суббота, 12 августа 2017 г.

,,21-րդ դարի հառաչանքը,,

Բնակարանի սանհանգույցը վերանորոգել ցանկացող վանաձորցին հայտնվել է խաբեբաների ճիրաններում, ու մոտ մեկ տարի է՝փորձում է արդարությունը վերականգնել, իր կորցրած վնասն էլ՝ետ բերել, բայց դատաիրավական համակարգում բյուրոկրատական քաշքշուկներից բացի՝որեւէ արդյունքի չի հասնում ու բառացիորեն՝,,կոտրած տաշտակի առաջ,, է կանգնել։Ահա այդ մասին է ստորեւ ներկայացվող նամակը՝վանաձորցի թոշակառու, նախկին տնտեսագետ Ռաֆիկ Սահարյանի կողմից մեզ հանձնված, որ վերջինս վերնագրել է

                   21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՌԱՉԱՆՔԸ

Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու 129 շենքը շահագործման է հանձնվել 31․05․1979թ․ սովետական կարգերի ժամանակ։Մարդիկ նոր բազմաբնակարան շենքերում բնակարան ստանալիս ձեւափոխում եւ վերանորոգում էին ամենքն իր կարողությամբ եւ ճաշակին համապատասխան, ես էլ էի բնակարանս որոշ ձեւափոխումների ենթարկել եւ վերանորոգել,սակայն 1988թվի դեկտեմբերյան երկրաշարժը չեղյալ դարձրեց ՀՀ հյուսիսային շրջաններում ապրող մարդկանց բնակարանների բարելավմանն ուղղված բոլոր ջանքերը։

Իմ բնակարանը, ճիշտ է, չէր ոչնչացել/շենքը չէր քանդվել/, սակայն վերակառուցման եւ վերանորոգման խիստ կարիք ուներ, որի կատարմանը ձեռնամուխ եղա 2016թ․ վերջին ՌԴ-ից վերադառնալուց հետո։Վերանորոգման համար անհրաժեշտ էր լավ մասնագետ/,,բազմափեշակ արհեստավոր,,/։10-ն օրյա որոնումների արդյունքը եղավ այն, որ հարեւանիս օգնությամբ փորձեցի իբր լավ մասնագետ վարձել․․․վերջինիս տղային ու փեսային։Նրանց ,,արհեստավարժ,,լինելու հանգամանքը, սակայն, ինձ հայտնի դարձավ վերանորոգումն սկսելու 3-րդ թե 4-րդ օրը, երբ արդեն ուշ էր՝նրանցից հրաժարվելու համար, քանի որ ոչ մի այլ արհեստավոր ուրիշ վարպետի  կիսատ թողած գործը չի շարունակի․սա մշտական, չգրված օրենք է` վաղ միջնադարից եկած։Պարզվեց, որ նրանք երկուսն էլ վերանորոգման գործից անտեղյակ խաբեբաներ են եւ խաբեության եւ խարդախության միջոցով են իրենց հացը վաստակում, որոնք մարդկանց իրենց որոգայթի մեջ գրավելու մեծ տաղանդ ունեն։Սանհանգույցի վերանորոգումը մի կերպ հասցրել էին ավարտին/2 ամսվա ընթացքում, 65-75 տոկոսով/, բայց չէին ավարտել, երբ մի շաբաթ էր՝չէին կարողանում գեյզերը տեղադրել/նրանցից մեկը հորն էլ բերեց օգնելու՝նա էլ չկարողացավ/։Հայտարարեցին, որ գործը վերջացրել են, իրենք այլեւս անելիք չունեն, կաֆելն էլ շարել-պրծել են, ,,մեր արած գործի փողը տուր՝գնանք,,։Կատարված գործի թերություններն ի հայտ եկան նոյեմբեր ամսին՝սանհանգույցը շահագործելուց հետո։Իմ բազում խնդրանքները՝կատարված աշխատանքի թերությունները վերացնելու վերաբերյալ՝պատասխանում էին, որ իրենք սանտեխնիկներ չեն, չեն կարող այդ թերություները վերացնել։Ես դիմեցի ոստիկանություն, այնուհետ դատարան եւ հայտնվեցի սարսափելի անօրինականության փակուղում։․․․

             Միտք եմ անում միտք՝

Ու չեմ հասկանում՝ով է մեղավոր,

Հենց էն եմ տեսնում, մենք՝խաբված մարդիկ

Էլի մենք ենք տանջվում ամեն օր,

Թե կոռումպացված կլանին 

Գանգատ ես գրում՝

Բացի դուշմանից բան չես վաստակում։

Իրենք ասում են, ու քեզ չեն լսում,

Լսածն էլ անգամ՝չեն էլ հասկանում։

Համեցեք դիվան ուզիր սրանցից,

Քեզ քաղցր խոսքով ճամփու են դնում՝

,,Դու կգաս, պապի, մի քանի օրից,

Փոստով պատասխան կստանաս ,,գլխից,,։

Այժմ նոր կարգ է դրել ,,գլուխը,,

Ի՞նչ արդարություն, օրենք, իրավունք,

Գլխացավանքից ընդմիշտ ազատվել,

Դիմում չընդունել ու չքննարկել։

ՌԱՖԻԿ ՍԱՀԱՐՅԱՆ

Նամակը/որ ավարտվում է մեծն Թումանյանի ,,Հառաչանք,, պոեմի հանգույն՝բանաստեղծական մատուցմամբ/, եւ որին կցված են նաեւ համապատասխան պաշտոնյաների պատասխանները, ներկայացնում  ենք որոշ կրճատումներով։Տեղական ոստիկանական բաժանմունք դիմած բողոքին ի պատասխան, 26․12․2016թ․, պատասխանել են, որ ,,Դիմումում նշված փաստերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ եւ  դուք կարող եք դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան,,։Իսկ դատական 3 ատյաններն էլ հայցը մերժել են՝վկայակոչելով  դիմումի հետ կապված ինչ-ինչ անճշտություններ, որոնք, ըստ բողոքարկուի, կրկին են մերժվել՝նոր դիմում ներկայացնելուց եւ թերությունները վերացնելուց հետո եւս։Մինչդեռ մարդն ընդամենը պահանջում է, որ մասնագիտական հանձնաժողով կազմվի, որը կգա եւ իր եզրակացությունը կտա բնակարանի սանհանգույցի տեխնիկական վիճակի մասին։Մի՞թե այդքան բարդ խնդիր է,չէ՞ որ այդ խնդիրը կարող էր կարգավորվել նաեւ քաղաքապետարանի կամ մարզպետարանի համապատասխան բաժնի կողմից/սակայն քաղաքացիները փորձ ունեն, որ նման դեպքերում, հարեւանների միջեւ վեճերի, բնակարանների վերանորոգման կամ վնասների հետ կապված փոխհատուցման պահանջների դեպքում՝քաղաքապետարանը խորհուրդ է տալիս ,,դիմել դատարան,,/։Փաստորեն, ոստիկանությունը դատարանի դուռն է ցույց տալիս,դատարանն էլ ,,դուզ,, դեպի դուռն է ցույց տալիս՝ինչ-ինչ հիմնավորումներով, որ, ըստ էության, կոչվում է բյուրոկրատական քաշքշուկ։

․․․Այս ամենի բուն պատճառն այն է, որ Վանաձորում չկան բնակարանների սանհանգույցների վերանորոգում իրականացնող, բանվորական անհրաժեշտ ուժով ապահովող կոմպլեքս-գրասենյակներ, որոնք օրինական կարգով աշխատանքներ կկատարեին եւ որոնցից կարելի էր օրինական կարգով պատասխանատվություն ակնկալել։Անվերջ բիզնես-ծրագրերից են խոսում կառավարությունում, մի՞թե չկա մի կառույց, որ բիզնես-ծրագիր ներկայացնի համայնքային կազմում բանվորական ուժ մատակարարող հիմնարկ ստեղծելու մասին, կամ այդ ոլորտում մրցույթ հայտարարվի, թե որ կազմակերպությունը կարող է որակյալ ծառայություն մատուցել ու թեկուզ վարկի օգնությամբ՝գործ սկսի․․․/որ քաղաքացիները դեսուդեն ընկած՝ծանոթ-բարեկամ ,,մեջ չգցեն,, սանհանգույցի մասնագետ կամ թեկուզ՝համապատասխան աշխատանքներ իրականացնող որեւէ մասնագետ գտնելու համար ու չհայտնվեն խաբեբաների թակարդում/։Ցավոք, 17 տարվա համայնքային կառավարման ընթացքում Վանաձորի նախորդ տեղական իշխանությունն այդպես էլ չկարողացավ ոչ Կենցաղի տուն ստեղծել, ոչ արհեստավորների աշխատանքները կոորդինացնող մարմին/Երեւանում գոնե մարդիկ գնում են ,,ֆայլա-բազարից,, են աշխատուժ վարձում, Երեվանում գոնե կենցաղային շտապօգնություն կա․․․/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն