пятница, 22 декабря 2017 г.

Բաց նամակ՝ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Պարոն նախագահ, 2016թ․նոյեմբերին տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն՝կառավարական մակարդակով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ձեռամբ վավերացված․այն է՝ուժի մեջ է մտել ու սկսել 2017թ․հունվարից կիրարկվել ՀՀ ջրային տնտեսությունը սեփականաշնորհած/որի ամբողջությունը կատարյալ դարձավ 2016թ․տարեվերջին՝,,Վեոլիա,, ընկերության կողմից/ ընկերության նոր գենպլանը, որ հավասարազոր է սոցիալապես անապահով խավի սոցիալական գենոցիդի, քանի որ դրա լիարժեք իրականացման դեպքում բնակչության խոցելի խավերը կարող են ունեզրկվել ու անօթեւան դառնալ,իսկ այդ խավը նրանք են ,ովքեր ջրաչափ չեն տեղադրել կամ՝միջոցներ չունենալու, կամ՝տարիներ առաջ/1999-2003թթ․/ ընդունված չափանիշներով ջրաչափը որպես ընտրակաշառք վերցնելու ներքին, ստվերային քաղաքականությանը ընդառաջ չեն գնացել, կամ՝վերջիններիս բնակարանային անբարեհույս պայմանների դեպքում ջրաչափ տեղադրելը ֆինանսական լրացուցիչ մեծ ծախսեր ու սանհանգույցի ռեկոնստրուկցիա է պահանջում։

Եվ ահա,ըստ ,,Վեոլիայի,, որոշած ու ՀԾԿՀ-ի հաստատած նոր որոշման, անջրաչափ բաժանորդների համար/որոնց թվում՝աղետի գոտու վթարային շենքերում բնակվող/այս տարվա հունվարից որպես կայուն վարձ է սահմանվել 5400դրամը՝անկախ ընտանիքի անդամների քանակից․այսինքն՝մեկ անդամից բաղկացած ընտանիքն էլ է 5400դրամ վճարելու, 5 անդամից բաղկացածընտանիքն էլ, ինչը, բնականաբար, խտրականություն կարելի է համարել։Իսկ մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնվելը անջրաչափ բաժանորդների համար վարձ էր սահմանված 1100դրամը՝մեկ անձի համար,որ արդեն իսկ մեծ գումար է, եթե հաշվի առնենք, որ ջրաչափ տեղադրողներն ավելի քիչ են մուծումներ կատարում։Ընդ որում, ոչ միայն 5400դրամ վարձը, այլեւ՝մինչեւ ,,Վեոլիան,, եղած 1100դրամ վարձը երբեւէ չեն ամրագրվել ջրմուղի պայմանագրերում՝սկսած 2010թվից/որի իրեղեն ապացույց գրավոր վկայություններն առկա են/,այլ՝կիրառվել են միայն բաժանորդների անդորագրերում, այն էլ՝որպես ջրի ծախս․մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնվել՝12խորանարդ մետր, ,,Վեոլիայի,, հայտնվելուց հետո․․․30խորանարդ մետր հաշվարկով,հարց է ծագում․եթե ջրի խողովակներն ամբողջ հանրապետությունում, առավել եւս՝վթարային շենքերում նույնն են, իսկ ջրի արագությունն էլ, ըստ մարդկանց մշտական դժգոհությունների, որ առկա են հեռուստատեսությամբ, մշտապես պակասում է, ի՞նչ տրամաբանությամբ է երկուսուկես անգամ մեծացել ջրի մոտավոր ծախսը, ու որպես կայուն վարձ՝որոշվել 30խորանարդ մետրով հաշվարկը, որն էլ սահմանվել է 5400դրամ։Հատկանշական է նաեւ, որ ջրմուղի պայմանագրերը միանման են տարիներ շարունակ․այսինքն՝անջրաչափ բաժանորդին էլ, ջրաչափ ունեցողին  էլ նույն պայմանագիրն է ներկայացվում։Զարմանալի է, թե ինչպե՞ս է կառավարությունը տարիներ առաջ հաստատել նման փնթի կազմած պայմանագրերի ձեւը։

Արդեն 1 տարի է,ահազանգում եմ համապատասխան կառույցներին/օմբուդսմեն, վարչապետ, տարածքային նախարարություն, իրավապաշտպան կառույցներ/, բայց մինչ օրս հարցը մնացել է օդում կախված, քանի որ ոչ ոք չի ուզում կանխել ,,Վեոլիայի,, կողմից ակնհայտ թալանը՝ՀՀ քաղաքացու նկատմամբ եւ պարտադրել ՀԾԿՀ-ին՝վերանայել այդ հակամարդկային, հակասահմանադրական որոշումը, ո/որ անգամ հանրային քննարկման, ԱԺ լսումների չի ենթարկվել , հեռուստատեսությամբ անգամ չի հայտարարվել ոչ նախապես, ոչ՝ուժի մեջ մտնելուց հետո/,ու չեղարկել այն՝ուժի մեջ թողնելով նախկին՝1100դրամ սակագինը։Ավելին, այս ընթացքում ,,Վեոլիան անջրաչափ բաժանորդների հաշվեհամրներին ամեն ամիս 5400դրամով վարձ է ամրագրում, այդ վարձով հաշվարկած պարտք գոյացնում ու դրանց բռնագանձման հայցեր ներկայացնում դատարան․կոնկրետ մեր սակավաթիվ անդամ ունեցող ընտանիքի վրա ,,սարքած,, պարտքի գումարը դեկտեմբերի դրությամբ հասցվել էր 46հազար դրամի, որից 32200-ը որպես հունվար-օգոստոս ամիսների ,,պարտք,,՝1500դրամ պետտուրքն էլ հետը,,՝Վեոլիան,, որպես ,,բռնագանձման ենթակա գումար,, ներկայացրել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝առանց այդ մասին նախապես գրավոր զգուշացնելու, ինչը սպառող-մատակարար պայմանագրի կետի խախտում է։Փաստորեն, բաժանորդը մուծում է իր հին՝մինչ ,,Վեոլիան,, եղած պայմանագրի շրջանակներում պայմանավորված ու հաշվեհամարներին մինչ ,,Վեոլիան,, ամրագրված վարձաչափի շրջանակներում/12խ/, իսկ ,,Վեոլիան  հաշվարկում է իր կողմից ,,ինկոգնիտո,, պայմաններում որոշած ու հաստատած 5400դրամով/որպես 30խ/մ առասպելական չափանիշով վարձ/։Դժվար չէ պատկերացնել, թե այդ հաշվարկով բռնագանձումներ կատարելու դեպքում ինչ ողբերգական վիճակում են հայտնվելու անջրաչափ բաժանորդները/որոնց թվում՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչ սոցիալապես խոցելի խավեր/, որոնք այս օրերին, Նոր տարվա շեմին փոխանակ պատրաստվեն հնարավորության սահմաններում Նոր Տարին դիմավորելուն, ջրմուղի եւ դատարանի դռներն են չափչփում կամ փորձում նամակների միջոցով արդարության հասնել։Նման հաշվարկով սակագին՝անգամ աշխատանքով ապահովվածները չեն կարող վճարել, ուր մնաց՝աշխատանք չունեցողները կամ թոշակառուները,որոնք գոյատեւելու եւ օրեցօր աճող կոմունալ վարձերի բեռից դուրս գալու նպատակով ստիպված են իրենց ունեցած -չունեցածը վաճառքի հանել։

Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝խնդրի կարգավորման եւ ՀԾԿՀ-ի որոշումը վերանայելու հարցում, որպեսզի չեղարկվի ,,Վեոլիայի,, սահմանած նոր սակագինը՝անջրաչափ բաժանորդների նկատմամբ,եւ պարտադրել ,,Վեոլիային՝,, ետ վերցնել դատարանից իր հայցադիմումները․առավել եւս այն դեպքում, երբ մարդը տարիներ շարչունակ բարեխիղճ մուծումներ է կատարել՝մինչեւ 2017թիվը, բայց ,,Վեոլիայի,,նոր որոշումից ու նոր վարձաչափի սահմանումից հետո հետո հայտնվել է ,,անբարեխիղճ բաժանորդի,, տհաճ կարգավիճակում, քանի որ ոչ մի շարքային քաղաքացի ի վիճակի չէ այդ սակագնով ու հաշվարկով մուծումներ կատարել՝առանց սոցիալական լուրջ ցնցումների ու նյութական մեծ կորուստների՝ներառյալ բնակարանից զրկվելը։Հարկ եմ համարում նաեւ տեղեկացնել, որ բնակչության շրջանում կան դժգոհություններ, թե ինչո՞ւ ,,Վեոլիան,, ավտոլվացման կետերին չի պարտադրում ջրաչափ տեղադրել/որոնք, բնականաբար,մեծ քանակի ջուր են սպառում, որ կարող է շատ ավելի լինել, քան՝ամսական 5400դրամը/,այլ՝ ձեռնամուխ է եղել խոցելի խավերի կեղեքմանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

22․12․2017թ․

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն