, որ խախտել եմ իր հեղինակային իրավունքըՙ երկու տարվա մեջ երկու անգամ իր ստորագրության փոխարեն այլ ստորագրություն է գնացել: Երկար տարիներ թերթերին թղթակցած եւ այդպես էլ համակարգչի ստեղնաշարի հետ չծանոթացած լրագրողին դժվար կլինի բացատրել թերթի էջադրման, սրբագրման, կազմման սկզբունքները: Բայց նա կարող էր գոնե ենթադրել, որ խմբագիրը չի էջադրում, սրբագրում եւ նման, տեխնիկական վրիպակը չէր կարող խմբագրի կողմից իր «հեղինակային իրավունքները խախտելու» չարամիտ փորձ լինել: Այդ երկու հոդվածների դեպքում էլ որեւէ պատճառ չկար իր անունը չնշելուՙ բացի տեխնիկական վրիպակը: Մյուս մեղադրանքը վերաբերում է հոնորարներին եւ իր հետ պայմանագիր չկնքելուն. «Հրապարակը» ամբիոն է բոլոր արտահայտվել ցանկացողների համար եւ իր գոյության 2 տարվա ընթացքում ապացուցել է, որ նման հնարավորություն ընձեռում է անգամ նրանց, ում տեսակետները չի կիսում: Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած նամակագրի, հոդվածի հեղինակի հետ մենք պետք է պայմանագիր կնքենք: Ամիսը 1, 2, 4 հոդված-հրապարակում տպագրող հեղինակներ մենք շատ ունենք, որոնք շնորհակալ են արտահայտվելու հնարավորության համար: Իսկ հոնորար վճարել մենք պարտավոր չենք եւ եթե արել ենք, ապա միայն ելնելով Գայանե Հովսեփյանի սոցիալական ծանր վիճակից: Եթե Գ. Հովսեփյանը երանությամբ է հիշում «Ժամանակ Երեւանը», այն էլ միայն իմ խմբագրած ժամանակահատվածում, ապա ոչինչ չէր խանգարում նրան աշխատակցել այդ թերթին եւ ընդհանրապեսՙ հայաստանյան թերթերից որեւէ մեկին:
Չգիտես ինչուՙ Գայանե Հովսեփյանն իրեն իրավունք է վերապահել խոսել «Հրապարակի» աշխատակիցների անունից: «Հրապարակն» այն փոքրաթիվ լրատվամիջոցներից է, որտեղ աշխատավարձի ուշացումներ երբեք չեն լինում, եւ կա առողջ աշխատանքային մթնոլորտ: Որքան հասկանում եմ, մեր լրագրողները Գ. Հովսեփյանին չեն լիազորել խոսել իրենց անունից, ավելինՙ նա անգամ ծանոթ չէ լրագրողների հետ: Ես եւ «Հրապարակի» մյուս աշխատակիցները մի բանում ենք համակարծիք, որ մեծ դժվարությամբ, խիստ մրցակցության պայմաններում 2008-ին ասպարեզ մտած ու դժվարին աշխատանքի շնորհիվ կայացած թերթի անունը չի կարելի մրոտելՙ թույլ չենք տա: Լրատվական դաշտից դուրս մնացած, ոչ մի կերպ իր տեղը չգտնող լրագրողը փորձել է այս ճանապարհով իր անունը հնչեցնել: Մինչդեռ լրագրողի համար հայտնի դառնալու, պահանջված լինելու մի եղանակ կաՙ լավ, հետաքրքիր, սուր, արդիական հոդվածներ գրելը:
Հ. Գ. - Ինձ նաեւ հասկանալի է, թե ինչու է այս հոդվածը հայտնվել հենց «Ազգի» էջերում: Հակոբ Ավետիքյանի անունը, որը վերջերս կուսակցության առաջնորդ է դարձել, շոշափվել է մեր հրապարակումներից մեկում: Պարոն Ավետիքյանը պետք է գիտակցի, որ եթե որոշել է զբաղվել հրապարակային քաղաքական գործունեությամբ, նա դադարում է սոսկ խմբագիր լինելուց եւ կարող է նաեւ քննադատության արժանանալ: Եվ նման մանր վրեժխնդրությունըՙ «Հրապարակի» խմբագրի հասցեին անհեթեթ, կեղծ, ապաշնորհ նամակ տպագրելը բոլորովին պատիվ չի բերում հարգարժան խմբագրին:
Մեր նկատառումները
1. Անշուշտ, մեզ չի հետաքրքրում որեւէ թերթի եւ հատկապես «Հրապարակ» օրաթերթի «ներքին խոհանոցը»: Գ. Հովսեփյանի պարագայում, սակայն, մեր տպավորությամբ, տեղի է ունեցել հեղինակային իրավունքի կոպիտ խախտում, որը հետաքրքրում է, պե՛տք է հետաքրքրի ոչ միայն մեզ եւ մեր ընթերցողներին:
2. Անշուշտ, «խմբագիրը չի էջադրում, չի սրբագրում», սակայն ի վերջո նա՛ է պատասխանատուն իր թերթում տպագրված ամեն ինչի համար, նույնիսկՙ «նմանՙ տեխնիկական վրիպակ»-ի: Մյուս կողմից, ոչ մի թերթ ապահովագրված չէ նման վրիպակներից: Սակայն մենքՙ խմբագիրներս նման պարագաներում ունենք քաղաքակիրթ միջոցՙ ներողություն խնդրել նկատված վրիպակի համար եւ հաջորդող համարներից մեկում ուղղում կամ հերքում տալ, ինչը, ըստ Գ. Հովսեփյանի նամակի, մի դեպքում չի արվել, իսկ մյուս դեպքում արվել է մասնակիՙ միայն ինտերնետային տարբերակում:
3. Անշուշտ, «ամիսը 1, 2, 4 հոդված-հրապարակում տպագրող հեղինակների» հետ կարիք չկա աշխատանքային պայմանագիր կնքելու, մանավանդ որ նման հեղինակները այդպիսի պայմանագիր չեն պահանջում եւ պարզապես «շնորհակալ են արտահայտվելու հնարավորություն տալու համար»: Սակայն վանաձորցի լրագրողի պարագան, ինչպես ինքն է պնդում, տարբեր է. երկու ամսում «Հրապարակը» հյուրընկալել է նրա 17 հոդվածները կամ թղթակցությունները եւ նա խնդրե՛լ է պայմանագրել իր աշխատակցությունը: Խմբագրությունն այս դեպքում ուներ երկու ելքՙ կա՛մ պայմանագիր կնքել, կա՛մ հրաժարվել նրա ծառայություններից: «Գայանե Հովսեփյանի սոցիալական ծանր վիճակը» եւ ընդհանրապես «խղճահարությունը» իրավական կատեգորիա չեն: Դժբախտաբար:
4. Վերջում, հետգրությամբ, տիկին Արմինե Օհանյանն ինձ պատիվ է անում խորհուրդ տալով: Շնորհակալ եմ, կաշխատեմ անպայման օգտվել նրա թանկագին խորհրդից: Բայց մի առարկությամբ. մենք բոլորսՙ խմբագիր, քաղաքական գործիչ, թե սովորական քաղաքացի կարող ենք քննադատության արժանանալ: Խմբագիր լինելը առանձնաշնորհում չէ, հետեւաբար խմբագիրը չի կարող, ինչպես եւ քաղաքական գործիչը, անձեռնմխելի լինել: Միայն թե քննադատությունը լինի պարկեշտ: Իսկ պարկեշտությունը, իմ տպավորությամբ, տիկին Օհանյանին բնավ չի զարդարում:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն