среда, 26 марта 2014 г.

,,Շքամուտքի հարսների ջանը սաղ լինի,,

  Մարտի 25-ին բլոգում տպագրված   ,,Բաց նամակին,, ՝ համատիրությունների կողմից անհարկի գանձվող ,,սպասարկման վարձի,, առնչությամբ, անմիջապես արձագանքեց վանաձորաբնակ մի երիտասարդ մտավորական՝իր ֆեյսբուքյան էջում գրելով.,,Լրիվ համամիտ եմ: Երբ ձմռանը շենքը սնուցող  ջրագիծը սառել էր,  համատիրությունն ասում էր դա մեր գործը չէ, շենքի ներսն է մերը, ջրմուղն էլ ասում էր գլխավոր ջրագծից հետո  համատիրության գործն է, եւ ոչ ոք տեր չկանգնեց  հարցին եւ միայն բնակիչների  ջանքերով իրենց սեփական  գրպանի  գումարներով  7 օր չարչարվելով  կարողացան լուծել խնդիրը ՝ մնացած բոլոր խնդիրներն էլ նույնը: Ամբողջ տարվա ընթացքում գոնե 1 անգամ  գործ չեն իրականացնում,  որ ասես թե ՝ լավ , դրա համար վարձ մուծեմ:  Ի դեպ, շատերը պայմանագիր էլ չունեն համատիրության հետ, եւ նույնիսկ անտեղյակ են, որ ընդգրկված են այս կամ այն համատիրության կազմում  եւ մասնակցում են ,,ժողովների,,...,,: Իմ այն դիտարկմանը, թե  ,,Գոնե շքամուտքերում հավաքարար չեն պահում, որ  մարդիկ գոնե նրան տված փողը չափսոսեն,,  օգտատերը   նկատեց.,,Շքամուտքի հարսների ջանը սաղ լինի, ի՞նչ հավաքարար, կոյուղին խցանվում է՝ գնում դիմում ես ասում են բանվոր չունենք, դուք սարքեք  վարձից կհանենք, մարդ ես կանչում սարքում է, 5000ծախսում ես, վարձից 2000 էլ  չեն պակասեցնում: Իսկ որ ստուգեն հաստիքացուցակով, երեւի 50 աշխատող բանվոր ու մի 100հատ էլ հավաքարար կգտնեն,,: Հաջորդ դիտարկմանս ՝ ,,Ի՞նչ պակաս անհեթեթ ու չհիմնավորված վարձ է, այնպես, ինչպես  գազի սպասարկման վարձը, նա գոնե բանկային համակարգում են մուծում,, ՝ արձագանքեց .,,Գազի սպասարկման վարձի ում գրպանն է գնումն ավելի է զայրացնում մարդկանց, քան ՝ որ չգիտեն,,: Երեւի թե նկատի ուներ նաեւ այդ վարձատեսակի անիմաստ լինելը եւս / ինչն արդեն այլ թեմա է,առանձին  ուսումնասիրություն  պահանջող /: Իսկ երեւանաբնակ Քնարիկ Հովհաննիսյանը  ֆեյսբուքում գրում է.,,Շատ ճիշտ է, մենք դարձել ենք համատիրությունների գերին: Ամեն բառի տակ կստորագրի յուրաքանչյուր բնակիչ, անկախ բնակավայրից: Ո՞վ է տեսել  ոչ մի փաստացի ծառայություն չմատուցող  կառույց այդքան գումար վաստակի, սա ոչ այլ ինչ է, քան ռեկետ: Մարդիկ մի կերպ կարողանում են իրենց գոյությունը պահպանել, ծայրը ծայրին հասցնել այս ծանր սոցիալական պայմաններում, շատերը միայն թոշակի  հույսին են: Վեջապես ինչքա՞ն կարելի է  ժողովրդի համբերությունը չարաշահել: Այս հարցը հարկավոր է քննարկել ավելի հաճախ, քանի որ դա բոլորիս է վերաբերվում: Շնորհակալություն հիմնավորված վերլուծական նյութի համար,,: Ի դեպ, պատմական մի փաստաթղթից մեզ հաջողվեղ պարզել, որ 1996 թ. ԲՇՏ-ները Վանաձորում ԲՏՁ վերանվանելուց հետո հաստիքացուցակով հաստատված են եղել հավաքարարի, էլեկտրիկների հաստիքներ ՝ համապատասխան աշխատավարձով: Միգուցե մինչ օրս այդ հաստիքները  ,,թղթի վրա,, պահպանվում են եթե ոչ բոլոր, ապա ՝ մի քանի համատիրություններում. այսինքն ,,անունը կա, ամանում չկա,,: Նշենք, որ ԲՇՏ_ները  Վանաձորում  լուծարելուց  ու ԲՏՁ դարձնելուց հետո էլ  ,,Թաղամասային հիմնարկություն,, անվանումը տրվեց դրանց, իսկ այս տարի էլ սրանք լուծարվեցին, ու ասպարեզը մնաց ,,ինքնակոչ,, հաճախ ,,թղթի վրա գործող,, ու  մի քանի հոգանոց ,,ժողովներ,, անող համատիրություններին: Համատիրություն կա, որ տարիներով ձայնն էլ չեն լսել բնակիչները կամ տեղն իմացել: Բնակարանների ներսում էներգետիկ խնդիրների ժամանակ մասնավոր վարպետ են կանչում, չմտածելով անգամ, թե համատիրությունում էլեկտրիկ գոյություն ունի՞, թե՞ ՝ ոչ, շենքային էներգովթարների ժամանակ էլ  էլցանցի տեղամասային տեսուչի կարող են գտնել լավագույն դեպքում : Իսկ ,,համատիրություն,, բառը վերջին տարիներին բնակչության մոտ ընկալվում է որպես ,,սպասարկման վարձ,,հավաքող կառույց: Փաստորեն, նախկին տարիների բնակվարձի անունը դրել են ,,սպասարկման վարձ,,    ,քանի որ սեփականաշնորհված բնակարաններից չեն կարող բնակվարձ պահանջել ու ,,կլպել է որ կլպում են,, ՝ ումից կարողանում են:                                                                                                          ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն