суббота, 15 июня 2013 г.

Գեորգի Հովսեփյանը 80 տարեկան է



Լուսանկարը տպագրվել է ,,Շախմատային Հայաստան,, ամսագրի 1972թվի 7-րդ համարում եվ Գագիկ Հովհաննիսյանի հեղինակած ՝,,Տիգրան Պետրոսյան,, գրքի 76-րդ էջում.այն մակագրված է՝Հայաստանի չեմպիոնատի մասնակիցների հետ,,Добавьте подпись

  Հունիսի 15-ին  լրացավ  Գեորգի / Ժորա / Հովսեփյանի  80-ամյակը: Ծնվել  է  1933թ. Գուգարքի  շրջանի  Քոլագերան /Թումանյան /կայարանում ,երկաթուղայինի  ընտանիքում: Հայրը ՝ Սարիբեկ  Հովսեփյանը, Հայրենական  Մեծ  պատերազմի  տարիներին  մեկնել  է  ռազմաճակատ  ու  չի  վերադարձել: Մայրը ՝ Սահարգյուլը, մեն-մենակ  է  մեծացրել  ու  կրթության  տվել  4  որդիներին ՝ լրագրավաճառի  իր  համեստ  միջոցներով:Գ.Հովսեփյանը  երկար  տարիներ  աշխատել  է  Կիրովականի  քիմմանրաթելերի  գործարանում,որպես  կադրերի  գծով  տեսուչ, հրահանգիչ, վարիչ, այնուհետ ՝ դիրեկտորի  օգնական ՝ կադրերի  գծով  : Աշխատանքի  ընթացքում  արժանացել  Է    պատվոգրերի  ու  շնորհակալագրերի: 1989թ. երկրաշարժից  հետո, երբ  սկսվեց  ԽՍՀՄ ենթակայության  ձեռնարկությունների  փլուզումը, Հովսեփյանը  նշանակվեց  Վանաձորի  թիվ 3 ԲՇՏ-ի  պետ, այնուհետ ՝Տարոն-2  նորաստեղծ  թաղամասի  պետ,  ուր  աշխատեց  1990-1996թվերին, մեծ  ավանդ  ունենալով  նորակառույց  շենքերի  հետ  կապված  խնդիրների  վերացման, այդ  խնդիրների  նկատմամբ  տեղական  ու  հանրապետական  իշխանությունների  ուշադրությունը  հրավիրելու  հարցում:1996-2000թվերին, երբ  հասցրել  էր  ԲՇՏ-ի  պետի  պաշտոնից  անհիմն  ազատվել, ու  երկարատեւ  չարչարանքներից  հետո  դատարանով  վերականգնվել, կրկին  ազատվել ՝թոշակի  տարիքի  պատճառաբանությամբ, որ  արվել  էր Վանաձորի  նախորդ  իշխանությունների  կողմից,1999թ.քաղաքային  իշխանությունները  նախընտրեցին  նրան  այլեւս  ետ  չուղարկել  Տարոն  թաղամաս, քանի  որ  այնտեղ  արդեն  իսկ  նոր  նշանակում  էր  եղել, այլ ՝Առափնյա  թաղամաս, որտեղ  էլ  որպես  համատիրության  պետ  աշխատեց  մինչեւ  2000թիվը, եւ  աշխատանքից  ազատվեց  հիմնարկի  լուծարման  պատճառաբանությամբ: Բուն  պատճառը, թերեւս, այն  էր, որ  քաղաքային  ներկա  իշխանությունների  գործելակերպը  նախորդներից  չէր  տարբերվում, եւ նրանք  եւս  չէին  հանդուրժում  սկզբունքային, հեղինակություն  ու  վաստակ  ունեցող,  ուժեղ  մարդկանց: Գեորգի  Հովսեփյանը  միաժամանակ  շախմատի  մեծ  սիրահար  է  ու  վարպետության  թեկնածու: ,,Ֆուտբոլ պլյուս,,թերթը  10տարի  առաջ  ,,Ժորա  Հովսեփյանը  70 տարեկան  է,, հոդվածում  գրել  է.,,Ժորա  Հովսեփյանը  մեծ  ներդրում  ունի  հարազատ  քաղաքում  շախմատի  տարածման  եւ  զարգացման  գործում: Նրա  անմիջական  մասնակցության  շնորհիվ  է, որ  տասնամյակներ  շարունակ  հանրահայտ  շատ  շախմատիստներ սիրով  հյուրընկալվել  են  քիմմանրաթելի  գործարանի ՝Տ.Պետրոսյանի  անվան  շախմատային  ակումբում, որի  բացմանը, ի  դեպ, ներկա  է  եղել  հենց  ինքը ՝ աշխարհի  չեմպիոնը: Ժորա  Հովսեփյանն  ակտիվորեն  մասնակցել  է Կիրովականում  անցկացված  ամենատարբեր  բնույթի  թիմային  եւ  անհատական  մրցումների ՝ քաղաքային  առաջնություններ  եւ  սպարտակիադաներ, հանրապետության  քիմիական  արդյունաբերության  աշխատողների  առաջնություններ  եւ  այլն: Լինելով  մոտավորապես  Վիկտոր  Կորչնոյի  հասակակիցը  եւ  ժամանակին  նրա  հետ  իր  համաքաղաքացիների  հանդիպման  կազմակերպիչներից  մեկը, Ժորա  Հովսեփյանը  հաճախ  է  կատակում.,,Քանի  Կորչնոյը  խաղում  է,  կխաղամ  նաեւ  ես,,: 1964թ առաջնությունում  ամենագեղեցիկ  պարտիայի  համար  սահմանված  մրցանակին  արժանացավ  հենց  Հովսեփյանը, ընդ  որում, մրցանակը  նրան  հանձնեց  հանձնաժողովի  նախագահ, աշխարհահռչակ  էտյուդիստ  Հենրիկ  Գասպարյանը, գովեստի  խոսքեր  շռայլելով  երիտասարդ  շախմատիստի  հասցեին: Նման  մի  մրցանակ  էլ  Հովսեփյանին  հանձնվեց  1972թ.առաջնության  ավարտից  հետո, երբ  լավագույն  պարտիան  որոշող  հանձնաժողովի  նախագահը  գրոստմայստեր  Ռաֆայել  Վահանյանն  էր:: Ի  դեպ,  այդ  պարտիան  հրապարակվել  է  նաե  հանրապետական  ,,64,,շախմատային  հանդեսում, որի  գլխավոր  խմբագիրն  այդ  տարիներին  Տիգրան  Պետրոսյանն էր,,:   ...Շախմատից  բացի ՝ մի  ,,հոբբի,, էլ  ուներ  այժմ  վաստակած  հանգստի  անցած  վետերանը. էությամբ  ժուռնալիստ  էր, անգամ  ոտանավորներ  էր  գրում / մինչ  Երեւանի  համալսարանի  տնտեսագիտության  ֆակուլտետի  հեռակա  բաժնում  ընդունվելը  1 տարի  սովորել էր  ժուռնալիստիկայի  բաժնում /: Բազմաթիվ  հոդվածներ , ֆելիետոններ ունի  տպագրված  հանրապետական   մամուլում, ինչպես  նաեւ ՝ Կիրովականի  ,,Կայծ,  ,,Վերածնունդ,, ,,Լոռու  մարզ,,եւ  այլ  թերթերում:,,Կայծ,,թերթի  երկարամյա  խմբագիր, շախմատիստ ՝ երջանկահիշատակ  Արծրուն  Սարգսյանի  շախմատային  ընկերն  էր  ու  համախոհը: Եւ,   գործունյա  տարիքում  հարկադրաբար  կենսաթոշակի  անցնելուց  հետո  ափսոսանքով  ասում  էր.,,Ախր  Արծրունն  ինձ  ասում  էր ՝արի  խմբագրությունում  աշխատի, չգնացի,,:  Իսկ  առաջարկը  չի  ընդունել, չցանկանալով  կտրվել  իր  համար  արդեն  հարազատ  դարձած   քիմմանրաթելի  գործարանի  կոլեկտիվից, որտեղ  աշխատում  էր  նաեւ  կողակիցը ՝Վարսենիկ / Սեւիլ/ Հարությունյանը, որ, ցավոք, 2009թվին  իր  մահկանացուն  կնքեց:  ,,Գաղտնիքի,,  կարգով  ասեմ, որ  Գեորգի  Հովսեփյանին  իր  ծննդավայրում, հարազատների  շրջապատում  Հովիկ  էին  ասում / քանի  որ  մայրն  էր  այդպես  կոչել /:Իսկ  աները ՝ Արեւմտյան  Հայաստանում  ծնված,Ձորագեսի  վաստակավոր  էներգետիկ ՝ երջանկահիշատակ  Գարեգին  Հարությունյանը  գրական  հայերենով  Հովհաննես  էր  ասում:                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                                         Հ.Գ. Ստորեւ ներկայացվում է Գեորգի Հովսեփյանի շախմատային գործունեությանը վերաբերվող այլ  նյութ ՝ 2004թ. վանաձորյան մամուլի արխիվից:        

 ,,Բորիս Սպասսկին ՝ Վանաձորում ,, /Այն, ինչ-որ դուրս էր մնացել պաշտոնական մամուլից /          

Օրերս  Վանաձորում էր գտնվում  շախմատի  աշխարհի  նախկին  չեմպիոն  Բորիս  Սպասսկին, որը  Վանաձորի  Քիմիագործների  մշակույթի  պալատում  հանդիպում  ունեցավ  քաղաքի  շախմատասեր  հասարակայնության  հետ: Հանդիպմանը  մասնակցում  էին  ոչ  միայն  կարգային  շախմատիստներ, այլեւ պարզապես  խաղացողներ:Լոռու  մարզային  իշխանության  ներկայացուցիչների  ողջույնի  խոսքից  հետո  ելույթ  ունեցավ  քաղաքի  անվանի  շախմատիստներից  վարպետության  թեկնածու  Գեորգի  Հովսեփյանը, որը 60-70-ական թվականներին  եղել  է  քաղաքի  շախմատի  չեմպիոն  թե  անհատական, թե  թիմային  մրցաշարերում: Գ.Հովսեփյանն իր  ելույթի  ընթացքում  ներկայացրեց  1968թ.«Կոմսոմոլսկայա պրավդա»թերթի հոկտեմբերի 1-ի համարում տպագրված մի ուշագրավ հրապարակում ՝ հեռագիր  Կիրովականի շախմատի ֆեդերացիայի /այն ժամանակվա նախագահ Գ.Հովսեփյան եւ ֆիզկուլտկոմիտեի նախկին նախագահ Հ.Դասոյան / կողմից տրված, որ վերաբերվել է շախմատի աշխարհի առաջնությանը, ուր հավակնորդներ են եղել  Սպասսկին,Կորչնոյը եւ Տիգրան Պետրոսյանը: Հեռագրում  ասվել է.«Մինչեւ  հիմա  ամբողջ  հոգով ձեզ էինք պաշտպանում, իսկ այժմ ՝Տիգրանին»:/ «Մինչեւ այժմ »ասելով  նկատի է առնվել  Սպասսկի-Կորչնոյ  մասնակցությունը /: Հեռագիրը մեկ անգամ եւս հավաստում է այն, որ վանաձորյան շախմատի պատմությունը հարուստ ավանդույթներ ունի, իսկ այս պարագայում առկա ներկա հաջողությունները / այն, որ այսօր կան նաեւ Եվրոպայի մրցաշարերի մասնակից պատանիներ. Սամվել Տեր-Սահակյան,Դավիթ Պետրոսյան /անցյալի շարունակությունն են : Պատահական չէ, որ Սպասսկու  հետ  կայացած  շախմատային սեանսի ժամանակ 12պատանիներից 4-ին հաջողվել է պատվավոր «ոչ-ոքիի»արժանանալ:        

«Քաղաքացիական նախաձեռնություն» թերթ,17.03.2004թ.  

-----------------------------------------------------------------------------------                                                                                                             Եւս  մեկ  նյութ ՝ 1972թ. ,,Շախմատային  Հայաստան,, հանդեսի թիվ 7 համարի  ,,Հայաստանի 32-րդ առաջնությունը,, հոդվածից.,,Մրցաշարի կազմը երիտասարդ էր, ինչպես երբեք: Ստացվեց այնպես, որ երեսուննիննամյա կիրովականցի Ժորա Հովսեփյանը հայտնվեց ,,ամենածեր,, մասնակցի դերում: Բայց իր պատանեկան կրքոտ խաղով Հովսեփյանը օրինակ կարող էր ծառայել երիտասարդ խաղընկերներին: Ժորան մի շախմատիստ է, որի համար խաղի սպորտային արդյունքը, թերեվս, մեծ նշանակություն չունի: Նա մեծագույն հաճույքով նետվում է բարդությունների գիրկը, անկախ նրանից, թե ում հետ է խաղում ՝հանրապետության չեմպիոնի՞, թե՞ ՝ շարքային առաջին կարգայինի,,: Հանդեսը նաեւ նշում է.,,Հանձնաժողովը Ժորային շնորհեց մեր հանդեսի սահմանած ,,Ամենագեղեցիկ պարտիայի համար,, հատուկ մրցանակը: Հատկանշական է, որ մի քանի տարի առաջ Հովսեփյանը արդեն շահել էր Հայաստանի առաջնությունում խաղարկված նման պարգեւ,,:                       Քիմմանրաթելի գործարանի շախմատային կյանքին վերաբերվող մի հոդվածում / որ տպագրվել է 1987թվի հունիսի 2-ին ,,Հայաստանի ֆիզկուլտուրնիկ,, թերթում Ա. Խաչատրյանի հեղինակությամբ /, գրվել է.,,Շախմատային կյանքի կազմակերպիչը Գեորգի Հովսեփյանն է: Նա սպորտի վարպետության թեկնածու է, Հայաստանի առաջնության մրցանակակիր, Կիրովականի բազմակի չեմպիոն,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱ,Վանաձոր

1 комментарий:

  1. Ցավով տեղեկացնենք,որ 2013թ.դեկտեմբերի 26-ին, ծանր, երկարատեւ հիվանդության հետեւանքով Գեորգի Հովսեփյանը մահացավ: Նրա աճյունը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ ավանում:

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն