понедельник, 7 ноября 2011 г.

Վանաձորի կոմունիստները` Եվրասիական միության ջատագով

    ՀԿԿ Վանաձորի քաղկոմում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում թերևս ամենաթարմ ու մինչ այդ չշոշափված միտքն այն էր, որ կոմունիստները կողմ են Եվրասիական միության ստեղծմանը և Հայաստանի ներգրավմանը` այդ միությանը: «Բայց դուք համոզվա՞ծ եք, որ այդ միությունը սոցիալիստական ուղղվածություն է ունենալու»,- իմ հարցին ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը պատասխանեց. «Ռուսաստանը ում միանա, մենք նրա հետ կմիանանք»: «Իսկ եթե Ռուսաստանը միանա կապիտալիստական Ամերիկայի՞ն»,- հարցիս էլ համոզված ասաց. «Ռուսաստանը կապիտալիստական Ամերիկային երբեք չի միանա»: Մի խոսքով, կոմկուսում շարունակվում է պաշտամունքը Ռուսաստանի նկատմամբ, և ոչ միայն. այդտեղ  շարունակում են պաշտել նաև Ստալինին, և դրա ապացույցը նախ և առաջ կոմունիստներից մեկի բջջայինին ուղարկված զանգն էր. «Возьми трубку, товарищ, Сталин просит»: Ա. Ղուկասյանը ոչ միայն դատապարտեց ներքաղաքական պատվիրակված հարցումները, թե որ կուսակցությունն ինչքան ձայն է հավաքելու խորհրդարանական  գալիք ընտրություններին, այլև` այն, որ Վանաձորում չկա քաղաքական բանավեճի ակումբ, հեռուստատեսություններն էլ չեն կազմակերպում նման բանավեճեր: «90-ականներին մեզ գոնե հեռուստաստուդիաներ էին հրավիրում, հիմա էդ էլ չկա»,- կարոտախտով նկատեց բանախոսը: Երբ հիշեցրի, որ «Արմենիայում» մի ժամանակ կար «Հեռուստադուել» նախագիծ, որին մասնակցել է հենց ինքը` Ղուկասյանը, վերջինս նկատեց. «Իմ մասնակցությունից հետո էդ հաղորդումը փակվեց, 2008թ. մարտի 1-ի նախօրյակն էր, Ալթունյանն էր վարում»: Իսկ երբ հիշեցրի, որ ԱԼՄ-ն էլ էր քաղաքական բանավեճեր կազմակերպում, Ա. Ղուկասյանն ասաց. «Էս իշխանություններն ուզում են, որ ժողովուրդը մենակ էն լսի, ինչ որ իրենք են ուզում, ինչն իրենց դուր չի գալիս, փակում են»: Ա. Ղուկասյանը ցավով նկատեց, որ ասուլիսին հրավիրված ԶԼՄ-ների մի մասը չի ներկայացել (բացառությամբ` «Լոռի» ՀՍ-ի և 1 անկախ լրագրողի), և համոզված էր, որ այդ հարցում տեղական իշխանությունների ազդեցության հանգամանքը կա: Բանախոսն անդրադարձավ նաև մարզի ու քաղաքի խնդիրներին: Հատուկ հայտարարությամբ դատապարտեց Թռչկանի ջրվեժի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները: Նաև մտահոգություն հայտնեց, որ երկրաշարժից տուժած 80 շենքերը Վանաձորում չեն ամրացվում. «Էս 20 տարում էդքան գումարներ են եկել, բա ու՞ր են գնացել»: Երբ հիշատակեցի, որ շենքերի ամրացման հարցով ոչ միայն բնակիչները, այլև տեղական իշխանությունները քանիցս դիմել են կառավարությանը, սակայն մշտապես պատասխանել են, որ «բյուջեում փող չկա», ասաց. «Դե եթե դիմել են, ու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում, մենք էլ կարող ենք մեր հերթին գրավոր դիմել»: Մեր դիտարկմամբ, Վանաձորի կոմունիստների թիվը տարեցտարի նոսրանում է, և պատճառը ոչ միայն մահացություններն են, այլև` այն որ նրանցից ոմանք թեքվել են այլ կուսակցությունների ուղղությամբ. մեկը` ՀԺԿ, մյուսը` ՍԴՀԿ: Իսկ ինչպե՞ս է Վանաձորի կոմկուսը նայում այն փաստին, որ կուսակցության ղեկավարությունը քննարկում է կոմկուսից առանձնացված «նորացված» և «առաջադիմական» կուսակցություններին միավորելու հարցը, Ա. Ղուկասյանն ասաց. «Մենք դեմ ենք դրան, և մեր դիրքորոշումը հայտնել ենք, բայց եթե ղեկավարությունը նպատակահարմար գտնի, մենք մեր համաձայնությունը կտանք»: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղական իշխանություններին այժմ այնքան էլ չի սարսափեցնում կոմկուսը (այնպես, ինչպես 90-ականներին), քանի որ 1 կոմունիստ Վանաձորի քաղաքապետարանում կա, 1-ը` Ալավերդու:


                                       

                                                   Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն