Օրերս “Հ1”-ի “Կարծիք” հաղորդմամբ ռեպորտաժ ներկայացվեց Ձորագետավանի ու Թումանյան կայարանի (որոնք կազմում են վարչական 1 միավոր) խնդիրների մասին, որոնց մինչ այդ քանիցս անդրադարձել է նաև “Հրապարակը”: Ռեպորտաժի ընթացքում նշվեց, որ այդ համայնքներում 2 ակումբ է եղել, բայց` խոսվեց միայն Թումանյան կայարանի ակումբի մասին: Ավելին. այդ ակումբին վերաբերվող հատվածը հայտնվեց նաև հունիսի 15-ի “Հայլուրում”: “Բա Ձորագեսի ակումբից ինչի՞ չխոսվեց”,- մեր հետ զրույցում դժգոհեց ռեպորտաժը դիտած Ձորագեսի ակումբի նախկին վարիչ ու երկարամյա գրադարանավարուհի, միայնակ թոշակառու Ելենա Անդրեասյանը, պատմելով, որ նույնիսկ 90-ականների “մութուցրտի” տարիներին (չհաշված` մինչերկրաշարժյան տարիները) ակումբում միջոցառումներ են կազմակերպվել. “Ինչ միջոցառում ասես, որ չեմ արել, իմ ձեռքով եռագույն դրոշ եմ կարել, էդ դրոշն առած Ձորագյուղ, Ծաթեր, Դսեղ գյուղերում գրական-մշակութային միջոցառումներ եմ արել, էլ ապրիլի 24, Սևակ, Վարդավառ եմ նշել, չնայած իմ դեմ ոմանք անընդհատ դավեր են կազմակերպել, բայց ես միշտ պայքարել եմ”: Ձորագեսի ակումբն իր նախկին կինոդահլիճով, բիլիարդանոցով ու գրադարանով գտնվում է անմխիթար վիճակում, և, ինչպես գյուղերի մեծ մասի ակումբ-գրադարանները` թալանված (չէ՞ որ այն ծանր տարիներին մարդկանց ձեռքն ինչ ընկել` վառել են, որ տաքանան. սկսած` պարկետից ու սեղան-աթոռից վերջացրած` Բրեժնևի հատորներով): Բայց Ձորագեսի գրադարանը անկախության տարիների սկզբում գործում էր: Եղել է ժամանակ, երբ Ելենան իր տանն է գրադարանային աշխատանքները կազմակերպել, այնուհետ գրքերը փոխադրվել են տնակ: Իսկ 2000թ. հետո գրադարանն ընդհանրապես լուծարվել է: “Իսկ որտե՞ղ են այժմ պահպանվում գրադարանի գրքերը”,- հարցիս պատասխանեց. “Գրքերի մի մասը տնակներից տարան դպրոց”: Եվ, քանի որ 8-ամյա դպրոցն օպտիմալացման վտանգի տակ է (քանի որ այնտեղ 6 երեխա է սովորում), ուստի վտանգի տակ է նաև դպրոցական գրադարանի ճակատագիրը: Թերթերի արխիվի մեծ մասն, այնուամենայնիվ, Ելենան փրկել է` տեղափոխելով իր բնակարան. “Ձորագեսի պատմությունը հատուկ եմ պահում, մինչև չհամոզվեմ, որ դրանք սրբությամբ կպահպանեն, չեմ հանձնի, չգիտեմ էլ` թե ում եմ հանձնելու”: Իսկ այդ թերթերը նրա համար պատմական մասունքներ են, մանավանդ, որ տարիներ առաջ թղթակցել է “Գուգարք” թերթին և լուսաբանել ակումբում տեղի ունեցող միջոցառումները: Իմ զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ 2006թ. “Արմեն-Ակոբ” հեռուստաստուդիայից եկել էին Ձորագես, իր հետ ծավալուն հարցազրույց վարել (անձամբ զրուցել է Արմեն Ամիրյանի հետ), հայտնել է նաև իր մտահոգությունները թերթերի ճակատագրի մասին, հաղորդումը հեռարձակվել է Ամերիկայում, բայց` այն ինքը, բնականաբար, չի տեսել. “Ով ասես տեսել է` բացի ինձնից”: Ընդ որում, տեսել են նաև ձորագեսցիների լոսանջելեսաբնակ թոռները: Իսկ օրերս “Հ1”-ով Ձորագեսի ու Թումանյան կայարանի մասին պատմող ռեպորտաժն էլ չեն դիտել Թումանյան կայարանում, քանի որ այդ ժամին հոսանքի անջատում է եղել: “Ով գիտի, կարող ա դիտմամբ անջատել են, որ չնայենք”,- ասում է Թումանյան կայարանի բնակչուհի Ջեմմա Մարտիրոսյանը, որ նախկինում եղել է ավանային խորհրդի նախագահ: Հետաքրքիր է այն, որ ռեպորտաժի 2-րդ մասն էլ, որ պետք է հեռարձակվեր հունիսի 10-ին “Հ1”-ով, փոխարինվել էր ծրագրով չնախատեսված ֆուտբոլային հաղորդմամբ, իսկ “Կարծիքի” 2-րդ մասը հեռարձակվել է միայն արբանյակային կապով: Մոտ մեկ ամիս առաջ Վանաձորում, Լոռու մարզային գրադարանում պետք է տեղի ունենար կլոր սեղան` “Հայացք գյուղերի գրադարաններին” թեմայով, որին պետք է մասնակցեին ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Կարեն Սարիբեկյանը, սակայն վերջիններիս բացակայության պատճառով կլոր սեղանը չի կայացել: Մի՞թե նրանց չի մտահոգում գյուղերի մշակութային օջախների խնդիրները: Խորհրդային տարիներին գյուղական ակումբ-գրադարանները բազմաթիվ թերթեր ու ամսագրեր էին ստանում, մի՞թե հնարավոր չէ նախկին գրադարանները վերականգնել (առավել ևս, որ դրանց մի մասը “մութուցրտի” տարիներին գործել են) ու գոնե հայաստանյան թերթ ու ամսագրեր գրվել` պետբյուջեի կամ մշակութային հիմնադրամների միջոցներով: Այլապես ինչի՞ նման է, գյուղերի մասին հոդվածներ են գրվում, բայց գյուղաբնակներն իրենց մասին գրված հոդվածներից շատ հաճախ անտեղյակ են: Ամենահասանելին, օրինակ, Ձորագետում “Եթերն” է, որի միակ “այլընտրանքը” “Վանաձորյան խճանկարն” է: Առհասարակ, գյուղական գրադարաններին մշտապես պետք է հայացք գցել, և ոչ թե` տարվա մեջ 1 անգամ կազմակերպվող գրադարանային շաբաթվա շրջանակներում, որ ավելի հաճախ ձևական բնույթ է կրում:
Գայանե Հովսեփյան “Հրապարակ” 17.06.2010թ.
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն