пятница, 9 марта 2018 г.

1937թվի բռնադատվածի ժառանգը 28 տարի է՝բռնադատվածի կարգավիճակում է․տնակային ամենաանտանելի պայմաններում

Երեկ, մարտի 8-ին, կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական զանգ եւ ահազանգ ստացանք Վանաձորի Քիմիագործների տնակային ավանում, ամենաանմխիթար պայմաններում բնակվող, 1937թ․ստալինյան բռնաճնշումների հետեւանքով բռնադատվածի ժառանգ , միայնակ թոշակառու Քնարիկ Պապիկյանից, ով մինչեւ 1988թ․երկրաշարժը աշխատել է Կիրովականի քիմմանրաթելի գործարանի կենտրոնական լաբորատորիայում՝որպես ավագ ինժեներ։Եղել է հասարակական ակտիվիստ․գործարանի կին-շախմատիստների, թենիսի մրցաշարերի մասնակից եւ մրցանակակիր, մասնակցել ԴՕՍԱՖ-ի հրաձգային միջոցառումների․․․Իսկ հիմա, չնայած պատկառելի տարիքի համեմատ կայտառությանն ու մարզական կարգավիճակին,ոգու կորովին, ապրում է աշխարհից կտրված ու մեկուսացված Քիմիագործների տնակային ավանում, ,,Ռոբինզոն-Կռուզոյի,, կյանքով/ինչպես նշում է նրա մտերիմներից մեկը/, զրկված` կենցաղային ամենատարրական պայմաններից։Այս տարածքի բնակիչներին, որպես կանոն, հիշում էին ընտրությունից ընտրություն՝բայց ընդդիմադիր կուսակցությունները, որովհետեւ իշխանությունները ,,երես չունեին,,  բնակիչnերին երեւալու։Ինչպես այլ վանաձորցիներ, Պապիկյանը տնակում հայտնվել է երկրաշարժի արդյունքում բնակարանը կորցնելու հետեւանքով/վերջինիս նախկին բնակելի շենքից 6 զոհ է եղել/։

12 տարի առաջ այս տարածքում սկսել են առանձնատներ կառուցել/տեղական իշխանությանը հաջողվել է տարածքն ազատել տալ բնակիչներից մի քանիսին,իսկ Պապիկյանը կարողացել է դիմադրել, քանի որ այլընտրանք չի ունեցել/։Շինարարական աշխատանքների արդյունքում Պապիկյանի տնակը զրկվել է ջրամատակարարումից/խողովակները հանվել են/, զրկվել սանհանգույցից․․․։Միակ մխիթարականը, նրա խոսքով, այն է, որ ոչ այնքան մոտակա ավտոլվացման կետից ջուր վերցնելու իրավունք է ստացել՝այդ կառույցի տնօրենի բարի կամքի դրեվորման արդյունքում։Խնդրի առնչությամբ տարիներ առաջ դիմել է տեղական իշխանություններին, սակայն խնդիրն ավելի շատ տեխնիկապես դժվար լուծելի է, ու ոչ նպատակահարմար՝դարն ապրած տնակը ջրամատակարարմամբ ապահովելու տեսանկյունից։Ըստ այդմ՝որպես ահագնացած խնդրի ամենահեշտ լուծում, վերջինս մի խնդրանք ունի՝տեղական կառույցներին ուղղված․առաջարկում է հարակից տարածքում գտնվող, բայց չօգտագործվող ,,տուալետը,, վերակառուցել որպես երկսենյականոց բնակարան եւ իրեն հատկացնել/որպես փոխհատուցում՝երկրաշարժի հետեւանքով կորցրած բնակարանի դիմաց,իսկ իրեն հատկացված բնակարանից ստիպված է եղել դեռ շատ տարիներ առաջ հրաժարվել՝հարյուրավոր քաղաքացիների նման,որովհետեւ բնակարաններից շատերը՝,,Տարոն,, թաղամասում կառուցված, եղել են աղաղակող թերություներով, առանց էներգասնուցման, առանց ջրամատակարարման համակարգի/որի առթիվ դեռ 2002թվին գրել ենք ,,Առավոտ,, թերթում՝,,Կարկուտը ծեծած տեղն է ծեծում,,/։,,Ջրատար խողովակներն էլ տվին ձեռքներս, ասին տարեք դուք միացրեք,,-գրել է տարիներ առաջ՝համապատասխան մարմիններին ուղղված նամակներում։

Քնարիկ Պապիկյանը մինչ օրս հպարտությամբ նշում է, որ ինքը ,,Ժառանգություն,, կուսակցության անդամ է, ընտրություններին եղել է ակտիվ վստահված անձ, պայքարել ընտրախախտումների դեմ․իսկ արդյո՞ք ,,ժառանգության,,հովանու ներքո մանդատ ստացած պատգամավորները/որոնցից մեկն այս տարի նշանակվեց դեսպան՝Դանիայում, իսկ մյուսը օրերս մեկնեց ԱՄՆ՝պաշտոնական պատվիրակության կազմում/,երբեւէ հետաքրքրվել են կամ խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել  առնվազն իրենց կուսակցության  անդամների՝աղետի գոտու բնակիչ, բնակարանային ու սոցիալ-կենցաղային հիմնախնդիրներով․այս առթիվ Պապիկյանը բացասական պատասխան տվեց։

,,Վանաձորի ,,Տարոն,, թաղամասի որոշ շենքերում անորակ հանձնված բնակարանների խնդիրը տարիներ շարունակ մնացել է անուշադրության մատնված, իսկ այդ առթիվ ահազանգողները ենթարկվել հալածանքների նրանց կողմից, ովքեր հաջողությամբ տապալել են բնակարանաշինության գործը Վանաձորում եւ նպաստել քաղաքացիների արտագաղթին։Շատերը հոգնել են պայքարից եւ հեռացել՝անգամ առանց բնակարանները սեփականաշնորհելու հնարավորություն ունենալու։Միայն 1998թ․իշխանափոխությունից հետո տարատեսակ հանձնաժողովներ ստեղծվեցին՝հարցի ուսումնասիրության համար, որպեսզի բնակիչներին հանձնվեն շինարարների կողմից խոստացված շինանյութն ու թերությունների դիմաց փոխհատուցման գումարները,իսկ սայլը տեղից չշարժվեց։Իհարկե դա չէր խանգարում, որ երկրաշարժի հոբելյանական տարելիցներին նվիրված՝կառավարական պարգեւների ու մեդալների արժանանան ոչ միայն իսկապես արժանավորները, այլեւ՝ նրանք,ում հանցավոր անտարբերության ու չարաշահումների արդյունքում որոշ շենքեր հանձնվել էին կիսատ-պռատ, իսկ բնակիչներին հատկացվելիք շինանյութերն ու գումարները ,,կերվել,,․․․

Երբ տարիներ առաջ Քնարիկ Պապիկյանն իր բնակարանի խնդրով գնացել է նախորդ քաղաքապետի մոտ,վերջինս խնդիրն ամբողջությամբ չլսած՝ընդհատել է ու ասել՝,,կարճ կապեք,,։

,,Վախենում եմ շատ կարճ, լակոնիկ ասեմ՝չհասկանաք,,-վիրավորվածությամբ ասել է Պապիկյանը եւ հեռացել։Այժմ վերջինս պատրաստվում է դիմել վանաձորյան որեւէ հեռուստաստուդիայի՝իր տնակային պայմանները հեռուստատեսությամբ ներկայացնելու խնդրով, ինչպես նաեւ՝ նամակով դիմել ՀՀ նախագահին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն