четверг, 27 июня 2013 г.

Տեղեկատվական աղբ ՝ հեռուստաեթերում

Հայկական  հեռուստաալիքները  հաճախ  սեփական  ժողովրդի  առաջնահերթ  խնդիրները  թողած ՝մեկ  է  տեսար  ,,բարիլուսն,,  սկսում  են  արտասահմանյան  իրադարձություններով  կամ,  որ  ավելի  վատ  է ՝տեղեկատվական  աղբով ՝ հաճախ  ինտերնետից  վերցրած. մեծ  հաճույքով,  փութաջանությամբ  ու  եռանդով ներկայացնելով ՝ էլ  համասեռամոլների  ու  լեսբուհիների  շքերթ, էլ  տեղական  ու  միջազգային  բռնաբարություններ, կամ  այսինչ  մոլագարը  արտասահմանում  հերթական  այլասերվածության  ինքնադրսեւորմամբ  է  հանդես  եկել / ընդ  որում  նմանատիպ  որեւէ  նյութ  կարող  է  պարբերաբար  ներկայացվել ՝ դրա  հետ  կապված  յուրաքանչյուր  իրավական  գործողության  հերթականությանը  համընթաց /: Վերջերս  էլ  Հ1-ի  ,,Ազատ  գոտու,,թեման  էին  դարձրել  սեռական  փոքրամասնություններն  ու  եվրոպոիդ  պահվածքի  դրսեւորումները, կարճ  ասած ՝  հային  ոչ  ,,հարիր,,  երեւույթները,, եւ  այդ  առթիվ ՝ տուրուդմփոցային  բանավեճ: Իսկ  այդ  հաղորդումն  ընթանում  է  ցերեկային  ժամերին,  երբ  հեռուստացույցի  առջեւ  են  լինում  նաեւ  երեխաներ: Հասկացանք, որ  Եվրոպան  դեմ  է  սեռական  փոքրամասնությունների  իրավունքների  խախտմանը, բայց  արդյո՞ք  դրանց  վրա  այդքան  ուշադրություն  դարձնելն  ավելի  շատ  չի  նպաստում  երեվույթի  մասսայականացմանը:Տեղեկատվական  աղբի  կուտակման  ֆոնի  վրա  հիշենք, թե  ինչ  ակտիվությամբ  էին  տարբեր  հեռուստաալիքներ  լուսաբանում  մանկապղծության  մեջ  մեղադրվող  հայտնի  գործարարի  փակ  դատի  պատերից  դուրս  եկող  ու  քրեական  գործով  անցնող ինֆորմացիան ՝ ամենակեղտոտ  մանրամասներով: Եթե  փակ  դատի  պարագայում  էր  այդպես  մանրամասն  լուսաբանվում ՝ հաճախ  անգամ  տուժողների  մասին  նշելով,  ապա  բաց  դատի  դեպքու՞մ  ինչ  կլիներ: Զարմանալի  է, որ  նույն  հեռուստաալիքները  նման  փութաջանությամբ  ընդդիմության  հանրահավաքներ  չեն  լուսաբանում, եթե  չասենք, որ  հազվադեպ  են  լուսաբանում...Բարեբախտաբար, մանկապղծությունը  Հայաստանում  այնքան  մեծ  տարածում  չունի / ինչպես  դա  թվում  է  ոստիկաններին, որոնք  մայրաքաղաքի  դպրոցներում  նմանատիպ  երեւույթները  կանխարգելելու  պատճառաբանությամբ  զրույցներ  են  անցկացրել  պատանիների  հետ, եւ  հորդորել, որ  նմանատիպ  ոտնձությունների  առթիվ  կասկած  ունենալու  դեպքում  ահազանգեն  իրենց.../  Կամ  ինչի՞  նման  է,  երբ  գնում  ,,ինտերվյու,, են  վերցնում  սեռական  բռնության  ենթարկված  80-ամյա  տատիկից,  որին  երիտասարդ  ավազակը  նաեւ  կողոպտել  ու  ծեծի  է  ենթարկել: Ընդ  որում, նմանատիպ  դեպքերը  կրկնվում  ու  կրկնօրինակվում  են, ինչը  նկատել  էին  ոչ  միայն  հոգեբան-վերլուծաբանները, այլեւ  այդ  մասին  են  վկայում  ոստիկանական  հաղորդագրությունները:  ...Սույն  հոդվածը  պատրաստ  էր  տպագրության, երբ  հունիսի 26-ին  պատահաբար  ակնդիր  եղա  Հ1-ի  ,,Ազատ  գոտու,,  հերթական  հաղորդմանը,  որի  ընթացքում  մտահոգություն  հնչեց  վերոնշյալ  թեմայի  առնչությամբ. ավելի  կոնկրետ ՝ ինչու՞  հեռուստաեթերից  լուսաբանվում  է  այն, ինչը  խրախուսելի  չէ  լուսաբանել:  Հաղորդման  հրավիրյալ, 1-ի  մեկնաբան  Թերեզա  Կասյանը  դժգոհեց, թե  մեր  ինչի՞ն  է  պետք, թե  Լեդի  Գագայի  ոտքի  եղունգը  վաճառվել  է  30.000դոլարով  կամ որքանո՞վ  է  անհրաժեշտ  հասարակությանը ՝ Քիմ  Քարդաշյանի  մարմնամասերի  սիլիկոնների  թեմային  անդրադառնալը...Երիտասարդ  մի  կին  էլ  սարսափած  էր  այն  մտքից, որ  պատմում  են,  թե  ինչ-որ  մի  ճիվաղ  բռնաբարել  է...սեփական  դստերը: ,,Բա  որ  բռնաբարել  է ՝ բա  ի՞նչ  ասենք,,- սառնասրտորեն  ասում  էր  խմբագիր  Մենուա  Հարությունյանը: Նա  պնդում  էր, որ  կայքերն  անդրադառնում  են  այնպիսի  թեմաների, որոնք  պահանջարկ  ունեն  ու  ռեյտինգ  են  ապահովում  այդ  կայքի  համար...Մինչդեռ  մասնակիցների  բողոքը  հիմնականում  վերաբերվում  էր  հեռուստատեսային  աղբին:,,Էն  ալիքները, որոնք  պետական  են, պետք  է  առաջնորդվեն  պետական  շահերով  եւ ժողովրդին  տան  այն, ինչ  պետք  է,,-պնդում  էր    հաղորդման  հյուրերից  մեկը: Իսկ  մի  կին  էլ  քննադատում  էր, որ  ,,Արմենիան,,  ցերեկային  ժամերին  ,,Սուր  անկյան ,,անոնս  է  տալիս  սարսափազդու  դեպքերի  մասին, որոնց  մասին  լուսաբանվելու  է  կիրակի  օրը,  իսկ  իր  երեխան  այդ  անոնսի  ժամին  հեռուստացույցի  առջեւ  է...Մի  մասնակից  էլ  դժգոհեց,  թե  ,,էստեղ-էնտեղ  տատիկ  են  բռնաբարում,,  ու  այդ  մասին  լուսաբանում  են  հեռուստատեսությամբ...Բայց  հաղորդման  հյուրերից  մի  կին  ,,խայթեց,  թե ՝ երբ  որ  բռնաբարողը  հասարակ  մարդ  է ՝ այդ  մասին  խոսում  են, բայց  երբ  պաշտոնյա  է՝ չեն  խոսում:Կինը, հավանաբար, անտեղյակ  էր, թե  ինչ  փութաջանությամբ  էր  լուսաբանվում  հեռուստատեսությամբ՝  մանկապիղծ Սերոբի  գործը...Հատկանշական  է,  որ  երբ Մենուա  Հարությունյանը  պատճառաբանեց,  թե  Եվրոպան  ու  Ամերիկան  այդ ՝ ամեն  ինչը  թափանցիկացնելու  ու  հրապարակայնացնելու  ուղիով  են  գնում, երիտասարդ  տղամարդը, որին  մտահոգել  էին  ծեր  կանանց  նկատմամբ  սեռական  բռնությունների  թեմաները,  հեգնեց, թե ,,Դրա  համար  էլ  տենց  հիմար  երկրներ  են,,:                                                                                 ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 21 июня 2013 г.

Facebook-ում խախտվում է նամակագրային գաղտնիության իրավունքը

Սա  միայն  ես  չեմ  ասում. մի քանի  օր  առաջ  էլ  հեռուստատեսությամբ  ասում  էր  նաեւ  ինտերնետային  տեխնոլոգիաների  մասնագետ  Սամվել  Մարտիրոսյանը, ասելով, թե  ,,չզարմանաք, եթե  մի  օր  ձեր  նամակները  դառնան  հանրության  քննարկման  առարկա,,:  Վերջինս  կարծես  թե  հակված  էր  այդ  ամենի  մեղքը  բարդել  ,,հակերների,,  վրա, բայց  ինձ  թվում  է, թե  պատճառները  երբեմն  կարելի  է  նաեւ  ուրիշ  տեղ  փնտրել: Հայտնի  է,  որ  սոցիալական  ցանցերում   եւ,  մասնավորապես,  Facebook-ում  շփման  հիմնական  ձեւը  հաղորդագրություններ  ուղարկելն  է կամ ` chat-ը: Եւ  ահա, օրերս  եմ  պարզել  ու  երեկ  էլ  համոզվեցի, որ  ֆեյսբուքային  ընկերներիս  ուղարկվող  հաղորդագրություններս  սկսել  են  չհասնել  իրենց  կամ  երբեմն  էլ  ուղղակի  նրանց  պատին  են  հայտնվում ՝ դառնալով  հանրային  սեփականություն: Սկզբում  այս  մասին  տեղեկացա  Դանիայում  բնակվող  ընկերուհուցս, որի  հետ  նաեւ  սոցիալական  այլ  ցանցով  եմ  շփվում: Հետո  հաղորդագրություն  ուղարկեցի  մոսկվաբնակ  ծանոթուհուս, եւ, տեսնելով , որ  նամակն  անարձագանք  մնաց, չնայած  ինքը էջի  մեջ  էր, գրեցի  նրա  պատի  վրա, եւ  այսօր  միայն  պատասխան  ստացա ՝ ֆեյսբուքում  երեկ  հոդված  գրելուց  հետո ՝,,Գրաշպիոնությունը ՝ գործողության  մեջ,,: Այս  կապակցությամբ  հիշեցի, որ  արտասահմանում  մի  քանի  օգտատերեր  մեղադրել  էին  մի  դեպքում ՝google-ին, մի  դեպքում ՝Facebook-ին՝  իրենց  նամակագրական  կապի  գաղտնիությունը  խախտելու  մեջ .ի դեպ, հենց  այսօր  էլ  այդ  մասին  Եվրոնյուսն  էր  խոսում ՝google-ի  առնչությամբ: / Հենց  դրա  համար  խուսափում  եմ  գրանցվել  այն  կայքերում, որոնք  իրենց  էջերում  հոդված  տեղադրելու  համար  բազմաթիվ  տվյալներ  ու  գաղտնաբառեր  են  պահանջում, եւ որեւէ  երաշխիք  չկա, թե  այդ  գաղտնաբառն  ի  վնաս  օգտատիրոջ  չի  օգտագործվի  ու ,, քիթները  չեն  մտցնի,, տվյալ  օգտատիրոջ  փոստային  ,,նաստրոյկաների,, մեջ  ու  համապատասխան  ուղղություն  տան/:Ի՞նչ  է  ստացվում. խախտվում  է  նամակագրական  կապի  գաղտնիության  իրավունքը  Ֆեյսբուքում, որն էլ, ենթադրվում  է, թե  իր ,,գծի  տերերն,,  ունի  Հայաստանում: Ենթադրվում է, թե  որոշել  են  ընդօրինակել  ամերիկյան  ,,առաջավոր,, փորձը, երբ  Օբամայի  միջամտությամբ  գաղտնի  ներխուժումներ  են  արվել  սոցցանցերի  վրա, եւ  քաղաքացիների  նամակագրական  կապերը  վերահսկելի  դարձրել:Դե  եթե  ժողովրդավարական  ԱՄՆ-ում  են  գաղտնալսում, ժողովրդավարության  ,,անցումային,,   փուլում  գտնվող  Հայաստանում  կվերահսկեն  ու  կվերահսկեն... Ամենավատն  այն  է, որ տեխնիկական  միջամտություններ  են  լինում  google-ի gmail-ների  նկատմամբ:Վերջերս, օրինակ, բացահայտել  եմ, որ google-ի  պրոֆիլիս  մեջ  այլեւս  չեմ  կարողանում  տվյալների  փոփոխություն  կատարել ՝ավելացում  կամ  պակասեցում, քանի  որ  այդ  գործողությունն  արգելափակվել  է  ,,հայտնի,,  կամ  անհայտ  ուժերի  կողմից:Իսկ  հեռախոսահամարիս  վերաբերյալ  ասվում  է,  թե  այն  ,,քողարկված,, է  արտաքին  աշխարհի  համար: Փաստորեն, ինչը  նախատեսված  է  շփման  համար ՝ քողարկել  են, ինչը  գաղտնի է ՝ հրապարակայնացրել, եւ  դրա  ապացույցն  ընկերուհուս  ՝ ֆեյսբուքով  իմ  կողմից նրան  ուղարկված  անձնական  հաղորդագրությունն էր, որ  անմիջապես  հայտնվեց  նրա  պատին,  ու  ստիպված  էի  ջնջել  անմիջապես  ու  փորձել  այլ  սոցցանցով  կապվել, ինչը  եւ ,բարեբախտաբար, հաջողվեց: Երեկվա  դրությամբ, քանի  դեռ  չէր  հրապարակվել  իմ  ահազանգը  ֆեյսբուքում ՝,,Գրաշպիոնությունը  գործողության  մեջ,,՝ անձնական  հաղորդագրություններ  չէի  ստանում: Այսօր  էլ  առայժմ  մի  քանի  անհաջող  փորձեր  եմ  կատարել ՝ անօգուտ: Թերեւս  այդ  պատճառով, այսինքն  մի որոշ  ժամանակ / միգուցե մի  ամիս, միգուցե ՝ երկու   /,տեսնելով, որ  ինձ  ուղարկած  հաղորդագրություններն  անարձագանք  են  մնում, Ստրասբուրգի  իմ  ֆեյսբուքային    գործընկերն  ինձ  առանց  հաղորդագրության  ընդգրկել  էր  ,,Բարեկամներ,,/ Mesamis /  խմբի  մեջ, որի  վերաբերյալ  gmail-իս  վրա  մեխանիկորեն  ծանուցում  հայտնվեց : Թերեւս, այդ  կերպ  ցանկանում  էին  ճշտել  իմ  գործունեության  գոյությունը, եւ  տեղեկացան  միայն  այն  բանից  հետո, երբ  այդ  խմբի  էջին  հոդվածներ  եւ  տեսանյութեր տեղադրեցի: Այսպիսով, ֆեյսբուքային  օգտատերերի  նամակների  նկատմամբ  ,,մաքսային  հսկողություն,, է  սահմանվում: Հաջորդ  քայլն  այն  կլինի, որ ,, մաքսային  տուրք,,  էլ  կսահմանվի  կամ  ,,վիզային  ռեժիմ,,՝ ,,սահմանը  հատել,,  ցանկացող  նամակների  նկատմամբ:Փոխանակ  վերահսկեն ու  կանխեն   համացանցում  խուլիգանության  կամ  խաբեության  դրսեւորումները, վերահսկում  են  առաջադեմ  մտավորականությանն  ու  հետեւում  նրանց  գրագրությանը:Ինչո՞վ  խաբեություն  չէ,երբ  որեւէ  հայտնի  դերասանի  կամ  երգչուհու  մասին  սենսացիոն  անոնս  է  հայտնվում ` ,,սկանդալային  բացահայտումներ,, վերնագրով, բայց  երբ  փորձում  ես  կարդալ, քեզ  պարտադրանքի  ձեւով  մի  գրություն  է  հրամցվում, որտեղ  ասվում  է,  թե  կարդալու  համար  նախ  պետք  է...,,լայքել,,: Ո՞վ  է  տեսել , որ  չկարդացած  նյութի  համար  ,,լայք,,  տան: Միգուցե  ,,լայքելուց,,  հետո  պարզվում է, որ  ոչ  մի  սենսացիոն  բացահայտում  էլ  չկա,  ու  դու  լայքել  ես  մի  անպարկեշտ  նկարի  կամ,  միգուցե,  քո  գաղափարներին  հակառակ  մի  նյութի  տակ: Իրավական  տերմինով  ասած ՝,,Ձեր  ցուցմունքն  օգտագործվել  է  ձեր  դեմ,,:  Ի  դեպ,  կասկածներ  ունեմ, որ  իմ ՝ սոցիալական  այլ  կայքեր  եւս  վերահսկվում են : Ահավասիկ, NETLOG ցանցում  գրություն  եմ  ստանում, որ  այսինչ  օգտատերը  համաձայն  է  իմ  առաջարկին ՝ դառնալ  իմ  գործընկերը, մինչդեռ  տվյալ  օգտատիրոջը  ես  հարցում  չեմ  ուղարկել:Ահա  թե  ինչու , ոչ  միայն   NETԼՕG-ից, այլեւ ՝ TOP-FACE  կոչվող  ֆեյսբուքային  հավելվածից  էլ եմ փորձում   որքան  հնարավոր  է ՝ հեռու  փախչել, քանի  որ  դրա  համագործակցության  մի  պայման  է  այն,  որ  օգտատերը  համաձայն  է, որ  իր  անունից  նամակներ  ուղարկեն  ,,դրուզյաները,,: Դրանից  էլ  մեծ  ապուշությու՞ն. ինչու՞  պետք  է  համաձայն  լինեմ, որ  իմ  անունից  նամակներ  ուղարկվեն,  ու  ,,բոյկոտում,, եմ  Top-Face-ով  ինձ  ուղարկվող  բոլոր  օտարալեզու   հաղորդագրությունները, որից  հաճախ  անտեղյակ  են  նաեւ  նրանք,  ում  անունից  ուղարկվում  են  դրանք: ,,Իմ  անունից  անգլերեն  ինչ  ստանաս ՝ ջնջի, ես  դրանց  հետ  կապ  չունեմ,,-տարեսկզբին  ինձ  հայերեն  հաղորդագրություն  ուղարկեց  ընկերներիցս  մեկը, որի  անունից  անգլերեն  ինչ-որ  անկապ  հաղորդագրություն  էր  հայտնվել  ֆեյսբուքիս  պատին:Մի  երիտասարդ  գործընկերուհի  էլ  ինձ  հետ  պատահական   հանդիպման  ժամանակ  ասաց, որ  իր  անունից  էլ  են  անկապ  հաղորդագրություններ  հայտնվում  սրա-նրա  ֆեյսբուքային  պատերին, եւ  ինքը  հիմա  փորձում  է  այդ  Topface հավելվածից  դուրս  ,,պրծնել,,: Չեմ  հասկանում  այդ  Topface  կոչվող  ,,կույր  աղիքն,,  ինչու՞  են  կարկատել  Ֆեյսբուքին, որ  մարդկանց  մեջ ,,խժդժություններ,, է  առաջացնում,  ,,տունները  կռիվ  գցում,,:                              ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                      

суббота, 15 июня 2013 г.

Գեորգի Հովսեփյանը 80 տարեկան է



Լուսանկարը տպագրվել է ,,Շախմատային Հայաստան,, ամսագրի 1972թվի 7-րդ համարում եվ Գագիկ Հովհաննիսյանի հեղինակած ՝,,Տիգրան Պետրոսյան,, գրքի 76-րդ էջում.այն մակագրված է՝Հայաստանի չեմպիոնատի մասնակիցների հետ,,Добавьте подпись

  Հունիսի 15-ին  լրացավ  Գեորգի / Ժորա / Հովսեփյանի  80-ամյակը: Ծնվել  է  1933թ. Գուգարքի  շրջանի  Քոլագերան /Թումանյան /կայարանում ,երկաթուղայինի  ընտանիքում: Հայրը ՝ Սարիբեկ  Հովսեփյանը, Հայրենական  Մեծ  պատերազմի  տարիներին  մեկնել  է  ռազմաճակատ  ու  չի  վերադարձել: Մայրը ՝ Սահարգյուլը, մեն-մենակ  է  մեծացրել  ու  կրթության  տվել  4  որդիներին ՝ լրագրավաճառի  իր  համեստ  միջոցներով:Գ.Հովսեփյանը  երկար  տարիներ  աշխատել  է  Կիրովականի  քիմմանրաթելերի  գործարանում,որպես  կադրերի  գծով  տեսուչ, հրահանգիչ, վարիչ, այնուհետ ՝ դիրեկտորի  օգնական ՝ կադրերի  գծով  : Աշխատանքի  ընթացքում  արժանացել  Է    պատվոգրերի  ու  շնորհակալագրերի: 1989թ. երկրաշարժից  հետո, երբ  սկսվեց  ԽՍՀՄ ենթակայության  ձեռնարկությունների  փլուզումը, Հովսեփյանը  նշանակվեց  Վանաձորի  թիվ 3 ԲՇՏ-ի  պետ, այնուհետ ՝Տարոն-2  նորաստեղծ  թաղամասի  պետ,  ուր  աշխատեց  1990-1996թվերին, մեծ  ավանդ  ունենալով  նորակառույց  շենքերի  հետ  կապված  խնդիրների  վերացման, այդ  խնդիրների  նկատմամբ  տեղական  ու  հանրապետական  իշխանությունների  ուշադրությունը  հրավիրելու  հարցում:1996-2000թվերին, երբ  հասցրել  էր  ԲՇՏ-ի  պետի  պաշտոնից  անհիմն  ազատվել, ու  երկարատեւ  չարչարանքներից  հետո  դատարանով  վերականգնվել, կրկին  ազատվել ՝թոշակի  տարիքի  պատճառաբանությամբ, որ  արվել  էր Վանաձորի  նախորդ  իշխանությունների  կողմից,1999թ.քաղաքային  իշխանությունները  նախընտրեցին  նրան  այլեւս  ետ  չուղարկել  Տարոն  թաղամաս, քանի  որ  այնտեղ  արդեն  իսկ  նոր  նշանակում  էր  եղել, այլ ՝Առափնյա  թաղամաս, որտեղ  էլ  որպես  համատիրության  պետ  աշխատեց  մինչեւ  2000թիվը, եւ  աշխատանքից  ազատվեց  հիմնարկի  լուծարման  պատճառաբանությամբ: Բուն  պատճառը, թերեւս, այն  էր, որ  քաղաքային  ներկա  իշխանությունների  գործելակերպը  նախորդներից  չէր  տարբերվում, եւ նրանք  եւս  չէին  հանդուրժում  սկզբունքային, հեղինակություն  ու  վաստակ  ունեցող,  ուժեղ  մարդկանց: Գեորգի  Հովսեփյանը  միաժամանակ  շախմատի  մեծ  սիրահար  է  ու  վարպետության  թեկնածու: ,,Ֆուտբոլ պլյուս,,թերթը  10տարի  առաջ  ,,Ժորա  Հովսեփյանը  70 տարեկան  է,, հոդվածում  գրել  է.,,Ժորա  Հովսեփյանը  մեծ  ներդրում  ունի  հարազատ  քաղաքում  շախմատի  տարածման  եւ  զարգացման  գործում: Նրա  անմիջական  մասնակցության  շնորհիվ  է, որ  տասնամյակներ  շարունակ  հանրահայտ  շատ  շախմատիստներ սիրով  հյուրընկալվել  են  քիմմանրաթելի  գործարանի ՝Տ.Պետրոսյանի  անվան  շախմատային  ակումբում, որի  բացմանը, ի  դեպ, ներկա  է  եղել  հենց  ինքը ՝ աշխարհի  չեմպիոնը: Ժորա  Հովսեփյանն  ակտիվորեն  մասնակցել  է Կիրովականում  անցկացված  ամենատարբեր  բնույթի  թիմային  եւ  անհատական  մրցումների ՝ քաղաքային  առաջնություններ  եւ  սպարտակիադաներ, հանրապետության  քիմիական  արդյունաբերության  աշխատողների  առաջնություններ  եւ  այլն: Լինելով  մոտավորապես  Վիկտոր  Կորչնոյի  հասակակիցը  եւ  ժամանակին  նրա  հետ  իր  համաքաղաքացիների  հանդիպման  կազմակերպիչներից  մեկը, Ժորա  Հովսեփյանը  հաճախ  է  կատակում.,,Քանի  Կորչնոյը  խաղում  է,  կխաղամ  նաեւ  ես,,: 1964թ առաջնությունում  ամենագեղեցիկ  պարտիայի  համար  սահմանված  մրցանակին  արժանացավ  հենց  Հովսեփյանը, ընդ  որում, մրցանակը  նրան  հանձնեց  հանձնաժողովի  նախագահ, աշխարհահռչակ  էտյուդիստ  Հենրիկ  Գասպարյանը, գովեստի  խոսքեր  շռայլելով  երիտասարդ  շախմատիստի  հասցեին: Նման  մի  մրցանակ  էլ  Հովսեփյանին  հանձնվեց  1972թ.առաջնության  ավարտից  հետո, երբ  լավագույն  պարտիան  որոշող  հանձնաժողովի  նախագահը  գրոստմայստեր  Ռաֆայել  Վահանյանն  էր:: Ի  դեպ,  այդ  պարտիան  հրապարակվել  է  նաե  հանրապետական  ,,64,,շախմատային  հանդեսում, որի  գլխավոր  խմբագիրն  այդ  տարիներին  Տիգրան  Պետրոսյանն էր,,:   ...Շախմատից  բացի ՝ մի  ,,հոբբի,, էլ  ուներ  այժմ  վաստակած  հանգստի  անցած  վետերանը. էությամբ  ժուռնալիստ  էր, անգամ  ոտանավորներ  էր  գրում / մինչ  Երեւանի  համալսարանի  տնտեսագիտության  ֆակուլտետի  հեռակա  բաժնում  ընդունվելը  1 տարի  սովորել էր  ժուռնալիստիկայի  բաժնում /: Բազմաթիվ  հոդվածներ , ֆելիետոններ ունի  տպագրված  հանրապետական   մամուլում, ինչպես  նաեւ ՝ Կիրովականի  ,,Կայծ,  ,,Վերածնունդ,, ,,Լոռու  մարզ,,եւ  այլ  թերթերում:,,Կայծ,,թերթի  երկարամյա  խմբագիր, շախմատիստ ՝ երջանկահիշատակ  Արծրուն  Սարգսյանի  շախմատային  ընկերն  էր  ու  համախոհը: Եւ,   գործունյա  տարիքում  հարկադրաբար  կենսաթոշակի  անցնելուց  հետո  ափսոսանքով  ասում  էր.,,Ախր  Արծրունն  ինձ  ասում  էր ՝արի  խմբագրությունում  աշխատի, չգնացի,,:  Իսկ  առաջարկը  չի  ընդունել, չցանկանալով  կտրվել  իր  համար  արդեն  հարազատ  դարձած   քիմմանրաթելի  գործարանի  կոլեկտիվից, որտեղ  աշխատում  էր  նաեւ  կողակիցը ՝Վարսենիկ / Սեւիլ/ Հարությունյանը, որ, ցավոք, 2009թվին  իր  մահկանացուն  կնքեց:  ,,Գաղտնիքի,,  կարգով  ասեմ, որ  Գեորգի  Հովսեփյանին  իր  ծննդավայրում, հարազատների  շրջապատում  Հովիկ  էին  ասում / քանի  որ  մայրն  էր  այդպես  կոչել /:Իսկ  աները ՝ Արեւմտյան  Հայաստանում  ծնված,Ձորագեսի  վաստակավոր  էներգետիկ ՝ երջանկահիշատակ  Գարեգին  Հարությունյանը  գրական  հայերենով  Հովհաննես  էր  ասում:                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                                         Հ.Գ. Ստորեւ ներկայացվում է Գեորգի Հովսեփյանի շախմատային գործունեությանը վերաբերվող այլ  նյութ ՝ 2004թ. վանաձորյան մամուլի արխիվից:        

 ,,Բորիս Սպասսկին ՝ Վանաձորում ,, /Այն, ինչ-որ դուրս էր մնացել պաշտոնական մամուլից /          

Օրերս  Վանաձորում էր գտնվում  շախմատի  աշխարհի  նախկին  չեմպիոն  Բորիս  Սպասսկին, որը  Վանաձորի  Քիմիագործների  մշակույթի  պալատում  հանդիպում  ունեցավ  քաղաքի  շախմատասեր  հասարակայնության  հետ: Հանդիպմանը  մասնակցում  էին  ոչ  միայն  կարգային  շախմատիստներ, այլեւ պարզապես  խաղացողներ:Լոռու  մարզային  իշխանության  ներկայացուցիչների  ողջույնի  խոսքից  հետո  ելույթ  ունեցավ  քաղաքի  անվանի  շախմատիստներից  վարպետության  թեկնածու  Գեորգի  Հովսեփյանը, որը 60-70-ական թվականներին  եղել  է  քաղաքի  շախմատի  չեմպիոն  թե  անհատական, թե  թիմային  մրցաշարերում: Գ.Հովսեփյանն իր  ելույթի  ընթացքում  ներկայացրեց  1968թ.«Կոմսոմոլսկայա պրավդա»թերթի հոկտեմբերի 1-ի համարում տպագրված մի ուշագրավ հրապարակում ՝ հեռագիր  Կիրովականի շախմատի ֆեդերացիայի /այն ժամանակվա նախագահ Գ.Հովսեփյան եւ ֆիզկուլտկոմիտեի նախկին նախագահ Հ.Դասոյան / կողմից տրված, որ վերաբերվել է շախմատի աշխարհի առաջնությանը, ուր հավակնորդներ են եղել  Սպասսկին,Կորչնոյը եւ Տիգրան Պետրոսյանը: Հեռագրում  ասվել է.«Մինչեւ  հիմա  ամբողջ  հոգով ձեզ էինք պաշտպանում, իսկ այժմ ՝Տիգրանին»:/ «Մինչեւ այժմ »ասելով  նկատի է առնվել  Սպասսկի-Կորչնոյ  մասնակցությունը /: Հեռագիրը մեկ անգամ եւս հավաստում է այն, որ վանաձորյան շախմատի պատմությունը հարուստ ավանդույթներ ունի, իսկ այս պարագայում առկա ներկա հաջողությունները / այն, որ այսօր կան նաեւ Եվրոպայի մրցաշարերի մասնակից պատանիներ. Սամվել Տեր-Սահակյան,Դավիթ Պետրոսյան /անցյալի շարունակությունն են : Պատահական չէ, որ Սպասսկու  հետ  կայացած  շախմատային սեանսի ժամանակ 12պատանիներից 4-ին հաջողվել է պատվավոր «ոչ-ոքիի»արժանանալ:        

«Քաղաքացիական նախաձեռնություն» թերթ,17.03.2004թ.  

-----------------------------------------------------------------------------------                                                                                                             Եւս  մեկ  նյութ ՝ 1972թ. ,,Շախմատային  Հայաստան,, հանդեսի թիվ 7 համարի  ,,Հայաստանի 32-րդ առաջնությունը,, հոդվածից.,,Մրցաշարի կազմը երիտասարդ էր, ինչպես երբեք: Ստացվեց այնպես, որ երեսուննիննամյա կիրովականցի Ժորա Հովսեփյանը հայտնվեց ,,ամենածեր,, մասնակցի դերում: Բայց իր պատանեկան կրքոտ խաղով Հովսեփյանը օրինակ կարող էր ծառայել երիտասարդ խաղընկերներին: Ժորան մի շախմատիստ է, որի համար խաղի սպորտային արդյունքը, թերեվս, մեծ նշանակություն չունի: Նա մեծագույն հաճույքով նետվում է բարդությունների գիրկը, անկախ նրանից, թե ում հետ է խաղում ՝հանրապետության չեմպիոնի՞, թե՞ ՝ շարքային առաջին կարգայինի,,: Հանդեսը նաեւ նշում է.,,Հանձնաժողովը Ժորային շնորհեց մեր հանդեսի սահմանած ,,Ամենագեղեցիկ պարտիայի համար,, հատուկ մրցանակը: Հատկանշական է, որ մի քանի տարի առաջ Հովսեփյանը արդեն շահել էր Հայաստանի առաջնությունում խաղարկված նման պարգեւ,,:                       Քիմմանրաթելի գործարանի շախմատային կյանքին վերաբերվող մի հոդվածում / որ տպագրվել է 1987թվի հունիսի 2-ին ,,Հայաստանի ֆիզկուլտուրնիկ,, թերթում Ա. Խաչատրյանի հեղինակությամբ /, գրվել է.,,Շախմատային կյանքի կազմակերպիչը Գեորգի Հովսեփյանն է: Նա սպորտի վարպետության թեկնածու է, Հայաստանի առաջնության մրցանակակիր, Կիրովականի բազմակի չեմպիոն,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱ,Վանաձոր

Եւ կրկին անորակ ասֆալտապատման,բաց դիտահորերի ու բյուջետային վնասների մասին

Շուրջ  2 ամիս  առաջ  Վանաձորի ՝Կ.Դեմիրճյան  փողոցը  կարկատանային  ասֆալտապատման  ենթարկվեց. չնայած  2012թ. աշնանը  այն կրկին  կարկատանապատվել էր: Այս  տարվա  գարնանն էլ  կառավարությունը  300միլիոն դրամ  հատկացրեց  ասֆալտապատման  նպատակով: Տիգրան  Մեծ  պողոտայում  ասֆալտապատմանը  նախորդեց  ու դեռ  ընթացքի  մեջ  են ջրատարների  նորոգման  հետ  կապված  աշխատանքները: Բայց, որքան  էլ  տարյրինակ  է,Կ. Դեմիրճյան  փողոցում  պատկերը  ճիշտ  հակառակն է. նախ ՝ կարկատանային  ասֆալտապատում  արեցին /ընդ  որում ՝ անձրեւային  եղանակին, ինչպես  Գյումրիում  էին  արել /,իսկ  հիմա  սկսել  են  մայթեզրի  ուղղությամբ  փողոցը  քանդել ՝ ջրատարների  նորոգման  թե  փոփոխման  պատճառաբանությամբ: Հունիսի  15-ին, շաբաթ  օրը, վաղ  առավոտից, երբ  ՀՀ  բացառիկ  երջանիկ  խավը ՝ աշխատավորությունը, թվում  է, թե  ունի  ,,հանգստի  իրավունք,, Կ. Դեմիրճյան  փողոցում  հռնդյունով  բուլդոզեր  էր  աշխատում ՝ քնաթաթախ  մարդկանց  զարմանքը  հարուցելով. ,,Ախր  նոր  են  ասֆալտ  քաշել, էլի  քանդում  ե՞ն,,: Եթե  նկատի  ունենանք,  որ  1 ամսից  ավելի է, Տիգրան  Մեծի  վրա  դեռ  ,,բզբզում,, է  քանդող-սարքող  բրիգադը, ենթադրվում է,  թե  առնվազն  մեկ  ամիս  էլ  Կ.Դեմիրճյան  փողոցում  ,,կբզբզան,, քանդաշինարարները, որից  հետո, լավագույն  դեպքում ՝ մի  կերպ  ինչ-որ  դարուփոսատիպի  կփակեն  փորածը:Չէ՞  որ  հաճախ  է  ջրմուղն  այսուայնտեղ  վթարային  աշխատանքներ  տանում  ու  այդպես  էլ  թողնում  կամ ՝,,գլխառադ,, ասֆալտ  անում: Օրինակ, Տերյան  փողոցի  սկզբնամասում,  զինմասի  հարեւանությամբ  1 տարի  առաջ  փառավոր  քանդեցին ՝ ջրի  վթարի  հետ  կապված,  ու  մի  քանի  շաբաթ  անց  միայն  մի  ,,գլխառադ,, կարկատան  արեցին ՝ առանց  այդ  էլ  տարիներով  ասֆալտ  չտեսած, քարուքանդ  եղած  մայթին: Սա ՝  միակ  թերությունը  չէ  այս եւ  քաղաքի  այլ  հատվածներում,  ուր  շարունակում  են  անցորդների  համար  լուրջ  վտանգ  հանդիսանալ  բաց  դիտահորերը: Երկաթուղայինների  այգու  դիմաց, Կ.Դեմիրճյան  30 շենքի  հանդիպակաց  մայթեզրի  մոտ  ժամանակ  առ  ժամանակ  դիտահորը  բացվում  ու  այդպես  բաց  մնում  է ՝այգու  քարուքանդ  մայթի  պատճառով  ավտոճանապարհը  որպես  ,,այլընտրանք,, ընդունող  անցորդների  համար վտանգ  հանդիսանալով: Մեզ  հաջողվեց  պարզել, որ  դիտահորը  բացելու  պատճառն  այն  է,  որ  անձրեւներից  հետո  մոտակա  սրճարանը  ջուր  է  լցվում,  որ  կանխվում  է  միայն  դիտահորը  բացելուց  հետո /,,Հեղնար  աղբյուրի,, հրաշքն  է ՝ վանաձորյան  տարբերակով /:  Ինչ  վերաբերվում  է  ասֆալտը  քանդել-թափելուն, ապա  ենթադրվում  է, թե  մի  օր  էլ  ,,Լաչինի  միջանցքի,,  ,,նորաթուխ,, ասֆալտն  են  կրկին  քանդելու,  քանի  որ  20 տարի ասֆալտի  երես  չտեսած, հավերժական  ջրերի  մեջ  գտնվող  առեւտրի  այդ  բացօթյա  վայրն, ի  վերջո, անցած  աշնանն  ասֆալտապատեցին /ՏԻՄ  ընտրություններին  ընդառաջ /, բայց ՝ արեւային  օրերին  անգամ  այդտեղ  երբեմն  ջրային  հոսքեր  են  լինում , ինչն  առաջացնում  է  այդ  տարածքով  անցնողների  դժգոհությունը.,,Ասֆալտն  արեցին ՝ էլի  էս  փողոցը  խելքի  չեկավ,,: Ակամա  հիշում  ենք, թե  ինչպես  էր  ,,Լաչինի  միջանցքի,,  ասֆալտապատումից  ոգեւորվածներին  շտապում  հիասթափեցնել  մի  վանաձորցի. ,,Հա  բայց  ի՞նչ  օգուտ,  որ  ասֆալտն  արել  են, ջրահեռացումը  չեն  արել,,: Այս  ամենը, թերեւս, հետեւանք  է  այն  բանի,  որ  ջրմուղն  ու  քաղաքապետարանը  համակցված  չեն  աշխատում, տարբեր  կառույցներ  են, ջրմուղը  չունի  քաղաքապետարանի  ենթակայություն. թեպետ ՝ 2 տիրոջ  ծառա է. մի  տերը  տարածքային  նախարարության  ջրային  ռեսուրսների  պետական  կոմիտեն  է, մյուս  տերը ՝գերմանացիները ՝ սեփականատիրոջ  իրավունքով:Ահա  այսպիսի  ,,համայնքային  կառավարում  է,,:, որի  պայմաններում  տուժում  է  պետական  ու  համայնքային  բյուջեն:Դրանից  էլ  մեծ  վնա՞ս  բյուջեին, երբ  նախ  ասֆալտում  են, հետո՝ քանդում, ջրատար  փոխում  ու  լավագույն  դեպքում  նորից  ասֆալտում: 3-րդ  տարբերակն  էլ  կա. ասֆալտը  քանդում  են,  հեռախոսի  կաբել  փոխում,  ու  այդպես  էլ  թողնում  կամ  ,,թումբուփոսախառն,, փակում:                                    ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ 

четверг, 13 июня 2013 г.

Գաղջ մթնոլորտի հետեւանքները




 Շուրջ  3  օր  ֆեյսբուքահամացանցային  ,,ծոմապահության,,  մեջ  էի, բայց  դե  ներքաղաքական  ,,գաղջ  մթնոլորտը,, կթողնի՞, որ  նորմալ  մտավորականը  մի  քիչ  ազատ  շունչ  քաշի  ու  կտրվի  վիրտուալ  աշխարհից, համացանց  չմտնի: Ֆեյսբուքահամացանցային  ,,ծոմապահությունս,,  հարկադրված  ընդհատեցի, երբ  հունիսի  12-ին  հեռուստատեսությունից  տեղեկացա, որ  ,,Շանթի,, մեկնաբան-հաղորդավար  Արմեն  Դուլյանին  են  ազատել  աշխատանքից ՝ ֆեյսբուքային  ինչ-ինչ  գրառումների  համար: Հիշեցնենք, որ  համանման  նախորդ  դեպքը  ,,Հայոց  աշխարհ,, հանրապետականամետ  թերթի  լրագրող  Կիմա  Եղիազարյանի  ազատումն  էր՝ ֆեյսբուքում  քաղաքական  որոշակի  դիրքորոշման  համար. ընդամենը ՝ ամիսներ  առաջ: Փաստորեն,  ժողովրդավարության  սահմաններն  էլ  ավելի  են  նեղացվում,  ու  դառնում  ենք  Թուքմենբաշու  երկրի  նման  մի  բան:Այս  երկրում  անգամ  հին  ընկերները  կարող  են  վախենալ  բարեւել  միմյանց, եթե  նրանցից  մեկն  ընդդիմադիր  հայացքներ  ունի: Սրա  ամենավառ  օրինակն  այն  է, որ  ֆեյսբուքային  ընկերներիցս  մեկը, ում  հետ  մանկության  ընկերներ  ենք  եղել, վերջերս  անսպասելիորեն...ջնջել  է  ինձ  իր  ֆեյսբուքային  ,,դրուզյաների,, ցուցակից: Դե, երեւի  նկատի  ունենալով, որ  իմ  որոշ  հոդվածների  մեջ  քննադատական  ուղղվածություն  կա  այն  բուհի  ղեկավարության  հասցեին, որտեղ  ինքը  դասավանդում  է, ուստի  որոշել  է  խուսափել  հնարավոր  անախորժություններից: Աստված  իր  հետ. առավել  եւս  այն  բանից  հետո,  որ  դրանից  առաջ  արդեն  սկսեց  չբարեւել: Սա ՝ ,,մեկ  առանձին  վերցրած  քաղաքի,,  ,,առաջադեմ,, մտավորականի  կեցվածքի  ,,լավագույն,, դրսեւորում  է: Համոզված  եմ, որ  եթե  ես  ամեն  օր  քննադատեի  հանրապետության  նախագահին, բայց  բուհի  հանդեպ  չեզոք  դիրք  գրավեի  ու  այնտեղի  գաղջ  մթնոլորտին  վերաբերվող  նյութեր  չհրապարակեի / միաժամանակ  ֆեյսբուքում ,,լայքեր,,տալով  նաեւ  այդ  բուհի  գաղջ  մթնոլորտին  վերաբերվող  այլոց  հրապարակումներին /, ապա  վերջինս  անփոփոխ  կմնար  իմ  հանդեպ,  բայց  ,,ինչպե՞ս  կարելի,,է  քննադատել  տեղական  իշխանություններին  կամ  նրանց  հովանավորյալ  բուհական  ղեկավարությանը...Սա ՝ իմիջայլոց: Ինչ  վերաբերվում  է  Դուլյանի ՝ աշխատանքից  ազատելուն, ապա  ինձ  թվում  է, ֆեյսբուքում  նրա  գրառումները  պարզապես  առիթ  են  եղել,  իսկ  ազատելու  որոշումն  ավելի  վաղ  էր  ծնվել: Դե  անզեն  աչքով  էլ  նկատելի  էր,  որ  Դուլյանն  արդեն  քիչ  էր  երեւում  էկրանին,  զրույցներում  չէինք  տեսնում,  եւ  ավելի  հաճախ  երեում  էին  նրանք,  ովքեր  երկրի  նախագահին  ուղեկցում  էին  արտասահմանյան  շրջագայությունների  ընթացքում: Դուլյանը  վերջերս  քիչ  էր  երեւում  ,,Հորիզոնում,, լրատվականում, եւ անգամ  Ա.Երկանյանի  հետ  մշտական  զրույցներում  չկար: Կարճ  ասած ՝ զգացվում  էր,  որ  նրա  նկատմամբ  սահմանափակումներ  են  սկսվել. միգուցե ՝ էկրանից  արտահայտած  որոշ  մտքերի  համար / օրինակ  այն  բանի  համար,  որ  հայտնեց, թե  իրեն  ,,Լասկովի  մայ,, խումբն  ավելի  է   դուր  գալիս,  քան՝ ,,Գայնամսթայլը,,... կամ,  միգուցե,  նրա  համար, որ,  ինչպես  ինքն  էր  պատմում  ,,Կենտրոնով,, ՝  կասկածի  տակ  էր  առնում,  որ  Հայաստանում  խոսքի  լիարժեք  ազատություն  կա.../: Հետաքրքիր  է,  կարելի՞  է  նույն  տրամաբանությամբ  աշխատանքից  ազատել  Հ1-ի  ,,Օտար, ամայի  ճամփեքի  վրա ,,հաղորդաշարի  հեղինակ  Ռաֆոյին, որ  արդեն  որերորդ  անգամ  շեղվում  է  պատմամշակութային  ուղղվածության  պետական  հաղորդման  ուղղվածությունից, ՝  ,,պեչենու  բաղերն,,  ընկնելով  ու  քաղաքական  ,,շահարկումների,, անցնելով  /վերջին  հաղորդման  ժամանակ, օրինակ, ֆեյսբուքում  ու  սոցիալական  այլ  ցանցերում  հանդես  եկողներին  ,,օբիժնիկներ,, անվանեց: Արդյո՞ք  սա  քէաղաքական  պատվեր  չէ ՝համացանցի  նկատմամբ  անվստահություն  տարածելու  առումով,  քանի  որ  մամուլում  ժողովրդավարության  պակասի  պատճառով  շատերն  են  ստիպված  հանդես  գալիս  համացանցում /: Ինքս  կողմնակից  չեմ  մամուլում  կամ  համացանցում  ազատ  խոսքը  չարաշահելուն  կամ  հայհոյախոսությանը, բայց, ի  վերջո, հո  բոլորը  չէ՞, որ  համացանցն  օգտագործում  են  հայհոյախոսության  կամ  զրպարտության  համար:  Միգուցե  նրանք  իսկապես  ինչ-որ  բանից  ,,օբիժնիկ,, են, բայց  հո  չի՞  կարելի  բոլորին  մի  արշինով  չափել ՝ առավել  եւս ՝պատմամշակութային  հաղորդման  հաշվին,  ու  ֆեյսբուքին  ու  համացանցին  ,,ջիհաթ,, հայտարարել: Թերթերի  մեծ  մասը  կախում  ունի  այս  կամ  այն  մեծահարուստից,  օլիգարխից, որոնցից  էլ  ,,սնվում,, է  իշխանական  բուրգը,  բայց  եթե  որեւէ  մեկն  ուզում  է  քննադատել  նրանցից  որեւէ  մեկին,  որտե՞ղ  հանդես  գա,  եթե  ոչ ՝ համացանցում: Վատն  այն  է,  որ  ֆեյսբուքում  կեղծանուններն  են  շատ,  ուստի  նրանք,  ու  դեմ  քննադատություն  կա որեւէ  կեղծանվամբ  օգտատիրոջ  կողմից, նման  հրապարակումները  ,,հերյուրանք,, են  համարում:Նույն  կերպ  անհամոզիչ  են  որակվում  համացանցային  սոցհարցումները, այն  պատճառաբանությամբ, որ  դրանց  քվեարկողների  մի  մասը  կեղծանվամբ  օգտատերեր  են, եւ  հնարավոր  է,  նույն  անձը  գրանցվի  ու  քվեարկի  մի  քանի  կեղծանվամբ: Հնարավոր  է, սակայն,  որ  ոմանք  կեղծանվամբ  են  հանդես  գալիս ՝ վախենալով  պետական  սեկտորում  աշխատանքը  կորցնելուց: Սա  եւս  վկայում  է  երկրում  ժողովրդավարության  պակասի  մասին:   ,,Կենտրոն,, հեռուստատեսությամբ  հարցազրույցի  ժամանակ  Դուլյանը  թվարկում  էր, թե  որ  ԶԼՄ-ներն  են  տուժել  խոսքի  ազատությունից. ,,Ա1պլյուս,,..,,Երկիր,,  Կիմա Եղիազարյան ՝ ,,Հայոց  աշխարհից,,... Կարծում  եմ,  սակայն , դեպքերը  մեկ-երկուսով  չեն  սահմանափակվում, իսկ  1998թվի  իշխանափոխությունից  հետո  խոսքի  ազատությունից  տուժած  մի  զոհ  էլ  Լիզա  Ճաղարյանն  էր, որ  Ազգային  Ժողովի  թերթի  գլխավոր  խմբագրի  պաշտոնից  ազատվեց  նրա  համար,  որ  տեղը-տեղին  ներկայացնում  էր  թերթում  պատգամավորների  տխրահռչակ  գործունեությունը, իրական  գործելակերպը, եւ  ԱԺ նախագահ  Խոսրով  Հարությունյանի  հրամանով  ազատվեց  պաշտոնից: Իսկ  այդ  ազատումը  մեծապես  նպաստեց  թերթի  բովանդակային  անկմանը:  Փաստորեն,  ,,դուզ  խոսող,,  մարդիկ  պետք  չեն  էս  երկրին, մտածողներ, ինտելեկտներ  պետք  չեն, այլ ՝ կամակատարներ: Ակամա  հիշում  եմ  վանաձորցի  մի  կնոջ ՝ բարձրագույն  կրթությամբ  գործազուրկ, որ  աշխատանքի  տոնավաճառում  ինձ  հետ  զրույցում  ասաց .,,Սրանց  խելացիներ  պետք  չեն: Ինձ  խորհուրդ  են  տվել, որ  աշխատանքի  ընդունվելիս  շատ  էլ  ցույց  չտամ, որ  խելացի եմ,,:  Եւ  մի  բան  էլ . ինձ  համար  մինչ  օրս  անհասկանալի է, թե  ինչու  տարիներ  առաջ  ,,Ազատություն,, ռադիոկայանի  աշխատանքից  դուրս  եկավ  Արմեն  Դուլյանը: Այդ  օրից  սկսեցի  կասկածել ,,Ազատություն,, ազատությանը:      ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 5 июня 2013 г.

Մեռածներին թոշակ են դուրս գրում, ողջերին ՝ ցուցակներից դուրս թողնում

Հունիսի 3-ին  Հանրային 1-ի  ,,Ինդեքսն,, ավետելով, որ հանրապետության փոստային բաժանմունքներում  սկսվել է թոշակների  բաշխումը, միաժամանկ ,,գուժեց,, որ  համակարգչային  խնդիրների  հետ  կապված ՝ թոշակառուների  մի  մասի  անունները  դուրս  են  մնացել  ցուցակներից. բայց ՝  մխիթարանքի  կարգով  հավաստիացրեց,  որ  դուրս  մնացածների  գումարներն  ամսվա  ընթացքում  կտրվեն: Հունիսի  4-ին  հայտնի  դարձավ,  որ  ցուցակներից  դուրս  մնացածների  թիվը  շուրջ  3000 է: Այ  սա  արդեն   ետընտրական  հետաքրքիր  անակնկալ  է ՝ գների  բարձրացման  ֆոնի  վրա: Թերեւս,  սա  բանկերում  գումարներ  պտտեցնելու  եւս  մի  ձեւ  է .առջեւում  ամառային  հանգստի  օրեր  են, եւ  ,,կարելի,, է  այդ  գումարներով  տարադրամ  հավաքել ՝ արտասահմանյան  հանգստյան  տներում  ծախսելու  համար, իսկ  ցուցակներից  դուրս  մնացածները  թող  մի  քիչ  էլ  սպասեն. հետո՞  ինչ,  թե  գներն  օր-օրի  թռչում  են: Ի  դեպ,  թոշակառուների  զայրույթն  է  հարուցել  այն, որ  հուլիսից  գազի  գնի  բարձրացում  է  նախատեսվում ՝ դրանից  բխող  նոր  թանկացումներով,  բայց  թոշակները  նախատեսվում  է  բարձրացնել  եկող  տարվանից:  Հարկ  է  նկատել, որ  Վանաձորում  պարբերաբար  ավելանում  են  մահացությունները  ոչ  միայն  թոշակառուների, այլեւ ՝ թոշակային  տարիքից  շատ  հեռու  մարդկանց  շրջանում /սրտանոթային  հիվանդությունների,  դժբախտ  պատահարների  արդյունքում / :  Իսկ  դա  նշանակում  է,  որ  թոշակային  տարիքի  խավը  քչանալու  է  պարբերաբար: Եւ  այս  պայմաններում  պարզապես  սադիզմ  է  կառավարության  կողմից ՝  ԽՍՀՄ խնայբանկի  ավանդների  վերադարձի  ձգձգումը:  Հավանաբար,  թոշակառուների  խավի  քչանալու  պատճառով  է,  որ  քաղաքային  իշխանությունների  նախաձեռնությամբ  ու  ,,վերեւների,, հասարակական  ,,դաբրոյով,,  որոշել  են  Վանաձորը  ,,երիտասարդական  քաղաք,,  անվանել: Դե  թոշակառուները  պակասում  են, միջին  տարիքի  մարդկանց  մի  մասը  թոշակի  տարիքի  չի  հասնում, մնում  են  երիտասարդները, բայց  նրանց  մի  մասն  էլ  նախընտրում  է  լքել  երկիրը: ,,Հենց  գործը  սովորում  են, գնում  են  արտասահման,,- թերթերից  մեկին  տված  հարցազրույցում  ասում  է  վանաձորցի  մի  քարագործ, պատմելով, որ  իր  աշակերտները  գործի  մեջ  վարպետանալուց  հետո  լքում  են  երկիրը: Եւ  ոչ  միայն  քարտաշներն  են  հեռանում  երկրից, այլեւ ՝ ,,քարուաշները,,/  սփյուռքահայ  ամերիկացու  լեզվով  ասած. այսինքն ՝ մեքենա  լվացողները /,  հացթուխներն  ու  առհասարակ  մարդիկ,որոնք  անկախ  իրենց  մասնագիտությունից,  պատրաստ  են  արտասահմանում  ամեն  ինչ  անել,  միայն  թե  ընտանիքը  պահեն:            ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ