вторник, 2 августа 2011 г.

Ի՞նչ է հարկավոր նախարար լինելու համար


Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ մամուլում տպագրված հարցազրույցը կարդալով, մեկ անգամ ևս համոզվեցինք, թե որքան քիչ բան է հարկավոր նախարար լինելու համար: Թվում էր, թե նախարարը պետք է ավելի ցածր պաշտոնյաների համեմատությամբ ավելի բարձր հատկանիշներ ունենար` գիտելիքների առումով, մինչդեռ ահա թե ինչ է խոստովանում Ա. Հարությունյանը` “Հետքի” հունվարի 21-ի համարում. “Ուզում էի օդաչու դառնալ, բայց քանի որ ռուսերենս լավ չէր, չընդուվեցի: Դիմեցի պոլիտեխնիկ ինստիտուտ և ֆիզիկայից կտրվեցի: Հետո դիմեցի գյուղինստիտուտ, այնտեղ էլ մաթեմատիկայի բանավոր քննությունից կտրվեցի: Ամենակարևորն այն էր, որ թոշակ ստանայի: Հետո էլի դիմեցի պոլիտեխնիկ, մասնագիտականը հանձնելուց բացի` պետք է նաև շարադրություն գրեի, բախտներս բերեց, թողեցին արտագրեցինք: Լավ էի արտագրել, թոշակ ստացա”: Ստացվում է, որ նախարարը ոչ հայերենից, ոչ ռուսերենից, ոչ ֆիզիկա-մաթեմատիկայից “լավ” չի եղել, բայց նախարար է դարձել (ընդ որում` 2անգամ. սկզբում` քաղաքաշինության, այնուհետ` բնապահպանության, իսկ թե ո՞ր արժանիքների համար, այդ մասին “խոստովանում” է. “Մարդը պետք է ունենա խաղի իր կանոնները”: Հավանաբար, այդ կանոններով առաջնորդվելով էլ սկզբում ՕԵԿ անդամ է եղել, այնուհետ` Հանրապետական: Ճիշտ է, ՕԵԿ անդամ լինելու փաստը տվյալ հարցազրույցից առանձնացված ինքնակենսագրականում բացակայում է, բայց` “թարսի պես” այն ջնջել չի լինի 2004թ. տպագրված “Ազգային ժողովի 3-րդ գումարում” տեղեկագրից, որտեղ ներկայացված են 2003թ. ընտրված ԱԺ պատգամավորների կենսագրականները, իսկ Ա. Հարությունյանը մինչ նախարար դառնալը պատգամավորական “բովով” էլ է անցել: Թերևս, ներքաղաքական “խաղի կանոնները” լավ իմանալով էլ ՕԵԿ-ը լքել է այն ժամանակ, երբ այդ կուսակցությունը մի որոշ ժամանակ ընդդիմադիր դիրքերում էր և արժանացել էր ՀՀ նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացասական գնահատականին: Ենթադրվում է, որ Ա. Հարությունյանին խիստ հոգեհարազատ է Օ. Բենդերի կերպարը, քանի որ հարցազրույցում նշել է, որ իր սիրած գիրքը “12 աթոռն” է: Միայն թե նրա պարագայում Բենդերի խոսքերը` “Որքա՞ն փող է պետք երջանիկ լինելու համար”, կհնչեին` “Ի՞նչ է հարկավոր նախարար լինելու համար”:
Ա. Հարությունյանի հետ հարցազրույցը ընթերցելուց հետո ակամա մտաբերեցի բարձրագույն պոլիտեխնիկական կրթություն ստացած վանաձորցի մի երիտասարդ կնոջ, որ պետական կառավարման համակարգում 9-ամսյա կուրսերի էր մասնակցել (Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք), որպես կադրային ռեզերվ, բայց աշխատանք չէր ստացել ոչ պետական, ոչ էլ համայնքային կառավարման համակարգում, որտեղ նույպես բարեհաջող քննություններ էր հանձնել: Բարձրագույն կրթություն և համակարգչային փայլուն գիտելիքներ, աշխատանքային փորձ ունեցող մեկ այլ կին էլ, որ բանկային համակարգում աշխատանքի անցնելու համար էր քննություններ հանձնել, բայց աշխատանք չէր ստացել, դառնությամբ ասաց. “Ինձ խորհուրդ են տվել աշխատանքի ընդունվելիս ցույց չտամ, որ խելացի եմ: Երևի սրանք խելացի մարդ չեն սիրում”: Այս ենթադրությունը հաստատվում է նրանով, որ բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքներ, անգլերենի իմացություն ունեցողներն իրենց ծառայությունն են առաջարկում անգամ որպես դայակ կամ հիվանդ խնամող` թերթերում հայտարարություններ զետեղելով:

Գայանե Հովսեփյան “Տարեգիր” 23.01.2010թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն