воскресенье, 18 февраля 2018 г.

Խոսքի ազատությունն ու դատաիրավական լրագրությունը Վանաձորում՝90-ականների կեսերին

Հուշեր՝վանաձորյան ,,Տեսադաշտ,, առաջին անկախ թերթի մասին

1994-96թթ․թղթակցում էի վանաձորյան ,,Տեսադաշտ,, առաջին անկախ թերթին/մանկավարժական ինստիտուտի գրադարանում մատենագետի աշխատանքին զուգահեռ/։Այդտեղ հայտնվեցի՝տեղական մամուլից տեղեկանալով, որ նորաստեղծ թերթին անհրաժեշտ են լրագրողներ։Առաջին թղթակցությունս, որ ,,Տեսադաշտում,, լույս տեսավ, հարցազրույց էր՝իմ կողմից, ԱՄՆ խաղաղության կորպուսի առաջին կամավորներ Սյուզան Ռալլիի եւ Էլեն Քելլիի երկամյա կամավորական գործունեության ավարտի առթիվ,որ վարել էի մանկավարժականի անգլերենի դասախոս Անահիտ Նալբանդյանի միջնորդությամբ եւ հարցազրույցի ընթացքում՝թարգմանությամբ։ Միաժամանակ թերթում հանդես էի գալիս ռուսական մամուլից ուշագրավ թարգմանություններով ու դատաիրավական թեմաներով նյութերով/որոնց թվում՝դատական նիստերի լուսաբանում, եւ ոստիկանական թեմաներով թղթակցություններ/։Դա պայմանավորված էր նրանով, որ այդ տարիներին դեռեւս ատենակալ էի համարվում/քանի որ 1987թ․ատենակալական համակարգը շարունակվեց մինչեւ 1996թ․դատաիրավական բարեփոխումները,իսկ ես 1987թ․քիմմանրաթելի գործարանի կողմից ատենակալ էի ընտրված/։Իրավական թեմաներով թերթում հանդես էր գալիս նաեւ բաց համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի ուսանողուհի Սոնա Մալումյանը,ով համագործակցում էր կազմակերպված հանցագործությունների բաժնի հետ/դրա հետ մեկտեղ՝վերջինս նաեւ ազգային-հայրենասիրական թեմաներով նյութեր էր հրապարակում՝հայազգի վրիժառուների հետ կապված/։Առանձին թարգմանություններ՝հաստիքային կարգով՝վարում էր թերթի սրբագրիչ Նարինե Աստանյանը։

Քանի որ դատարանում աշխատած տարիների նախկին գործընկերուհիս տեղափոխվել էր ոստիկանական համակարգ, ուստի ոստիկանանության վարչության հետ բարի-դրացիական հարաբերույուններ ձեւավորվեցին, թերթում սկսեցինք դատական թեմաներին զուգահեռ՝նաեւ ոստիկանական լրատվություն հաղորդել, հարցազրույցներ վարել համակարգի պաշտոնյաների հետ․քանի դեռ տարաձայնություններ չսկսվեցին՝մի նյութի առնչությամբ։

1996թ․ծանոթ իրավաբաններից մեկը մի օր խնդրեց, որ արտերկրից Հայաստան տեղափոխված մի պաշտոնյա ոստիկանի մասին հոդված գրեմ՝որպես ,,լավ մարդու,,․ով ԱՊՀ-ում աշխատած ժամանակ պայքար է մղել կոռուպցիայի դեմ։Ոստիկանությունն այն ժամանակ մասամբ՝տնակներում էր գործում, մասամբ՝երկրաշարժից հետո կիսանորոգված շենքում/վարչությունը շենքում էր, քննիչները՝տնակներում/։Գնացի հարցազրույց վարեցի հիշյալ պաշտոնյայի հետ, ու հանձնեցի նյութը խմբագրություն։Բայց հաջորդ օրը հեռախոսազանգ ստացա՝վարչության պաշտոնյաներից մեկից/ում հետ մինչ այդ բարի-դրացիական հարաբերություններ էին եւ վերջինս սիրով հարցազրույցներ էր տալիս/, որ այդ պաշտոնյայի հետ վարած հարցազրույցը ,,չպետք է տպագրվի,,։Թե ինչու՞՝ոչ մի բացատրություն չտրվեց/ենթադրվում է, թե համակարգի չարակամները ջանացել էին, որ իրենց գործընկերոջ արժանիքները չերեւան, ու ղեկավարության մոտ այդ ուղղությամբ աշխատել էին/․միգուցե, դա մասամբ էլ պայմանավորված էր նրանով, որ տեղական պաշտոնաթերթը ,,վիրավորվածություն,, էր հայտնել ոստիկանական համակարգի ղեկավարությանը, թե ինչպե՞ս է, որ ,,դաշնակների թերթին նյութ եք տալիս, մեր թերթին՝չեք տալիս․ինչու՞ որոշ նյութեր նրանք առաջինն են իմանում,,/,,Տեսադաշտն,, այն ժամանակ դիտվում էր որպես ,,դաշնակցական,, թերթ․թեպետ՝բնույթով իրապես անկախ էր, պարզապես՝ազգային-հայրենասիրական թեմաներով նյութեր էլ էին այդտեղ տպագրվում/։Եվ, միգուցե՝հենց դրա համար, տեղական ոստիկանությանը հրահանգ էր իջեցվել, որ ոչ մեկին նյութ չտան։

,,Ես հետո կբացատրեմ,,-խոստացավ հարցազրույցի լույս տեսնելն արգելող պաշտոնյան։Այդ մասին տեղեկացրի խմբագրին,նա էլ խորհուրդ տվեց գնալ եւ պարզել, թե ինչու չեն ուզում հարցազրույցը տպագրել։Գնացի այդ պաշտոնյայի աշխատավայր, ու զարմանքով տեսա, որ ինքը տեղում չէ, իսկ գործընկերը խնդրեց մի փոքր սպասել․սպասեցի կես ժամ, մեկ ժամ․․․մեկ էլ հանկարծ հայտնվեց վերջինս ու զարմացած ասեց․,,,Էս դու հլա ստեղ ե՞ս․․․ես ասի գնացած կլնես․․․․չէ, ասելու բան չկա, ուղղակի էդ նյութը չտպեք հանկարծ, եթե տպեցիք՝անախորժություններ կլինեն, հասկացա՞նք իրար,,։Նրա պատասխանը փոխանցեցի թերթի խմբագրին, որին էլ մյուս կողմից ճնշում էր այն իրավաբան կինը, ով միջնորդել էր հոդվածի համար, եւ զանգելով խմբագրին, ասել էր․,,Եթե դուք էդ հարցազրույցը չտպեք, ես ձեր թերթը չեմ հարգի, դուք էլ ի՞նչ մամուլ եք, որ վախենում եք ճնշումներից,,։ 

,,Դե ուրեմն մենք կտպենք  էդ նյութը,ինչ ուզում է՝թող լինի,,-ասաց խմբագիրն ու տպեց հոդվածը․,,Բամբակի գործից մինչեւ հայրենի հանցագործներ,,վերնագրով։Հաջորդ օրը ոչ միայն մեր տուն էր զանգահարել հոդվածի տպագրելն արգելող պաշտոնյան, այլեւ ինձ տանը չգտնելով՝զանգահարել էր խմբագրություն, եւ երբ մտա ներս, խմբագիրը ծիծաղելով ասաց․,,Գնա հեռախոսը վերցրու, առավոտից քեզ են հարցնում, գնա բացատրի, թե ինչի ենք տպել,,։Դրանից հետո արդեն թերթի եւ ոստիկանության միջեւ՝հարաբերությունները սառեցին,բայց դրա փոխարեն՝թերթը պաշտպանեց խոսքի ազատության իրավունքը։,,Ավելի լավ է նրանցից առհասարակ նյութ չվերցնենք, քան թե դառնանք իրանց կամակատարն ու ասեն էս տպեք, էն տպեք,,-ասաց խմբագիրը,նկատի ունենալով, որ վարչության պաշտոնյաներից մեկը խնդրել էր, որ իր հորեղբոր ոտանավորները տպեն։

Ի դեպ, այդ տարիներին ոստիկանական համակարգի հանդեպ վստահությունն ավելի մեծ էր/համենայն դեպս՝իմ տպավորությունն այդպիսին է/, համակարգն էլ իշխանություններից ավելի անկախ էր, եւ անգամ՝դեմ էր դուրս եկել ոստիկանության մասին օրենքի նախագծին, որի առթիվ հարցազրույց տպագրվեց ,,Տեսադաշտ,, թերթում․,,Նախագիծը հակասու՞մ է սահմանադրությանը,,։

Ցավոք, ,,Տեսադաշտ,, թերթը երկար կյանք չունեցավ․միգուցե խոստացված ,,անախորժությունների,, հետեւանքը դա էր, իսկ դրանից հետո ես վերջնականպես թեքվեցի հանրապետական մամուլի ուղղությամբ,որին էլ մինչ այդ համատեղում էի ,,Տեսադաշտի,, եւ ԱԻՄ ,,Կանչ նախնյացի,, հետ։Դառնամ զօղորմին տամ պատմաբան Գեւորգ Չատինյանին,լրագրող Ռուբեն Սարգսյանին/ով թղթակցում էր կնոջ՝լրագրող Սեդա Եգանյանի հետ/։Իսկ ,,Տեսադաշտից,, ինձ հիշատակ մնաց թերթի արխիվի հավաքածուն եւ ինձ տրված տեղեկանքը՝ՀՀ լրագրողների միություն ներկայացնելու համար։Իսկ թե ինչու չդարձա լրագրողների միության անդամ՝դա արդեն այլ թեմա է։



ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն