суббота, 26 ноября 2011 г.

Կենտրոնացված ջեռուցումը «գրողի ծոցն» են ուղարկել




«Երեկ գազ տրվեց բնակելի և պետական 55 շենքերի: Ջեռուցվեց քաղաքի կանգուն մնացած շենքերի կեսը»,- գրել է Կիրովականի «Կայծ» թերթը  1988թ.  դեկտեմբերի   23-ին` Սպիտակի երկրաշարժից 16 օր անց: «Հույս ունենք ջեռուցել  քաղաքի գոնե կենտրոնական հատվածն ու Տարոն թաղամասը»,- նշել է Վանաձորի քաղխորհրդի նախագահի տեղակալը «Վերածնունդ» թերթի 1993թ. օգոստոսի 24-ի համարում: Դրանից հետո մի քանի տարի ողջ հանրապետությունը ջեռուցվում էր վառելափայտով և քարածխով. դրանք «մութուցրտի», հովհարային անջատումների (որ ավելի ճիշտ կլիներ «հովհարային միացում» կոչվեր, քանի որ լույսը տրվում էր մի քանի ժամով) տարիներն էին: 1996թ. հունվարից Վանաձորում շուրջօրյա էներգամատակարարումը վերականգնվեց` հաշվի առնելով աղետի գոտու հանգամանքը («Առավոտ», 11.01.96թ.), սակայն բնակչությունը դեռևս վառելիքի հույսին էր: 1997թ. Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը Վանաձորի իշխանությունների առջև խնդիր դրեց` անցնել կենտրոնացված ջեռուցման և այդ առթիվ լուրջ տարաձայնություններ ունեցավ Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանի հետ. վերջինս  պատճառաբանում էր, որ սոցիալական ծանր պայմանների պատճառով բնակչությունը չի կարող ջեռուցման վճարների «տակից դուրս գալ»: Իսկ 1998թ.-ից սկսած` կենտրոնացված ջեռուցման անհրաժեշտությունը Վանաձորում մղվեց հետին պլան. իշխանությունների ուշադրությունը կենտրոնացվեց գազիֆիկացման վրա` թերևս, թանկարժեք գազի վառարանների իրացման նպատակով: Մինչդեռ, ինչպես հայտնի է, կենտրոնացված ջեռուցումն ավելի մատչելի է և անվտանգ: Քաղաքային իշխանությունները վերջին 10 տարում, որպես կանոն, ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին խոսելիս նկատի են ունենում միայն քաղաքապետարանի ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ջեռուցումը, իսկ բնակչության ջեռուցման խնդիրը, փաստորեն, միմիայն իրենց` բնակիչներին է մտահոգում: Հետաքրքիր է, եթե կարելի է կաթսայատների օգնությամբ ջեռուցել հիմնարկները, ինչու՞ չի կարելի կազմակերպել բնակելի շենքերի ջեռուցումը. այնպես, ինչպես մայրաքաղաքում որոշ համատիրությունների կողմից է արվում: Վանաձորի շենքերի գերակշիռ մասը տարբեր աստիճանի վթարայնություն ունի, ինչն առավել վտանգավոր է դարձնում գազի վառարանների օգտագործումը` որպես ջեռուցման միջոց: Եվ մինչ կաթսայատների կամ ՋԷԿ-ի միջոցով բնակարանները ջեռուցելու խնդիրն իսպառ մոռացության է տրվում, ինչ-որ ձեռներեցներ չնչին գներով ջեռուցման մարտկոցներ են գնում բնակիչներից` որպես «մետաղի ջարդոն»: Չի բացառվում, որ դրանք հետագայում կրկին վաճառեն բնակիչների վրա, երբ կենտրոնացված ջեռուցման անհրաժեշտության գաղափարին հանգեն: Իսկ այս օրերին վանաձորյան որոշ շենքերի բակերում փայտասղոցման աշխատանքներ են տարվում: Փողոցներում էլ նկատվում են փայտի ու ցախի կապոցները թևատակին դրած կամ սայլակով քարշ տվող մարդիկ. այսինքն` անտառը շարունակում է հատվել, այնպես, ինչպես «ցուրտումթի» տարիներին:

           Գայանե Հովսեփյան, «Հրապարակ», 06.12.2008թ.

Հ.Գ. Սույն հրապարակումից անցել է 7 տարի, սակայն իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլև` ավելի է վատթարացել: Ահա և ձեզ «տնտեսական առաջընթաց» վերջին 7 տարում, ինչպես պարբերաբար հավաստիացնում են իշխանավորները:
12.11.2015թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն