пятница, 16 марта 2018 г.

,,Տարան, տարան, տարա՜ն․․․․,,

,,Հարսնացուն կարող է բղավել, ճչալ, նույնիսկ սպառնալ միլիցիա կանչել․․․,,

Երեկ, ժամը 18-19-ի սահմաններում, Վանաձորի ,,Լաչինի միջանցք,, կոչվող առեւտրի վայրում գտնվող անցորդների արյունը հաստատ սառեց երակներում, երբ կանացի աղեկտուր ճիչեր լսվեցին։Մի հաղթանդամ երիտասարդ ձեռքերի վրա դրած, արագ քայլերով ,գրեթե ՝վազեցնելով տանում էր մի երիտասարդ աղջկա՝ջինսե տաբատով։Մի պահ մտքովս անցավ, թե աղջկա հետ ինչ-որ դժբախտ դեպք է պատահել ու շտապում են հասցնել շտապօգնության մեքենա, որովհետեւ նրանց ետեւից էլ այլ վազողներ կային, իսկ մարդիկ արագ ճանապարհ էին բացում՝դեռ չիմանալով, թե ինչն ինչոց է։Ինչպես պարզվեց, երիտասարդը ,,հաճելի բեռը,, տանում էր դեպի մոտակա մեքենան։Երբ աղջկա ճիչերին ու անհայտանալուն հաջորդեց մի տարեց կնոջ սպառնալից ու մտահոգ բղավոցներն՝ինչ-որ մեկին ուղղված, թե ,,Հենց հիմի միլիցիա զանգի, հենց հիմի,,․ու երեւի տեսնելով, որ հրահանգը չի կատարվում՝իր ձեռքի հեռախոսով սկսեց գործողություններ կատարել՝ասելով․,,Ես հենց հիմի զանգում եմ,,։Նա միաժամանակ լուտանքներ տեղաց աղջկան տանողի հասցեին՝ամփոփելով․,,Տարավ այ, տարավ․․․հլա դու սպասի․․․,,։Միայն այդ խոսքերից հետո՝հավաքվածների համար արդեն ակնհայտ դարձավ, որ ,,աղջիկ են փախցրել,,․ու լարված մթնոլորտն աստիճանաբար թուլացավ,ոմանց մոտ նույնիսկ կատակելու ցամկություն առաջացավ,մինչդեռ կատարվածը մտահոգիչ էր։

Լավ, էս ո՞ր դարում ենք ապրում, ո՞ր երկրում ենք ապրում․․․Եթե հարսնացուն ու նրա ընտրյալը միասին փոխհամաձայնության գալով  ,,փախչեին,, ինչ-որ տեղ, որովհետեւ ինչ-ինչ պատճառներ կարող են ունենալ եւ ցանկանում են ծնողներին փաստի առաջ կանգնեցնել ու ստիպել հաշտվել իրենց կայացրած որոշման հետ/դիցուք՝տղան հարսանիքի միջոցներ չունի, իսկ աղջկա ծնողներն անպայման հարսանիք են պահանջում, կամ՝նրանց ծնողները համաձայն չեն այդ միությանը/, դա ինչ -որ տեղ հասկանալի կլիներ, բայց 21-րդ դարում, բռնի ուժով, առանց աղջկա կամքի հետ հաշվի նստելու, գրկած վազեցնե՞ն/հիշու՞մ եք, Սահակաշվիլին ինչ պատժամիջոցներ էր սահմանել Վրաստանում՝աղջիկ առեւանգողների համար․հսկայական տուգանքներ/։

Տեսնե ի՞նչ եղավ աղջկա ճակատագիրը․ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ որ չհասկացվեց, թե աղջկան մասնավոր մեքենայով տարա՞ն, թե՞ հատուկ տարբերանշան ունեցող տաքսիով, որովհետեվ մարդիկ կատարվածից հետո միայն հասկացան, որ ,,աղջիկ են փախցրել" ,երբ տարեց կինն սկսեց բղավել ,,տարա՜վ․տարա՜վ․․․,,։

Արդյո՞ք աղջիկը հետո ստիպված չի լինելու ոստիկանությունում ցուցմունք տալ, թե իր կամքով է գնացել/,,նամուսից,, ու ազգային բարդույթավորվածությունից խեղդված/։Եվ ո՞վ գիտե, թե այդ կարգի ամուսնությունն ինչ ճակատագիր կարող է ունենալ․երջանի՞կ, թե՞ դժբախտ ամուսնություն կլինի։

Ակամա հիշում եմ ,,Կովկասի գերուհին,, ֆիլմը, որտեղ Շուրիկին համոզում են՝ լեռնականների օրենքով աղջիկ փախցնել ինչ-որ մեկի/այն է՝գործկոմի նախագահ Սախովի/ համար, ասելով, թե ,,դա հինավուրց, բայց գեղեցիկ սովորույթ է,, եւ պետք չէ ուշադրություն դարձնել հարսնացուի դիմադրությանը․,,Նա կարող է բղավել, ճչալ, քացի տալ, նույնիսկ սպառնալ միլիցիա կանչել,,։

Իսկ եթե այդ աղջիկն ընկեր ունե՞ր, թե ,,աղջկա ասածն ասնավանի չի,,՝որպես հասարակություն ներմուծված անօրինական արժեք, որի քարոզչությանն ենք երբեմն առնչվում հայկական սերիալներում։Վերջերս պատահաբար 2 աղջիկների զրույց լսեցի․նրանցից երիտասարդն իրենից տարիքովից խորհուրդ էր հարցնում, թե ինչպես ազատվի իրեն զանգողի հետապնդումներից․,,Որ ասեմ ընկեր ունեմ, կարող ա՞ փախցնի,,։Դա արդեն կրկնակի բռնություն  է,իսկ բռնությունը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել․թեկուզ այն հանգամանքով, թե ,,խիստ էր սիրում, դրա համար էլ փախցրեց,,։Սրան հակառակ՝բռնություն է նաեւ այն, երբ երիտասարդի հետ հոժար կամքով ամուսնական դաշինք կազմած եւ քաղաքացիական ամուսնություն կնքել ցանկացող աղջկան ծնողներն ստիպում են, որ որոշ ժամանակ անց, նա ցումունք տա, թե իրեն ,,զոռով են փախցրել կամ բռնությամբ տիրացել։Ու դա շատ դեպքերում տխուր վերջաբան է ունենում․երիտասարդի համար՝մինչեւ 10-12 տարվա ազատազրկում/նայած բռնության աստիճանի/, իսկ աղջկա կյանքը խորտակվում է։Նման մի երիտասարդի/որ 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել սովետական տարիներին/, քույրը, տեղեկանալով, որ իր եղբոր դեմ ցումունք տված նրա երբեմնի սիրեցյալը ուրիշի հետ ամուսնացել է ու անգամ՝,,կարմիր խնձորի,, արժանացել, ասել էր՝,,Բա որ ինքը կույս էր, իմ ախպերն ինչի՞ գնաց 12 տարի նստեց,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն