четверг, 20 октября 2011 г.

Մարդահամա՞ր, թե՞ պարտադրված սոցիոլոգիական հարցում

20.10.2011 Անհամբեր սպասում եմ մարդահամարի ավարտին, որպեսզի այլևս չլսեմ հեռուստատեսային անդուր գովազդը,որն ավարտվում է կեղծ, մուլտիկային ձայնով. "Մայդահայը, բոլյորիս համայ է": Պետական գործին կարելի՞ է հումորային տեսք տալ` պետական մակարդակով: Սև պայուսակով հաշվարարներին ցույց տվեցին, բնակչությանը հաշվառվելու և քաղաքացիական պարտք կատարելու կոչ արեցին` հասկացանք, բա այդ կեղծ, մուլտիկային ձայնի իմաստը ո՞րն է: Սա նշանակում է, որ իրենք իրենց գործին էլ չեն լրջությամբ վերաբերվում, էլ ուր մնաց` հաշվառվողները: Մնում է գովազդի մեջ տեղադրեին "Ուլիկը, որը հաշվում էր մինչև 10-ը" ռուսական մուլտֆիլմը, և հորթուկը էկրանից բղավեր . " Мама, он и мне сосчитал": Թեպետ, ո՞վ գիտե, կարող է այդ մուլտն էլ Հանրայինի մեկնաբան Ալթունյանը գցի իր "Տեսանկյուն" հաղորդման մեջ: Հատկանշական է, որ չնայած մարդահամարի մեկնարկը տված էր հոկտեմբերի 12-ից, սակայն Վանաձորում դեռ հոկտեմբերի 9-ից, կիրակի օրով "ափալ-թափալ" դռներ են ծեծել, ասելով, թե "հաշվառողներ ենք": Ո՞վ գիտե, հաշվառողնե՞ր են եղել, թե՞` այդ անվան տակ հայտնված ժուլիկներ, որոնք ջրմուղի տեսուչի անվան տակ բնակարան ներթափանցած կողոպտիչի "օրինակելի փորձն" են ընդօրինակել: Ահա թե ինչու, նրանց առջև դուռ չեն բացել: Մի միայնակ կնոջ էլ հաշվարարը իր ամուսնու ուղեկցությամբ այցելել էր գիշերվա ժամը 9-ին: Հիմա եթե քաղաքացին այդ ժամին դուռը չբացեր ու ասեր` "Ես ի՞նչ գիտեմ, դուք հաշվառողնե՞ր եք, թե՞` "Եզրագծից այն կողմ" ոստիկանական սերիալի "ժիվոյ" կերպարներից, որ Աստվածաշունչ բաժանողի ու "Ճշմարիտ հավատացյալի" անվան տակ մի կնոջ բնակարան թափանցեցին ու եղած-չեղածը տարան: Նմանատիպ հնարավոր դեպքերի առնչությամբ հեռուստատեսությամբ զգուշացրին, որ եթե կասկածներ լինեն, զանգեն ոստիկանություն (այ, սա հումորի ժանրից է. իբր քաղաքացիներն այնքան սերով են ոստիկանության հետ, որ ամեն րոպե պատրաստ են տեղը տեղին կապվել հեռախոսահամարով): Իսկ եթե մարդը հեռախոս չունի կամ պարտքի պատճառով անջատել են: Ընդ որում, կապ չունի` այդ պահին քաղաքացին հյուր ունի, անհետաձգելի գործ ունի, հազար ու մի հոգս ունի, պարտավոր է պատասխանել մի շարք նեղ-անձնական հարցերի, իսկ դա ավելի շուտ պարտադրված սոցիոլոգիական հարցում է` մարդահամարի անվան տակ "հրամցվող", մինչդեռ սոցիոլոգիական հարցմանը քաղաքացին կարող է և չպատասխանել: Ընդհանրապես հարց է ծագում. իսկ պետությունը կատարու՞մ է իր պարտքը քաղաքացու հանդեպ: Ահա թե ինչու Ռուսաստանից նոր վերադարձած մի կին ասաց."Մոսկվայում սենց դեպքերում շատերը դուռը չեն բացում": Երևի Ռուսաստանում էլ իրենց պետությունից են դժգոհ, քանի որ նույն իրավիճակն է ու անվստահության մթնոլորտը, վախը` անկոչ այցելուների հանդեպ: Ի դեպ, Լոռու մարզի Ձորագես ավանում հաշվարարը, մի բնակարան այցելելով, հետաքրքրվել է. "Ովքե՞ր են էս տանը գիշերել" (այնպես, ինչպես քննիչը քրեական գործ հետաքննելիս): Եվ պարզաբանել է. "Մենք հաշվառում ենք նաև նրանց, ովքեր էդ տանը գիշերել են": "Բայց ես այստեղ գրանցված չեմ, հյուր եմ, ինձ դեռ պետք է իմ գրանցման վայրում հաշվառեն", - քաղաքացու դիտարկմանը պատասխանել է ."Ոչինչ, մենք կտեղեկացնենք ձեր գրանցման վայր, որ այնտեղ ձեզ չհաշվառեն": Դիցուք, տեղեկացրին, որ արդեն հաշվառել են այդ քաղաքացուն, բայց չէ՞ որ նրա բնակության վայրում պետք է ընտանիքի բոլոր անդամներին հաշվառեն: Հո չե՞ն կարող այդ ընտանիքը թերի կազմով ներկայացնեն իրենց տվյալների մեջ: Ըստ այդմ, կասկածում եմ, որ կրկնակի հաշվառումներ լինեն և օգտագործվեն ընտրական գործընթացներում: Գայանե Հովսեփյան     Diplomat.am

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն