среда, 5 декабря 2012 г.

Ի՞նչ կարելի է «ձուլել» ինժեներներից ու մանկավարժներից


1:18 Yerevan | 21:18 GMT | Friday 22 June 2007

Գայանե Հովսեփյան

Ի՞նչ կարելի է «ձուլել» ինժեներներից ու մանկավարժներից

Դատելով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի` «Լոռի» հեռուստատեսությամբ ուղիղ եթերով օրերս հնչած ելույթից, Վանաձորում թափուր աշխատատեղերը շատ-շատ են, պարզապես «ժողովրդի հոգեբանությունը փոխվել է» (ըստ քաղաքապետի), եւ մարդիկ այդ աշխատատեղերում ներգրավվելու ցանկություն չեն ցուցաբերում: Իսկ այդ աշխատատեղերը ասֆալտապատման, աղբահանման, կանաչապատման ոլորտում են:

«Ասֆալտ քաշելու համար առանձին մասնագիտական կրթություն չի պահանջվում», - նշում է ասֆալտի հմուտ մասնագետ քաղաքապետը (որ նախկինում Լոռվա «Ճանշին» ձեռնարկության ղեկավարն է եղել) եւ պարզաբանում, որ 500 աշխատատեղ կա այդ ոլորտում` 60-80 հազար դրամ աշխատավարձով, որն, ըստ նրա, ավելի ձեռնտու է, քան արտագնա աշխատանքի մեկնելը: Իսկ եթե «ասֆալտի սեզոնն» ավարտվի՞, մնացած ժամանակ ինչո՞վ են զբաղվելու, եթե քաղաքում մասսայական շինարարություն չի գնում, գործարաններն էլ չեն աշխատում: Իսկ ու՞ր գնան բարձրագույն ինժեներատեխնիկական կրթություն ունեցող կանայք, ում նախկին աշխատատեղերը կրճատվել են գործարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների լուծարման հետեւանքով: Չէ՞ որ վարձավճար գանձողների հաստիքներն այդքան շատ չեն (գազամատակարարման, ջրային տնտեսության կամ աղբահանման ոլորտում), որ հնարավոր լինի բարձրագույն կրթությամբ գործազուրկներին տեղավորել: «Մանկավարժներին գոնե 25 տարի աշխատելուց հետո թոշակ է հասնում, մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ 25 տարի ինժեներ ենք աշխատել, ու մեզ առայժմ թոշակ չի հասնում, աշխատանք էլ չկա, որ աշխատենք, նպաստ էլ չի հասնում», - դժգոհում է շուրջ 17 տարի առեւտրի կետերում որպես մատուցող ու վաճառող վերամասնագիտացած մի նախկին ինժեներ` Դեմիրճյան 30 հասցեի բնակչուհի: Դեռ լավ է, որ ասֆալտ քաշելու համար առայժմ կանայք չեն հրավիրվում (փառք Աստծո, Հայաստանում առայժմ ասֆալտագործ, բետոնագործ կամ պատդիր կանայք չկան, ինչպես Ռուսաստանում): Մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերը, երբ պետական կառավարման համակարգում համապատասխան աշխատանքի են հրավիրվում բարձրագույն կրթություն ունեցողները: Օրինակ` մեկ տարի առաջ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նորանշանակ ռեկտորը տեղական հեռուստատեսությամբ «միանգամից» աշխատանքի էր հրավիրում «գրագետ լրագրողների»` լրագրություն դասավանդելու համար, բայց երբ այդ հրավերին արձագանքելու միամտություն ունեցավ ընդդիմադիր լրագրողը (համապատասխան աշխատանքային ստաժով եւ բարձրագույն կրթությամբ), բյուրոկրատական մեկամսյա քաշքշուկից ու դիմումը մերժելուց հետո («ժամեր չլինելու» անհիմն պատճառաբանությամբ), ընդամենը լրագրողական ծավալուն հետաքննություն դուրս եկավ «Ինչպե՞ս են աշխատանքի չընդունվում ընդդիմադիրները» թեմայով:

Ինչպես նախորդ ելույթներից մեկում, այս անգամ էլ Վանաձորի քաղաքապետը հիշատակեց հեղափոխական բանաստեղծ Չարենցի տողերը, թե «Հարկավոր է բանվորի տղայից պրոֆեսորներ ձուլել»: Խելացի միտք է, սակայն մերօրյա պաշտոնավորներն այսօր աշխատում են նախկին հմուտ մասնագետներից «ձուլել» այն, ինչ սիրտներն ուզի: Օրինակ` կապի հանգույցի բարձրակարգ մասնագետից այսօր «ձուլել» են Վանաձորի «Լաչինի միջանցքում» միրգ վաճառողների, 20-25 տարվա հմուտ մանկավարժներից էլ (2003-ից այս կողմ «փառավոր» օպտիմալացնելուց հետո) ուզում են հաշվապահ կամ «բիզնես-լեդի» ձուլել (վկա` Վանաձորի զբաղվածության կենտրոնում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող վերաորակավորման դասընթացները) եւ կամ շրջիկ դեղավաճառ` տիբեթական դեղաբույսերից կամ սննդային հավելումներից ստացվող դեղերը վաճառողներ, որոնց չարչիական վազվզոցն էլ այդ աշխատատեղերի կազմակերպիչների կողմից նրբանկատորեն ներկայացվում է որպես «ցանցային տեղեկատվական մարքեթինգ»:

Ի դեպ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ (որոնց թվում` Վանաձորի քաղաքապետը) 1999-ից սկսած պարբերաբար հավաստիացնում են, թե Վանաձորի քիմիական համալիրը պետք է աշխատի, սակայն վանաձորցիները վաղուց արդեն իմունիտետ են ձեռք բերել եւ այդ հավաստիացումներն ընդունում են այնպես, ինչպես խորհրդային տարիներին էին ընդունում, թե մի օր կոմունիզմ է գալու, եւ բոլորը պետք է վարձատրվեն ըստ պահանջմունքի: Եթե քիմգործարանը իսկապես աշխատեցնելու մտադրություն կա, ինչու՞ մասնագետների հրավիրման հայտարարություններ չեն արվում, ինչու՞ մասնագետներ պատրաստելու դասընթացներ չեն կազմակերպվում եւ հայտարարությամբ ծանուցվում: Չէ՞ որ նախկին հմուտ քիմիագործներից շատերը վաղուց մահացել են, շատերն էլ կենսաթոշակի տարիքը վաղուց են անցել, իսկ անխափան գործող արտադրություն կազմակերպելու ցանկության դեպքում հարկ է, որ նոր մասնագետներ պատրաստվեին, մինչդեռ առայժմ լավագույն դեպքում այդտեղ աշխատանքի են ընդունվում եռամսյա կարճաժամկետ պայմանագրային հիմունքներով, իսկ այդօրինակ աշխատանքի բովով անցածներին քաջ հայտնի է, որ հետո էլ ամիսներ է տեւում մինչեւ իրենց աշխատած գումարները ստանում են` կռիվ-ղալմաղալով կամ բողոքի ակցիաներով: Ահա թե ինչու մարդիկ թերահավատորեն ասում են. «Ամեն ընտրությունից առաջ գնում են գործարանում մի երկու կադր նկարահանում, մի երկու աշխատողի ցույց տալիս, իբր թե գործարանն աշխատում է, հետո էլի նույն ջուրն է, նույն ջրաղացը: Էդ գործարանը ոչ մի անգամ նորմալ չի աշխատելու»: 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն