среда, 27 июня 2012 г.

Ինչպես “նեղել” ընդդիմախոսներին





                                          Վանաձորի  քաղաքապետարանի  գույքի  
                                         կառավարման  և  եկամուտների
                                         հավաքագրման  բաժնի  պետ Վ. Դարբինյանին





Ի  պատասխան  Ձեր`2012թ.  գրավոր  հիշեցման  (որի  վրա  ամիսն  ու  ամսաթիվը  չի  նշված),  տեղեկացնեմ,  որ  աղբահանության  գումարները  կանոնավոր  վճարում  ենք  տարիներ  շարունակ (թեպետ`Ձեր  կուսակից  ՀՀԿ  անդամ  չինովնիկների  անբարյացակամ  վերաբերմունքի  շնորհիվ  այս  ընտանիքի  ոչ  մի  անդամը,  սկսած  1998-2001թթ-ից  մշտական  աշխատանք  կամ  կայուն  եկամուտ  չունի,  թեպետ  բոլորը  բարձրագույնÇ  դիպլոմ  ունեն  ու  շնորհակալագրեր,  դրական  բնութագրեր  նախկին  աշխատավայրից):  Եվ  այդուհանդերձ,  մինչև  2009թ.  նոյեմբերը  աղբահանության  վճարները  կատարել  ենք  4  անձի  հաշվարկով,  այնուհետ` ընտանիքի  անդամներից  մեկի  ծանր  կորստից  հետո`3  անձի:  Այդ  առթիվ  առկա  են  բոլոր  ստացականները:  Մինչև  2009թ.  նոյեմբեր,  գումարները  հանձնել  ենք  վճարներ  գանձող  տեսուչին,  և  այդ  առթիվ  առկա  են  բոլոր  անդորագրերը:  Ավելին,  աղբահանման  բուն  վարձավճարին  զուգահեռ  մի  քանի  ամիս  մասնակիորեն  վճարել  ենք  նաև  2008թ. ներկայացնած  27.300դրամ  մայր  պարտքի  դիմաց,  առանձնապես  չխորանալով,  թե  այն  որ  ժամանակվանից  է  գալիս,  միգուցե` անգամ  իրավանախորդ  քաղաքապետարանից,  երբ  թաղամասի  աղբարկղերը  հավաքվել  էին,  և  մինչև  2002թ.  բնակիչները  չգիտեին,  թե  ում  կամ  ինչի  համար  պետք  է  վճարեն:  Այդ  առթիվ  անգամ  հոդվածներ  են  գրվել  այդ  տարիներին:  Ինչևէ:  2009թ.  նոյեմբերին  աղբահանման  տեսուչը  տեղեկացրեց,  որ  քաղաքապետարանը  իր  միջնորդությամբ  զիջել  է  մայր  պարտքի  մի  մասը (թերևս,  որպես  բարի  կամքի  դրսևորում  ամեն  ամիս  կանոնավոր  մուծումներ  կատարող  ընտանիքի  նկատմամբ,  և  նախկին  պարտքը  դարձել  է  13.000դրամ):  2009թ. դեկտեմբերից  մինչև  2010թ.  փետրվար  ամիսներին  վճարները  ամսեամիս  շարունակել  ենք  փոստային  բաժանմունքում,  մայր  պարտքը  դարձնելով  12.000դրամ,  զուգահեռաբար,  վճարելով  նաև  տվյալ  ամսվա  վճարը:  Եվ  մինչ  մենք  մայր  պարտք  էինք  թեթևացնում,  համայնքի  ավագանին  շարունակում  էր  բնակիչների  բեռը  ծանրացնել` աղբի  սակագինը  բարձրացնելով  և  80դրամից  հասցնելով  150դրամի` մեկ  անձի  հաշվարկով,  որի  պայմաններում  էլ  շարունակել  ենք  վճարները` բարձրացված  սակագներով:  Եվ,  քանի  որ  փոստային  բաժանմունքներում  անդորագրերի  վրա  գրառումները  դժվար  ընթեռնելի  էին  ու  մանրատառ,  ուստի  2010թ.  մարտից  մինչ  օրս  սկսեցինք  կանոնավոր  մուծումները  շարունակել  Ինէկոբանկի  Վանաձորի  մասնաճյուղում:  Փաստորեն,  2009թ. ի  վեր  նոր  պարտք  չենք  գոյացրել:  Այս  տարվա  հունիսին  Ձեր  կողմից  ուղարկած  գրավոր  հիշեցումից  հետո  (առ  այն,  որ  մայր  պարտքը  կազմում  է  12.000դրամ),  զարմանալ  կարելի  է,  որ  3  տարուց  ավելի  վաղեմություն  ունեցող  և  իրավաբանորեն  չհիմնավորված  պարտքը  հանկարծ  հիշել  են,    և  քաղաքապետարանը  սպառնում  է  գումարը  գանձել  դատական  կարգով:  Մինչդեռ  թվում  էր,  թե  այն  ժամկետանց  լինելու  տեսանկյունից  պետք  է  չեղյալ  համարվեր,  համաձայն  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  331  հոդվածի,  էլ  չենք  խոսում  տարրական  մարդկային  վերաբերմունքի  մասին,  երբ  կանոնավոր  վարձ  մուծող  բնակչին  գրավոր  սպառնում  են  դատարանով:  Հիշեցնենք,  որ  նմանատիպ  պայմաններում  Ջրմուղն  ու  Էլցանցը  քաղաքացիների  նախկին  պարտքերի  “համաներում”  էին  հայտարարում,  ավելացրած ` մայրաքաղաքի  քաղաքապետարանում  կամ  թաղապետարաններում  նմանատիպ    “միջոցառումների’  մասին` առնվազն  ընտրությունների  նախօրյակին:  Նաև  հետաքրքիր  է  պայմանագիր  կնքելու  գրավոր  առաջարկը  Ձեր  կողմից  այն  դեպքում,  երբ  համայնքի  ավագանին  պարբերաբար   բարձրացնում  է  աղբահանման  ծառայության  վարձը:  Որքան  հայտնի  է,  ամիսներ  առաջ  էլ  Ազգային  ժողովն  էր  աղբի  վարձի  նոր  գին  սահմանել:  Ստացվում  է,  որ  սակագնի  յուրաքանչյուր  փոփոխությունից  հետո  քաղաքացիները  պետք  է   նոր  պայմանագիր  կնքեն  կամ ` նախապես  “ղազագիր”  ստորագրեն,  որ  համաձայն  են  ներկայացվող  և  առաջիկայում   նախատեսվելիք  թանկացումներին: 

                                                          
                                                                          Գ.  Հովսեփյան,  Կ. Դեմիրճյան  26/6,  27.06.2012թ.

Հ.Գ.  Անկեղծ  ասած,  որոշել  էի  առաջիկայում  նվազեցնել  լրագրողական  ու  քաղաքացիական  ակտիվությունս,  և  առայժմ  նոր  հոդված  գրելու  մտադրություն  չկար.  մանավանդ,  որ  բլոգը  չի  ֆինանսավորվում  որևէ  կառույցից  կամ  հովանավորից,  իսկ  հոդվածներն  այնտեղ  տեղադրում  եմ  բացառապես  իմ  անձնական  խնայողությունների  հաշվին,  քանի  որ  բլոգը  որևէ  դրամաշնորհային  ծրագրում  ընդգրկելու  մշտական  հայտարարություններս  առայժմ  անարձագանք  են  մնացել:  Ըստ  այդմ,  առավելապես “ինտեգրվում”  էի  ֆեյսբուքային  այլ  օգտատերերի  ակտիվությանը` մեկնաբանություններով  ու “լայքերով”:  Բայց,  ինչպես  երևում  է,  տեղական  իշխանությունները  ջանք  ու  եռանդ  չեն  խնայում  խթանելու  մարդկանց  քաղաքացիական ակտիվությունը:  Այստեղ  են  ասել` քաղաքականությամբ  չզբաղվես,  ինքը  քեզնով  կզբաղվի:  Նշեմ,  որ  2010թ.  հուլիս-օգոստոս  ամիսներին  Ջրմուղն  էր  ժամկետանց  պարտքի  (անգամ` մինչև  1999թ.  եկող)  ժամկետանց  գումար  ներկայացրել` 70.000դրամ,  բայց  մի  քանի  ամսվա  թղթաբանության  և  գրավոր  ու  բանավոր  պարզաբանումների  արդյունքում  (որի  ընթացքում  2  տնօրեն  փոխվեց  այնտեղ),  ի  վերջո,  հասկացան,  որ  ժամկետանց  ու  չհիմնավորված  պարտքը  չի  կարելի  բնակիչների  վզին  փաթաթել  ու  էլ  ավելի  մեծացնել  երկրի  սոցիալական  լարվածությունը,  և  կանոնավոր  մուծումներ  կատարող  բնակիչների  մայր  պարտքը  զրոյացրին:  Ակամա  հիշեցի  Վանաձորի  ընդդիմադիր  կուսակցություններից  մեկի  ղեկավարին,  որ  ասում  էր. “Հենց  ժողովրդին  հուզող  մի  հարց  ենք  բարձրացնում,  անմիջապես  հիշում  են,  որ  տարածքի  վարձի  հետ  կապված  խնդիրներ  կան,  ու  սկսում  են  գրություն  ուղարկել”:  Ենթադրվում  է,  այդ  նույն  տրամաբանությամբ  տեղական  իշխանություններին  դուր  չեն  եկել  բլոգում  իմ  կողմից  տպագրված  որոշ  հրապարակումներ,  կամ ` ֆեյսբուքային  “հակաքարոզչությունն”.  ընդդեմ  իշխող  կուսակցության  որոշ  ներկայացուցւչների  ապաշնորհ  գործունեության,  ու սկսել  են  “ճշտել”  ընդդիմախոս,  բայց  անկախ  լրագրողի  կոմունալ  պարտքերը:  Հետաքրքիր  է  այն,  որ  հիշեցում-գրությունը` աղբահանության  պարտքի  վերաբերյալ, ուղարկվել  է  ոչ  թե  կոմունալ  բաժնի,  այլ` գույքի  կառավարման  բաժնի  պետի  կողմից,  որ  քաղաքապետի  ազգականն  է:  Չ՞է  որ  առջևում  ՏԻՄ  ընտրություններ  են,  և  պետք  է  ընդդիմախոսներից  հավաքեն,  որ  համակիրներին  բաժանեն:  Ակամա  ստիպված  ենք  հերթական  հիասթափությունն  ապրել  ու  ասել.  “Ոնց  եմ  էս  ընտրություններից  զզվու ու ու~մ...”,  երբ  ստիպված  ես  ընտրություն  կատարել  վատի,  վատագույնի  ու  չարիքից  փոքրագույնի  միջև.  եթե,  իհարկե,  գոնե  չարիքից  փոքրագույն  լինի:

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն