среда, 30 ноября 2011 г.

Օմբուդսմենի հանդիպումը Վանաձորում չկայացավ




  Ֆեյսբուքային հարցումների արդյունքում օրերս պարզեցինք, որ մարդու իրավունքների պաշտպանի` նախապես հայտարարված մարզային այցելությունների շրջանակում Վանաձորում նոյեմբերի 25-ին կայանալիք հանդիպման վայրը Մխիթար Գոշի անվան համալսարանն է, ժամը` 10-12-ը (ընդ որում տեղեկատվությունը ոչ պաշտոնական աղբյուրից էր): Ճիշտն ասած մի լավ զարմացանք, թե ինչպես է օմբուդսմենը Երևանից ձմեռ օրով ժամը 10-ին Վանաձոր հասնելու, և, թերևս տեղին էր զարմանքը, առավել ևս, որ նախորդ օրն առատ ձյուն տեղաց, և բնականաբար հանդիպումը չկայացավ եղանակային անբարեկարգության պատճառաբանությամբ (ինչը հանդիպմանը սպասողներին հայտնեցին Մ. Գոշի համալսարանում): Այս չկայացած հանդիպման պատճառաբանությունը քիչ հավանական է թվում վանաձորաբնակ Ռաֆիկ Սահարյանին, որ իր իրավունքների խախտման վերաբերյալ փաստաթղթերի ողջ կապոցը ձեռքին անհամբեր սպասում էր օմբուդսմենի այցին: «Ճանապարհները լավ էլ բաց են եղել, ես այդ օրը մինչև ժամը 12.30 օմբուդսմենի այցին սպասելուց հետո գնացել եմ Երևան` հանրահավաքի»: Նաև դժգոհեց, որ օմբուդսմենի վերաբերյալ օրենքի մի կետ խոչընդոտում է օմբուդսմենին դատական գործերով զբաղվել: «Բա որ դատական գործերով էլ չի զբաղվելու, ուրիշ ինչո՞վ է զբաղվելու»,- դժգոհեց իմ զրուցակիցն ու տեղեկացրեց, որ հենց այդ օրենքի պատճառով օմբուդսմենը գրությամբ հետ է ուղարկել իր ողջ նամակները` դատական 3 ատյաններում իր իրավունքների խախտման հետ կապված: Նոյեմբերի 30-ին, ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մայրաքաղաքում հրավիրած մամուլի ասուլիսում, որ հեռարձակվեց Հ1-ով, խոսելով իր մարզային այցելությունների մասին, հավաստեց, որ օմբուդսմենն իրավունք չունի միջամտել դատական գործընթացներին: Այս առթիվ Ռ. Սահարյանը զարմանում է. «Բայց քաղաքացին ի՞նչ իմանա, որ դատարանը իր իրավունքները չի վերականգնելու, որ դատարան դիմելու փոխարեն օմբուդսմենին դիմի»: Ենթադրվում է, թե տվյալ պարագայում օմբուդսմենը պարզապես սովորական խորհրդատուի դեր կարող է կատարել: Ընդհանրապես, անհասկանալի է օմբուդսմենի ու սահմանադրական դատարանի միաժամանակյա գոյությունը, երբ որ դրանք, որպես կանոն, շարքային քաղաքացուն որևէ օգուտ չեն տալիս, ավելացրած այն, որ արդարադատության նախարարության կազմում էլ մի նոր կառույց ստեղծվեց` դատական դեպարտամենտ, որ փաստորեն քաղծառայության հանձնաժողովի մի տեսակն է դատարանի աշխատողների համար: … Հետաքրքիր է, որ օմբուդսմենի մարզային այցելությունները (եթե եղել են) բավականաչափ չեն լուսաբանվում հեռուստատեսությամբ, այլ ընդամենը ամփոփվում են օմբուդսմենի կողմից: Անձամբ ինձ մարզային այցելություններից հայտնի է միայն Գյումրիում կայացած հանդիպումը, որ լուսաբանվեց «Ազատություն» ռադիոկայանով:

                                               Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն