вторник, 10 января 2017 г.

Ձմեռային Վանաձոր

Երեկ,Վանաձորի Տիգրան Մեծ/Խորենացի խաչմերուկում՝Հայքի հրապարակին կից, մի տարեց տղամարդ՝գլխաբաց, որ մի կնոջ հետ փողոցն էր պատրաստվում հատել, հենց անցումի սկզբում՝մայթեզրին, անսպասելի սայթաքեց ու մեջքի վրա ընկավ,բայց՝բարեբախտաբար ինքնուրույն ոտքի կանգնեց, իսկ նրա տարեց ուղեկցուհին, որ անհանգստացած ասաց՝,,Հո գլխիդ բա՞ն չեղավ,, բջջային հեռախոսով բղավեց․,,Ըհը, ինքն ինձ ասում էր զգույշ քայլի, բայց ինքը վեր ընկավ,,։

Մի փոքր անց՝Խորենացու փողոցի վրա մի ռուս տարեց կին՝հաղթանդամ ու կարմրաթուշ, դիմելով ինձ՝խնդրեց, որ թեւս մտնի, որ հանկարծ չընկնի։Ցավոք, վստահ չէի, թե այդ հաղթանդամ կինը, որ իմ թեւից կախվի՝երկուսով չենք գետնատարած փռվելու սառցաջրերի վրա, ու երկմտանքս պարզ հայտնեցի․բարեբախտաբար՝մի երիտասարդ աղջիկ վստահաբար թեւը տրամադրեց այդ կնոջն ու մի 10 քայլ անցկացրեց վտանգավոր հատվածով,որի առթիվ առատ օրհնանքների ու ամանորյա շնորհավորանքների արժանացավ/արժեր, արժեր/․բայց թե հետո ինչպես էր կինը ճանապարհը շարունակելու՝դժվար է ասել․իսկ օրն իրիկնանում էր ու ձնաջրերն սկսում էին սառույցի վերածվել։

Իսկ մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկը հայտնեց, որ ինչ տարին սկսվել է, արդեն 2 անգամ սայթաքել-ընկել է․մեկ՝թիվ մեկ համաբուժարանի մոտ, մեկ էլ՝ եկեղեցուց վերադառնալիս։,,Չնայած թեւս ընկած մարդ կար, բայց երկուսով վեր ընկանք,,-հայտնեց իմ զրուցակցուհին, որ տարեց թոշակառու է։

-------------------------------------------------

               ,,Ալարըմ են մի բան շաղ տան 

Վանաձորի Շիրվանզադե/Լուսավորիչ խաչմերուկում, բացօթյա առեւտրի վայրի մոտակայքում, մի կին, գնումների հսկայական տոպրակը ձեռքին, չկարողանալով հավասարակշռությունը պահել՝ամբողջ մարմնով գետնատարած փռվեց սառույցի վրա։Վերջինիս երիտասարդ դուստրը վախից ու շփոթմունքից չգիտեր, թե ինչպես օգներ մորը, որ ինքն էլ նրա կողքին չընկներ, ու հուսահատ՝,,մամ ջան, մամ ջան,, էր բղավում։Ի վերջո կնոջը բարձրացրին գետնից, իսկ այդտեղ գտնվող առեւտրականներին այլ ելք չէր մնում, քան՝կրակել տեղական իշխանությունների հասցեին՝,,Ալարըմ են մի բան շաղ տան,,։

28․12․2016թ․

---------------------------------------------

Անճյուղ ,բաբարոսաբար հատված ծառերն աթոռ չունեին՝ձյանն առաջարկելու համար

26 դեկտեմբերի,Վանաձոր,նախորդ օրվանից քաղաքին հյուր եկած ձյունը՝հպարտ ու արժանապատիվ կեցվածքով,սպասված ընդունելության չարժանացավ ծառերի կողմից, քանի որ ձմեռնամուտին, տեղական նորընտիր իշխանությունների հրահանգով ու կոմունալնիկների ,,թեթեւ,, ձեռքով անգթաբար խեղված/,,էտի,, անվան տակ/ծառերն ակամա հայտնվել էին անհյուրընկալ տանտիրոջ կարգավիճակում․աթոռ չունեին, որ առաջարկեին հյուրին, որովհետեւ զրկվել էին աթոռ-ճյուղերից։Այսպիսով, քաղաքը ոչ միայն ժամանակից շուտ զրկվեց աշնան գեղեցկությունից՝դաժան ծառահատումների պատճառով/որի անունն ,,էտ,, էին դրել/,այլեւ՝ձմռան գեղեցկությունից։Հիմա եթե դպրոցներում երեխաներին առաջարկեն ձմեռային ծառ նկարել՝երկարավուն կոճղ է ստացվելու կամ՝2 մատից զրկված ձեռք՝քվեարկելու համար վեր պարզված․եւ կամ՝լատինական V տառ։Դրա հետեւանքով, գետնի վրա ձյան ավելի հաստ շերտեր են գոյանում, քան՝կարող էին լինել։Ցավոք, որեւէ բնապահպան կառույց կամ հ/կ որեւէ դատապարտող խոսք չհնչեցրեց այդ բարբարոսության առթիվ,մինչդեռ մեռյալներն անգամ երազների միջոցով հանդերձյալ աշխարհից զայրացած ուղերձներ են սկսել հղել։

26․2016թ․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն