вторник, 2 августа 2011 г.

Գյուղամիջյան ճանապարհն ու կառամատույցը` քարուքանդ

Վերջերս Վանաձորի “ՄԻԳ” հեռուստատեսությամբ ներկայացվեց, որ Վանաձոր- Ալավերդի մայրուղու վրա, Ձորահէկի մոտ ավտոճանապարհահատվածի մի մասը փլվել է` երթևեկությունը դարձնելով վտանգավոր: Ձորագետավանի բնակիչներից մեկի բնորոշմամբ պատճառը ոչ միայն անձրևաջրերն են ու վարարած գետը, այլև հավանաբար` այն,որ այդտեղ մի քանի ամիս ի վեր շինարարական աշխատանքներ էին իրականացվում` մալուխային գծերի անցկացման հետ կապված, որ պետք է հասնի մինչև Վրաստան: “Կաբել են քաշում, ինչ են անում, “Վիվասելն” ա, ով ա, ասում են` կառավարության ծրագրով ա արվում“,- տեղեկացրեց մեր զրուցակիցը, համոզված, որ այդ աշխատանքներն էլ իրենց հերթին կլինեն նպաստած ճանապարահահատվածի փլուզմանը: Նաև տեղեկացրեց, որ հեղեղների պատճառով Դսեղից խոշոր քարեր են թափվել երկաթգծի ուղղությամբ, Դեբեդն էլ հա մի գլուխ կատաղում ու փրփրում է, սելավաջրերն էլ լցվում են նկուղները: Իսկ երկաթուղային կառամատույցն անհիշելի ժամանակներից չի նորոգվել, և մի օր էլ դա կարող է մի նոր աղետի պատճառ դառնալ, մինչդեռ Համաշխարհային բանկի ծրագրով, տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք մի քանի տարի առաջ գումարներ հատկացվեցին հանրապետության երկաթուղային կառամատույցների նորոգման նպատակով, սակայն, չգիտես ինչու, Ձորագետի կառամատույցը այդպես էլ չնորոգվեց: Ավելին. որպես հարցի լուծման յուրօրինակ ձև, հիմա էլ որոշել են ընդհանրապես այդտեղ գնացքի կանգառը վերացնել, այդպիսով ոչ միայն Ձորագետավանի, այլև մոտակա գյուղերի բնակիչներին զրկելով Վանաձոր-Այրում գնացքից օգտվելու հնարավորությունից: Ընդ որում, ոչ միայն կառամատույցն է քարուքանդ, այլև` դեպի այն տանող քարե աստիճանները` մացառներով ու թփերով պատված, որոնք ձմռան ամիսներին պարզապես սահադաշտի են վերածվում: Անհիշելի ժամանակներից էլ չեն նորոգվել համայնքի գյուղամիջյան ճանապարհները, մինչդեռ պարբերաբար գումարներ են հատկացվում ՀՀ տարբեր մարզերում գյուղական ճանապարհների նորոգման համար: Հերթական հատկացման մասին որոշումը եղել է 2009թ. նոյեմբերի 26-ին, ինչի առթիվ 27.11.09թ. հանրապետական թերթերից մեկը գրել է. “Երեկ կառավարությունը որոշել է 22282 մլն. դրամ հատկացնել ՀՀ բոլոր մարզերում իրականացվող համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար` սոցիալական ներդրումների հիմնադրամի և գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծության և կառավարման գրասենյակի միջոցներով”: Ընդհանրապես, վերջին տարիներին այս “կողմերում” տեղի ունեցած միակ դրական նորությունը երթուղային միկրոավտոբուսների ներդրումն է` Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ձաղիձոր հատվածներում, որպեսզի մարդիկ չմնան պետական ավտոբուսների հույսին:



Գայանե Հովսեփյան Հրապարակ 30.04. 2010թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն