среда, 10 августа 2011 г.

Բաց նամակ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակին
Երևանի մամուլի ակումբին
Խոսքի պաշպանության կոմիտեին
“Ազգ” թերթին
“Ազգում” հուլիսի 29-ին իմ հեղինակությամբ լույս տեսած “Ո՞վ պետք է պաշտպանի լրագրողների իրավունքները” հրապարակման մեջ քննադատել էի “Հրապարակի” խմբագրին` իմ հեղինակային իրավունքների ոտնահարման (իմ 2 հոդվածներն ուրիշի անունով տպելու), պայմանագիր չկնքելու և հոնորարներն ուշացումով վճարելու համար: “Ամիսը 1, 2, 4 հոդված-հրապարակում տպագրող հեղինակներ մենք շատ ունենք, իսկ հոնորար վճարել պարտավոր չենք”,- պատասխանել է “Հրապարակի” խմբագիր Արմինե Օհանյանը, չտեսնելու տալով, որ մասնավորապես մայիս-հունիս ամիսներին ինձնից տպագրել է 19 հոդված (որոնցից մեկի տակ ազգանունս չէր նշել. “Վետերանները շատ գույք չունեն”, 12.05.2010թ. “Հրապարակ”), ինչը նույնպես հեղինակային իրավունքի խախտում է: “Հրապարակը” ամբիոն է բոլոր արտահայտվել ցանկացողների համար, և իր գոյության 2 տարվա ընթացքում ապացուցել է, որ նման հնարավորություն ընձեռում է անգամ նրանց, ում տեսակետը չի կիսում”,- գրում է “Հրապարակի” խմբագիրը: Հետաքրքիր է, երբ ապրիլի վերջին Օհանյանը զանգահարում ու հանձնարարում էր հարցազրույց վարել մանկատան տնօրենի հետ (ինչն անմիջապես կատարվեց և ուղարկվեց. “Հրապարակ”, 1.05.2010թ. “Ոչ թե յուրացում է եղել, այլ` տնտեսում”), դա է՞լ էր ամբիոնի նյութ: Միգուցե ամբիոնի նյութ էր նաև Վանաձորում աշխատանքի տոնավաճառի լուսաբանումը, կամ նրա ազգականի խնդրանքով “Դիմաց” թաղամասի շենքերից մեկում տեղի ունեցած ջրագծի վթարին անդրադառնալը: Որքանո՞վ է տրամաբանական, 2 տարուց ավելի սիստեմատիկ համագործակցել, հոդվածների մեծ մասը տպագրել, հանձնարարություն տալ, հետո էլ ասել` “Մենք պարտավոր չենք հոնորար վճարել, բայց վճարել ենք, ելնելով նրա սոցիալական ծանր վիճակից” (ինչպիսի մեծահոգություն). այն դեպքում, երբ ես նրան երբևէ չեմ ակնարկել իմ սոցիալական վիճակի մասին (թեպետ, ում էլ 2 ամիսը մեկ վճարեն, այն էլ` պայմանավորված գումարից պակաս, սոցիալական ծանր վիճակի մեջ կընկնի, և եթե Օհանյանն ինձ անհիմն մեղադրում է “համակարգչի ստեղնաշարին ծանոթացած չլինելու” մեջ, ապա ինքն էլ տարրական թվաբանություն չգիտի, քանի որ 15 հոդվածի համար էլ է նույն գումարը վճարել, 19-ի էլ, 10-ի էլ, այն էլ` 2 ամիսը մեկ, ինչը հավասարազոր է գործազրկության նպաստի): Քանիցս ակնարկել եմ Օհանյանին, որ հանձնարարություն տալու պարագայում պետք է ինձ վկայական տալու մասին մտածի, սակայն մշտապես հետաձգել է հարցը, ասելով. “Հա կտանք, էլի, ինչի՞, քեզ էդտեղ չեն ճանաչու՞մ: Եթե գնաս միջոցառման, կարող ա՞ վկայական ուզեն”: Անգամ` նրա պահանջով 2 լուսանկար եմ այդ նպատակով հանձնել` 2009թ. նոյեմբերին (ի դեպ, տեղին կլինի, եթե դրանք ինձ ետ վերադարձնի): “Լրագրողի համար հայտնի դառնալու, պահանջված լինելու մի եղանակ կա` լավ, հետաքրքիր, սուր հոդված գրելը”,- խրատում է Օհանյանը: Եթե իմ հոդվածները նրա հետաքրքրություն չներկայացնեին, դրանցից ոմանք իր թերթի 2-րդ էջում չէր զետեղի, կամ` երբ չվճարումներից ձանձրացած, դադարել եմ նյութ ուղարկել, չէր զանգի ու հետաքրքրվի, թե “ուր եմ կորել”, ինչի չեմ գրում: Եթե նա “հետաքրքիր հոդված” ասելով նկատի ունի միասեռականների հավաքը լուսաբանելը, նրանց մասին սերիալական պատմվածքները և կամ սրա-նրա ինտիմ կյանքի մանրամասներին անդրադառնալը, այդ առումով ես չեմ կարող բավարարել նրա հետաքրքրությունը, քանի որ իմ ստեղծագործական ուղղվածությունը դատաիրավական, ներքաղաքական ոլորտից է, հակակոռուպցիոն թեմաներով` շուրջ 15 տարի: Ինչ վերաբերում է “հայտնի դառնալուն”, որի անհրաժեշտությունը չունեմ, ապա նա ինքն իրեն հակասում է, ինձ բնութագրելով` “երկար տարիներ թղթակցելով տարբեր թերթերի... “: Բայց նաև մեղադրում է, որ “ոչ մի տեղ երկար չեմ գոյատևել”: Եթե 2008-2010թ. իր թերթում իսկապես գոյատևելը երկար չի համարում, շտապեմ հիասթափեցնել, որ 1995-2005թ. թղթակցել եմ “Առավոտին”, սկզբում` հոնորարային, այնուհետ` աշխատանքային պայմանագրով, և այդ առթիվ կա գրանցում` իմ աշխատանքային գրքույկում, բայց թե ինչու դրանից ավելի երկար չեմ համագործակցել (որ մտահոգում է, թե ուրախացնում Օհանյանին` հայտնի չէ), կարծում եմ, դա այլ խոսակցության թեմա է, այնպես, ինչպես այն, թե ինչու ինքն էլ մինչև խմբագիր դառնալը տարբեր թերթերում է եղել: Ի վերջո, ժամանակի ընթացքում տեղի է ունենում կարծիքների, ստեղծագործական մոտեցումների բախում, ինչի արդյունքում լրագրողները կարող են թերթից թերթ փոխադրվել: “Ոչինչ չէր խանգարում նրան համագործակցել հայաստանյան թերթերից որևէ մեկին”,- գրում է Օհանյանը, մոռանալով, որ 2008թ. նախապայման էր դրել, որ ուրիշ թերթում չտպագրվեմ, բայց ինքն էլ չէր օրինականացնում համագործակցությունը: Այդուհանդերձ 2009թ. դեկտեմբերից “Հրապարակը” համատեղել եմ “Տարեգիր” էլեկտրոնային թերթի հետ (որ, ցավոք, մայիսից լույս չի տեսնում), քանի որ այնտեղ կարելի էր “քաղաքական ապաստան” տալ այն հրապարակումներին, որոնք իրեն ազատ համարող “Հրապարակը” չէր տպագրում. թեպետ, երբեմն էլ “Տարեգիրին” ուղարկել եմ այն հոդվածները, որոնք, կասկածներ ունեի, որ “Հրապարակը” չի տպագրի: Նամակում այսպիսի տողեր կան. “Որքան հասկացանք, մեր լրագրողները Հովսեփյանին չեն լիազորել խոսել իրենց անունից”: Խոսքը վերաբերում է նրան, որ հուլիսի 29-ին “Ազգում” գրել էի, որ հեղինակային իրավունքի խախտումներ նկատվում են նաև “Հրապարակի” այլ հոդվածների նկատմամբ, իսկ դա եղել է իմ լրագրողական դիտարկման արդյունքը` համեմատելով թերթի ու կայքէջի նույն նյութերը: Մի՞թե լրագրողական դիտարկման համար որևէ մեկից պետք է լիազորագիր վերցնեի: Երբ “Հրապարակն” անդրադառնում է ներքաղաքական մթնոլորտին ու դեսից-դենից քաղաքական կանխատեսումներ անում, որևէ մեկից լիազորագիր վերցնու՞մ է: Վերջերս “Հրապարակի” խմբագիրը մեղադրել էր քաղաքական հայտնի գործիչներից մեկին` քննադատությունը չհանդուրժելու մեջ, մինչդեռ ինքն էլ իմ քննադատությունն ընդունել է սվիններով. Քաղաքակիրթ ձևով պատասխանելու փոխարեն անձնական վիրավորանքներ է հասցրել իր երբեմնի լրագրողին: Օհանյանի նամակից կարելի է համոզվել այն բանում, որ նրա անհարգալից վերաբերմունքն իմ լրագրողական գործունեության նկատմամբ ուղղորդվել են այն ուժերի կողմից, որոնց քիմքին ոչ հաճելի հրապարակումներով եմ հանդես եկել, և հենց նրանք էլ պարբերաբար փորձել են դուրս մղել ինձ լրատվական դաշտից, ինչը, պարզվում է, մեծագույն հրճվանք է պատճառել Օհանյանին, քանի որ ինձ պիտակավորել է “լրատվական դաշտից դուրս մնացած”:

Գայանե Հովսեփյան, Վանաձոր, ազատ լրագրող
Էլ.հասցե Gayane1960@gmail.com
3.08.2010

Հ.Գ. “Ազգի” հուլիսի 29-ի հրապարակումից և 31-ի` պատասխան հոդվածից (կից` “Ազգի” նկատառումներով) հետո “Հրապարակի” հին ինտերնետային կայքը` hraparak.am-ը (որտեղ թերթի 2 տարվա արխիվն էր) հանվել է գործածությունից, և գործածության մեջ է թողնվել միայն նորը` “հրապարակ.am”-ը, որտեղ միայն թերթի ներկայիս աշխատողների հոդվածների արխիվն է` մի քանի ամսվա կտրվածքով: Այս փոփոխության արդյունքում հուլիսի 23-ին հին կայքում տպագրված իմ հոդվածը` “Ով իշխանությանն է ինտեգրված, ով` ՀԱԿ-ին”, անհետացել է (թեպետ, մինչ հին կայքի սառեցումը ես այն հասցրել եմ պատճենահանել): Իսկ նոր կայքում այդ հոդվածը շարունակում է մնալ ուրիշ հեղինակի ազգանվամբ: Ի՞նչ է ստացվում. “Հրապարակի” խմբագիրը իմ հոդվածը տեղավորել է ուրիշի “հեղինակային նյութերի” շարքում (այդպես էլ վրիպակի ուղղում չկատարելով), և դեռ խոսում է “պարկեշտությունից” ու խորհուրդներ տալիս, իսկ իր կայք-էջում էլ հավաստիացնում է, թե “Բոլոր իրավունքները պաշտպանված են”: Փաստորեն, հին կայքի և արխիվի “անդամությունը սառեցվել” է: Մնում է ենթադրություններ անել, թե ինչ նպատակով. միգուցե` այն պատճառով, որ հին կայքը լի էր հեղինակային իրավունքի խախտումներով, ինչին անդրադարձել էինք “Ազգի” հուլիսի 29-ի համարում: Ի դեպ, եթե “Հրապարակի” խմբագիրը 2 տարվա ընթացքում իմ նկատմամբ 2 հեղինակային իրավունքի խախտումը քիչ է համարում, պատրաստ եմ վկայակոչել նաև իմ այն հոդվածները, որոնք նրա նախաձեռնությամբ անանուն են հրապարակվել` տեղադրվելով ուրիշի հոդվածի վերևում կամ ներքևում` մոլորության մեջ գցելով ընթերցողին:

Գայանե Հովսեփյան, Վանաձոր, ազատ լրագրող
Էլ.հասցե Gayane1960@gmail.com
15.08.2010
Հ.Գ. Սույն նամակն ընդունվեց ի գիտություն նրանց կողմից, ում ուղարկել էի (ընդամենը): Սակայն վատը նաև այն է, որ այնտեղ մատնանշված խախտումները տեղ չգտան անգամ Խոսքի պաշտպանության կոմիտեի եռամսյակային ու տարեկան հաշվետվություններում: Նամակում նշված խախտումները մի կողմ դրած` թողնենք միայն հեղինակային իրավունքի խախտումը. մի՞թե դա լրագրողի իրավունքի խախտում չէ: Առ այսօր իմ հոդվածը, որի առնչությամբ ահազանգս տպագրվեց "Ազգ" թերթում, փառավոր տեղ է գրավել "Հրապարակի" արխիվներում` որպես Մ. Ղահրամանյանի հոդված: Ոչ հերքում է տպագրվել, ոչ` ակնհայտ կեղծիքը վերացվել է: Ճիշտ է թերթի ինտերնետային հին էջում հոդվածը լույս տեսավ իմ անուն ազգանունով, սակայն մեկ ամիս անց թերթի խմբագիրը հին արխիվը փակեց (թերևս միտումնավոր) և արդյունքում նոր արխիվում պահպանվեց միայն Ղահրամանյանի անվամբ: Եվ քանի որ ես ժամանակին հասցրել եմ հին արխիվից վերցնել իմ անվամբ գրածը, ուստի շատերը խորհուրդ են տալիս դիմել դատարան` իմ հեղինակային իրավունքը վերականգնելու նպատակով: Է հետո՞` լրագրողը լրագրողին վերցնի դատարան տա` դա իմ սկզբունքին դեմ է: Արդյունքում տուժում է ճշմարիտ խոսքը: Ամեն դեպքում մեծապես շնորհակալ եմ թե Խոսքի պաշտպանության կոմիտեից, թե այն թերթերից, որոնք մերժեցին բողոքս տպագրել` այդ ակնհայտ ապորինության առթիվ: "Ազգն" էլ մի նամակս տպեց, բայց երկրորդը, որ կոչված էր ամրապնդել ասածս` համապատասխան փաստարկներով, ի պատասխան իմ դեմ գրված ակնհայտ զրպարտության, չտպագրեց: "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմի Ավագի հանգույն` ասենք. "Ես ձեզանից շաաաաատ շնորհակալ եմ: Դուք որ նյութերս չմերժեիք, ես բլոգ բացողը չէի, Facebook մտնողը չէի": Լավ է մեկ տարի ուշ, քան` երբեք:
17.10.2011թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն