пятница, 25 мая 2012 г.

Լոռվա ետընտրական խճանկար



«Հավատանք, որ փոխենք» գներն ու տանիքները
  Մի վանաձորցի ընտրություններից հետո գլուխն օրորելով ասաց. «Էսա գները կբարձրանան»: Երբ նկատեցի, որ գներն արդեն իսկ բարձրացել են, և դրա մեղավորը նաև ժողովուրդն է, որ գնաց ընտրակաշառք վերցրեց, ու հիմա այդ ոլորտը տնօրինող օլիգարխներն իրենց ծախսածն այդ կերպ հետ են բերում, իմ զրուցակից մանկավարժը հավանություն տալով ասաց. «Մենակ տեսներիր, թե ինչ էր կատարվում մեր մոտ էդ օրերին… Բայց գիտե՞ս, ես էլ եմ վերցրել»: Ու ինքնագոհ ծիծաղեց: Ակամա հիշեցի վանաձորյան հեռուստատեսությամբ ցուցադրվող մի տեսանյութ, որտեղ հարցվող երիտասարդը հարցին հարցով է պատախանում. «Հըմիկ որ քեզ 10.000 դրամ տային, դու չէիր վերունի՞»: Իսկ Լոռու մարզի գյուղերից մեկում միայնակ թոշակառուն վիրավորվել էր, որ չնայած ինքը Հանրապետականին է ձայն տվել, բայց իրեն ընտրակաշառք չի հասել. «Հենց գիտեն ես Հանրապետական չեմ ընտրել, բայց ախր ընտրել եմ է~… Վարչապետին շատ եմ սիրում, դե որ ինքը լոռեցի ա… Բայց իրան խի՞ չեն սիրում»: Նաև կասկածում էր, որ իրեն չվստահելու և կասկածելու մի պատճառ կարող էր լինել այն, որ կատակով ասել է` «Հավատանք, որ փոխենք տանիքները». «Դե էդ օրերին տանիքները փոխում էին»: Մի զավեշտ էլ այն էր, որ իմ զրուցակիցը կարծում էր, թե շաքարավազի ներկրման մենաշնորհը… ԲՀԿ-ականի է պատկանում. «Սաղ օրն ասում են` «Բարգավաճ հա Բարգավաճ, բա ինչի՞ չեն հարցնում, թե էդ գներն ինչի ա բարձրացնում: Բա էդ թանկ գնով բերած պեսոկի պարտիան չհատա՞վ»: Ով շաքարավազի ներկրման մենաշնորհ ունենա, ում մեղադրեն:


ՀԱԿ-ին հավատում են, Հանրապետականին ձայն տալիս
  Ընդդիմադիր ՀԱԿ թերթը կարդալուց հետո մի լոռեցի զայրացած ասաց. «Ճիշտ են գրում էլի, բա ինչ, կարդում ես` սարսափում»: Նա շատ տպավորվել էր հատկապես Շարլ Ազնավուրի հարցազրույցից (ՀԱԿ թերթում արտատպված), որտեղ Ազնավուրը խիստ գնահատական էր տվել Հայաստանի ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակին: Բայց … մի քանի օր անց նույն մարդը շատ ոգևորված էր ընտրակաշառքներով. «Ասում են գյուղում էսօր փող են բաժանելու, շուտ գնամ ստանամ` չպրծնի»:




                                                        Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն