суббота, 25 января 2020 г.

Ակնկալում են Հայաստանի եւ Վրաստանի իրավապաշտպանների աջակցությունը

Հունվարի 27-ին, ժամը 12-ին Վրաստանի Բոլնիս քաղաքի շրջանային դատարանում կկայանա ՀՀ քաղաքացի Մ․Հ-ի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, որին անդրադարձել ենք այս թեմայով նախորդ հրապարակման մեջ՝միաժամանակ այն ուղարկելով համապատասխան կառույցների։Մ․Հ․-ի ծնողները, որոնք վատառողջ թոշակառուներ են, ակնկալում են Հայաստանի եւ Վրաստանի իրավապաշտպան կառույցների ներգրավվածությունը՝գործին։Չնայած այս գործին քաջատեղյակ են ՀՀ արտգործնախարարությունում, Վրաստանում Հայաստանի դեսպանատանը, ՀՀ օմբուդսմենի գրասենյակում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, սակայն Մ․Հ․-ի ծնողները չգիտեն, թե արդյո՞ք վերջիններս կարող են ապահովել արդար ու անաչառ դատավարություն։Որքան հասկացանք Մ․Հ-ի մոր հետ զրույցից, Վրաստանում ՀՀ դեսպանատան իրավաբանը/որ ազգությամբ հայ է/, շատ ավելի գործուն աջակցություն է ցուցաբերում/մեր տպավորությամբ/, քան՝մասնավոր փաստաբանը, որին վարձել են հապճեպ, միջնորդավորված կարգով, եւ որը չի տիրապետում ոչ հայերենին, ոչ ռուսերենին, ինչը դժվարությունների տեղիք է տալիս։Մեզ չհաջողվեց նաեւ պարզել, թե արդյո՞ք Մ․Հ-ն ծանոթացել է իրեն ներկայացվող մեղադրական եզրակացությանը/որ, բնականաբար, վրացերեն է լինելու․ենթադրաբար/, իսկ Մ․Հ-ի ծնողները շատ քիչ ինֆորմացիա ունեն այս գործով, որդու հետ էլ հաճախ չեն շփվում հեռախոսով։Հայրը վատառողջության պատճառով չի կարող մեկնել Վրաստան, բայց՝մայրը պատրաստվում է մեկնել՝մասնակցելու դատական նիստին, սակայն վստահ չէ, թե արդյո՞ք կարող է հանդիպել որդուն, որ մոտ 10 օր է՝հացադուլ է հայտարարել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Հ․Գ․Հոդվածը պատրաստ էր, երբ հենց նոր տեղեկացանք, որ Մ․Հ-ի ծնողներն այսօր գրավոր նամակ են ստացել առ այն, որ արտգործնախարարությունն զբաղվում է խնդրով

понедельник, 13 января 2020 г.

Վրաստանի մեկուսարանում պահվող ՀՀ քաղաքացին՝ճնշման տակ

              Սպառնում է դիմել հացադուլի

2019թվից ,,Յանդեքս,,տաքսու անհատական վարորդ, ՀՀ քաղաքացի Մ․Հ-ն նույն թվի նոյեմբերի 9-ից գտնվում է Թբիլիսիի/Գլդանի/մեկուսարանում։,,Նոյեմբերի 6-ից ոչ մի լուր չունեինք որդուցս, հեռախոսազանգերին չէր պատասխանում, նոյեմբերի 7-ի երեկոյան զանգեց եւ տեղեկացրեց, որ Թբիլիսիից Երեվան վերադառնալիս Վրաստանի մաքսատանը տաքսու 2 ուղեվորների բեռն ստուգելիս հայտնաբերել են չգրանցված ոսկեղեն, ու դրա հետ կապված՝իրեն պահում են մաքսատանը, մինչեւ ուղեվորները կներկայանան։Հաջորդ օրն արդեն՝ուրիշի հեռախոսով զանգեց եւ ասաց․,,Չանհանգստանաք, ինձ տանում են Մառնեուլ,,։Ավելի ուշ տեղեկացանք, որ Մառնեուլից էլ տեղափոխել են Թբիլիսիի մեկուսարան իրեն եւ ուղեվորներից մեկին, ով խոստովանել է,որ բեռն իր պարունակությամբ՝իրեն է պատկանում։Մեքենայի մեջ գտնվող մյուս ուղեվորին, որ, ըստ տեղեկությունների, նախկին ոստիկան է, ազատ են արձակել ,,-պատմում է կասկածյալի մայրը։Ընդ որում, 2 օր մաքսատնից թույլ չեն տվել հեռանա, որից հետո հրահրել են վեճ, եւ դրա հետ կապված՝ գործ հարուցել, ու այդ հիմքով ձերբակալել, որովհետեւ, ըստ մեր զրուցակցի՝,,ուրիշ հիմք չեն ունեցել,,։Նա համոզմունք հայտնեց, որ իր որդու ,,գլխին սարքել,, են, եւ ուզում են, որ ուրիշի մեղքն իր վրա վերցնի՝օգտվելով հայրենիքից հեռու գտնվելու հանգամանքից։

Նոյեմբերի 12-ին Մ․Հ-ի մայրը եւ հարազատներից մեկն ուղեվորվել են Թբիլիսի, փաստաբան վարձել/հայրը, որ արցախյան պատերամի վետերան է, չի կարողացել նրանց հետ մեկնել, քանի որ վատառողջ է/։Իսկ փաստաբանն էլ, որ ազգությամբ վրացի է, չի տիրապետում ոչ հայերենին, ոչ ռուսերենին/միջնորդի միջոցով նրան են կարողացել հապշտապ վարձել՝այլընտրանք չունենալով/։Հատկանշական է, որ փաստաբանը, համոզված լինելով, որ Մ․Հ․-ն մեղավոր չէ, փորձում է նրան համոզել, որ իր վրա վերցնի բեռն իրենը պատկանելու հանգամանքը, երբ որ ուղեվորն արդեն իսկ խոստովանել է, որ այն իրենն է, ոչ թե՝տաքսու վարորդինը։Ու այս ուղղությամբ մեկուսարանում Մ․-ին սկսել են ճնշումների ենթարկել, որի հետ կապված՝վերջինս որոշել է դիմել հացադուլի/ինչը կարող է բացասաբար անդրադառնալ առողջականի վրա, մանավանդ, որ առողջական խնդիրներ ունի/։

Այժմ Մ․Հ․-ի ծնողները, որոնց միակ հենարանն է վերջինս,ու որոնք թոշակառուներ են եւ վատառողջ, դիմել են ՀՀ արտգործնախարարին՝խնդրանքով, որ վերջինս  Վրաստանում ՀՀ դեսպանատան միջոցով հսկողության տակ վերցնի գործը եւ հայերենին տիրապետող իրավասու անձի ներկայություն ապահովի դատական նիստի ընթացքում, որ նշանակված է հունվարի 27-ին/սկզբում նշանակված է եղել դեկտեմբերի 27-ին, բայց՝ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է/։Դիմել են նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որտեղից, սակայն, հայտնել են, որ իրենք ոչնչով չեն կարող օգնել, որովհետեւ այդ առումով իրավասություն չունեն, եւ կարող էին Վրաստանում փաստաբանի ներկայություն ապահովել, եթե ավելի վաղ տեղեկացվեին։Բայց ասել են, որ կարող են միջնորդության կարգով դիմել օմբուդսմենին։

Ի դեպ,Մ․Հ․-ի մայրը Վանաձորից հեռախոսով կապվել է ՀՀ օմբուդսմենի գրասենյակի հետ, որտեղից էլ խորհուրդ են տվել դիմել Վրաստանի օմբուդսմենին։,,Նրանք էլ ոչ հայերեն գիտեն, ոչ ռուսերեն, նրանց օմբուդսմենի հետ ի՞նչ լեզվով խոսենք, վրացերեն սովորե՞նք,,-վրդովմունք է հայտնում Մ․Հ․-ի մայրը։Իսկ առայժմ ՀՀ քաղաքացին շարունակում է  պահվել Վրաստանի մեկուսարանում, եւ, ըստ վերջինիս մոր, ծեծի է ենթարկվել ՝չարած հանցանքը խոստովանելու համար։Պատկերն էլ ավելի տխուր է դառնում, քանի որ Մ․-ի կողմից որպես տաքսի վարձակալած մեքենայի պարապուրդային օրերի համար էլ վարձ է ավելանում, տերն էլ, բնականաբար, պահանջում է մեքենան եւ վարձակալության գումարը։Միաժամանակ գումար է պահանջվում նաեւ մաքսատանը կանգնեցված լինելու ժամանակահատվածի համար՝օրերի քանակով։

Մ․Հ․-ի հարազատներին հետաքրքրում էր, թե ու՞մ պետք է դիմել, որպեսզի միջնորդեն, որ գործն ուղարկվի Հայաստան։Իսկ ինձ, որպես լրագրող-բլոգեր, հետաքրքրում է, թե արդյո՞ք Կովկասի գծով օմբուդսմեն չկա։

․․․Ելնելով անմեղության կանխավարկածից, կասկածյալի անուն-ազգանունը չենք նշել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր