понедельник, 30 апреля 2012 г.

ՀԱԿ-ի հանրահավաքը Վանաձորում

2003 և 2007թթ. Խորհրդարանական ընտրությունների նախօրյակին Վանաձորի “Արցախ “ պուրակում իշխանություններին ու ՀՀԿ-ին պախարակում էր երբեմնի ընդդիմադիր, “Արդարություն” դաշինքի նախկին անդամ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: “Խունտան պետք է տապալվի”,- ամենից շատ հնչող արտահայտությունը Դալլաքյանի կողմից սա էր: 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրյակին այդ նույն “Արցախ” պուրակի հարևանությամբ` Տիգրան Մեծ պողոտայի վրա շողշողացող հսկայական պաստառի վրա ազդարարված է` “ՀՀԿ, Վիկտոր Դալլաքյան”: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` ճակատագրի ծաղր ու բարոյական ապտակ հասարակության այն հատվածին, որ նրան ձայն էր տվել որպես ընդդիմադիր պատգամավոր: Ապրիլի 29-ին “Արցախ” պուրակում ժողովրդի հետ հանդիպեցին ընդդիմադիր ՀԱԿ անդամները` երբեմնի “Արդարություն” դաշինքի անդամների մասնակցությամբ: ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր և պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը պախարակեց Վ. Դալլաքյանին` իր երբեմնի ընդդիմադիր հայացքներից հրաժարվելու և իշխանությունների դրոշի ներքո հանդես գալու համար. “Բա դու չես ամաչու՞մ, այ տղա”: Նաև հիշեցրեց, թե ժամանակին ինչ է ասել Դալլաքյանը ՀՀ նախագահի հասցեին: Երբ Փաշինյանը հիշեցրեց Դալլաքյանի նախկին ելույթները` ուղղված ներկա իշխանությունների դեմ, ում դրոշի ներքո այսօր հանդես է գալիս Դալլաքյանը, ժողովուրդը սկսեց ոգևորված ծափահարել ու հիացական ձայնարկություններ արձակել (ծափահարողներն ավելի շատ կլինեին, եթե անձրև չլիներ, քանի որ հավաքվածների մի մասի ձեռքին անձրևանոցներն  էին): Անձրևի ու մռայլ, ամպամած եղանակի գործոնը նպաստել էր հանրահավաքի ոչ շատ մարդաշատ լինելուն: Համենայն դեպս, այդտեղ հավաքվել էր հասարակության գաղափարական հատվածը. անգամ` պետական համակարգում աշխատող դասախոս-մանկավարժների և այլ պաշտոնյաների նկատեցինք, թեպետ ելույթ ունեցողներից նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը կարծում էր, թե պետական ապարատի աշխատողները “վախից” չեն եկել: Նա ոչ միայն քննադատեց գործող վարչապետին` չհիմնավորված ֆինանսական ծախսեր ու ներդրումներ անելու համար, այլև դժգոհեց, որ իր հետ բանավեճի չի մտնում, թեպետ ինքը քանիցս առաջարկել է Հ1-ով բանավեճ կազմակերպել: Բագրատյանի ելույթն, ինչպես միշտ, պատկերավոր մտքերով էր. “Էլ ինչ ասես մեզ չկպցրին` էլ մազութի գող, էլ եսիմ ինչ…”, - հեգնեց բանախոսն ու նկատեց, որ ներկա իշխանավորները որոշ ձեռնարկություններ չնչին գներով, էժան վաուչերներով առել են, բայց դրանից բյուջեն գումարներ չի մտել: ՀԱԿ անդամները կոչ արեցին ձայն տալ թիվ 29, 30,31 ընտրատարածքներում ՀԱԿ թեկնածուներին և Հայ ազգային կոնգրեսին: Գայանե Հովսեփյան

Նախընտրական կսմիթներ

"Ժառանգության" հոլովակում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ ուժ ու եռանդով գովաբանում է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին (ցուցադրվում են կադրեր ոստիկանների հետ Մարտիրոսյանի բախումներից, նաև, թե ինչպես է Մարտիրոսյանը 2008թ. մարտի 1-ի "անկարգությունների" ժամանակ ոստիկան փրկում` կրծքով պաշտպանելով գազազած ամբոխի հարձակումներից), ու մեկ էլ հանկարծ հոլովակի վերջում հայտնվում է "Ժառանգության" համամասնական ցուցակը, որի առաջին 3 տեղերում Մարտիրոսյանը չկա, իսկ 2-րդ տեղում "Ազատ դեմոկրատներ" կուսակցության անդամն է (Ով ոստիկան փրկի, ով հայտնվի ցուցակի 2-րդ տեղում): Էլի բարեբախտություն է, որ "Ժառանգության" հայտնի ակտիվիստ Զարուհի Փոստանջյանին "3-րդ պատվավոր" տեղում են գրել (հավանաբար, կանխելով ընդդիմադիր ակտիվիստի հնարավոր փապուստը դեպի ՀԱԿ): Ցավոք, "Ժառանգության" բացօթյա հանդիպումները որոշակի առումով թատերականացված բնույթ են կրում, քանի որ գյուղերում գրեթե մարդ չի լինում հանդիպումներին, բացառությամբ պատի տակ նստած ծերունիների, և ակամա հիշում ենք Հ2-ի հանրահայտ Պոնչոյին (Վահագն Սիմոնյան), որ "Պահմտոցի" երգիծական հաղորթման ժամանակ մեգաֆոնն առել, կանգնել էր մի գյուղի կենտրոնում ու "կոչով" հանդես էր գալիս. "Ով ինչ չի ունեցել երեկ, չի ունենա նաև վաղը, ով ինչ անի, իրեն կանի": Ցավոք, այսօր որորշ քաղաքական ուժերի հանդիպումներ հենց այդ երգիծական հոլովակի կարգավիճակով են: Ապրիլի 21-ի "Ժառանգության" հոլովակից էլ տպավորություն ստացվեց, թե նախընտրական քարոզչությունը սկսել է "էքստրեմալ տուրիզմի" բնույթ կրել "ժառանգականների" համար, քանի որ կուսակցության նախագահն այն միտքն արտահայտեց, թե իրենք այս շրջանում ապաշխարում են, և շրջելու են ավտոբուսով (այդ պահին "Ժառանգության" թեկնածուներն սպասում էին մայրաքաղաքի "Դավիթաշեն" թաղամաս տանող ավտոբուսին ): ...Ապրիլի 28-ին "Լոռի TV"-ով բանավեճին հյուրընկալված պատգամավորության 2 թեկնածուները ("Ժառանգության" և Կոմկուսի համամասնական ցուցակի անդամներ) զրույցն այնքան էլ բանավեճի չէր նման, քանի որ երկուսն էլ գրեթե նույն գաղափարներն էին քարոզում` գովաբանելով կոմունիստական հասարակարգը, մինչդեռ թվում էր, թե բանավեճին պետք է գաղափարների բախում տեղի ունենար, քանի որ "ժառանգության" նախագահն արևմտամետ քաղաքական գործիչ է: Ըստ այդմ, դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է հնարավոր "ժառանգության" ճանապարհով կոմունիզմի հասնել: Գայանե Հովսեփյան

суббота, 28 апреля 2012 г.

Եթերային գրաքննությունը գործողության մեջ

Ապրիլի 27-ին, ժամը 14-ին “Երկիր մեդիա”-ով ընթացող քաղաքական հաղորդումը (որն, ի դեպ, հեռուստածրագրերում նշված չէր) Վանաձորում ընթանում էր եթերային անընդմեջ ընդհատումներով, գրեթե յուրաքանչյուր 1 րոպեն մեկ, ինչը, թերևս, անլեգալ գրաքննության մի տեսակ է: Իսկ հաղորդման ընթացքում ելույթ էին ունենում ոչ միայն իշխանամետ, այլև ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորության թեկնածուներ (որոնց թվում` ՀԿԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղարը): Ի դեպ, սա առաջին դեպքը չէ Վանաձորում ոչ միայն “Երկիր մեդիա”-ի պարագայում (որ, թերևս, ԱԼՄ-ի փակվելուց հետո ընկալվում է որպես “այլընտրանքային”), այլև` “Ազատություն” ռ/կայանի, երբ ընդդիմադիր ելույթների կամ թերթերի տեսության ժամանակ հաճախականությունը սկսում է րոպեն մեկ տեղաշարժվել: Գայանե Հովսեփյան

Անձնագրային բաժիններում բլանկները «քչություն» են անում

Ամենայն հավանականությամբ, ընտրողների մի զգալի հատված չի մասնակցի ընտրություններին` անձնագրերի հետ կապված լուրջ խնդրի պատճառով: Մի քանի օր առաջ ՀԱԿ ակտիվիստ Օֆելյա Միրզոյանն ահազանգեց, որ անձնագրի ժամկետը լրանալու պատճառով այն փոխել ցանկացող քաղաքացիներին Վանաձորի անձնագրային բաժնում հայտնում են, որ «կգաք 15 օր հետո», և ոչ մի երաշխիք չկա, որ 15 օր հետո էլ մարդիկ իրենց անձնագիրը կստանան, քանի որ պատճառաբանում են, որ «բլանկներ չկան»: Ընդ որում , օրերս պարզվեց, որ վիճակը նույնն է նաև մայրաքաղաքում: Մխիթարյանը ՀԱԿ վստահված անձ է, և տարակուսում էր, թե ինչպես է կատարելու իր պարտավորությունները թե որպես վստահված անձ, թե որպես ընտրող: «Իսկ ՀԱԿ գրասենյակում տեղյա՞կ են», հարցիս ասաց. «Տեղյակ են, բայց հիմա նրանք ժամանակ չունեն նման հարցերով զբաղվելու, ամբողջ օրը քարոզչությամբ են զբաղված»: Նաև նկատեց, որ անձնագիրը պարտավոր են 5 օրում հատկացնել: Ապրիլի 27-ին անձնագրային բաժին մեր այցելության պահին ևս դժգոհություններ էին հնչում քաղաքացիներից. «20 օր առաջ եմ տվել, ինչի՞ չի պատրաստ», - վրդովված էին 2 կանայք: Իսկ նրանց, ում ասել էին 15 օր հետո, պատրաստ չլինելու պատճառով նոր ժամկետ ասացին` կգաք մայիսի 4-ին: Վերոնշյալ Օ. Միրզոյանին էլ մայիսի 2-ին էին կանչել, բայց նա ևս հույս չուներ, որ այդ օրը պատրաստ կլինի անձնագիրը: Իսկ առջևում մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններն են: Անձնագրերը ժամանակին չստանալու պատճառով շահագրգիռ անձինք ստիպված են «9-րդ ձև» կոչվող տեղեկանք ձեռք բերել, բայց դա շարքային քաղաքացու համար ավելի թանկ հաճույք է` 2000դրամ, քան` անձնագիրը, որ ստանալու համար 1200 դրամ պետք է մուծեն: Ի դեպ, մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե երբվանի՞ց է «9-րդ ձև»-ը դարձել 2000 դրամ, քանի որ տարիներ առաջ այն անվճար էր: Կարծում ենք, սա ոչ միայն մարդու տարրական իրավունքների ոտնահարում է, այլև լրացուցիչ ժամանակ ու գումարներ է պահանջում: Դե պատկերացրեք այն մարդու վիճակը, ով քաղաքի մի ծայրից տրանսպորտով հասել է կենտրոն, ու նրան ասում են` պատրաստ չի, մի քանի օր հետո կգաք: Առավել տխուր կլինի մարզի այլ բնակավայրերից եկողների վիճակը: Այս ամենը լուրջ խոչընդոտ է ընտրությունների շեմին նրանց համար, ովքեր քվեարկում են խղճի համաձայն, առանց ընտրակաշառքների: Գայանե Հովսեփյան

четверг, 26 апреля 2012 г.

Ի՞նչ էին ասում կոմունիստները

Հայկոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հանդիպմանը, որ տեղի ունեցավ ապրիլի 25-ին Վանաձորի երկաթուղայինների ակումբում, ուղևորվելիս զարմանքով նկատեցինք, որ ակումբի հարևանությամբ նարդի խաղացող տարեցներն անգամ չեն մասնակցում հանդիպմանը, և շատ ոգևորված խաղում էին, համենայն դեպս, դահլիճի 1/3-ը լցված էր, անգամ տարեց կանայք կային` կոմկուսի նվիրյալ: Մեր այցելության պահին Ռ. Թովմասյանն արդեն խոսում էր սպառողների իրավունքների մշտական խախտումներից. «Ով ասի, թե հացի 1 կգ-ն ինչ արժի Հայաստանում, կարժանանա պետական մրցանակի»: Այնուհետ անցավ հացի որակին ու այդ բնագավառում ամենաթողությանը, հսկողության բացակայությանը. «Կաշին պինդ է, ծամել չի լինում, լաբորատորիաներ չկան…»: Դե, բնականաբար, մինչ այդ Թովմասյանն արդեն հասցրել էր խոսել սոցիալիզմի առավելություններից ու փնովել ներկայիս հասարակարգը: Իսկ որպես այլընտրանք` այս հասարակարգին, ինչպես միշտ, վկայակոչեց կոմունիստական Չինաստանի մոդելը: Նրա ելույթից հետո ևս մեկ կոմունիստ` տարեց վանաձորցի, ցանկություն հայտնեց ելույթ ունենալ բեմից ու մտահոգություն հայտնեց` երկրի դատարկվելու առնչությամբ. «Բա մեղք չի՞ էս ժողովուրդը, մնացել են մեր նման տարեցները»: Եվս մեկն էլ հարց բարձրացրեց` տեղից. «30 տարվա շինարար եմ, էս շենքերը մենք ենք սարքել, աշխատանք չեն տալիս, որ ապրեմ»: Միջոցառումից հետո ընկ. Թովմասյանից հետաքրքրվեցի, թե ինչու՞ կոմկուսի բուկլետներում կուսակցության համամասնական ցուցակի գոնե առաջին տասնյակը չի ներկայացված (միայն առաջին 3 տեղերի թեկնածուների անունները ներկայացված էին պլակատում, որ պետք է փակցնեին պատերին): Բանախոսը պատճառաբանեց, որ փոքր բուկլետում հնարավոր չէր ցուցակ տեղավորել: Իսկ երբ հիշատակեցի, որ քաղաքական այլ ուժեր (օրինակ` ՀԱԿ-ը) ցուցակի բոլոր անդամների անունները տպագրել են իրենց բուկլետներում, նկատեց, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, իրենք թերթ չունեն, որ մեծ ցուցակ տպեն, սակայն համոզմունք հայտնեց, որ կոմկուսի Facebook-ի էջում ցուցակը տեղադրված է: Երբ նկատեցի, որ Facebook-ի էջում նայել եմ` չկա, նա անմիջապես բջջայինով կապվեց էջի պատասխանատուի հետ և համոզվեց, որ համամասնական ցուցակը չի տեղադրված, և խոստացավ տեղադրել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կա այդ ցուցակը», - հավաստիացրեց Թովմասյանին ուղեկցողներից մեկը` մայրաքաղաքից: Հազիվ թե այդ հավաստիացումը մխիթարի շարքային ընտրողին, որն ուզում է համոզված լինել, թե ում է ընտրում` ի դեմս կոմկուսի: Ձայն տվողը պետք է իմանա, թե կոնկրետ ու՞մ պետք է գնա իր ձայնը, եթե տվյալ կուսակցությունը հաղթահարի 5 տոկոսի շեմը: Ի դեպ, կոմկուսը միակ կուսակցությունը չէ, որի համամասնական ցուցակը բուկլետում չկա: … «Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ ավելի լավ է երկիրը կառավարեն դաշնակներն ու կոմունիստները, քան` հանրապետականները: Կոմունիստները համաձա՞յն են դրան, չէ՞ որ դաշնակներն ու կոմունիստները միշտ կատաղի հակառակորդներ են եղել»,- իմ այս հարցին, որ ուղղել էի կոմկուսի Facebook-ի էջին, պատասխանել էին, որ «հանուն հայ ժողովրդի կոմունիստները ամեն ինչի պատրաստ են»: Իսկ այս կապակցությամբ Ռ. Թովմասյանը մասնավորապես տեղին համարեց իր քաղաքական հակառակորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումը. «Էսքան ժամանակ վերջապես մի շատ խելացի միտք է հայտնել»: Ի դեպ, հայկոմկուսի նախընտրական բուկլետում ոչ միայն քննադատություն կա ներկա իշխանությունների և հասարակարգի հասցեին, այլև` դրվատանքի խոսքեր են այդտեղ տեղ գտել: Ահավասիկ` «Վերջին 20 տարիներին միակ փայլուն հաջողությունը Հայոց Բանակի ստեղծումն ու նրա մարտունակության ապահովումն է, որը տարածաշրջանում ամենամարտունակն է»: Գայանե Հովսեփյան

Անհավասար մրցակցության պատճառներն ու հետևանքները

Հետաքրքիր է, այն, ինչ ցուցադրվում է վանաձորյան հեռուստատեսությամբ (իշխող կուսակցության անդամ պատգամավորների գործունեության լուսաբանում ու քարոզչություն, որն առավելապես մեծարանքի ցերեկույթ է հիշեցնում) քաղաքական գովա՞զդ է, թե՞` ոչ (քանի որ 1 ամիս առաջ հայտարարվել էր, որ մարզային հեռուստաընկերությունները քաղաքական գովազդ չեն տալու` ոչ եկամտաբեր լինելու պատճառաբանությամբ): Իսկ ի՞նչ պակաս քաղաքական գովազդ է (ես կասեի` “սուպերգովազդ”), երբ բնակիչներն իրարից հերթ խլելով փառաբանում են իշխող կուսակցության պատգամավորին` տանիք նորոգելու, դպրոցին ավտոբուս նվիրելու, ուսանողի ուսման վարձը վճարելու համար: Բա հետո էլ ԿԳ նախարար Աշոտյանը քննադատում էր, թե չի կարելի ուսանողներին բարեգործներից կախման մեջ դնել, այլ պետք է պետական հովանավորություն լինի: Թե՞ դա միայն ԲՀԿ-ին է վերաբերվում (ավելի ճիշտ` արգելվում), ՀՀԿ-ին չի վերաբերվում: Հիմա եթե մարդկանց ապրիլի 26-ի դրությամբ հարցումներ անեն, թե ովքե՞ր են թիվ 29 և 31 տարածքի պատգամավորության այլ թեկնածուներ, բացի գործող պատգամավորներից, որոնց գովքն առավոտից երեկո գնում է, հաստատ չեն իմանա, քանի որ “այլընտրանքային” թեկնածուների անունները շատ քիչ են հիշատակվում: Կուսակցությունների պարագայում էլի “մխիթարություն” է, որ դահլիճներ են տրամադրվում, հանդիպումները ` լուսաբանվում, սակայն ընդդիմության պարագայում դահլիճները հիմնականում կիսադատարկ են լինում: Սա ոչ այնքան վախի մթնոլորտի արդյունք է, ինչպես հեռուստատեսությամբ հավաստում էր դեմոկրատական կուսակցության առաջնորդը` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում սակավաթիվ մարդկանց հետ հանդիպումից հետո, այլ` չտեղեկացվածության, որովհետև մարդիկ եթե նախապես իմանան, որ հանդիպում է լինելու, առնվազն հետաքրքությունից կգնան: Բայց` վախի գործոնն էլ կա. վախ, ոչ միայն աշխատանքից, այլև… ընտրակաշառքից զրկվելու պատճառով: Ապրիլի 25-ին Վանաձորի երկաթուղայինների ակումբում կոմունիստների նախընտրական հանդիպումից հետո 2 կանայք զրույցի ընթացքում կես-լուրջ, կես-կատակ հայտնեցին, թե “տնեցիք” մտահոգված են, որ եթե իրենք գնան կոմկուսի ժողովին, ընտանիքը կզրկվի ընտրակաշառքից: Սա` մարզկենտրոնի պարագայում, գյուղերի պարագայում վախը կապված է նաև գյուղապետի “աչքից չընկնելու”, “թիրախի” տակ չհայտնվելու հետ: Ապրիլի 23-ին ընդդիմադիր ՀԱԿ թեկնածուներից մեկի նախընտրական հանդիպման լուսաբանումն էր վանաձորյան հեռուստատեսությամբ: Թեկնածուն խելացի մտքեր էր արտահայտում պատգամավորի դերի ու նշանակության մասին (այն, որ պատգամավորի գործն ասֆալտ քաշելն ու տանիք նորոգելը չէ, այլ` օրենքներ մշակելը ), նաև մրցակցին հրավիրում էր բանավեճի: Բայց ի՞նչ օգուտ խելացի մտքերից, եթե հանդիպմանը գյուղամիջի պատի տակ նստած ու կտուրներից “ծիկրակող” մի քանի մարդիկ էին “ինտեգրված “: Իսկ այն ընտրատարածքը (թիվ 31), որտեղ առաջադրվել էր թեկնածուն, մարզկենտրոնի հեռուստաստուդիաների “ձայնը” չի հասնում: Ի՞նչ հասանելության մասին կարող է խոսք լինել` մարզկենտրոնի հեռուստաստուդիաների պարագայում, եթե Լոռու մարզի Ձորագես ավանում անգամ Հ2 պետական ալիք (որով նույնպես քարոզչություն է գնում), չեն կարող նայել, քանի որ այդ տարածքներում “մետրայինը” “չի բռնում” (Դսեղում տեղակայված աշտարակի անգործության, թալանված լինելու պատճառով), Հ2-ն էլ արբանյակային հեռուստատեսությամբ (որով ապահովված են բնակիչներից մի քանիսը) չկա, իսկ կաբելայինն էլ, որով նույնպես Հ2-ը հեռարձակվում է, միայն Վանաձորում է: Մի առանձին խնդիր է, թե ինչու՞ հայկական հեռուստաեթերից վերացել են քաղաքական բանավեճերը` ուղիղ հեռարձակմամբ: Ճիշտ է, մայրաքաղաքի որոշ ակումբերում բանավեճեր լինում են, բայց ուղիղ եթերի կարգավիճակով չեն, այնպես, ինչպես էին երբեմնի “ԱԼՄ”-ի թոք-շոուները կամ “Արմենիայի” “Դուելը” , որ դադարեցրեց գործունեությունը 2008թ. նախագահական ընտրությունների նախօրյակին: Գայանե Հովսեփյան

среда, 25 апреля 2012 г.

Ո՞վ է եթերի պատասխանատուն


“Եթեր” շաբաթաթերթում, որտեղ հեռուստածրագրեր են տպագրվում, ծրագրերի մի մասը, որպես “օրինաչափություն”, չի համապատասխանում ցուցադրվող հաղորդումների ժամանակին: Ընդ որում, չհամընկնումները հիմնականում տեղի են ունենում հայաստանյան հեռուստաալիքներով: Ամենաթարմ օրինակը ապրիլի 25-ին էր, Հ2-ի ծրագրում (“Եթերում” տպագրված): Ծրագրում գրված է` “Լրաբեր” 9.55, սակայն այդ ժամին, պարզվում է, լուրերն արդեն ավարտված են, և “Բարի լույսն” է մուտք գործում, որն էլ ծրագրում նշված է 9.30: “Եթերի” վերջում, որպես ինքնաապահովագրում, գրված է, որ “թերթը պատասխանատվություն չի կրում հեռուստատեսային ընկերությունների ծրագրերի, ինչպես նաև գովազդի բովանդակության համար”: Բնականաբար, մեղավորը ծրագրեր կազմողներն են, ովքեր, ենթադրվում է, ծրագրերը կազմում են “աչքաչափով”` “1 ժամ էս կողմ, էն կողմ” սկզբունքով, մինչդեռ, սա էլ սպառողին ապակողմնորոշելու, ոչ պատշաճ ինֆորմացիա տրամադրելու մի տարատեսակ է (գովազդների պարագայում` առավել ևս), սակայն դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Հաճախ էլ հաղորդման անոնսներում օրն ու ժամանակը չի ճիշտ մատնանշվում` բուն հեռուստաեթերով: Ի դեպ, հենց “Եթեր” շաբաթաթերթում 1-2 տարի առաջ մի հոդված էր տպագրվել, որտեղ հոդվածագիրն իրավացիորեն դատապարտում էր հեռուստաընկերություններին` “Եթերին “ սխալ ծրագրեր տրամադրելու և հեռուստադիտողին ապակողմնորոշելու համար. փաստորեն, քննադատությունն առ այսօր մնացել է “ձայն բարբառոյ”: Այս թեմային որոշակիորեն առնչվող մի հարց էլ այն է, երբ որևէ խանութի գովազդ է ներկայացվում հեռուստատեսությամբ` առանց հասցեն մատնանշելու, կամ ներկայացվում է ցուցահանդես, որ պետք է մի քանի օր տևի, բայց վայրը չի մատնանշվում, և կամ որևէ նոր կայքի մասին է խոսվում` առանց հասցեն մատնանշելու: Այս վերջին բացթողումները ևս վերաբերվում են հանրապետական հեռուստաալիքներին: Գայանե Հովսեփյան

четверг, 19 апреля 2012 г.

Խոսք հիշատակի


 Լոռու մարզի Ձորագես ավանի երջանկահիշատակ բնակիչ, վաստակավոր էներգետիկ, 1915թ. Մեծ Եղեռնը վերապրած Գարեգին Հարությունյանը ծնվել է 1911թ. մայիսի 15-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում (Արճակ կամ Իրկիչ գյուղում): 1915թ. 4 տ. հասակում, փախեփախի ճանապարհին կորցրել է հորը, մորը, եղբայրներին ու քրոջը: Սկզբում եղբոր` Ազատի հետ է եղել ճանապարհին, սակայն նրանցից մեկը հիվանդացել է ու դրա հետևանքով նրանց բաժանել են միմյանցից, Գարեգինը հայտնվել է տարբեր մանկատներում (հիմնականում` Լենինականում): Փաստորեն, Ազատի ճակատագիրը մինչ օրս անհայտ է: Անհայտ է նաև քրոջ` Լուսիկի, հոր` Գերասիմի ու մոր`Հայաստանի ճակատագիրը. յաթաղանի զո՞հ են դարձել, թե՞ մազապուրծ փրկվել են` հայտնվելով սփյուռքում, այդպես էլ չիմանալով մյուս հարազատների ճակատագրի մասին: Մանկության ու պատանեկության տարիները անցել են մանկատներում: Երիտասարդության շեմին` 17 տ. հասակում Գ.Հարությունյանը ներգրավվել է նոր կառուցվող Ձորահէկի շինարարության մեջ, ու նոր ձևավորվող ավանում էլ ոստան գցել: Ողջ կյանքը նա անցկացրեց Ձորագեսում` ՀԷԿ-ում մասնագիտանալով էներգետիկի աշխատանքում և հասնելով վարպետի աստիճանի, իսկ տարիներ անց էլ արժանացավ վաստակավոր էներգետիկի կոչման: Վարպետ Գարեգինն ու կինը` Արաքսյան(Վահագնի գյուղից), համատեղ կյանքի ընթացքում ունեցան 4 զավակ` 2 որդի, 2 դուստր: Նրանցից 3-ը բարձրագույն կրթություն ստացան: 8 թոռներ, 6 ծոռներ սերվեցին Գ. Հարությունյանից, սակայն, ցավոք, ծոռներից մի քանիսին չհասցրեցին տեսնել ոչ Գարեգինը, որ մահկանացուն կնքեց 2002թ. նոյեմբերին, ոչ նրա կողակիցը, որ ավելի վաղ մահացավ`1989թ. դեկտեմբերին: 91-ամյա կյանքի հասուն տարիներին վարպետ Գարեգինը երբևէ չէր ցանկանում վերապրել իր դառը մանկության տարիները, վրեժխնդրությունը նրա մեջ չկար, քանի որ էությամբ խաղաղասեր էր` անգամ քաղաքական հայացքներում: Պատմական հայրենիքի, հարազատների կորստի ցավը պահում էր հիշողությունների մեջ, միայն երբեմն երազում էր տանջվում ու երազի մեջ էլ լաց լինում: Աղոտ հիշում էր, որ հայրը ձիթհանքում է աշխատելիս եղել: Երբեմն խոստովանում էր, որ կուզենար օրերից մի օր գնալ-տեսնել ծննդավայրը ու ետ վերադառնալ: Միգուցե, հենց հայրենիքի կարոտն էր փորձում հեռուներից առնել, հարազատներից մի լուր իմանալ, երբ ողջ հասուն կյանքի ընթացքում, անգամ խորհրդային տարիներին ունկնդրում էր «Ամերիկայի ձայն» ռադիոալիքը: Ճակատագրի բերումով նրա թոռներից 2-ն ու ծոռներից 4-ը այսօր Ամերիկայում են , որտեղ էլ հայտնվել են մեկ այլ «փախեփախի»` մթի ու ցրտի տարիների արդյունքում, և այդ նույն դաժան ճակատագրի բերումով մեծ որդին` Միհրանը (որին տվել էր եղբոր անունը) 2009թ. իր մահկանացուն կնքեց Ամերիկայում , որտեղ էլ գտնվում է նրա գերեզմանը: Անկեղծ էր վարպետ Գարեգինը, շիտակ ու արդարամիտ, «անուղղելի» աշխատասեր, և 80-նն անց տարիքում անգամ, կենսաթոշակի անցնելուց հետո, անհրաժեշտության դեպքում գործի էր դնում էներգետիկի մասնագետությունը, երիտասարդի ավյունով էլեկտրասյուներ մագլցում: 90-ականներին Ձորագես այցելած ֆրանսիացի մասնագետները նրան լուսանկարել էին աշխատանքի պահին: Աշխատանքից ազատ ժամերին էլ զբաղվում էր այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, էլեկտրական իրերի պատրաստումով ու նորոգումով: Աշխատանքը նրա համար հաճույք էր, կեցության ձև: Մեծ Հայրենականի տարիներին վարպետ Գարեգինը շատերի նման կմեկներ ռազմաճակատ, բայց մերժեցին դիմումը, գտնելով, որ նրա մասնագիտական կարողությունները թիկունքում ավելի են պետք: Այդ բացը նրա փոխարեն հետագայում լրացրին 2 ամենափոքր զույգ թոռները` Գարեգինն ու Էդգարը, որոնք ծառայեցին ՀՀ Ազգային բանակում, իսկ Դավիթ ու Սամվել թոռները` ԽՍՀՄ բանակում:

...,,Ընտանիքով են եղել փախեփախի ժամանակ, ինքը պատմում էր , որ մորը կորցրել է, հետո սկսել է փնտրել այլ կանանց մեջ, պատմում էր, որ բոլորը սեւ փեշերով են եղել, ու մորը մի կնոջ նմանեցնելով՝բռնել է փեշից, բայց հետո տեսել, որ մայրը չի ու լաց է եղել...,,-Գ.Հարությունյանի հիշողությունն է փոխանցում կրտսեր դուստրը ՝ Լամարան:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

                                                  

                                                                                             

                        ՎԱՐՊԵՏ ԳԱՐԵԳԻՆԸ

Մորապապս վանեցի

Եղեռն է տեսել,

Ու մի կարգին մանկություն

Նա չի ունեցել:

Փախեփախ է նա տեսել,

Մեծ իրարանցում,

Բայց հարազատներին,ավաղ

Աղոտ էր հիշում:

Նա հաճախ էր երազում

Իր Վանը տեսնում,

Իսկ հետո երբ արթնանում՝

Ցավ էր վերապրում:

Դառնություն է զգացել

Նա որբանոցում,

Բայց երբեք չի չարացել,

Դարձել դիմացկուն:

Վարպետ էներգետիկ էր ՝

Պապս արճակցի,

Իր նոր կյանքում եղել է

Միշտ ձորագեսցի:

,,Վարպետ,, էին մեծարում՝

Նրան հարգանքով,

Մշտապես վերաբերվում ՝

Մեծ ակնածանքով:

Հարեհաս էր բոլորին

Վթար լինելիս,

Չէր հոգնում բոլորովին

Մարդկանց օգնելիս:

Բարձրավոլտ էր մագլցում ՝

Ջահելի նման,

Երբ որ արդեն դարձել էր

80 տարեկան:

91-ում, ավաղ,

Կյանքից հեռացավ,

Բայց իր հետ կապված հուշը

Էլ չանհետացավ:

Հիշում ենք մենք միշտ նրան,

Շիրմին այցելում,

Պատգամներն ու խոսքերը 

Մեր սրտում պահում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 20.02.2015թ.

вторник, 10 апреля 2012 г.

Ձորագետավանի հին ու նոր խնդիրները

Ապրիլի 9-ին ուրախալի լուր ստացվեց ձորագետավանից, ուր այցելել էինք: Ավանում գտնվող ենթաքարշակայանի շենքն, ի վերջո, սկսել է նորոգվել պետական ծրագրի շրջանակներում. առայժմ` տանիքներն ու պատշգամբները, բայց նախատեսվում է նաև ջրագիծ անցկացնել: Հատկանշական է, որ մինչև 60-ականները կառուցված այս շենքում ջրագիծ ու կոյուղագիծ չի եղել: Նշենք, որ շենքը պատկանել է երկաթուղուն: Մի քանի տարի առաջ բնակիչները նամակով դիմել են վարչապետին, Լոռու մարզպետին, սակայն պատասխան է ստացվել, որ կոյուղագիծ անցկացնելու համար բնակիչները պետք է ֆինանսական ներդրումներ անեն, քանի որ բնակարանները սեփականաշնորհված են (ընդ որում, կոյուղագիծ չի ունեցել ոչ միայն այդ շենքը, այլև, բնակիչների հավաստմամբ, երկաթուղուն պատկանող մեկ այլ շենք ևս` Թումանյան կայարանում): Ավանի ցավոտ հարցերից մեկն էլ այն է, որ անհիշելի ժամանակներից (ավելի ճիշտ` անկախության տարիների ընթացքում) համայնքի ներսում ասֆալտապատում չի արվել: Բուժկետ չկա, և բժշկական օգնության բացակայության պատճառով երբեմն անժամանակ մահացություններ են լինում: «Վահագնի գյուղում 2 բժիշկ կա, բայց նրանք եթե նույնիսկ ուզենան գան հիվանդին այցելության, պայմաններ չկան բուժզննում անցկացնելու համար»,- ասում է բնակիչներից մեկը: Ակումբն ու գրադարանը վաղուց են լուծարվել, թեպետ 90-ականներին տնակային պայմաններում գրադարանը գործում էր: Ակումբի շենքը լավագույնս թալանվել է «մթի ու ցրտի տարիներին» (ձերբազատվելով մանրահատակից, աթոռ-նստարաններից և առհասարակ փայտ հիշեցնող ամեն ինչից), թեպետ` շենքը կանգուն է, դռները` կողպած: «Եթե ակումբը գործեր, կարելի էր գոնե կինոդիտումներ կազմակերպել, մշակույթի օրեր: Կամ ասենք թե պատգամավոր է ուզում ընտրողների հետ հանդիպի, որտե՞ղ պետք է պատգամավորին տեսնենք»,- դժգոհում է բնակիչներից մեկը: Ի դեպ, ակումբի անգործության հարցը քանիցս բարձրացվել է մամուլում, բայց համապատասխան արձագանք չի գտել: Մի ցավոտ հարց էլ ավան մտնող կամրջի անբարեկարգ վիճակն է, որի բազրիքներից մեկն ամբողջությամբ է թափված, իսկ մյուսի ճաղերից մի քանիսն են պոկվել` նոյեմբերին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, երբ ավտոմեքենան թռել էր գետի ուղղությամբ (բարեբախտաբար, զոհեր չեղան): Ի վերջո, որքա՞ն կարելի է այս կամրջի հարցը բարձրացնել: Ձորագետավանը տուրիզմի միջազգային կենտրոն է համարվում. այդտեղ է գտնվում Թուֆենկյան հյուրանոցը, որտեղ այս տարի հանգրվանելու են ոչ միայն արտերկրից, այլև Ռուսաստանից զբոսաշրջիկներ: Կարծում ենք, համապատասխան նախաձեռնության դեպքում այդտեղ կարելի էր զբոսաշրջության զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր իրականացնել: Երեկ, երբ մենք այցելել էինք Ձորագետավան, հերթական անգամ նկատեցինք, որ այդ հրաշալի բնության պայմաններում չկա մի ֆոտոնկարիչ: Ավանի բնակիչներից մեկը կես-լուրջ, կես-կատակ ասում է. «Օրինակ կարելի է ճանապարհի վրա մի փոքր իշուկ կանգնեցնել` խուրջինով, տուրիստները կարող է ուզենան իշուկի հետ նկարվեն»: Իմ հարցին` իսկ ինչու՞` ոչ, պատասխանեց. «Վախում եմ հարկայինը էդ իշուկի պոչին տեղն ու տեղը մի հատ ՀԴՄ կպցնի»: Երկաթուղային կառամատույցը քարուքանդ վիճակում է 20 տարուց ավելի: Համաշխարհային բանկի ծրագրով ՀՀ մի շարք կառամատույցներ տարիներ առաջ նորոգվեցին, բայց Ձորագետավանի կառամատույցը ոչ միայն չնորոգվեց, այլև վերացվեց որպես կայարան, և էլեկտրական գնացքը` Գյումրի-Այրում, այստեղ սկսեց չկանգնել, մինչդեռ անգամ 90-ականներին կառամատույցը գործում էր:Հիմա առավել ևս ոչ ոք չի մտածում կառամատույցի նորոգման մասին, քանի որ էլեկտրական գնացքը կրկին չի գործում: Գայանե Հովսեփյան

Ով` աստվածավախ, ով` սրբապիղծ

Ինչ խոսք, մինչերկրաշարժյան տարիների համեմատությամբ հայ ազգը շատ ավելի աստվածավախ է դարձել ու հարգում է կրոնական ավանդույթները: «Վերջապես սովորեցին, որ Զատիկի օրով չի կարելի գերեզման գնալ, այլ պետք է հաջորդ օրը գնալ, ծնունդն ու մեռելոցը խառնում էին իրար», _ նկատում է լոռեցիներից մեկը: Աստվածավախության ու կրոնական ծեսերը հարգելու մի ապացույց էլ այն էր, որ Զատիկի օրով ու հաջորդ օրը` մեռելոցին, առևտրի ու տարադրամի փոխանակման շատ կետեր Վանաձորում փակ էին: Իսկ ահա, կային մարդիկ, որ սբ. Զատիկը շահարկեցին, նախօրեին ժողովրդից հավելյալ գումարներ շորթելով: Թե մայրաքաղաքում (ինչպես հավաստում էին հանրապետական հեռուստատեսությամբ), թե Վանաձորում կանաչեղենի գինը շուկայում մի քանի անգամ բարձրացել էր, և այդ հարցում ոչ մի 3-րդ կամ 4-րդ ձեռքի վերավաճառողների հանգամանք էլ չկար (ինչպես պատճառաբանում էին հանրապետական հեռուստատեսությամբ): Նույն առևտրականներն էին, նույն ապրանքը, որ Զատիկի նախօրեին վաճառում էին թանկ գնով, իսկ հաջորդ օրը, եռակի էժանացնելուց հետո պարծենում, որ նախորդ օրը եռապատիկ թանկ են վաճառել: Այդ օրերին սպառողների վրա նաև անորակ մթերքներ «սաղացրին». հնացած լավաշ, դառնահամ խմորեղեն (ձկան տեսքով), որ հավանաբար , թխվածքի համար չնախատեսված, անորակ ալյուրից էին հունցել:Ի դեպ, հնացած լավաշ «սաղացնելը» արդեն ավանդույթի ուժ է ստացել. չէ՞ որ փաթեթավորած, իրար վրա դարսած լավաշները գնորդը չի կարող տեղում ստուգել: Բայց, այ, գնելուց հետո տեսնում է, որ դրանք արդեն բորբոսնելու ակնհայտ նշաններ են ցույց տալիս: Հատկանշական է, որ դրանք վաճառվում էին «Բարձրորակ հաց» անվանումը կրող փաթեթավորումով: Երբ այս կարգի «բարձրորակ» լավաշ գնած մի կին հաջորդ օրը վաճառողուհուն գանգատվում է, որ լավաշն անորակ է եղել, վերջինս արդարանում է. «Ինչ անեմ, մեզ ինչ տալիս են, էն ենք վաճառում»: Ավանդույթի ուժ է ստացել նաև Զատիկի ու մեռելոցի, ապրիլի 24-ի օրերին ծաղիկների ահռելի գները, և այս հարցում ոչ մի կարգավորում չկա, ՏՄՊՊՀ-ն (տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) այս ոլորտում կարծես թե չարաշահումներ չի արձանագրում ու միջոցներ չի ձեռնարկում: Այդ մասին միայն հեռուստատեսությամբ լրագրողական ուսումնասիրություն է ներկայացվում ու վերջ, այդքանով հարցը փակվում է: Գայանե Հովսեփյան

Էլեկտրագնացքի բացակայության հետևանքները

Ապրիլի 9-ին Բագրատաշեն-Վանաձոր ուղևորվող ավտոբուսը (“ՊԱԶ” մակնիշի) այն աստիճան էր լցված ուղևորներով, որ անգամ ոտնակին մի քանի ուղևորներ էին կանգնած: Բռնվելու տեղ գտնելն արդեն մեծ երջանկություն էր: Ոչ աշխատանքային վերջին օրն էր, գումարած` սբ. Զատիկին հաջորդող մեռելոցը, ինչով էլ կարելի է բացատրել ավտոբուսի` լեփ-լեցուն լինելու հանգամանքը: Անհայտ էր, սակայն, ուղևորների անելանելի դրության մեջ մտնելու՞ց էր, որ այդ լեփ-լեցուն պայմաններում էլ վարորդը շարունակում էր մինչև Վանաձոր էլի ուղևորներ վերցնել, հարուցելով ավտոբուսում “խցկված” ուղևորների դժգությունը, թե՞` անձնական շահն էր դրդում: Այն, որ այդ վիճակով (ձկան պահածոյի կարգավիճակով, բազմաթիվ բեռների ու անգամ` ծառատնկիների ընկերակցությամբ) ճանապարհ ընկնելու արդյունքում ուղևորները “անշառ-անփորձանք” տեղ հասան, թերևս, Աստծո մատն էր խառը կամ` մարդկային լավատեսությունը: Այդ վիճակում անգամ ուղևորներից ոմանք նույնիսկ կատակելու տրամադրություն ունեին. “Բաժանորդը գտնվում է ավտոբուսում և նեղության մեջ է”: Հատկանշական է, որ, կարծես ճակատագրի ծաղր, լեփ-լեցուն ավտոբուսի կողքով մի լրիվ դատարկ, “Գազել” մակնիշի միկրոավտոբուս անցավ, և վարորդը, գոնե հանուն “ախպերության” (եթե ոչ` անվտանգ երթևեկության շահերից ելնելով) ուղևորների մի մասին չառաջարկեց փոխադրվել “Գազել”` նախապես վերջինիս վարորդի համաձայնությունն առնելու դեպքում: Թերևս, տեղին էր ուղևորներից մեկի այն դիտարկումը, թե` “Հենց գիտեք մարդկանց մասին ա՞ մտածում, իրա կոպեկի համար ա կանգնում”: Այս նկատողությունն արվեց այն ժամանակ, երբ ուղևորներից մեկը դժգոհեց, թե “բռնվելու ու կանգնելու տեղ չկա”, բայց վարորդը շարունակում է ուղևորներ վերցնել. “Գոնե հետևի դուռը բացի, առաջից արդեն տեղ չկա”: Հատկանշական է, որ ողջ ճանապարհին որևէ ավտոտեսուչ չկար: Կարծում ենք, ավտոբուսների ու միկրոավտոբուսների գերբեռնվածության մի պատճառ էլ գնացքների բացակայությունն է. քանի որ կրկին չի գործում Գյումրի-Այրում էլեկտրական գնացքը: Ըստ տեղեկությունների` երկաթուղու տնօրինությունը շարժակազմը նորոգել է, մի որոշ ժամանակ` աշխատեցրել, բայց գնացքը կրկին չի գործում, իբր` ոչ եկամտաբեր լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրա հետևանքով միկրոավտոբուսներն ու ավտոբուսները գերբեռնվածությամբ են աշխատում: Այդ ամենի արդյունքում ավտոճանապարհներն էլ են գերբեռնված, ինչն էլ նպաստում է սողանքների առաջացմանն ու ավտովթարներին, ինչին ականատես ենք լինում պարբերաբար:
     ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ