четверг, 13 октября 2011 г.

ՊԱԿ-ի նախկին աշխատակցուհին գիրք է գրել




Լույս է տեսել ՊԱԿ-ի պաշտոնաթող մայոր,նախկին ՕԵԿ-ական Իզաբելա Հասրաթյանի "Ո՞վ է մեղավոր" հասարակական-քաղաքական, պատմա-վավերագրական, ինքնակենսագրական գիրքը, որ հեղինակի նոթերն են` նախորդ դարի 70-ականներից մինչև մեր օրերը` ներքաղաքական իրադարձությունների համայնապատկերի վրա: Այստեղ անդրադարձ կա և 1915թ. ցեղասպանությանը, և դրա հետևանքով ստեղծված հայրենադարձությանը, հայրենադարձների նկատմամբ "խտրական" վերաբերմունքին` խորհրդային տարիներին. "Նրանք, չգրված մի օրենքով համարվում էին 3-րդ տեսակի հայեր: Նրանց հազվադեպ էին ընդունում կուսակցության շարքերը: Ղեկավար պաշտոնները անմատչելի էին նրանց համար, իսկ արտասահմանյան հարազատների հետ կապը գտնվում էր հսկողության տակ": Գրքում քաղաքական գնահատականներ են տրված և 90-ականների մթի ու ցրտի տարիներին տեղի ունեցած սպանություններին, և Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը. "Անօրինական հարձակումների զոհ դարձան մի շարք ղեկավարներ Հ. Գալստյանը, Ղանդիլյանը, Յուզբաշյանը: Ցավոք, այս սպանությունները մնացին չբացահայտված: Իսկ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահավոր ահաբեկչությունը, որին զոհ դարձան ժողովրդի ընտրյալները` Կ. Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան և այլն, այդ 8 հոգու դաժան մահը ապացուցեց, որ երկրում տիրում է անարխիան ու քաոսը, ոչ մի օրենք կամ սահմանադրություն չի գործում: Ամբողջ աշխարհը ցնցեց այդ ահավոր սպանդը, ո՞վ էր տեսել, որ նիստի ժամանակ խորհրդարան ներխուժեն զինված մարդիկ և կրակ բացեն պատգամավորների վրա": Հեղինակը դատապարոտւմ է միջազգային ահաբեկչությունն առհասարակ: Նաև դատապարտում է նացիոնալիզմի ցանկացած դրսևորում, բայց մտահոգված է նաև ազգային ասիմիլիացիայի հանգամանքով, որ արտագաղթի հետևանք է: Դատապարտում է արտագաղթը, բայց և արդարացումներ է գտնում` նաև փիլիսոփայորեն. " Շատ ենք սիրում մեր հայրենիքը: Իսկ նա՞ մեզ... Չէ՞ որ միակողմանի սերը բաժանմամբ է վերջանում: Եվ ահա շատ հայեր բաժանվում են իրենց սիրելի հայրենիքից ու մեկնում օտար երկրներ: Ո՞վ է մեղավոր, որ մեր ծաղկուն երկիրը հասավ աղքատության դուռը, որ մենք չենք կարողանում լավ ղեկավարներ ընտրել, որ Երկիր Նաիրիում մնացել է 1.800.000 հայ: Ո՞վ է մեղավոր, որ կյանքից մի 50 տարով հետ ընկանք, որ նոր սերնդի կրթական ու բարոյական մակարդակն այդքան ընկավ: Իսկ ամենասարսափելին այն է, որ փող աշխատելու համար հայ կանայք փողոց են դուրս եկել` մարմնավաճառության... Ահավորն այն է, որ նրանք կապվում են պարսիկների, արաբների, թուրքերի հետ` առանց նողկալու, այն դեպքում, երբ թուրքի կամ պարսիկի համար հայ կինը միշտ անհասանելի է եղել, իսկ եթե բռնի ուժով են ցանկացել տիրանալ, հայ կինն ինքնասպան է եղել... Ասում ենք` մեր լեռների պես վեհ ու հպարտ ժողովուրդ ենք, բայց ինչ վեհության մասին կարող է խոսք լինել, երբ հայ տղամարդը չի կարողանում իր տունը պահել, տանն է նստում, իսկ կինը գնում է առևտրի` Թուրքիա, Իրան, Ռուսաստան": Երկրում ստեղծված վիճակի համար հեղինակը մեղադրում է ոչ միայն ապաշնորհ ղեկավարներին, որորնք յուրացնում են վարկերը, անարդյունավետ ծախսում գումարները, այլև` պատգամավորներին` քար-անտարբերության համար: Պարբերաբար “ով է մեղավոր” հարցադրումը տալով հեղինակը գտնում է, որ մեղավորները պետք պատժվեն: Նա կարոտախտով է հիշում խորհրդային տարիները, բայց ընդունում է, որ եղել են բացասական երևույթներ, դրվատում է և նախկին դրականը, և` այսօրվա, ուրախանում, որ ուսանողներն այսօր ստիպված չեն ուսանել գիտական կոմունիզմի դրույթները: Բայց նաև նեղվում է նոր սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության պակասի, մարդկային արժեքների ոչնչացման համար: Ողջունում է խոսքի ազատությունը, բայց գտնում է, որ այն չպետք է վերածվի սանձարձակության, զազրախոսության: Գրքում անդրադարձ կա նաև հայ մշակութային կյանքին սփյուռքում և Հայաստանում: Ներկայացրել է նաև սփյուռքահայերի կյանքը` Մոսկվայում: Գրքում հետաքրքիր ու օրինակելի համեմատություններ կան արտասահմանյան երկրների հետ, ուր շրջագայել է հեղինակը վերջին 10 տարիներին: Իզաբելա Հասրաթյանը ներքաղաքական իրադարձությունների համայնապատկերի վրա ներկայացրել է նաև իր ուշացած սիրո տխուր պատմությունը, սգում է սիրելի մարդու կորուստը և փնտրում իր դժբախտության մեղավորներին. այնպես, ինչպես փնտրում է վերջին 20 տարիներին իրենց երջանկությունը չգտած հարյուրավոր կանանց միայնության պատճառներն ու հռետորական հարց տալիս. " Ո՞վ է մեղավոր": Հեղինակը խոստովանում է նաև իր քաղաքական հայացքները." Ես շատ էի ցանկանում երկիրը տեսնել իսկական օրինաց երկիր, որտեղ կգործեր օրենք բոլորի համար, և ընդունվեցի "Օրինաց երկիր", բայց հետո հիասթափվեցի, հասկացա, որ թղթի վրա կարող է ճիշտ օրենսդրություն և կանոնադրություն գրվել, կամ Բիշարյանը ամբիոնից ամպագոռգոռ ճառեր ու խոստումներ տալ, իսկ իրականում ոչինչ չի արվում, միայն մի խումբ թոշակառուների խնայողությունները վերադարձվեցին և վերջ": Գիրքը տպագրվել է 200 օրինակով և վաճառվում է մայրաքաղաքի գրախանութներում: Նշենք, որ սա հեղինակի 2-րդ գիրքն է: Նախորդը վերնագրված էր` " Ինչպես ապրել 100 տարի առանց դեղորայքի":

 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն