вторник, 24 января 2012 г.

Ինչպես էր կազմավորվում Ազգային բանակը

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ

 Հայոց բանակի ստեղծման նախապատմությանը, կամավորական խմբերի մղած պաշտպանական մարտերին է նվիրված վանաձորցի հանգուցյալ արձակագիր, ԱԻՄ-ՀՀՇ-ական Լևոն Գրիգորյանի ,,Կարճ վերմակի տակ,, ինքնակենսագրական, պատմական վեպը` 1993թ. տպագրված: Այստեղ գրեթե բոլոր հերոսների անունները փոփոխված են, բացի` ազգային հերոսների (որոնց թվում Մովսես Գորգիսյանի): Գրքի հերոսները հիմնականում Վանաձորի ,,Նժդեհ-ԱԻՄ,, անդամներ են: Խմբագրականում գրված է, որ պատմավեպը նվիրված է ազգային-ազատագրական պայքարի հաղթանակի նախաշեմին զոհված ազատամարտիկ, վանաձորցի Սոս Նալղռանյանի հիշատակին: Գրքից նաև պարզ է դառնում, որ Կրեմլը Գորբաչովի հռչակած ,,պերեստրոյկայի,, ձեռքից կրակն էր ընկել, և նույնիսկ անեկդոտ էին հորինել, թե ,,հայերը պերեստրոյկան լրջությամբ են ընդունել,,: ,,Անհրաժեշտ էր խտացնել թշնամի հարևանի կերպարի ահավորությունը հայի մեջ, որ հայն ընդմիշտ հիշի. հարավից Թուրքիան է, արևելքից` Թուրքիայի գործընկեր Ադրբեջանը, արևմուտքից` անորոշ բարեկամ Վրաստանը, որի հետ նույպես տարածքային հարցեր ունեն: Մնում է ապավինել խորհրդային իշխանության ընձեռած երաշխիքին` մնա իմ թևի տակ, վատ-լավ` էլի գերադասելի է ֆիզիկական բնաջնջումից,,,- մեղադրում է հեղինակը Կրեմլին և փառք է տալիս աստծուն, որ ,,Ռուսիան լիովին կուլ չի տվել հայ մտավորականին, նա գործում է Մոսկվայի քթի տակ, թեև` խիստ զգույշ,,: Իսկ ինչպե՞ս էր կազմավորվում հայկական բանակը. ,,Միաբանության կոչն էր թևածում գրեթե բոլոր հոսանքների մեջ: Ազգային բանակ էր կազմավորվում` հայ ստեղծագործ մտքի ու ձեռքի հնարքներով, կիսատ-պռատ հրացանների ձևափոխմամբ, հաճախ ինքնապաշտպանական բնազդից մղված այստեղից-այնտեղից բռնագրավված, թշնամուց խլված զենքերով,,: Գրքի հերոսը խորհուրդ է տալիս պաշտպանական-կամավորական խմբերը միավորել մեկ կազմակերպության ներքո, Խորհրդային Միության կազմից դուրս, որպեսզի ,,սովետների պաշտպանության անվան տակ լայնածավալ գործողություններ չիրականացվեն,, Կրեմլը չփորձի խեղդել ազգային-ազատագրական պայքարը: Կրեմլի դեմ նաև մեղադրանք կա` ազգամիջյան կռիվներ հրահրելու համար. ,,Ադրբեջանցի, խաբեց քեզ բոլշևիկյան Կրեմլը: Ջարդարար ձեռքդ նա չէր բռնի նույնիսկ հարյուր հազարավոր ռուսներին արտաքսելու համար, եթե ինքդ ի վերջո չկանգնեիր քո անկախության դիրքերում: Գտնվեցին քեզանում մարդիկ, որ գիտակցում են ստրուկ լինելու փաստը, որ համոզված են հայ ժողովրդի անմահության հարցում, ու կոչ արեցին` խելքի գալ,,: Հեղինակը բացատրում է, որ միայն ,,պերեստրոյկայի,, ծրագրի շրջանակներում անհնար էր ազգային ինքնորոշման հարցեր լուծել, և որ ,,աշխարհին ի տես,, պետք է նշել, որ ,,հայ ազգը մտնում է ինքնորոշման ուղի և այնտեղից նահանջելու միտք չունի,,:

  Հայկական բանակի ձևավորման նախապատմությանն անդրադարձել է նաև ՊԱԿ-ի նախկին աշխատակցուհի Իզաբելլա Հասրաթյանը` 2011թ. հեղինակած «Ո՞վ է մեղավոր» ինքնակենսագրական վեպում. «Ղարաբաղյան կռիվներում մենք շատ անմեղ զոհեր տվեցինք:  Մեր զորակոչիկները հիմնականում 10-րդ դասարանը նոր ավարտած պատանիներն էին, որոնցից շատերը նույնիսկ զենքից օգտվել չգիտեին: Ճիշտ է, ստեղծվեցին շատ կամավորական ջոկատներ, կային նաև զինվորական գործն իմացող շատ ֆիդայիներ, ինչպես նաև` պատերազմի բովով անցած բանիմաց վետերաններ, վերջապես նախկին խորհրդային բանակում ծառայած սպաներ, որ մեծ գործ արեցին այդ կռվում: Ստեղծվում էր ազգային բանակը: Բանակ, որ պատերազմի սկզբում ուներ միայն 9 տանկ, իսկ 10 տարի հետո արդեն հզոր բանակ էր, որի ստեղծման գործում շատ մեծ է Վազգեն Սարգսյանի լուման: Նրան, իհարկե, շատ օգնեցին գեներալներ Լեբեդն ու Գրաչովը»: Բանակի կայացման գործում հեղինակը մատնանշում է նաև ավելի վաղ ձևավորված ազգային միությունները. «Աշխարհով մեկ ստեղծվեցվին հայկական զինված տարբեր միություններ, որոնք սկսեցին վրեժ լուծել թուրք քաղաքական գործիչներից, դեսպաններից: Դրանցից էին ԱՍԱԼԱ-ն, Հայ դատը և այլ միություններ, որ ժամանակին համարվում էին տեռորիստական, հակախորհրդային միություններ, խմբավորումներ: Սակայն հետագայում նրանք շատ օգնեցին մեր նորաստեղծ բանակին: ԱՍԱԼԱ-ից էր նաև Մոնթեն, որն իր ընկերների հետ եկել, կռվում էր Ղարաբաղում և այնտեղ էլ զոհվեց»:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն