вторник, 8 октября 2013 г.

Թանկացած գազից կհրաժարվեք ՝ հոսանքը կանջատեն. վաղահաս ձմռան շեմին

     ,,Մթի  ու  ցրտի,, տարիները ՝1990-96թվականները, երբ մեկ-երկու  կամ մի  քանի ժամով էին հոսանք տալիս, վաղուց անցյալում են, բայց, 2000թվից սկսած` շարունակական  գործողության  մեջ  են  ,,պլանային  ու  նորոգման,, անվան  տակ  արվող  5-7ժամյա  անջատումները, եւ  ամեն  օր,  գիշերային  լուրերի  վերջում  Հ2-ը  մի  ,,լավաշ,,  ցուցակ  է  ներկայացնում, թե  ՀՀ  որ  քաղաքի  կամ  գյուղի  որ  թաղամասն  է  հաջորդ  օրը  հոսանքազրկվելու ՝ 5-7 ժամով:  Զուգահեռ  էլ  ոչ  պլանային  անջատումներ  են  արվում. տվյալ  դեպքում ՝ Վանաձորում, ու  այդ  անկապ  անջատումները, երբ  անսպասելի  հոսանքազրկում  է  լինում, չի  կարող  իր  բացասական  հետեւանքները  չունենալ  մարդկանց  կենցաղի, աշխատանքի  կազմակերպման  վրա, հաճախ  էլ  նպաստում  է  էլեկտրական  իրերի  փչանալուն, իսկ  դրանց  դրամական  փոխհատուցումը  դժվար  ապացուցելի  խնդիր  է  Հայաստանի  պարագայում, երբ  օրենքները  գրեթե  չեն  գործում: Դե  հավանաբար  անկապ  անջատումները / որոնցով  եթե  որեւէ  մեկը  փորձում  է  հետաքրքրվել,  ասում  են ՝ վթար  կա /  թերեւս, արվում  են  էլեկտրական  սարքավորումների  նորոգման  արհեստանոցների  աշխատանքն  աշխուժացնելու  նպատակով : Հետաքրքիրն  այն  է,  որ  մայրաքաղաքում  զուգահեռաբար  էլ  ,,հովհարային,, ջրանջատումներ  են  լինում,  ու  կրկին  այդ  մասին  նախապես  ծանուցվում  է  Հ2-ով,ինչն  էլ  հիմք  է  տալիս  ենթադրելու, թե  այդ  ամենը  նպատակ  է  հետապնդում  մարդկանց  կենցաղային  հոգսերն  ավելացնել, որպեսզի  քաղաքականությամբ  հետաքրքրվելու  ժամանակ  չունենան, ու  միայն  մտածեն  կենցաղի  ու  օրվա  հացը  հայթայթելու  մասին: Ինչի՞  նման  է, երբ  ցերեկով  մտնում  են  խանութ ՝ սրահը  մթության  մեջ  թաղված  է,  կշեռքները  չեն  աշխատում  հոսանքազրկման  հետեւանքով, գնում  են  բանկերում  վճարումներ  կատարելու ՝ համակարգիչները  չեն  աշխատում  հոսանքի  պատճառով, նստած  են  համակարգչի  առջեւ ՝ անսպասելի  հոսանքազրկման  պատճառով  ծրագիրը  խափանվում  է, կատարած  աշխատանքը ՝  ոչնչանում: Կամ, որ  ամենաահավորն  է ՝ հիվանդին  սիստեմ  են  միացրել ՝ հոսանքն  անջատվում  է  այդ  պահին,  ու  եթե  դա  հիվանդի  կյանքի  համար  անդառնալի  հետեւանքներ  ունենա ՝ ո՞վ  է  պատասխան  տալու: Դիցուք, հիվանդանոցը  կարող  է  սնուցման  երկրորդ  գիծ  ունենալ, իսկ  տներում  բուժվող  հիվանդնե՞րը: Մի  ժամանակ  խոսում  էին  էներգիա  արտահանելու  մասին, հիմա  ի՞նչ  պատահեց, որ  այդպես  կտրուկ  սկսեց  քչություն  անել  էներգիան, որ  ,,պլանայինից,, բացի ՝ մի  հատ  էլ  անպլան  ու  անկապ  անջատումներ  են  անում: Հերթականը  Վանաձորում  հոկտեմբերի  7-ին  եւ  8-ին  էր ՝,,խստացված,, ռեժիմով:  Ահավասիկ, հոկտեմբերի 7-ին, երբ  նախօրեին  ողջ  օրն  անընդմեջ  ձյուն  էր  տեղում, ժամը 10-ն  անց  30-ից  հոսանքազրկվեցին  քաղաքի  տարբեր  հատվածներ: Այնուհետ, տարբեր  ժամերի, սկսեցին  հաջորդաբար  վերականգնվել  հոսանքազրկված  թաղամասերը: 15-ն  անց  30-ին  զանգահարեցի  Էլցանցի  ,,Դեբեդ,, մասնաճյուղ, փորձելով  հետաքրքրվել, թե  արդյո՞ք  սա  ,,պլանային,, անջատում  է,  եւ  որքա՞ն  կտեւի  այն,  պատասխանեցին, թե  ՝,,ամբողջ  քաղաքի,, կտրվածքով  է  անջատումը, վթար  է  եղել:  Հաջորդ  հարցիս, թե  ինչպե՞ս  է  ամբողջ  քաղաքի  կտրվածքով,  եթե  ժամը 14-ի  դրությամբ  քաղաքի  կենտրոնական  հատվածներում  հոսանք  կար, մի  շարք  տեղերում  էլ  վերականգնել  են, բայց  Երկաթուղայինների  այգուն  հարող  շենքերում  հոսանք  չկա, պատասխանեցին, թե  ,,Հերթով  միացնում  են,,: Ի  վերջո,  ժամը 18-ն  անց  45,   ութժամյա  անջատումից  հետո  նշված  թաղամասի  շենքերի /Կ. Դեմիրճյան 26, 28, 30 եվ  այլն  / հոսանքը  վերականգնվեց, բայց...հաջորդ  օրը, հոկտեմբերի  8-ի վաղ  առավոտից  հիշյալ  շենքերը  կրկին  հոսանքազրկվեցին:  Այս  անգամ  էլցանցից  մեզ  տվեցին  ինժեների  հեռախոսահամարը, բայց,  վերջինս,  ,,Վթարը  ի  վերջո  վերացվե՞ց,, ՝ հարցը  դեռ  չլսած ՝ հեռախոսն  անջատեց  ու  այլեւս  չէր  վերցնում:  ,,Սփյուռ,, տեղեկատուից  վերցնելով  ,,Թեժ  գծի,,  համարը ՝180, զանգահարեցինք  եւ  նույն  հարցը  նրանց  ուղղեցինք:  Այդտեղ, ճիշտ  է,  չգիտեին, որ  իրենք  ,,Թեժ գիծ,,  են   կոչվում,  այլ  ասեցին, որ  էլցանցի  հերթապահությունն է,  բայց  ավելի  բարյացակամ  գտնվեցին,  ու  պատասխանեցին, որ  ,,Մեծ  վթար,, է, ու  հիմա  ,,աշխատանքներ  են  տարվում,,:  ,,Ո՞րն  է  վթարի  պատճառը,, ՝  ,,Կաբելները  մաշված  են,,:  Ու  խոստացան  մինչեւ ,, օրվա  վերջը,,     վերականգնել:Բարեբախտաբար,ժամը 13-ն  անց  հոսանքը  վերականգնվեց. թերեւս,  քաղաքացիների  բազմաթիվ  բողոքների  ու  մտահոգիչ  զանգերի  արդյունքում, բայց  ոչ  մի  երաշխիք  չկա,  թե  կրկին  հոսանքազրկում  չի  լինի, քանի  որ,  ըստ  տեղեկությունների,  ջրմուղն  էլ  իր  հերթին  շինարարական  աշխատանքների  ընթացքում  կաբելներ  է  վնասում:  Դիցուք,  այս  անգամ  իսկապես  վթար  է,  բա  նախորդ  անգամնե՞րը / օրինակ ՝ մեկ  շաբաթ  առաջվա  մեկժամանոց  անջատումը /: Ի  դեպ,  հոկտեմբերի  7-ին  քաղաքում  պարզապես  ,,գժանոց,, վիճակ  էր. կամ  հոսանք  չկար, կամ ՝ինտերնետ  կապ  չկար, քանի  որ  որտեղ  էլ  հոսանք  կար ՝ինտերնետ-մատակարարն  էր  հոսանքազրկված  թաղամասում  գտնվում:  Ու  նման  դեպքերը  եզակի  չեն. ահա  եւ  ձեզ  ,,գիտատեխնիկական  առաջընթաց,,: Չի  բացառվում,որ  այսօրինակ  անջատումներն  արվում  են  մարդկանց  ինֆորմացիայից, ռադիոհեռուստատեսությունից  կտրելու  նպատակով  կամ ՝  նպատակ  ունեն  ետ  պահել  թանկացած  գազից  էներգիայի  հույսով  հրաժարվելու  մտքից, կամ  էլ  ՝  աշխուժացնել  մոմի, չոր  սպիրտի  ու  կերոսինի բիզնեսը:Իսկ  այսօրինակ  անջատումներից  ամենից  շատ  տուժում  են  սոցիալապես  խոցելի  խմբերը, որոնք  գազից  հրաժարվել  են ՝թանկության  պատճառով: Մի  քանի  օր  առաջ  հեռուստաալիքներից  մեկը  տեղեկացրեց, որ  ատոմակայանը  կանգնում  է:  Միգուցե, այդ  պատճառով  էլ  որոշել  են  ավելի  խստացնել  անջատումները,  ու  ,,կուժն  ու  կուլան,,  սկսել  են  կոտրել  մարզերի  գլխին: Փաստորեն, իսկական  հովհարային  անջատումները  հիմա  են, իսկ  90-ականներին  հովհարային  միացումներ  են  եղել:                    ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն