среда, 27 сентября 2017 г.

Մտավորական էլ կա, ,,մտավորական,, էլ

Համակարգչային բարձր որակավորում ունեցող, գիտամշակութային համակարգում աշխատող մարդը, ում խոսքը՝հասարակությանը հուզող մի հարցի առնչությամբ մեջբերելիս վերջինիս ներկայացրել էի որպես մտավորական, այդ առթիվ դժգոհել էր, ասելով, որ ինքն իրեն մտավորական համարել չի ցանկանում․սա՝մի քանի տարի առաջ էր։Երեկ էլ պարզվեց, որ 9 տարվա լրագրողը չի իրեն  մտավորական համարում՝իմ բնութագրմանն ի պատասխան։Հարց է ծագում․բա ո՞վ է մտավորականն  այս երկրում․սերիալային դեասաննե՞րը՝մեկը մեկից տափակ ու անհամ, հումորայինի անվան տակ մատուցվող սերիալներում նկարահանվող ու սերիալից սերիալ վազվզող, տարատեսակ ,,մեյմունություններ,, անող, թե՞ մտավորականը մականունավոր պատգամավորները կամ ավագանիներն են/որոնցից մեկն իր մոր տարիքի կնոջն ու երկարամյա մանկավարժին, հարգված մարդուն Եեւանի ավագանու նիստում ,,մեծարել, էր ,,արա,, դիմելաձեւով․․․/։Չգիտես ինչու՝ոմանց կարծիքով մտավորականը բեղ-մորուքի մեջ կորած, ,,քերթողահոր,,  տեսքով գրասեղանի վրա կքած, փետրավոր գրիչը ձեռքին մարդն է, որ մտածում է, թե էլ ինչ ,,բստրի", որ մարդկանց աչքում չկորցնի ,,մտավորականի,, իմիջը, բայց՝համառորեն գլխում որեւէ միտք չի ծնվում, որովհետեւ շատ նստելուց լճացել է։

Մտավորականը նա է, ով ոչ միայն մտահոգ է հասարակության խնդիրներով, այլեւ մշտապես բարձրաձայնում է այն՝չվախենալով դիրքից կամ աշխատանքը կորցնելուց, այլեւայլ հնարավոր ճնշումներից․․․

Մտավորականը կիրթ, խելացի, բազմակողմանի զարգացած ու կարդացած անձն է՝ ստեղծագործող, գրող․․․

Մտավորական կարող են համարվել նաեւ լրագրողները, եթե ,,լուր գրողի,, մակարդակից փորձում են մի քիչ վեր բարձրանալ ու նաեւ վերլուծություններ ու դատողություններ անել, եթե իրենց խղճին դեմ չեն գնում՝կեղտոտ պատվեր կատարելով եւ իրականությանը չհամապատասխանող նյութեր գրելով, եթե նրանց համար լրագրությունը ,,ցեխավիկություն,, չի կամ ,,կոշիկի գործ", ,,գռդոնչիություն,, կամ՝ փողատեր կամ գովազդ ,,կպցնելու,, միջոց/ցավոք, այս կարգի լրագրողները երեվի թե հարյուրավորներ կլինեն, ու ցավոք, այսօր ,,մտավորական,, համարվողների մի զգալի մաը՝պետական համակարգում աշխատող, բացարձակապես անտարբեր է հասարակության խնդիրների հանդեպ,թեպետ՝նեղ շրջանակներում սիրում են դարդակալած ասել՝,,Երկիրս երկիր չէ", բայց իրենց մատը մատին էլ չեն խփում՝երկիրը երկիր դարձնելու համար/։

Մտավորականն՝իր կոչմանը հավատարիմ մանկավարժն է, եթե իր սաներին չի նայում որպես եկամտի աղբյուր։

Մտավորականը բժիշկն է, եթե զբաղվում է գիտական աշխատանքով կամ հասարակական գործունեոթւյամբ։Ցանկը կարեի է էլի շարունակել։Բայց այ՝հաստատ մտավորական չենք կարող համարել համայնքի ավագանու այն անդամին, ում համար այդ հասարակական պաշտոնը միջոց է, որ հարմար գնով հողատարածք ձեռք բերի կամ՝հարմար գործ ,,բռնի,,՝ինչ-որ մեկի բիզնեսին աջակցելու նպատակով հարմար որոշումներ ավագանու նիստում ,,անցկացնելու,, համար։

Վատն այն է, որ վերջին 18 տարիների ընթացքում ,,մտավորական,, բառը լավագույնս վարկաբեկվել է,եւ այդ բառի տակ հաճախ հասկանում են իշխանությանն ստորագույն ծառայություններ մատուցող եւ քծնանքի աննախադեպ դրսեւորումներով հանդես եկող պալատական անձ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն