среда, 8 января 2014 г.

Մեր կյանքի դաժան ու տխուր կողմերը

Նախատոնական  օրերին, որ  համընկավ  հորս  կյանքի  վերջին  օրերի  հետ, ստիպված  էի  շփվել  մերօրյա  իրականության  մի  շարք  դաժան  դրսեւորումների  հետ:Ինձ  համար  անհասկանալի  էր,  թե  ինչի՞  համար  է  շտապօգնությունը, եթե  հիվանդին  հիվանդանոց  տեղափոխելու  պատգարակ  չունի  կամ ՝ տեղափոխող    սանիտարներ:Կամ  ինչու՞ կանչի  ժամանակ  բժիշկ  չի  այցելում,  այլ  միայն ՝ բուժքույր, որին  բացատրում  եմ, որ  տարածքային  թերապեւտը  երեկոյան  դեղեր  է  նշանակել, սակայն  պետք  է  առավոտյան  գնեինք  դրանք, որպեսզի  բուժում  կազմակերպենք, եւ, բացի  այդ,  պետք  է  նաեւ  նյարդաբան  այցելեր ՝ թերապեւտի  խորհրդով,  ու  առաջարկում  եմ  հիվանդի  վիճակը  փոքր-ինչ  թեթեւացնող  դեղ  սրսկել, ու  մատնացույց  եմ  անում  թերապեւտի  նշանակած  դեղը: ,,Մենք  էս  դեղից  նախ  չունենք,  եւ  հետո, եթե  ինսուլտ  է  կասկածել  թերապեւտը, պետք  է  երկարատեւ  բուժում  ընդունի, շտապօգնությունն ստեղ  անելիք  չունի, ավելի  լավ  է  տեղափոխվի  հիվանդանոց,,- նկատում  է  բուժքույրը ՝ ընդհանուր  զննումից  հետո:  ,,Համաձայն  եմ,  բերեք  տեղափոխենք,,-ստիպված  համաձայնում  եմ ՝ թեպետ  չվստահելով  հիվանդանոցային  բուժման  արդյունավետությանը, եւ  այն  բանին, որ  հիվանդանոցային  պայմաններն  ավելի  հուսալի  են, քան ՝ տնային  պայմաններում  բժշկի  հսկողությամբ  բուժումը:Բայց  բուժքույրը, որ, թերեւս  զարմացավ, որ  հիվանդանոց  տեղափոխելուն  կհամաձայնեմ, նկատում  է,  որ  ծանր  հիվանդի  տեղափոխումը  կարող  է  վտանգավոր  լինել  կյանքի  համար, առավել  եւս, որ  պատգարակ  չունեն  ու  տեղափոխողներ, եւ  ավելի  ճիշտ  կլինի  շտապ կերպով  բժիշկ-նյարդաբան  հրավիրենք, որ  տնային  պայմաններում  բուժում  կազմակերպի: Կրկին  ստիպված  համաձայնում  եմ,  ու  նա,  ի  վերջո,  մի  թուղթ  է  հրամցնում, որպեսզի  գրեմ, որ  ,,հրաժարվում  եմ  հիվանդանոց  տեղափոխելուց,,:  Երբ  զարմացած  նկատում եմ ՝ ,,Բայց  ես  ինչու՞  եմ  հրաժարվում,  չէ՞  որ  դուք  եք  նկատում, որ  տեղափոխությունը  խնդիրների  հետ  է  կապված, անհնար  է, դրա  համար  էլ  ստիպված  հրաժարվում  եմ,դե  ուրեմն  գրեք ՝ ելնելով  իրավիճակից,,: Նրա  հրահանգը  կատարում  եմ  ու  մեկ  ժամից  շտապում  նախ ՝ դեղատուն, որպեսզի  գնեմ  թերապեւտի  գրած  դեղը:  Պարզվում է,  նախ  պետք  է  ,,ռեցեպտ,, բերվի, ուստի  շտապում  եմ  ,,Գուգարք,, համաբուժարան, նախ ՝ նյարդաբանի մոտ, քանի որ  դեկտեմբերի 25-ի   երեկոյան  թերապեւտը  այցելելով  եւ  զննելով  հիվանդի  սիրտը, զարկերակը, արյան  ճնշումը,  ու  նշելով, որ  հիվանդի  վիճակը  ծայրահեղ  ծանր  է , խորհուրդ  տվեց  մասնավոր  կարգով  նյարդաբան  հրավիրել, որի կարծիքը  լսելուց  հետո  միայն   տեղին  կլինի  դեղորայք  նշանակել: Ժամը 10-ի դրությամբ  դեռ  նյարդաբանը  աշխատավայրում  չէր, եւ  ժամանեց  միայն  10-ից  հետո, ու  վրդովվեց, թե  ինչու  թերապեւտը  իր  մոտ  է  ուղարկել  ծանր  վիճակում  գտնվող  հիվանդի  հարազատին, եւ  ոչ  թե ՝ հիվանդանոց  ուղարկել:,,Բայց  չէ՞  որ  դուք  նյարդաբան  եք, իսկ  թերապեւտի  ենթադրությամբ, հիվանդը  ինսուլտ  է  ստացել,,-նկատում եմ: ,,Էնա հենց  ես  եկա  դեղ  նշանակեցի ՝ էդ  ինսուլտով  հիվանդը  պետք  ա  վերկենա  ու  սկսի  ման  գալը,,- հեգնում  է  նյարդաբանն ու  հրահանգում ՝  թերապեւտին  իր  մոտ  ,,բերեմ,, ՝ հիվանդի  անկետայի  հետ: Թերապեւտի  ու  նրա  համատեղ  զրույցին  այլեւս  չցանկանալով  ներկա  գտնվել ՝ ընդունեցի  թերապեւտի  վերջնական  խորհուրդը ՝ հիվանդանոցից  նյարդաբան  հրավիրել: Զանգահարեցի  հիվանդանոց, ճշտեցի, որ  ինսուլտով  հիվանդների  բուժումն  անվճար  է,  բայց  ինչ-որ  ,,նախավճարային,, հարցեր  կան, ու  շտապեցի  հիվանդանոց: Հայտնի  նյարդաբանը  մասնավոր  կարգով  այցելեց, զննեց  հիվանդի  վիճակը, եւ  հայտնեց  այն  նույն  նկատառումը, ինչ-որ ՝նախօրեին  այցելած  բժիշկն  ու  շտապօգնության  բուժքույրը. այն, որ  տնային  պայմաններում  կարելի  է  բուժում  կազմակերպել : Նշանակեց  դեղեր ՝միջմկանային  ու  ներերեկային  սրսկման  ձեւով, կաթիլային  ներարկում, որպես  հիվանդի  կյանքը  փրկելու  մի  հուսահատ  ելք, որի  արդյունավետությունն  իրենք  էլ  չեն  երաշխավորում: Ցավոք,  այդ  ծանր  կանխատեսումներն  իրականացան, եւ,  նույն  հիվանդանոցի  բուժքույրի / մասնավոր  այցով / սրսկումից  ժամեր     անց,  հիվանդը, գիտակցության  այդպես  էլ  չգալով,   կոմային -հոգեվարքային  վիճակից  այդպես  էլ  դուրս  չեկավ,  ու  ավարտեց  իր  օրհասական  կռիվը  կենաց-մահու  պայքարում ՝հօգուտ  մահվան: Դժվար  է  ասել, եթե  չլինեին  բյուրոկրատական  մի  շարք  քաշքշուքներ / որոնց  թվում  ամենազավեշտականն  այն  էր, որ  հիվանդի  անձնագրի  ժամկետը  լրացել  էր  2  ամիս  առաջ, ինչը  ,,հայտնաբերեցին,, համաբուժարանում /կերկարացվե՞ր  արդյոք  80-ամյա  հիվանդի  կյանքը /: Ամերիկայում  93 տարեկան  բժիշկը  մարդկանց  կյանք  է  փրկում, իսկ  Հայաստանում  երբ  80 տարեկանն է  մահանում,  ասում  են ՝,,Հա  դե  մեծ  մարդ  էր,  հլա  տես  ինչքան  ջահելներ  են  գնու՜մ...,,։Ավելի  ուշ, դատաբժշկական  եզրակացությամբ /երիկամային  սուր անբավարարությանը երիկամային  գումարվել  էր  նաեւ  ընդհանուր  աթերոսկլերոզը , թեպետ  բոլոր  նշանները  կային  եզրակացնելու, որ  ինսուլտի  առկայություն  նույնպես  կար, ելնելով  ոտքերի  թուլության  ու  ձեռքի  դողի  հանգամանքից /, միայն  Աստծուն  է  հայտնի: Այս  ժամանակաշրջանում  ինձ  մոտ  մի  շարք  հարցեր  առաջացան. ինչպե՞ս  է, որ  բժիշկն  ընտրովի  է,  բայց  թերապեւտներն ՝ ըստ  տարածքի. թեպետ, մեր  թաղամասային  թերապեւտը, ի  տարբերություն  համաբուժարանի  նյարդաբանի, մի  շատ  հոգատար  ու  բարեհամբույր  երիտասարդ  կին  էր:Եվ  զարմանալի  է,  որ  նրա  լուսանկարը  չէր  փակցված  համաբուժարանի  ստենդի  վրա ՝,,Ընտրեք  ձեր  բժշկին,, խորագրի  ներքո: Բայց, որքան  էլ  տարօրինակ  է,  այդ  նույն  ստենդին  փակցված  էին  վաղուց  աշխատանքից  ազատված  այլ  բժիշկների  / օրինակ ՝ սրտաբան  Եղիազարյանի / լուսանկարներ:  Կաբինետների  վրա  բժիշկների  անուն-ազգանունները  չկային /դեկտեմբերի 25-26-ի դրությամբ /, այլ  միայն ՝ մասնագիտությունները: ,,Դե  որովհետեւ  շուտ-շուտ  են  բժիշկները  փոխվում, չեն  հասցնի  անունները  փոխել,,-ասում  է  այս  ոլորտին  քաջատեղյակ  մեկը:Ի  դեպ,  մի  քանի  տարի  առաջ  այստեղ  էնդոկրեն  էլ  չկար, բայց ՝ հիմա  կար / թերեւս, տարիներ  առաջ  այդ  առթիվ  գրված  քննադատական  հոդվածի  արդյունքում/: Ինձ  համար  անհասկանալի  է,  թե  ինչո՞ւ  տնային  կանչի  ժամանակ  բժիշկ  է  այցելում,  բուժքույր  չի  այցելում, եւ  ո՞րն  է  այդ  դեպքում  թաղամասային  թերապեւտներին  կցված  բուժքույրերի  դերը: Փաստորեն, այս  անհասկանալի  տրամաբանությամբ  էլ  շտապօգնության  կանչի  ժամանակ  բուժքույր  է  այցելում ՝ առանց  բժշկի: Չենք  կարծում, թե  սրանք  այն  դեպքերից  են, երբ  կարելի  է  առաջնորդվել  ,,Երկու  երնեկը  մի  տեղ  չի  լինում,, սկզբունքով: Գոնե  մի  ստենդ  էլ  բուժքույրերի  համար  տեղադրեն  համաբուժարանների  պատին ՝  ,,Ընտրեք  ձեր  բուժքույրին,, որպեսզի  մարդիկ  ստիպված  չլինեն  քաղաքով  մեկ  բուժքույրի  փնտրտուք  կատարել: Ինչպես  ընտրություններն  են,  այնպես  էլ ՝ բժշկությունը. համաբուժարանի  հիվանդների  գրանցամատյսնում  զարմանքով  հայտնաբերեցի, որ  մեր  հասցեի  վրա  նշված  են  հարեւան  շքամուտքի  ՝ տարիներ  առաջ  այլ  հասցե  տեղափոխված  մարդիկ, որոնց  անունները  մատենավարը  պատրաստվեց  ջնջել ՝ իմ  դիտարկումից  հետո, թեպետ  խոստովանեց, որ  ինքն  էլ  է  տեղյակ, որ  նրանք   առհասարակ  տեղափոխվել  են  շենքից:   Ասում  են  ՝,,Տերովին  տերն  է  տարել, անտերին ՝ գելը,,  սակայն  հայաստանյան  իրավիճակում  տերավոր  հիվանդներն  անգամ  երաշխիք  չունեն, թե  լիարժեք  բուժում  կստանան ՝ ելնելով  այս  ոլորտի  անմխիթար  իրավիճակից: Դրանից  մեկն  էլ  Վանաձորում  այն  է,  որ  թիվ 2 հիվանդանոցը  գտնվում  է  սարի  գլխին, որտեղ  ոչ  ավտոբուս  է  հասնում, ոչ  երթուղային, եւ  հիվանդի  տերերն  ստիպված  կլինեն  կամ  հիվանդի  խնամքը  թողնել  բուժանձնակազմի  բարեհաճության  հանգամանքին, կամ ՝ օրական  մի  քանի  անգամ  օգտվել  տաքսու  ծառայությունից, եթե  չեն  ցանկանում  իրենք  էլ  հիվանդի  վիճակում  հայտնվել ՝ մի քանի  հարյուր  մետր  զառիթափը  հաղթահարելով: Ահա  եւ  հիվանդանոցային  բուժումից  խուսափելու  մեկ  պատճառ: Ասում են, հաճախ  էլ  զառիթափի  մի  հատվածը  պատգարակով  հաղթահարելու, թափութափի  արդյունքում  է  հիվանդը  ճանապարհին  մահանում: Իսկ  ինչպե՞ս  է  աշխատանքի  հասնում  բուժանձնակազմը. հեռու  բնակվողները, եթե  միմյանց  մոտ  են  ապրում ՝ տաքսի  են  վարձել, որ  ամեն  առավոտ  նրանց  հասցնում  է  հիվանդանոց / ծախսերը, թերեւս, չեն  հատուցվում /: Մոտիկ  ապրողներն  էլ,  բնականաբար, զառիթափը  ոտքով  հաղթահարելու  ամենօրյա  խնդիր  ունեն:  Իսկ  ամենատխուր  իրողությունը / մերձավորի  կորստից  հետո / այն  էր,որ  դիահերձարանի  վարորդը  չէր  հասցնում  դիակներ  տեղափոխել. ,,Մահերն  էնքան  շատ  են, որ  մինչեւ  առավոտ  չենք  կարողանա  գանք, էս մի  ավտոն  ա  սաղ  քաղաքի  համար, դուք  մինչեւ  առավոտվա  8-ը մարդ  կանչեք, որ  ձեր  հանգուցյալին  տեղափոխենք,,-հեռախոսազրույցի  ժամանակ  հայտնեց  ,,սեւ  մեքենայի,, վարորդը: Հարցիս ՝,,մի՞թե  սգո  ծառայություն  չկա  հատուկ այս  դեպքերի  համար. բնականաբար ՝ վճարովի  հիմունքներով, մի՞թե  սանիտարներ  ու  տեղափոխողներ  չկան ՝նման  դեպքերի  համար  նախատեսված, եւ  որքանո՞վ  է  պատշաճ  կամ  հարմար ՝  կեսգիշերին  թեկուզ  ծանոթ-հարազատ  կանչել ՝ նման  ոչ  հաճելի  արարողության  համար, երբ  որ  մերձավորներս  գտնվում  են  մայրաքաղաքում  եւ  միայն  կեսօրին  կարող  են  ժամանել, վարորդը  պարզաբանեց.,,Մի  ժամանակ  փորձ  արվեց  նման  ծառայություն  ստեղծել. բայց  Վանաձորում  էդ  փորձն  իրեն  չարդարացրեց, մենակ  մայրաքաղաքում  է  էդ  ծառայությունը  նորմալ: Մեր  ժողովուրդը  փող  չուներ, ստեղ  չստացվեց  էդ  ծառայության  ստեղծումը, մորգի  մոտ  մենակ  սգո  խանութ  կա,,:Իսկ  ամենատգեղն  ու  անմարդկայինն  այն  է, որ  Վանաձորի  ծննդատունն  ու  ,,մորգը,, գտնվում  են  հարեւանությամբ: Որքան  հիշում  եմ, տարիներ  առաջ  անգամ  հոդված  է  գրվել  այդ  մասին: Որքանով  է  ստույգ ՝ չգիտեմ, բայց  ասում  են,  այդ  հողի  վրա  անգամ  մեծ  բախումներ  են  եղել  վերջերս, քանի  որ  մահացածի  հարազատների  նյարդերը  չեն  դիմացել  ծննդատան  այցելուների  ուրախության  առթիվ  կազմակերպված  ,,խրախճանքին,, թե  հրավառություններին, ասում  են ՝ անգամ  կրակոցներ  են  հնչել...:,,Քույրիկ  ջան, չեիք  ասի ՞՝  ծննդատուն  ոնց  են  գնում,,- դիահերձարան  տանող  ճանապարհին  մի  երիտասարդ  օրիորդից  հետաքրքրվում  է  բարեկամս  ու  զարմացած  հարցիս ՝իրավացիորեն նկատում. ,,Դե  ջահել  աղջիկ  էր, ո՞նց  կլինի  հարցնեմ ՝ մորգը  ո՞րտեղ  ա,,: Մայրաքաղաքից  ժամանած  բարեկամիս  զարմացրել  էր  ոչ  միայն  ծննդատան  ու  ,,մորգի,, հարեւանությունը, այլեւ՝ որ  այդ  տխուր  հաստատության  հաշվապահության  աշխատակցուհին  երիտասարդ,  ժամանակակից  ու  գեղեցիկ  օրիորդ  էր. միակ  լուսավոր  կետն ՝ այդ  սեւ  հաստատությունում: Ոչ  միայն  ինձ, այլեւ  շատերին  է  անհասկանալի  թվում  այն, որ  Հայաստանում  հիվանդի  հարազատը  նրա  խնամակալության  համար  նպաստ  չի  ստանում, բայց  թոշակառուներին  խնամող  սոցիալական  աշխատողները  բարձր  վարձատրություն  են  ստանում: ,,Էդ  մարդասիրական  օրենքը  մենակ 

Ամերիկայում  է, մենակ  էնտեղ  են  խնամողներն  իրենց  հարազատի  համար  փող  ստանում,,: Վերոնշյալ  բազմաթիվ  զարմանքներիս  թիվն  ավելացավ  եւս  մեկով, երբ  հունվարի  9-ին  Վանաձորի  սոցապ  ծառայությունում  տեղեկացա, որ  հարազատիս  թաղման  նպաստը  կարող  եմ  ստանալ  միայն...մեկ  ամիս  անց, փետրվար  ամսվա  թոշակների  բաշխման  ժամանակ ՝ Կենտրոնական  փոստից: Ուղեւորվում  եմ  Կենտրոնական  փոստ, հետաքրքրվում, թե  իրո՞ք  թաղման  գումարները  տրվում  են  մեկ ամիս  եւ  ավելի  անց / փաստորեն ՝ հանգուցյալի  քառասունքն  անգամ  լրանալուց  հետո /, պարզաբանում  են, թե  հունվարի  ցուցակի  մեջ  չեն  հասցրել  նշել: ,,Իսկ  հունվարի  թոշակի  ցուցակում  լինելու՞  է  մահացածի  անունը,, հարցիս  պատասխանում  են, որ  անունը  կլինի, բայց  չի  վճարվի:  Այ  քեզ  բա՜ն, մարդը  ողջերի  ցուցակում է ՝ բայց  փող  չի  դուրս  գրվում, մահվան վկայականն էլ  կա ՝ բայց  թաղման  նպաստ  չի  ստանում: Փաստորեն, եթե  մահացողը  թոշակառու  է ՝ կրկնակի  է  տուժում, քանի  որ  նրան  հետմահու  պարտադիր  վճարելու  են  թոշակառուներ  ցուցակով ՝ մեկուկես  ամիս  անց: Իսկ  եթե  հարազատները  քաղաքում  չեն  բնակվում, արտերկրից  են  եկել  ու  շուտ  գնալու  ե՞ն: Իսկ  ի՞նչ  երաշխիք, թե  հունվար  ամսին  նրա  անվամբ  թոշակ  չի  դուրս  գրվելու ՝ եթե  ցուցակներից  ,,չեն  հասցրել  հանել,,:Մի  խոսքով,եթե  Խաչիկյանի  օրոք  մահացածների  գումարները  ,,կերել,, են, ապա, փաստորեն, հիմա  էլ  լավագույնս  պտտեցնում  են; Առայժմ  մեզ  չհաջողվեց  կապվել  նպաստների  ու  կենսաթոշակների  հարցերով  զբաղվող  Թեժ  գծին, այդ  համարը ՝ ,,Սփյուռ,, տեղեկատուի  մեջ  նշված,համառորեն  անհասանելի  է:                                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն