воскресенье, 18 сентября 2011 г.

“Ինչ լավ է, չէ, օր անկախ երկրի մեջը կապրինք”

1999թ.Վանաձոր, ,,Արցախ,, պուրակ,ՍԻՄ եւ Ազգային միաբանության հանրահավաքը խորհրդարանական ընտրությունների առթիվ, լուսանկարում՝ձախից  արձակագիր-հրապարակախոս, ԱԻՄ-ական Ռոզա Ալավերդյանը /2001թ.մահկանացուն կնքած /, կողքին՝ Գայանե Հովսեփյան եւ այլք




Երկար ժամանակ “գցում-բռնում” էի, թե այս հոդվածի վերնագիրն ինչ դնեմ, մինչև միտքս եկավ “Մեր բակը-1” ֆիլմի Մկոյի հայտնի արտահայտությունը. “Սոնա, ինչ լավ է, չէ, օր անկախ երկրի մեջը կապրինք”: Սա` նախաբանի ու կատակի կարգով: Իսկ հիմա` “լրջով”: Եթե այսօր լուրջ հարցումներ արվեն, թե օգոստոսի 23-ը` անկախության հռչակագրի ընդունման և սեպտեմբերի 21-ը` անկախության հանրաքվեի օրերն ինչ խորհուրդ ունեն, հազիվ թե իմանան նրանք, ովքեր անկախության արդյունքում Քաջ Նազարի բախտով հարստության ու փառքի տեր են դարձել` թալանելով ու հարստահարելով: Նրանք չեն առաջնորդվում անգամ` “նպատակն է արդարացնում միջոցները” սկզբունքով, քանի որ գաղափարների մասին մտածելու ժամանակ չունեն` հարստություն դիզելու մարմաջով տարված: Բայց այդ օրերը հիշում են նրանք, ում անկախությունից հետո մնացել են գաղափարները: Այնուամենայնիվ, անկախության արդյունքում ձեռքբերումներ եղել են. անկախ պետականության հռչակում, Արցախի հանրապետության ստեղծում, բնակարանների սեփականաշնորհման օրենքի ընդունում, ազգային դրամի հաղթարշավ (ինչ խոսք` համեմատած 1993թ. դրամական ռեֆորմի հետ, երբ մեծ արագությամբ արժեզրկվող ռուսական 50.000 ռուբլու դիմաց մարդկանց 250 դրամ գումար տվեցին. 5 հավկիթի փող): Շատերը, բնականաբար, այդքան գումար չունեին փոխանակելու, ուստի խմբերով էին փոխանակումներ կատարում. այնպես, ինչպես հիմա միացյալ ուժերով վարկ են վերցնում: Այդ գումարներն անգամ ավանդ դառնալու բախտին չարժանացան, որպեսզի տարիներ հետո փոխհատուցվեին, պարզապես փոշիացան: Ոմանք միայն հասցրին հապճեպ գնումներ կատարել` ձեռքն ընկած պիտանի ու ոչ պիտանի ապրանքներ գնելով: Անցել են 90-ականների այն օրերը, երբ հացը քարտով էր, մանկավարժներին, բուհերի աշխատողներին օգնության կարագ ու ձեթ էին բաժանում կամ բնակչությանը` նավթի (առանձին խավերի նաև` լույսի) կտրոն: Մանկավարժների աշխատավարձերն այնքան չնչին էին, որ դպրոցները համատարած դատարկվում էին մասնագետներից (պատճառը, թերևս, բյուջեի աղքատիկ լինելն էր, տնտեսություն չկար, ավելի շատ ներմուծվում էր, քան` արտադրվում): Ցածր էր նաև բարձրաստիճան պաշտորնյաների աշխատավարձը. համենայն դեպս` շարքային քաղաքացիների աշխատավարձի համեմատությամբ տարբերությունն ահռելի չէր: Մանկավարժներից շատերը գործին զուգահեռ առևտրով էին զբաղվում: Ոմանք այդ նպատակով մեկնում էին Թուրքիա: Դպրոցներում հայտնվեցին ոչ մասնագետ կադրեր, որոնք օրվա հացի խնդիր ունեին: Այսօր մանկավարժների աշխատավարձը մինչև 100.000-ի է հասնում, բայց աշխատանքի ընդունվելիս կուսակցական պատկանելությունը, հովանավորչությունը, կաշառքը դեր են խաղում: Տեղեկություններ կան, որ մանկավարժ աշխատանքի ընդունվելը 2000-3000 դոլար է: Կամ ինչու միայն մանկավարժի աշխատանքը. ցանկացած “պրեստիժնի” աշխատանք կամ պաշտոն պետական ոլորտում իր գինն ունի: Չնայած անցել են մթի տարիները, բայց արտագաղթը շարունակվում է, ինչի վկայությունը ավիագործակալությունների թվի ավելացումն է ու վիճակագրական տվյալները: Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել երկրից մեկնել ցանկացողների մասին վկայող զրույցների: Եթե մարդը բավարար եկամուտ չունի, ինչպե՞ս կարող է թանկացած գազով տաքանալ ու մխիթարվել, որ մթի տարներն անցել են: Չնայած կառավարությունն արտոնություններ է սահմանել “անապահով խավ” կոչումը “նվաճածների” հանդեպ (գազի թանկացումը մեղմելու նպատակով), բայց մարդիկ կան, որոնց բնակարանները գազիֆիկացված չեն, քանի որ ժողովրդի համար նաև մի լրացուցիչ ծանրություն էր խողովակների տեղադրման համար պահանջվող գումարները. մի անհեթեթ գործընթաց ըստ որի հին խողովակները հանում էին, նորերը տեղադրում` վթարային շենքերն էլ ավելի խոցելի դարձնելով և դեռ պատկառելի գումար պահանջում խողովակների տեղադրման համար: Մի քանի անգամ ավելացան ջրի, հեռախոսի, կոմունալ ծառայությունների վարձերը: Եթե մինչև 2007թ. այդ մասին հատուկենտ պատգամավորներ բարձրաձայնում էին խորհրդարանական ամբիոնից, ապա 2007թ. ընտրված խորհրդարանում այդ ուղղությամբ քար-լռություն է տիրում: 2003թ. սկսած դոլարը սկսեց պարբերաբար արժեզրկվել, էլ ավելի վատացնելով “դրսից” տարադրամ ստացողների վիճակը և նպաստել արտագաղթի տեմպերի աճին (չնայած սակավաթիվ ներգաղթողներ կան` շնորհիվ վերջերս ընդունված երկքաղաքացիության օրենքի): Անկախությունը լիարժեք չի կարող լինել, քանի դեռ հասարակությունը ընդգծված երկբևեռված է, անարժանները պաշտոններ են ստանում ու ապրում ըստ պահանջմունքի, արժանավորները` գոյատևում, ինչի մասին դեռևս միջնադարի բանաստեղծ Ֆրիկն էր արձանագրել “Գանգատ” բանաստեղծության մեջ “Մեկին հարամն հաջողի, մյուսին հալալն կորուսի”, “Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ` մաքի”: Անկախությունը լիարժեք չի կարող լինել, քանի դեռ պաշտոն նշանակելիս հաշվի են առնվում ոչ թե գիտելիքները կամ անցած ուղին, այլ` կուսակցական կամ կլանային պատկանելությունը: Ընդ որում` անուղակիորեն վաճառվում են ոչ միայն պաշտոնները, այլև երբեմն` գիտական կոչումները, հումանիզմ խորհրդանշող պարգևներն ու մեդալները: Անկախությունը լիարժեք չի կարող լինել, քանի դեռ երկրի կապը, երկաթուղին, ջուրը տնօրինում են օտարերկրացիները և իրենց կամքն են թելադրում` սակագներ սահմանելով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վավերացնում է դրանք: Այս օրերին բարձրաստիճան պաշտոնյաների ողջ աստղաբույլը երջանկությունից շողշողալով անկախություն է գովերգում, թերևս ամենևին չմտահոգվելով, որ ժողովրդի մի հատվածի մոտ անկախության գաղափարը նույնացվում է իրենց դժբախտությունների սկզբի հետ, որի մեղավորը հենց այդ պաշտոնյաներն են:

Գայանե Հովսեփյան,Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն