вторник, 24 февраля 2015 г.

Շառլատանություն, խաբեություն եւ անձնական տվյալների օգտագործում ու յուրացում համացանցում

2011թվին բլոգ բացեցի Նեթլոգ ցանցում:Այնտեղ մի քանի հոդվածներ զետեղեցի ընդամենը, քանի որ ավելի շատ ու հիմնականում սույն բլոգում՝ AZAT ANKAKH եւ ֆեյսբուք ցանցում էի զետեղում / Կարճ ասած՝ Նեթլոգն ինձ համար ,,պահեստային,, հարթակ էր, մանավանդ, որ այնտեղ զետեղված հոդվածներն էլ հայտնվում էին ,,Գուգլ,, ցանցի,, տվյալների բազայում, ու Նեթլոգում  խիստ անհրաժեշտության դեպքում էի հոդված գրում. մեկ՝ երբ հիմնական բլոգս արգելափակվեց ու այդ մասին ահազանգեցի, մեկ էլ՝երբ ֆեյսբուքում նախատեսված տեղեկատվությունս անընդհատ անհետանում էր էջից/:

Արդեն մի քանի ամիս է՝Նեթլոգն իր օգտատերերին առաջարկում է գրանցվել twoo.com կայքում, որի հետ միավորվել է. այլ կերպ՝ 2 ցանցեր միավորել են իրենց կարողությունները, բայց՝ի օգուտ twoo.com-ի, քանի որ Նեթլոգը, կարելի է ասել գոյություն չունի ՝ որպես այդպիսին, եւ, բնականաբար, նրա համակարգում մինչ օպտիմալացումը գործող բլոգային համակարգն էլ է վերացել, եւ դրա փոխարեն օգտատերերին առաջարկվում է ընդամենը՝ծանոթությունների կայք, որ կարող է շատերին կամ քչերին ձեռնտու չլինել:Ու վատն այն է նաեւ, որ առանց օգտատերերի ցանկությունը հաշվի առնելու՝նրանց տվյալները միանգամից հայտնվեցին Նեթլոգի հետ միասին ,,փայատեր,, twoo.com-ում, իսկ Նեթլոգից էլ օգտատերերը ծանուցում ստացան, թե ձեր ,,աքքաունթները,, նորացրեք ու մտեք twoo.com:Այ քեզ պարտադրանք, մարդը գրանցվել է նեթլոգում, իր տվյալները Նեթլոգի հարթակին է տրամադրել, բայց դրանք օգտագործվում են մեկ այլ կայքում, որի ծառայություններից նա չի ուզում օգտվել:Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ համացանցային թրաֆիքինգ:Մի քանի օր ուսումնասիրություն կատարելուց, եւ զարմանքով պարզելուց հետո, որ իմ անձնական տվյալները ՝ Նեթլոգից, հայտնվել են twoo.com կայքում, ստիպված եղա ,,իրերս,,/լուսանկար, անձնական տվյալներ / հավաքել Նեթլոգից. այլ կերպ՝ջնջել / ափսոս, որ մի քանի հոդվածներ այդ ամենի արդյունքում վերացան /:Հասցրի նաեւ twoo. com-ում գրել, որ ուրիշի տվյալները յուրացնելու եւ դրանով կեղծ հայտարարություններ տալու համար քրեական պատասխանատվություն է հասնում:Ի դեպ, դեռեւս ավելի վաղ համոզվեցի, որ Նեթլոգում բուռն ծաղկում է ապրում հաքերության միջոցով կեղծարարությունը, ով՝ ում անունից ասես հայտարարություն կարող է զետեղել ու թյուրիմացությունների ու անախորժությունների տեղիք տալ: Հայաստանյան պաշտոնատարների, ճանաչված դեմքերի նկարով էջեր էին բացում ՝ արտասահմանցու անուն-ազգանունով ու սկսում սրան-նրան ,,դրուզյա,, մտնելու հրավերներ ուղարկել:Մի օր զարմանքով նկատեցի, որ իմ անունից,հավանաբար, ,,դրուզյա,,մտնելու հրավեր է ուղարկվել եւ հայտս ,,հաստատվել,, է, երբ որ ես հրավեր չէի ուղարկել :Օրերս միայն կարողացա բացահայտել, թե ի՞նչ մեխանիզմով է իմ տվյալների բազայից կեղծ հայտարարություն արվել. նեթլոգային անփութության:Նույն կերպ՝mail.ru ցանցում կանխեցի մի ապօրինի ,,ներխուժում,, ՝ որպես ,,համախոհ,,. ես հայտ չեմ ստացել, բայց ինձ ինչ-որ մեկը ,,դրուզյա,, է մտել: Այս եւ այլ կարգի ապօրինություններ եւ այդ առթիվ դժգոհություններ լինում են նաեւ Ֆեյսբուք ցանցում. պարբերաբար օգտատերերն զգուշացնում են, որ իրենց անունից նամակներ են ուղարկվում ՝անբարո նկարներով, եւ զգուշացնում են, որ իրենք դրա հետ կապ չունեն: Ինչի՞ց է բխում այս ամենը. համացանցի ամենաթողությունի՞ց, թե՞ անպաշտպանվածությունից:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 23 февраля 2015 г.

Ազգը մազոխիստ է դարձել, մազոխի՜ստ...

,,Հարսնացուն հյուսիսից,, ֆիլմի հերոսուհի Արուսյակ  Վարդանյանի՝ ներկա քաղաքական իրադարձությունների ֆոնին սազեկան տողերը ՝,,Մուրադ, Սերոբ, էս ի՞նչ ա կատարվում,,  կարող ենք շարունակել այսպես...Էն Ծառուկյանը զայրացած-սեւակնած է՝ձայնը չի լսվում, ու միայն նրա անունից ինչ-որ հայտարարությունների տեքստեր են ներկայացվում, ԲՀԿ ակտիվն էլ ՝, ինչպես դիպուկ նկատել էր ֆեյսբուքային օգտատերերից մեկը՝ ,,խոր ընկճախտի,, մեջ է, իսկ ոմանց ՝ նեյնիմային հարցազրույցներից վիճակ չի փոխվում...Բայց՝ տվյալ դեպքում դա չէ էականը, այլ՝որ ժողովրդին փետրվարի 20-ին շատ մեծ բարոյական ապտակ հասցվեց, երբ  ոչ անհայտ մի օլիգարխ, թերեւս, ժողովրդին Րաֆֆու հանրահավաքից ետ պահելու եւ իշխանություններին ,,արջի ծառայություն,, մատուցելու նպատակով ,,աննախադեպ զեղչեր,, էր հայտարարել ,,Սիթիում,,  բայց հետո պարզվել էր, որ այդ ամենը գրեթե խաբկանք է, քանի որ հեռուստատեսությամբ մեկը դժգոհում էր, որ զեղչ հայտարարած բաժիններից մեկը փակ էր եղել:Իսկ այդ ընթացքում ,,ինչեր ասես որ չարեցին ամբոխները հուսավառված,,. իրար մի լավ ոտնատակ տվեցին: Մարդկանց պարզամտության վրա պարզապես ծիծաղել էին: Այդ օրը ողջ աշխարհը հեռուստատեսությամբ տեսավ, թե Հայաստանն ինչպես է առաջադիմությամբ հասել ու անցել Ամերիկային /որտեղ Նոր տարվա նախօրյակին նախատոնական զեղչեր էին, եւ մարդիկ իրար ոտնատակ էին տալիս՝ էժանացված ապրանքի համար /:Բայց քանի որ Հայաստանում ֆիզիկական վնասվածքներ ստացողներ ու հիվանդանոց տեղափոխվողներ էին եղել, ուրեմն հայաստանյան ,,առաջընթացն,, ակնհայտ է: Փաստորեն, հնարավոր արյունահեղությունը, որից խուսափելու պատճառաբանությամբ ԲՀԿ-ն հրաժարվեց փետրվարի 20-ին հանրահավաք անելու մտադրությունից ու խուսափեց Երեւանի քաղաքապետարանի հետ ,,քյալլա տալ,, ՝արտոնություն կորզելու նպատակով, տեղափոխվեց սուպերմարկետ: Եթե հանրահավաքի արդյունքում տուժածներ լինեին՝ ապա հաստատ մեղավոր կհամարվեին հանրահավաքի կազմակերպիչները, իսկ այս դեպքում ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:Այս երեւույթը նաեւ հերթական անգամ , ցավոք, ջրի երես հանեց ազգի ներսում բուն դրած ընչաքաղցությունը, որին  ,,համարժեք,, պատասխան ստացվեց:Մարդիկ դարձել են մազոխիստ, կամ ՝ կարոտել են սովետական տարիների հերթերը: Ահավասիկ, հեռուն չգնանք՝,,մազոխիստներ,, փնտրելով: Վանաձորում հացի փռերի ու խանութների պակաս չկա, ավելացրած՝ անհատական վաճառակետերը:Բայց՝ մարդկանց մի ստվար զանգված արդեն 2-րդ տարին է, Նոր տարվա նախօրեին գնում լավաշի ու մատնաքաշի հերթ է կանգնում ,,Լաչինի միջանցք,, կոչվող բացօթյա առեւտրի վայրում գտնվող հացաթխման ու վաճառքի կետում:2-3 մետր հեռավորության վրա եւ այլուր գտնվող առեւտրի կետերում նույն գնով ,,էստի համեցեք,, են անում աթոռներին պինդ տեղավորված ջահելները, իսկ ահելները, խնդրեմ, նախընտրում են ոտքի վրա հերթ կանգնել /  Բա ո՞նց, բա հետո տրտնջալու թեմա չունենա՞ն, թե էս ի՞նչ երկիր է, առավոտից 2 ժամ հերթ եմ կանգնել,,ու տնեցիների հետ միգուցե նյարդայնացած կռիվ էլ անեն /: Կամ՝ ազգային ,,մազոխիստության,, մեկ այլ դրսեւորում:Ինչն է շատ՝երթուղայինը, բայց ոմանք, լավ տեսնելով էլ, որ երթուղայինում տեղ չկա, միեւնույն է, խցկվում են, քանի որ վարորդն աներեսաբար կանգնում ու սպասում է ուղեւորների հերթական ,,խմբաքանակին,,  ,  ուղեվորն էլ առիթից օգտվելով՝ խցկվում է ու կիսակքած կամ այլեւայլ անհարմար պոզաներով ճանապարհ ընկնում ՝ինչ-որ մեկի վրա կռացած:Իսկ երթուղայինի վարորդները, որպես կանոն, հազվադեպ են պատժվում ՝ գերբեռնված ճանապարհ ընկնելու եւ ուղեւորների կյանքը վտանգելու համար, քանի որ ավտոտեսուչներն ըմբռնումով են վերաբերվում հրել-հրմշտվելու նկատմամբ ազգային ,,առանձնահատկությանը,,:Ակամա հիշում եմ ,,Վիտամին,, ակումբի մի երգիծական հումոր, որի ժամանակ ,,հնդիկ ուսանողը,, երգում է՝ ,,Ես բժշկականում սովորել եմ մարշրուտկայում մի թշի վրա նստե՜լ...,,:Եվ, ինչպես երթուղայինում են ոմանք սիրում կռացած գնալ, այդ նույն կերպ՝ կյանքում են ոմանք կռանում, քծնում ու առաջ գնում:Դրա համար էլ ազգը չի կարողանում մեջքը շտկել, անընդհատ կռացած է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ