среда, 27 июля 2011 г.

Գործն է անմահ, լավ իմացեք, որ հիշվում է դարեդար

Երջանկահիշատակ լրագրող-հրապարակախոս, ծնունդով լոռեցի Գայանե Բաբայանը մի հետաքրքիր հոդված էր գրել` ,, ֆոբիայի,, մասին (գիտականորեն այն մոտավորապես բացատրվում է որպես վախ` ինչ-որ երևույթի նկատմամբ. ասենք` մեկը վախենում է բարձրությունից, մեկը` մթությունից, մեկը` վերելակում մնալուց): Բաբայանը գրել էր, որ իր ,,ֆոբիան,, էլ պաշտոնատարների ,,դուռը,, հարկադրված գնալու հանդեպ է, և նկարագրել էր, թե ինչ է զգում կամ մտածում այցելուների հանդեպ բյուրոկրատական վերաբերմունք ցուցաբերող պաշտոնյաների նկատմամբ: Եվ ահա, երբ որևէ պաշտոնատարի ,,դուռը,, գնալու անհրաժեշտություն է առաջանում, ակամա հիշում եմ Բաբայանի ասած ,,ֆոբիան,,: Այն ժամանակ որոշել էի զանգեմ իրեն, ասեմ` էս ինչ ճիշտ բնորոշում ես տվել պաշտոնատարների ,,դուռը,, գնալու երևույթին, բայց, ցավոք, առօրյա հոգսերով զբաղված լինելու պատճառով այդպես էլ չհասցրի ասել, օրինակ, որ ջրմուղ-կոյուղու Լոռու գրասենյակ ուղևորվելիս իմ մոտ այնպիսի զգացում էր, թե 1-ին անգամ բուհում ընդունելության քննությունների եմ մասնակցելու: Վերջին 3 տարիներին, երբ որևէ ասուլիսի մասին Բաբայանի հեղինակությամբ մամուլում հոդված էր լինում, անպայման կարդում էի, մտածելով, որ եթե նրան են ուղարկել այդ ասուլիսին, ուրեմն ,,զորս դու պատվիրեսցեր,, այն ներկայացնելու անհրաժեշտություն կա: Բաբայանի քննադատությունն ընդգրկում էր բազմաթիվ ոլորտներ, բայց` առավելապես իշխանական ճամբարը և խփում էր ճիշտ նշանակետին: Նրա մոտ անցումը մշակույթի ոլորտից դեպի քաղաքականություն շատ աննկատ եղավ: ,,Ես ախր առաջին հերթին բանաստեղծուհի եմ,,- խոստովանեց 2007թ. իմ հետ զրույցում, ու խոստացավ իր բանաստեղծությունների գրքույկը նվիրել: Չէր սիրում քծնող մտավորականությանը և այդ առթիվ պատմում էր. ,,Էդ Վանաձորի լրագրողներից մի քանիսին հիշում եմ, նախկին մարզպետ Քոչինյանին մի միջոցառման ժամանակ էդ ոնց էին քծնում, էդ գելերի մեջ դու ոն՞ց ես դիմանում, ախր դրանք քեզ կուտեն: Չես կարա՞ Երևան տեղափոխվես,,: Հատկանշական է, որ 2008թ. լրագրող-հրապարակախոս Այդին Մորիկյանի մահվան կապակցությամբ Բաբայանը գրել էր. ,,,,Մորիկյանին վերջին անգամ տեսել եմ ,,Ժամանակ Երևանի,, լրագրող Գագիկ Աբգարյանի հուղարկավորությանը,,: Հենց այդ հոդվածի արդյունքում զարմանքով իմացա, որ ընդդիմադիր դաշտի լրագրող Գ. Աբգարյանն էլ Մորիկյանից առաջ է մահացել, և այդ դեպքը կարծես թե մինչ այդ դուրս էր մնացել մամուլի ուշադրությունից: Հարկ է նկատել, որ վերջերս Բաբայանը սկսել էր պեղել պատմական արխիվները, և այն եզակիներից էր, որ տարիների հեռավորությունից կրկին հիշեցրեց Չարենցի մասին, որպես 30-ականների զոհի, բայց, ցավոք, իր սիրած Չարենցի ,,հետքերով,,էլ ժամանակից շուտ գնաց` լրացնելով կասկածելի մահերի շարքը: ,,Էդ աղջկա գլուխը կարող ա՞ կերել են,,,-օրերս հետաքրքրվում էր Վանաձորի լրագրավաճառներից մեկը, որից էլ 1-ին անգամ տեղեկացա Բաբայանի` ավտովթարի ենթարկվելու մասին: Մեկ այլ լրագրավաճառ էլ խոստովանեց, որ նրա քննադատական հոդվածները մշտապես կարդում էր. ,,Էդ աղջիկը միշտ սուր բաներ էր գրում,,: Կարծում ենք, տեղին կլինի, եթե Բաբայանի հրապարակախոսական հոդվածները, հարցազրույցները տպագրվեն առանձին գրքույկով, և նա գոնե հետմահու ըստ արժանվույն գնահատվի: Եվ քանի որ ոչ մի երաշխիք չկա, թե ՀՀ գրողների կամ լրագրողների միությունը ձեռնամուխ կլինեն այս գործին, քանի որ այդ 2 ոլորտները նույնպես նրա քննադատության թիրախն էին, մնում է հուսալ, որ այդ գործը կձեռնարկեն նրանք, ովքեր շահագրգիռ են ժողովրդավարական հասարակության և խոսքի ազատության զարգացման հարցում:


Գայանե Հովսեփյան ,,Հրապարակ,, 17.04.2010թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն