вторник, 15 ноября 2011 г.

Կանանց իրավունքների ոտնահարումը` հասարակական ակտիվության դրդապատճառ


Ի՞նչ է պետք կանանց` հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար` էնտուզիազմից բացի, բնականաբար, նախ և առաջ սոցիալ-տնտեսական ամուր բազա կամ հասարակական-քաղաքական հենարան: Սակայն կանանց հասարակական ակտիվությանը երբեմն նպաստում է նաև կնոջ իրավունքների ոտնահարումը որևէ բնագավառում: Դրա արդյունքում էլ կանայք կարող են իրենցից անկախ հայտնվել հասարակական-քաղաքական ոլորտում: Ահավասիկ, ներկայացնենք վանաձորցի 2 կանանց` Հասմիկ Հակոբյանին և Գոհար Սարդարյանին: 2-ն էլ մանկավարժներ են, աշխատել են Վանաձորի տարբեր դպրոցներում և նախկինում միմյանց չեն էլ ճանաչել, բայց այսօր նրանք ՀԱԿ համակիրներ են (մեկն` ավելի շատ, մյուսն` ավելի քիչ մասնակցությամբ, այն առումով, որ Գ. Սարդարյանը ՀԱԿ Վանաձորի գրասենյակի անդամ է, իսկ Հ. Հակոբյանը` համակիր):  2 մանկավարժներն էլ անհիմն օպտիմալացվել են տարբեր դպրոցների տնօրենների քմահաճույքով: Եթե Գ. Սարդարյանը աշխատանքում վերականգնվելու համար դիմեց դատարան, բայց մինչև վերջ չկարողացավ պաշտպանել իր իրավունքները բոլոր 3 ատյաններում (այդ մասին մանրամասն լուսաբանվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ» տեղեկագրի 2004թ. թիվ 4 համարում` «Օպտիմալացվում են ոչ միայն կենսաթոշակառու մանկավարժները»), ապա Հ. Հակոբյանն ընդհանրապես դատարան չդիմեց, և քաղաքական հենարան սկսեց փնտրել երբեմնի ընդդիմադիր «Ազգային միաբանությունում», սակայն 2007թ. խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության պարտությունից հետո Հակոբյանը հիասթափված հեռացավ երկրից, և 2010թ. վերադառնալով, ստիպված համալրեց ընդդիմադիր ՀԱԿ համակիրների շարքերը: Գ. Սարդարյանը օպտիմալացվելուց հետո սկզբում աշխատանքի անցավ «Ժառանգության» Վանաձորի գրասենյակում, հասարակական կարգով էլ Լոռու մարզի ընտրական հանձնաժողովի անդամ էր, այնուհետ, տարաձայնությունների արդյունքում (որին անդրադարձել ենք «Հրապարակի» 2010թ. մարտի 26-ի «Ժառանգականն» ընդդեմ «Ժառանգության»» հոդվածում) իր հասարակական-քաղաքական գործունեությունը շարունակեց ՀԱԿ-ում, որի հետ մինչ այդ էլ համագործակցում էր: Այդ կանանց հասարակական-քաղաքական ակտիվությանը նպաստել է նրանց իրավունքների ոտնահարումը, իրենց սիրած մասնագիտությունից կտրելը: Հ. Հակոբյանը խոստովանում է, որ մանկավարժ աշխատած ժամանակ քաղաքականությունից շատ հեռու է եղել, թերթերի հետ անգամ շփում չի ունեցել («Գլուխս կախ գործի էի գնում, գալիս էի տուն, ո՞վ ժամանակ ուներ թերթ կարդար»,-ասում է նա), մինչդեռ ներկայումս խիստ մտահոգ է երկրի ճակատագրով և հենց այդ մտահոգությամբ է մասնակցում ՀԱԿ հանրահավաքներին ու հադիպումներին:                                                                                                                                
   Եթե կինը պայքարում է իր և իր նմանների իրավունքների պաշտպանության համար, դա արդեն դիտարկվում է որպես հասարակական գործունեություն: 2001թ. վանաձորաբնակ Ալվարդ Մարտիրոսյանը, որ նախկինում  «Ազգային միաբանության» անդամ էր, ՀՀ նախկին նախագահի` Վանաձոր կատարած այցի ժամանակ փոքր բողոքի ակցիա կազմակերպեց` քիմմանրաթելերի գործարանում աշխատավարձերի չվճարման կապակցությամբ Առավոտ», 6.09.2001թ. «Մանրաթելագործների համբերության բաժակը լցվում է»): Դրա արդյունքում աշխատավարձերի մի մասը բողոքավորներն ստացան Առավոտ», 28.09.2001թ. «Մի մասն ստացավ գումարների մի մասը»): ՀՀՇ Լոռու կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանի կինը` Անահիտ Կիրակոսյանը, մինչև 2008թ. մարտի 1-2-ի դեպքերը երբևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, բայց այդ դեպքերից հետո, երբ Ա. Մանուկյանը ձերբակալվեց, նա դարձավ մայրաքաղաքում պարբերաբար կազմակերպվող հանրահավաքների մշտական մասնակից, իսկ 2008թ. մայիսին բողոքի ակցիա կազմակերպեց Լոռու մարզպետարանի շենքի առջև Հրապարակ», 23.05.2008թ.):
  Ի դեպ, Վանաձորում 1-ին անգամ նստացույց և բողոքի ցույց կազմակերպած կին ակտիվիստն Աիդա Ասատրյանն էր: Նրա` 1998-2002թթ. բողոքի ակցիաներն ընդդեմ մանկապարտեզի սեփականաշնորհման, ավարտվեցին նրանով, որ 2002թ. նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Ասատրյանին կալանավորեցին և մի որոշ ժամանակ մեկուսացրին` Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկ ուղարկելով: Այդ առթիվ ծավալուն հետաքննություն եղավ «Քաղաքացիական նախաձեռնություն» վանաձորյան երբեմնի երկշաբաթաթերթի 2002թ. թիվ 3 համարի «Ինչի՞ց է ծնվում հանցանքը» հոդվածում, «Առավոտի»` 11.05.2002թ. «Թե ի՞նչ եղավ հետո, երբ ՀՀ քաղաքացին փորձեց մոտենալ ՆԳ նախարարին», 05.06.2002թ. «Մի բողոքիր, որ չդատվես», 12.06.2002թ. «Պատմություն վասն մի նամակի» հոդվածներում:
  Կանանց հասարակական ակտիվությանը խոչընդոտող մի կարևոր հանգամանք է դրամաշնորհային ծրագրի բացակայությունը, ինչն էլ հաճախ այդ ոլորտից կանանց անտեղյակության արդյունք է: Մի քանի տարի առաջ Վանաձորում գործում էր սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ, որի ղեկավարը կին էր: Դրամաշնորհային համապատասխան միջոցների բացակայության պատճառով այն դադարեցրեց գործունեությունը: 2002-2005թթ. Վանաձորում որոշակի հասարակական գործունեություն ծավալեց «Հակաստվեր» իրավական-հասարակական կազմակերպությունը (տողերիս հեղինակն այդ կազմակերպության ներկայացուցիչն էր Վանաձորում` հասարակական կարգով): Կազմակերպության հեղինակած «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» տեղեկագրի մի քանի համարներում լույս տեսան հոդվածներ` հակակոռուպցիոն թեմաներով, կայացան կլոր սեղաններ, հանդիպումներ, նաև` ֆիլմ նկարահանվեց ապօրինաշինությունների վերաբերյալ: Սակայն դրամաշնորհային ծրագիրն ավարտվելու պատճառով կազմակերպության գործունեությունն ընդհատվեց` 2006թ-ից, և անգամ anticor.am կայքը, որում պահպանվում էր կազմակերպության տվյալների բազան, չի գործում, թեպետ ngo.am կայքի «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» էջում ներկայումս գրանցված է և «Հակաստվեր» կազմակերպությունը, և 3 անդամների (որոնցից մեկը տողերիս հեղինակն է) գոյությունն է հավաստվում. այդ մասին տեղեկացել եմ միանգամայն պատահաբար` ինտերնետային փնտրտուքների արդյունքում:
  Վերջին տարիներին Վանաձորում որոշակի ակտիվությամբ աչքի է ընկնում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն` իր «Թեժ գծով», որի արդյունքում ընտանեկան բռնության ենթարկվող տարբեր կանայք են ի հայտ գալիս: Կազմակերպությունն առայժմ զգուշանում է կոնկրետ հասցեն մատնանշելուց` խուսափելով տղամարդկանց զայրույթից և միայն «Թեժ գծին» կապվելուց հետո է բողոքարկու կանանց հայտնում կազմակերպության գտնվելիք վայրի մասին: Կազմակերպությունը (ղեկավար` Սիրան Քոչինյան) պարբերաբար հեռուստատեսությամբ հանդես  է գալիս հաշվետվությամբ, ներկայացնում գործունեությունը:
  Վանաձորի համայնքի ավագանու անդամներից միայն մեկն է կին` նյարդահոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկ Գայանե Քալանթարյանը: Նախորդ ավագանու կազմում կար ևս մեկ բժշկուհի: Որքան նկատել եմ, կանայք հազվադեպ են պատգամավոր ընտրվում` մեծամասնական կարգով, ինչը ազգային մենթալիտետի և տղամարդկանց կողմից կանանց դերի թերագնահատման արդյունք է: Կին պատգամավորները, որպես կանոն, որևէ կուսակցական «տանիքի» ներքո են: Իմ կարծիքով, Հայաստանում դեռևս չկա ուկրաինացի կին քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոյի «կարծրատիպը», որին անվերապահ ենթարկվում էին վերջինիս գերազանցությունն ընդունող տղամարդիկ: Թերևս, Տիմոշենկոն մրցակցային խանդի զոհ է, թեպետ վերջինիս մեղադրում են խարդախության մեջ (բնականաբար, ինչ-որ բանում պետք է մեղադրեին` քաղաքական ասպարեզից հեռացնելու համար):

                                              Գայանե Հովսեփյան
azatankakh.blogspot.com

1 комментарий:

  1. Գոհար Սարդարյանն առաջադրվել է Վանաձորի համայնքի ավագանու անդամ

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն